Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Որպեսզի հանրությանը ոչ ստույգ տեղեկություն չտրամադրենք»

«Որպեսզի հանրությանը ոչ ստույգ տեղեկություն չտրամադրենք»
26.07.2019 | 01:46

ՊԵԿ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ օրերս ասուլիսով ամփոփեց այս տարվա առաջին կիսամյակի հարկային եկամուտների հավաքագրման արդյունքները։ «Իրատեսը» հետաքրքրվեց, թե 2019 թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտների քանի՞ տոկոսն է հավաքագրվել ստվերային տնտեսության կրճատման հաշվին, քանի՞սը՝ տնտեսական աճի:


-Դեռևս ուսումնասիրություն արված չէ, թե կիսամյակի կտրվածքով հարկային եկամուտների հավաքագրման մեջ ինչ տոկոս են կազմել ստվերային տնտեսության ու տնտեսական աճի ցուցանիշները,- ասաց պարոն Անանյանը։- Ինչու, որովհետև ստվերային տնտեսության կրճատման հստակ հաշվառման համակարգ չկա և հաշվարկված է մոտավորապես, հետևաբար կարող է ճշգրիտ չներկայացնել իրավիճակը։ Սրանից ելնելով է, որ ձեռնպահ ենք մնում այս պահին այդ համամասնությունները ներկայացնելուց, որպեսզի հանրությանը ոչ ստույգ տեղեկատվություն չտրամադրենք։ Կարծում եմ՝ այս պահին պետք է արձանագրենք, որ այս կիսամյակի հավաքագրման արդյունքը պայմանավորված է և՛ ստվերի կրճատման, և՛ տնտեսական աճով։


-Ասուլիսում նշեցիք, որ ֆինանսների նախարարության հետ հաշվարկների մեթոդաբանության հարցում տարաձայնություններ կան որոշ առանձնահատկությունների շուրջ: Այս առումով ֆինանսների նախարարության հետ կապված ի՞նչ առաջարկ է անում ՊԵԿ-ը, ու որքանո՞վ է այն ընդունելի մյուս կողմի համար:


-Տարաձայնություններ չկան։ Ուղղակի երբ իմ ասուլիսի ժամանակ խոսեցի տարաձայնություններից, նկատի ունեի մասնագիտական մեթոդաբանական տարաձայնությունները։ Առաջին հերթին պետք է ընդգծեմ, որ հարկային եկամուտների կատարողականի հարցում որևէ տարաձայնություն չկա։ Անցած տարի հարկային մուտքերի հաշվառման մեթոդաբանության առումով եղել են տարաձայնություններ, որոնք, կարելի է ասել, այս տարի հարթված են։ Այսօր կան մանր-մունր մասնագիտական հարցեր, որոնք երկկողմ քննարկումների տիրույթում են։ Եվ անգամ մասնագիտական հարթությունում խոշոր տարաձայնություններ, որոնք կարող են հասարակական հնչեղություն ունենալ, չունենք։
-Գույքահարկի հաշվառման նպատակով շուկայական մոտարկված արժեքով հաշվարկելու մասին օրինագիծը կառավարությունը արդեն հաստատել է, բայց ֆինանսների նախարարությունում այն դեռևս մշակվելու է: Գույքահարկի բազան շուկայականով հաշվարկելն արդյո՞ք բացասական ազդեցություն չի ունենա սոցիալապես անապահով խավի վրա, պետությունը հնարավորություն ունի՞ մեղմելու այդ ազդեցությունը։

-Գույքահարկի բարեփոխման ծրագրին քաղաքական գնահատական տալուց թերևս զերծ կմնամ, սակայն կարող եմ հարցին անդրադառնալ որպես տնտեսագետ։ «Գույքային հարկի հաշվառման նպատակով շուկայական մոտարկված արժեքով հաշվարկելու մասին» օրենքի նախագիծը, կառավարությունը, այո, արդեն հաստատել է, և այն, ըստ էության, գույքահարկի բարեփոխման մեկ բաղադրիչն է։ Սրան զուգահեռ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ երկու փոփոխությունների համատեքստում միայն կունենանք գույքահարկի կադաստրային արժեքից շուկայականի անցման մեխանիզմներ, որոնք, մեր գնահատմամբ, ուժի մեջ կմտնեն 2021-ից։ Չեմ կարծում, որ այն խնդիրներ առաջացնի սոցիալական խոցելի խավի համար, քանի որ հիմքում այնպիսի մեթոդաբանություն է դրված, որը թույլ կտա պահպանել գույքահարկից ազատվելու նախկին մեթոդաբանությամբ սահմանված արտոնությունը։ Նմանապես ավելի նվազ արժեք ունեցող գույքի նկատմամբ հնարավոր է, որ գույքահարկի արժեքները չփոփոխվեն։ Այնպիսի պրոգրեսիվ մեխանիզմներ են նախատեսված, որոնք ավելի շատ անդրադառնալու են շուկայական բարձր արժեք ունեցող գույքի վրա։ Հետևաբար, գույքահարկի ռեֆորմը պետք է դիտարկել գույքի հարկման միասնական ազդեցության տեսանկյունից։ Օրինակ, հունվարի 1-ից անցում ենք կատարելու եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքի: Անցման պարագայում, գույքային հարկի շուկայական արժեքի կամ մոտարկված արժեքի հիման վրա հարկային պարտավորության հաշվարկը, ըստ էության, հանրության շրջանում առաջացած մտավախությունը փարատելու է, որովհետև գույքի հարկի պրոգրեսիվությունը համընդհանուր հարկման համատեքստում է ապահովելու գույքահարկի ռեֆորմը։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ