Տեսակի կռիվ
20.09.2019 | 00:08
Երկիրը գտնվում է ակնհայտ ցնցումների մեջ: Իշխանությունն անկանոն շարժումներ է անում:
Վիճակն առավել անմխիթար է արտքաղաքական վեկտորում: Մի կողմ թողնենք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին սպառնալիքը` պատերազմ սկսելուն ու հաղթելուն առնչվող, կարծենք` հերթական «հաթաթան» է, սակայն չենք կարող չֆիքսել, որ ամերիկյան այցից առաջ փաշինյանական ներքին պատրաստությունները, «Սերժից հետո» իր իսկ ամբողջական իշխանության մերժման խոր սինդրոմը չեն կարող կապ չունենալ ամերիկյան այցի, այնտեղ սպասվող խոսակցությունների հետ:
Զուգահեռաբար էլ նկատենք` առ այս պահը կարծես Վլադիմիր Պուտինի այցի շուրջ «աշխուժություն» չկա, որոշ տեղեկություններով` արարողակարգի և անվտանգության ռուս աշխատակիցները դեռ չեն ժամանել Հայաստան` այցը նախապարտրաստելու համար: ՈՒ թե դրան էլ գումարում ես հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չազատվեց կալանքից, ու խոսակցությւոններ կան, որ, ինչպես Սարկոզիի դեպքում, Պուտինը կարող է հանդիպել Քոչարյանին բանտում, ապա կարելի է հասկանալ, թե օրվա իշխողը ինչ ջարդ է սկսել վերջին օրերին սեփական թիմի նկատմամբ, և ուր կարող է հասցնել այս անկանխատեսելի, գրեթե հիվանդ մոտեցումների հանրագումարը, որը պայմանավորված է՝
ա) Արցախյան խնդրով: Նկատենք՝ օղակը տարածաշրջանում էլ ավելի է սեղմվում։ Նախորդ օրը ոչ պակաս էքսցենտրիկ Թրամփը ամերիկյան զինուժը բերել է պատրաստության վիճակի` Սաուդյան Արաբիայի նավթահորերը Եմենի (Թրամփի կարծիքով` Իրանի) կողմից հարձակման ենթարկելու «առիթով»: Առաջ անցնելով էլ արձանագրենք, որ վերջին շրջանում խիստ կոշտ քայլերի գնացող Իրանը, ի դեմս իր նախագահի, երեկ հայտարարեց, որ Թրամփի հետ խոսելու բան չունի, և այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր չի համարում:
Հասկանալի է` աշխարհաքաղաքական եփվող այս թնջուկում Հայաստանը մի կողմ քաշվել չի կարող, ու զուր չեն խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է խիստ սահուն ընթացքով Հայաստանը դուրս քաշել Ռուսաստանի «տակից», քանզի իրեն տրված «հեղափոխական» ժամանակն ավարտվում է. «հեղափոխության տերերը» կոնկրետ արդյունքներ են պահանջում:
Դա է նաև պատճառը, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարված Արթուր Վանեցյանը բացականչում է. «Կա՛նգ առ»:
բ) Պատճառը նաև ներքաղաքական սպասվող զարգացումներն են, տրոհվող իշխանական թիմը, արտախորհրդարանական լուրջ վերադասավորությունները, իսկ որ ամենակարևորն է` ներխորհրդարանական վերադասավորությունները, որոնք ամեն գնով փորձում է կանխել Փաշինյանը, քանզի ամեն րոպե խորհրդարանում կարող են փլուզումներ լինել: Հունվարի 14-ին ընդառաջ (այդ օրը լրանում է նրա պաշտոնավարման մեկ տարին, ինչն էլ հնարավորություն է տալիս նրա դեմ իմպիչմենտի, անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, նոր վարչապետ ընտրել` պառլամենտական նոր մեծամասնությամբ) Փաշինյանը փորձում է դիրքավորվել։
Սկսելով ուժայիններից, տեղյակ ենք` կանցնի առավել արմատական քայլերի ու ձերբակալությունների` մի կողմից իմիջը պահելու, մյուս կողմից` վախի մթնոլորտ ձևավորելու, «հավատարիմներով» իրեն շրջապատելու համար:
Սակայն ջինը շշից դուրս է եկել, և, որպես օրինաչափություն, այլևս շշի մեջ չի մտնում: Եվ որքան էլ Նիկոլը Վալերի Օսիպյանին նշանակի գլխավոր խոհրդարական (ի դեպ, մեր տեղեկություններով, Օսիպյանը բոլորի նման հրամանը հրապարակելուց հետո է իմացել, որ ինքը գլխավոր խորհրդական է, ասել է թե` նրա կարծիքը չեն էլ հարցրել, հարկ չեն համարել տեղյակ պահել), որպեսզի վերջինս լռի, միևնույն է` չկա բան, որ չգա լույսի մեջ:
Իսկ երբ խոսեն Օսիպյանն ու, առավել ևս, Արթուր Վանեցյանը` որոշումների «հախուռնության, տարերայնության, առաջինը երկրորդականից, մնայունն անցողիկից չտարբերակելու» մասին, քարերը նրանց հետ աղաղակելու են.
-Կա՛նգ առ, դու որևէ կապ չունես այս երկրի հետ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ