«Արցախի քաղաքական դաշտում նոր դեմքեր նշմարելի չեն»
04.10.2019 | 01:24
Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, 2020-ի նախագահական ընտրությունների, արցախյան ներքաղաքական զարգացումների և հարակից այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է Արցախի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ ԲԱՐԴՈՒՂ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
-Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վեկտորը կամաց-կամաց սկսում է թեքվել առաջիկա՝ ավելի խոշոր նախագահական ընտրություններ: Եթե որպես լակմուսի թուղթ դիտարկենք ՏԻՄ ընտրությունները, ապա ի՞նչ ցույց տվեցին դրանց արդյունքները:
-Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն իրենց ձևով և կազմակերպվածությամբ էականորեն չտարբերվեցին նախկինում եղածներից: Գյուղերում նույն հոգեբանությամբ աշխատեց ծանոթ-խնամի-բարեկամ գործոնը, իսկ քաղաքամայր Ստեփանակերտում հաղթեցին անձնական հեղինակությունն ու ընկերական մեծ շրջապատը: Այս պարագայում հնարավոր չէ այն անվանել քաղաքական-գաղափարական գործընթաց, ինչով կարելի կլինի պատկերացում կազմել 2020 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին:
-Ներքաղաքական մթնոլորտը, հասկանալի է, այնքան էլ խաղաղ չէ, կամաց-կամաց նշմարվում են դաշտի հիմնական խաղացողները, որ հայտ են ներկայացնում առաջիկա նախագահական ընտրությունների համար: Ինչպիսի՞ն է պատկերը, ովքե՞ր են հիմնական ֆավորիտները:
-Իսկապես, ներքաղաքական դաշտում կա լարվածություն, և այն գնալով խորանում է: Այս ամենի սկզբնական և կարևոր նախապայմանը Հայաստանի նոր իշխանությունների «զսպված», «անկողմնակալ» կեցվածքն էր, որը հանգեցրեց հին խաղացողների նորացմանն ու ակտիվացմանը: Նախ՝ հեղափոխությունից հետո քաղաքական, առավել ևս իրավական գնահատական չտրվեց Արցախի իշխանությունների լեգիտիմության և անցած ճանապարհի վերաբերյալ, և սրանից օգտվելով՝ նախկին իշխանության մի մասը, լինելով հայաստանյան նախկին վարչակարգի ֆինանսական և քաղաքական մենեջերն Արցախում, հեղափոխությունից անմիջապես հետո կերպարանափոխվեց և հեղափոխականի դիմակով ստանձնեց «հեղափոխական» ջահակրի դերը: Իշխանության մյուս հատվածը, ավելի մաքուր ու մարդկային գտնվելով, չուրացավ իր նախկին տերերին ու փորձեց զսպվածություն ցուցաբերել ՝ չհաշված որոշ «հաթաթաներ» և «հերոսապաշտպան» պոռթկումներ: Խաղադաշտ իջան նաև ռազմական այրեր, որոնց ավանդն Արցախյան հերոսամարտում իսկապես անգնահատելի է, սակայն քաղաքական դաշտում, մեղմ ասած, ոչ այնքան կիրառելի: Չանվանարկելով մինչ օրս հայտ ներկայացրած ֆավորիտներին՝ ասեմ, որ խաղացողների մի բանակն իր հաղթանակի տեսլականը կառուցում է տարիների ընթացքում պետական միջոցների հաշվին հարստանալու, երկիրը մոնոպոլացնելու, նախկին իշխանական լծակներն օգտագործելու հաշվին, որոնց հետևորդների թիվը, ցավոք, քիչ չէ: Մյուս բանակի հաջողության հիմնական գրավականը հիմնված է բացառապես անցյալի` պատերազմական շրջանի հաղթանակած հերոսի ուժեղ կերպարի վրա, որին գումարվում են նաև այսօրվա իշխանություններից վրեժ լուծելու ժողովրդական պատկերացումները: Եթե չլինեն լուրջ քաղաքական շարժեր, այս բանակը ևս ունի բավական հետևորդներ, ինչը վկայեց վերջին շրջանում իրականացված ստորագրահավաքը: Մի կողմ էլ կա, որ լինելով ընդդիմադիր ու անցնելով արժանի մարտական ուղի, ժամանակին մեծ հեղինակություն էր վայելում, սակայն վերջին տարիներին նախկին իշխանություններին ծառայելու հետևանքով օրըստօրե նահանջ է գրանցում: Մեկուկես տարի Արցախում սնկի պես գոյացող կուսակցությունների ֆոնի վրա քաղաքական դաշտում դեռ նշմարելի չեն նոր դեմքեր: Ցավոք, Արցախի՝ դեռ չձևավորված քաղաքացիական հասարակությանը չի հրամցվել գաղափարական նոր լիդերի կերպար, այսօրվա դրությամբ ընտրությունը հնի ու ավելի հնի, վատի ու վատագույնի դաշտում է:
-Ներհայաստանյան քաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են պրոյեկտվում Արցախի վրա: Հայաստանի իշխանությունները կարծես ունեն իրենց նախընտրած թեկնածուն ու դա չեն էլ թաքցնում:
-Ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները սկզբնական փուլում բավականին վատ էին ընկալվում ոչ միայն իշխանությունների բոլոր ճյուղերի կողմից, այլև ժողովրդի մի զգալի մասի: Սակայն մարդիկ հասկացան, որ նոր իշխանությունները և, առհասարակ, որևէ մեկը Արցախը հանձնելու նպատակ ու ցանկություն չունեն: Հեղափոխության ալիքը, ցավոք, չանցավ Զարուխի և Քնարավանի անցակետը, ու հայտնվեցինք անհասկանալի հնի ու նորի արանքում: Դրա վառ վկայությունն է Արցախի իշխանության չփոփոխվող կեցվածքն ու դիրքորոշումը տնտեսական և քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս և մի շարք քաղաքական անօրեն գործընթացների նկատմամբ «զուսպ» կեցվածք ընդունեց հայաստանյան նոր իշխանությունը: Նրանց կողմից պոռթկումներ նկատվում են միայն այն ժամանակ, երբ Արցախի քաղաքական որոշ ֆիգուրների քննադատության սլաքն ուղղվում է հայաստանյան նոր քաղաքականությանը կամ ընտրական գործընթացներին: Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների՝ բացահայտ թեկնածու ունենալուն, չեմ կիսում այդ կարծիքը, չնայած նրան, որ խաղացողներից մեկի թիմը ներքին լսարանում կարծիք է ստեղծում, թե «դաբրոն» ստացողն իրենք են: Հայաստանի իշխանությունները վերջնական դիրքորոշում չեն հայտնել, «Իմ քայլը» խմբակցությունում նույնպես կարծիքներն իրարամերժ են: Եթե նույնիսկ այդպես է, ապա դա հանգեցնելու է քաղաքական անոմալիայի: Մի կողմում հեղափոխություն և քաղաքական նոր թիմ, մյուս կողմում՝ կոռումպացված նախկին համակարգի վերարտադրություն:
-Արցախի քաղաքական դաշտը կարծես երեք թևի է բաժանվել՝ մի մասը լռում է, մյուս թևն ակնհայտորեն պաշտպանում է ՀՀ նախկին իշխանություններին, մեկ այլ հատված փորձում է սիրաշահել նորերին: Ի վերջո, ի՞նչ է տիրում այդտեղ: Քաղաքական դաշտն ազդվո՞ւմ է ՀՀ ներքաղաքական վիճակից:
-Նման իրավիճակ, այո, կա այստեղ, որոշ ուժեր, չշտապելով կարծիք հայտնել, սպասում են հետագա իրադարձություններին: Մյուս մասը կարծիք հայտնելու ունակություն չունի: Նախկին իշխանություններին ակնհայտ կամ կիսագաղտնի պաշտպանողները նրանց հետ ճանապարհ են անցել, ծանոթ-բարեկամական, ընկերական և շահընկերական կապերով են կապված: Մարդիկ էլ կան, որ, սիրաշահելով Հայաստանի նոր իշխանություններին, մտածում են, թե կարող են իրենց լիդերին նախագահի պաշտոնում տեսնել:
-Այս ընթացքում ՀՅԴ Արցախի կազմակերպությունը բանակցությունների շարք է սկսել, Դուք նույնպես հանդիպել եք նրանց հետ: Ի՞նչ կարող են տալ, ըստ Ձեզ, այս հանդիպումները, կհաջողվի՞ մեկ միասնական օրակարգ ձևավորել ու մասնակցել ընտրություններին:
-Ի սկզբանե լինելով հայ ավանդական կուսակցություններից մեկը՝ գոնե վերջին շրջանում անընդունելի ենք համարել Դաշնակցության՝ մանդատներ ունենալու և դրանք պահելու համար գործող իշխանություններին քծնելու և լղոզվելու քաղաքական կեցվածքը, սակայն ընդունեցինք հրավերը և քննարկեցինք ոչ միայն միասնական թեկնածուի, նաև որոշ քաղաքական ուժերի միավորմամբ քաղաքական դաշինքի ձևավորման մեխանիզմներ: Վերջին քաղաքական գործընթացներից ելնելով՝ ցանկալի ճանապարհը, կարծում եմ, ուժերի միավորումն է: Առաջարկը Դաշնակցությանն էր, բայց գաղափարն ընդունելի է և այս պահին նպատակահարմար նաև մեզ համար: Քննարկումները շարունակական են լինելու, այդ իսկ պատճառով որևէ կարծիք հայտնել չեմ կարող:
-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը: Մտապատկերում կա՞ ընտրություններին մասնակցելու տեսլական:
-Ցանկացած առողջ քաղաքական ուժ ձևավորվում է ընտրություններին մասնակցելու և այդ ճանապարհով իշխանության գալու նպատակով: Չնայած այս պահի մեր համեստ քաղաքական գործիքակազմով և հնարավորություններով գաղափարական-քաղաքական ուժ ենք, սակայն փառահեղ մեկդարյա ուղի ունենք անցած, հետևաբար այս ընտրությունների կողքով հպանցիկ անցնելու իրավունք չունենք: Իսկ թե ինչ ձևաչափով կմասնակցենք ընտրություններին, պարզ կդառնա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք մեր արտահերթ համագումարից հետո:
-Ռամկավար ազատական կուսակցության թևերն ու կառույցները, ըստ տարբեր տեսակետների, միասնական չեն: Ի՞նչ վիճակ է այսօր ձեր կուսակցությունում և ինչպե՞ս կներկայանա ՌԱԿ-ն Արցախի ընտրություններին:
-Ռամկավար ազատական կուսակցության մասին ձեր նշած կարծիքը չեմ կարող կիսել, քանի որ կուսակցությունը թևեր չունի, ունի կառույցներ աշխարհի 18-19 երկրներում, այդ թվում և Արցախում, որոնք դեֆակտո ՌԱԿ կենտրոնական վարչության օրինական շրջանակներն են: Մեր կուսակցությունը, լինելով հայրենիքի և սեփական ժողովրդի կողքին, երբեք չի խոնարհվել որևէ իշխանության առաջ, ինչը սակայն դուր չէր գալիս նախկին իշխանություններին: Բայց վստահ ենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու է շուտով, և նման կարծիքներ այլևս չեն լինելու մեր քաղաքական, հասարակական ու լրատվական դաշտերում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ