Հարգելի հայրենակիցներ, բնակվելով Գերմանիայի Դաշնության Հեսսենի երկրամասում, ուշադիր հետևում ենք Հայաստանի ներկայիս իրավիճակին` կապված կորոնավիրուսի համավարակի տարածման իրադարձությունների հետ, որի համար չափազանց մտահոգված ենք։
Անշուշտ գաղտնիք չէ այն փաստը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Գերմանիան այն երկրներից է, որը կարողացավ մեծ հաջողությամբ հաղթահարել համաճարակի ճգնաժամը։ Իսկ այստեղ հարց է ծագում, թե ո՛րն է նման հաջողության գրավականը, և որտե՛ղ պետք է փնտրել դրա պատճառները։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Գերմանիայում գրանցվել է հունվարի 28-ին, իսկ առաջին մահվան դեպքը` մարտի 8-ին: Այդ ընթացքում Գերմանիայի կառավարության կողմից անմիջապես արգելվեցին բոլոր խոշոր միջոցառումները՝ որոնց թվում՝ Լայպցիգի միջազգային Գրքի տոնավաճառը։ Սակայն հասարակական կյանքում որևէ զգալի սահմանափակումներ տեղի չունեցան:
Բայց երբ արդեն մարտի 9-ին Գերմանիայի ողջ տարածքում վարակակիրների թիվը հասավ ավելի քան հազարի, երկրամասերի իշխանությունները ձեռնարկեցին առաջին խիստ սահմանափակումները։ Անմիջապես փակվեցին բուհերը, դպրոցները, մանկապարտեզները, ինչպես նաև եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները։ Մի քանի օր անց փակվեցին նաև ռեստորանները, սրճարաններն ու ժամանցային այլ կենտրոնները։
Կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում, բարեբախտաբար, Գերմանիայում չհայտարարվեց պարետային ժամի խիստ ռեժիմ: Սակայն երբ մարտի 22-ին վարակակիրների թիվը հասավ 43000-ի, իսկ մահվան դեպքերը` 267-ի, երկրամասերի իշխանությունները դիմեցին ավելի խիստ քայլերի։ Ժամանակավորապես փակվեցին միլիոնավոր գերմանացիների աշխատատեղերը, կամ էլ աշխատանքը տեղափոխվեց տուն (Home office), արգելվեց ընտանիքից դուրս մարդկանց անհատական շփումը։ Թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում` գնալ խանութ, դեղատուն և այցելել։ Բացառության կարգով և հօգուտ բնակչության առողջության թույլատրվում էր դուրս գալ զբոսանքի՝ մենակ կամ միայն ընտանիքի անդամների հետ։
Հարկ է նշել, որ Գերմանիայում նույնպես գտնվեցին բնակչության որոշակի խմբեր, որոնք համառորեն չէին ենթարկվում պարետային ժամի սահմանափակումների կանոններին: Կառավարությունը ստիպված ընդունեց որոշում՝ դրամական տուգանքի ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտում էին պարետային ժամի կանոնները։ Այսպես, հասարակական վայրերում սոցիալական հեռավորությունը չպահպանելու կամ խմբակային հավաքույթներ կազմակերպելու դեպքում Հեսսենի երկրամասում դրամական տուգանքը կազմում է 50-ից 500 եվրո, սննդի և սպասարկման կենտրոններում կանոնները խախտելու դեպքում՝ 500-ից 5000 եվրո: Պատասխանատվության են ենթարկվում (1000 եվրո դրամական տուգանք) նաև այն անձինք, որոնք լինելով Կովիդ-19-ի վարակակիր, չեն հայտնում այդ մասին համապատասխան մարմիններին:
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության երկու հիմնական պատճառ կարելի է նշել. առաջին` գերմանական առողջապահական համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը և երկրորդ՝ երկրի բնակչության մեծամասնությունը առայսօր ցուցաբերում է ոչ միայն լիարժեք պատասխանատվություն, այլև պարետային ռեժիմի խիստ կանոնները պահպանելու քաղաքացիական բարձր գիտակցություն:
«Մենք համազգային խիստ պարետային ժամ չհայտարարեցինք, այլ հորդորեցինք մեր քաղաքացիներին ինքնակամ մնալ տանը: Շատ այլ երկրների նման, երկու ամիս շարունակ ապրում էինք հասարակական և մասնավոր կյանքի խիստ սահմանափակումների պայմաններում: Ելնելով մեր ունեցած փորձից՝ նման միջոցառումներն անհրաժեշտ և արդյունավետ են» (Ենս Շփան, Գերմանիայի Դաշնության առողջապահության նախարար)։
Գերմանիայի կառավարության և երկրամասերի իշխանությունների միասնական ջանքերի և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկրի բնակչության մեծամասնության քաղաքացիական բարձր գիտակցության շնորհիվ երկրում հաջողվեց կասեցնել ոչ միայն կորոնավիրուսի համավարակի տարածումը, այլև նվազեցնել վարակակիրների թիվը։ Այսպես, եթե ապրիլի 5-ին մեկ oրվա վարակակիրների թիվը 6000 էր, ապա ապրիլի 19-ին դարձավ մինչև 4000, իսկ արդեն մայիսի 5-ին հասավ 513-ի:
Հասարակական բոլոր վայրերում՝ մեծ թե փոքր, գիտնական թե հասարակ բանվոր, հայտնի դերասան թե երգիչ, քաղաքապետ թե Բունդեսթագի անդամ, բոլորն անխտիր և պարտաճանաչ ձևով կրում են դիմակ: Այս պատկերը նույնչափ օրինակելի կարգապահությամբ կրկնվում է ավտոբուսներում, գնացքներում, սուպերմարկետներում, կայարաններում և այլուր։
Անժխտելի է նաև այն փաստը, որ Գերմանիայի կառավարության և տեղական իշխանությունների ձեռնարկած բոլոր միջոցառումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը։ Ահա ինչու մեկ ամիս անց, ապրիլի 20-ին, սկսվեց պարետային ժամի սահմանափակումների նվազեցման առաջին փուլը։ Արդեն թույլատրվում էր ընտանիքից դուրս երեք անձանց՝ հանդիպումը։ Իսկ դպրոցներում 9-րդ, 10-րդ և 12-րդ ավարտական դասարանների աշակերտներին թույլատրվեց հաճախել դպրոց՝ հիգիենայի կանոնների խիստ պահպանմամբ։
Եվ քանի որ սահմանափակումների նվազեցման երկրորդ փուլում ևս վարակակիրների քանակի զգալի աճ չգրանցվեց, երկրամասերի իշխանություններն անցան սահմանափակումների նվազեցման երրորդ փուլին, թույլատրվեց բացօթյա սրճարաններ և ռեստորաններ այցելությունը: Կարճ ժամանակ անց սրճարաններին ու ռեստորաններին իրավունք տրվեց հաճախորդներին ընդունել նաև ներսում՝ խստագույնս պահպանելով սոցիալական հեռավորությունը և հիգիենայի կանոնները: Յուրաքանչյուր հաճախորդ պարտավոր է հատուկ պատրաստված թերթիկներում գրանցել իր անձնական տվյալները`անուն, ազգանուն, հասցե, հեռախոսի համար կամ էլգիր:
Հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 198172-ի (այսինքն՝ երկրի 83 միլիոն բնակչության 0,24 %), առողջացածներինը՝ 182667-ի (0,22 ), իսկ մահվան դեպքերը՝ 9093-ի (0,01%):
Սա ևս մեկ անգամ խոսում է ոչ միայն Գերմանիայի կառավարության և տեղական իշխանությունների հետևողական աշխատանքի, այլև երկրի բնակչության բարձր քաղաքացիական գիտակցության և օրինակելի կարգապահության մասին։
Հասնելով նման հաջողությունների՝ երկրամասերի իշխանությունները նույն պատասխանատվությամբ շարունակում են հետամուտ լինել հասարակական կյանքի բոլոր բնագավառներում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանմանը, ինչը նույնպիսի պատասխանատվությամբ հարգվում և պաշտպանվում է բնակչության մեծամասնության կողմից։
Ագապի ՄԿՐՏՉՅԱՆ
Մարինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարեն ՂԱՐՍԼՅԱՆ
Գերմանիա, ք. Վիսբադեն
Լուսանկարը՝ Ագապի Մկրտչյանի