«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ Հայաստանում կատարվող զարգացումները վտանգավոր ու կործանարար է համարում, քանի որ խեղաթյուրվում են ազգային նկարագիրն ու բարոյական արժեքները։
-Ըստ Ձեզ, այսօր ամենամեծ վտանգն ազգային արժեքների ոչնչացու՞մն է, և դա՞ էր պատճառը, որ այս նախաձեռնության անդամ դարձաք։
-Դեռևս 2000-ականներից սկսած, երբ Հայաստանն անդամակցեց ԵԽ-ին, որոշ միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ ստորագրեց, որոնք մեր էության, ինքնության հանդեպ մարտահրավերներ էին պարունակում։ 2013-ին ԱԺ-ում ընդունվեց միասեռականների իրավունքների պաշտպանության առաջին իրավական փաստաթուղթը, որն ուներ շատ անմեղ անուն՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք, որն ավելի հայտնի է որպես գենդերի մասին օրենք։ Դրանից հետո ընդունվեցին «Ընտանեկան բռնության կանխարգելման» և «Խտրականության դեմ պայքարի մասին» երկու օրենքները, որոնցով ներընտանեկան գործերին, երեխաների դաստիարակությանը խառնվում էին այլ անձինք, ՀԿ-ներ։ Այս գործընթացները գործող իշխանությունն ավելի լայն թափով շարունակեց՝ վավերացնելով Լանզարոտեի կոնվենցիան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ դեռահաս երեխաներին սեռական այլասերվածության ուսուցման և մանկապիղծների գործունեության համար պարարտ հող ստեղծելու հնարավորություն։ Իսկ Ստամբուլյան կոնվենցիայով էլ սահմանվում է երրորդ սեռը։ Ի դեպ, այս կոնվենցիայից արդեն հրաժարվում են այն երկրները, որոնք դա վավերացրել են, ինչպես Լեհաստանը։ Այս խորհրդարանն արտակարգ դրության պայմաններում, առանց հանրային քննարկման վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան, հիմա էլ, կարծում եմ, ՍԴ-ի հարցը լուծելուց հետո վավերացնելու է նաև Ստամբուլյան կոնվենցիան։ Այսօր մեծ վտանգներ կան իրավական և քարոզչական դաշտում։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր պաշտպանության ներքո է վերցնում տրանսգենդեր անձին, իսկ ԿԳՄՍ նախարարը ֆինանսավորում է այդ անձի մասին պատմող ֆիլմը՝ ներառյալ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում անհասկանալի ներկայացումը։ Այս ամենը հաշվի առնելով, պիտի փաստել, որ կան առարկայական վտանգներ։ Եթե այս ամենին գումարում ենք նաև մեր ինքնության, շարունակականությունն ապահովող ազգային ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ օրվա իշխանության և՛ բացահայտ, և՛ թաքուն հարձակումները, ակնհայտ է, որ մեր ինքնությանը նետված մարտահրավերներն այսօր դարձել են լուրջ սպառնալիքներ։
-Ձեր խոսքում նշեցիք, որ նման կոնվենցիաների վավերացումը սկսվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակ։ Ո՞րն է ա՛յս իշխանության ամենամեծ մեղքը հիշյալ գործընթացում։
-Հավանաբար նախկինները մտածում էին, որ տարբեր կառույցներին անդամակցելով, նրանց առջև ունեն պարտավորություններ, և պետք է որոշակի իրավական ակտեր ընդունեն՝ միասեռականների իրավունքների որոշակի ամրագրումներով։ Նրանք հույս ունեին, որ այդ պայմանագրերը կստորագրվեն, եվրոպական կառույցներին ցույց կտրվի, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ այդ մոտեցումներին (դրանք ամրագրված էին նաև Եվրոպայի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրում), բայց դրանք, այնուամենայնիվ, չեն վավերացվի։ Այսինքն, ստորագրելով կփորձեն մանևրել և չվավերացնել։ Նրանք ստորագրեցին, և այսօրվա իշխանությունը, որ նախկինների իրավահաջորդն է միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների տեսանկյունից, ոչ թե շարունակեց մանևրել և չվավերացնել, այլ հակառակը։ Մեծ սիրով և շատ արագ այս իշխանությունը վավերացնում է այն բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք նախորդները ստորագրել էին։ Եթե այս իշխանությունները հայտարարում են, թե նախորդներն են ամեն ինչ սկսել, այո, նրանք ստորագրել են, բայց եթե դուք ոչ միայն դրանց չեք խոչընդոտում, այլև նախանձախնդրորեն վավերացնում եք այդ կոնվենցիաները, նշանակում է ոչ միայն նախորդներից լավը չեք, այլև օրենքի ուժ եք տալիս միջազգային պայմանագրերին, որոնք կիրառվելու են տարբեր ոլորտներում։
-Ձեր նշած կոնվենցիաների մարտահրավերները լավագույնս արտացոլվում են կրթության համակարգում։ Տևական ժամանակ ԿԳՄՍ-ի և նախարարի շուրջ բուռն գործընթացներ են ընթանում։ Սակայն իշխանությունն առայժմ մտադիր չէ ազատվելու Արայիկ Հարությունյանից։ Ոմանք պնդում են, թե իրավիճակն այնքան օրհասական է, որ մեկ ոլորտի նախարարի հրաժարականը պահանջելով ոչինչ չես շտկի, մյուսները դա համարում են քանդվող պատի առաջին ճեղքը։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։
-ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության հեղինակը Արայիկ Հարությունյանը չէ, այն որոշվել է ըստ կառավարության ռազմավարության, որը, ցավոք, Հայաստանում չի մշակվել։
-Որտե՞ղ է մշակվել։
-Արևմուտքից գալիս է Հայաստան՝ «Բաց հասարակություն» հիմնադրամի միջոցով, որից հետո մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների ստորագրությամբ, որոնք անդամակցում են Սորոսի հիմնադրամին, այդ ռազմավարությունը գնում է նախարարություն, որտեղ, որոշակի կոսմետիկ փոփոխություններից հետո հիմք է ընդունվում։ Սա հստակ գիտեմ, որովհետև ունեմ ձեռքիս տակ փաստեր։ Այն, ինչ վերաբերում է մեր ինքնությանը, հավատքին, արժեհամակարգին, կրթությանը, պատմությանը, եկեղեցուն, դրանց ռազմավարությունը 3-5 տարվա կտրվածքով մշակվում է դրսում, թարգմանվում է և ի կատարում տրվում է ՀՀ կառավարությանը։ Արայիկ Հարությունյանն ընդամենն այդ ամենը կատարողներից մեկն է, նրան փոխելով ռազմավարություն չի փոխվում, առավել ևս դրանից բխող այն մարտավարությունը, որն այս պահին Հարությունյանն իրականացնում է։ Որպես օրինակ նշեմ նաև Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը նույնպես Հայաստանում չի գրվել, դրսից է բերվել, թարգմանվել և չնչին մշակումների ենթարկվել։ Այդ ռազմավարության մեջ Հայ առաքելական եկեղեցին կաթողիկե և բողոքական եկեղեցիների հետ դրվել է նույն հարթության վրա, այնինչ մեր ինքնության հավերժականությունն ապահովող Հայ առաքելական եկեղեցին Սահմանադրությամբ ունի բացառիկության իրավունք։ Հիմա խնդիր է դրված նաև այդ բացառիկությունը վերացնելու, որպեսզի տասնյակ աղանդավորական կազմակերպություններ ունենան նույն իրավունքները, ինչ մեր եկեղեցին։ Եթե այսօր թիրախավորվում է Արայիկ Հարությունյանը, նորմալ է, մարդիկ իրազեկվում են, թե ինչ ոլորտային խնդիրներ կան, բայց խնդրին արմատական լուծում տալու համար պետք է թիրախավորվեն ողջ կառավարությունը և դրա ղեկավարը։
-Ո՞րն է պատճառը, որ դրսից եկող օրակարգերն այս իշխանությունը հլու- հնազանդ իրագործում է։
-Կա ժողովրդական լավ ասացվածքգ «Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում»։ Երբ մասնատվեց Խորհրդային Միությունը, հետխորհրդային երկրներում ազատորեն իրենց գործունեությունը կարող էին իրականացնել և՛ աղանդավորական, և՛ ֆեմինիստական, և՛ այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։ Սրանք ընդամենը տարրեր էին, իսկ բուն գործընթացն իրականացվեց, երբ գրվեց ՀՀ Սահմանադրությունը, որը ՀՀ-ի ազգային, պետական շահերը չի սպասարկում։ Սահմանադրությունում կետեր կան, որտեղ նշվում է, թե մեր օրենքները ենթակա են միջազգային մի շարք կառույցների ընդունած և վավերացրած փաստաթղթերին։ Մասնավորապես եթե մեր օրենքներում և այդ փաստաթղթերում հակասություններ կան, ապա գերակա են համարվում դրսի նորմերը։ Սա յուրաքանչյուր երկրի` դրսից ամենամեծ կախվածությունն ունենալու ցուցիչն է։ Վերջերս ՌԴ-ն սահմանադրական փոփոխությամբ այդ կետը հանեց։ Առայսօր իրավունքի դաշտում մենք ենթակա ենք միջազգային կառույցների պարտադրած իրավական ակտերին, սկզբունքներին։ ՀՀ-ում միջազգային տարբեր կազմակերպությունների ֆինանսական ներարկումները պարտադիր պայմանով են տրվել (կապ չունի գումարի չափը), որը ներառել է կոնվենցիաների ընդունում և վավերացում։ 2014-ին ՀՀ-ն վավերացրեց բյուջետային աջակցության միջազգային պայմանագիր, և եթե ընդուներ Ստամբուլյան կոնվենցիան, «Ընտանեկան բռնության կանխարգելման» և «Խտրականության դեմ պայքարի մասին» օրենքները, ապա կստանար 12 մլն եվրոյի աջակցություն։ Սա վարկ չէր, այդ գումարը տրվում էր նման փաստաթղթեր վավերացնելու համար։ Այսպիսի փաստաթղթերը «սիրով» պարտադրվում են՝ ֆինանսական նման ներարկումներ անելով, ցանկացած ներարկում պայմանավորելով որևէ իրավական ակտի վավերացմամբ։ Ցավոք, մեր արժեհամակարգին վնասող բոլոր այս ծրագրերում գործում է այդ սկզբունքը, այսինքն, Արևմուտքը մտրակից զատ տալիս է նաև բլիթը։
-Նույն տրամաբանության մե՞ջ են նաև այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում դատաիրավական համակարգում, ՍԴ-ի շուրջ։
-1991-ից Հայաստանում չկա ոլորտ, որտեղ այս սկզբունքը չկիրառվի։ Բոլոր ոլորտները Արևմուտքից կառավարվում են նույն մեթոդով։ Մի կողմից աշխատում է մտրակը, մյուս կողմից՝ բլիթը։
-Եթե Ձեր նշած մեթոդներով է ՍԴ-ում ամեն ինչ ընթանում, ուրեմն ինչու՞ վերջին ընտրությունների ժամանակ, երբ խորհրդարանը երեք դատավոր գործուղեց այնտեղ, Սորոսի հիմնադրամից մշտապես աջակցություն ստացող ՀԿ-ների անդամները մեծ դժգոհության ալիք բարձրացրին։
-Գումարը քիչ են տվել։ Այդ կեցվածքը նաև ավելի շատ գումար պահանջելու համար է։ Այն, ինչ կատարվեց ՍԴ-ի հետ, երբ երեք դատավորի ապօրինի դուրս դրեցին այդ կառույցից և կրկին ապօրինի երեք նոր դատավոր ընտրեցին, դրսի ուղերձ էր, որ դրա համար կարող են դատապարտվել, եթե իշխանության գան այս գործընթացների շարունակականությունը չապահովող անձինք։ Հիմա այս իշխանությունները դրսին հասկացնում են, թե նրանց պահանջով կատարել են ապօրինություններ, հետևաբար դա արժե ավելին, քան նրանք են տալիս։
Ի դեպ, սեպտեմբերից Հայաստանն ուղղակիորեն դրվել է արտաքին կառավարման ներքո։ Եթե մինչ այս տարբեր ոլորտներում միջազգային կառույցները ազդեցություն ունեին, այս ամսից Հայաստան են եկել պետքարտուղարության մեկ ներկայացուցիչ, 4-ը՝ եվրոպական երկրներից, տարբեր երկրներից` 100 մասնագետ, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, բայց պիտի աշխատեն պետական ոլորտներում։ Սրանից եզրակացություն, որ ակնհայտ արտաքին կառավարում է իրականացվում Հայաստանում։ Իսկ Փաշինյանին տրված են ընդամենը ԺԷԿ-ի պետի գործառույթներ ու բյուջեն մսխելու իրավունք, իմա՝ 200 մլն դոլարի չափով չկատարած աշխատանքների դիմաց պարգևավճարներ։ Սկզբունքորեն չի բացառվում, որ Արևմուտքը փոխի Փաշինյանին, իշխանափոխության երկրորդ փուլ իրականացնի, բերի այնպիսի մարդկանց, որոնք իր պահանջներն ավելի արագ կիրագործեն։
-Այս ընթացքն ինչպե՞ս կարող ենք կասեցնել, կա՞ն ուժեր, որոնք կարող են շտկել իրավիճակը։
-Ազգային, հոգևոր, գաղափարական էլիտան պետք է կազմակերպված լինի և իրավիճակը համարժեք գնահատի։ Սա ես չեմ տեսնում։ Առանձին խմբեր նման կեցվածք դրսևորում են, բայց կազմակերպվածություն չկա։ Հասարակության զգալի հատվածը չունի այն պարզ իրողության գիտակցումը, որ այս իշխանությանը բերել են պետական ինստիտուտները ոչնչացնելու նպատակով, մարդիկ դեռևս խաբվում են իշխանության պարզամիտ հնարքներով։ 35 տարվա ընթացքում կարող ուժերին Արևմուտքը դարձրել է իր գործակալը, աշխատակիցը կամ չեզոքացրել։ Հայաստանում կամ ֆորսմաժորային իրավիճակ է լինելու, կամ աշխարհաքաղաքական ցնցումները լրիվ այլ իրավիճակի կհանգեցնեն։ Էական է նաև, թե ԱՄՆ-ի ընտրություններում ով կհաղթի ու ինչ վերադասավորումներ կլինեն աշխարհում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ