Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը դեպի իրեն է քաշում Ալիևին ու Փաշինյանին

Պուտինը դեպի իրեն է քաշում Ալիևին ու Փաշինյանին
23.11.2020 | 09:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության խնդիրները, առանձնացվել են կարևոր խնդիրները, որոնց լուծումը ոչ միայն ամրապնդելու է հադադարը, այլև զարգացնելու է հրադադարի համաձայնագրի դրույթները: Որոշարկվել են սկզբունքային դիրքորոշումները:

Նախևառաջ, Պուտինի խոսքով, «Ռուսաստանի համար նման կոնֆլիկտները և նրանց կարգավորումը հատուկ նշանակություն ունեն, մեզ համար դատարկ խոսքեր չեն, նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր ու ադրբեջանցիներ»: Բացի այդ՝ Ռուսաստանը Ադրբեջանին ու Հայաստանին կապում են «բազմադարյա կապեր», որ ունի «ներքաղաքական չափում և ներկայացնում է մեծ հետաքրքրություն ներքին անվտանգության ապահովման, քաղաքականության տեսակետից»: Հավելեք, իհարկե, «խոր կոոպերացիան, փոխադարձ փոխարինելությունը» Բաքվի ու Երևանի հետ: ՌԴ նախագահը նշել էր, որ Ադրբեջան ու Հայաստան է ուղարկելու մեծ պատվիրակություն, որ պետք է քննարկի «Լեռնային Ղարաբաղ եռակողմ հայտարարության ամենակենսական հարցերը՝ ներառյալ հումանիտար խնդիրները»: Այդպես էլ եղավ: Երևան և Բաքու մեկնեց միջգերատեսչական պատվիրակություն, որի կազմում էին Սերգեյ Լավրովը (ԱԳՆ), Սերգեյ Շոյգուն (ՊՆ), Միխայիլ Մուրաշկոն (առողջապահության նախարար), Եվգենի Զինիչևը (ԱԻՆ), ներառյալ փոխվարչապետեր Ալեքսանդր Նովակին ու Ալեքսեյ Օվերչուկին, Ռոսպոդրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային: Այդքան ներկայացուցչական ռուսական քաղաքական դեսանտ Ադրբեջանում ու Հայաստանում վաղուց չէին տեսել: Պատվիրակությունը հանդիպումների շարք անցկացրեց երկու հանրապետություններում՝ քննարկելով կոնկրետ խնդիրներ, նախևառաջ՝ մարդասիրական, որոնց լուծմանը միացել է Ռուսաստանը: Դա թույլ տվեց փաստը, որ Երևանն ու Բաքուն պահպանում են հրադադարի ռեժիմը, կոնֆլիկտի կողմերը գնահատում են իրավիճակի կայունացման Մոսկվայի ջանքերը: Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների տեղակայումը, Ստեփանակերտում աշխատանքներն է սկսել Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը: Որոշակի աշխատանքներ է կատարել և ադրբեջանական կողմը, որ, Լավրովի խոսքով՝ ստեղծում է «պայմաններ միջկրոնական ու միթէթնիկական խաղաղության վերահաստատման, համակեցության ու հաշտության համար»:

Առաջին ու կարևոր քայլերն այդ ուղղությամբ արվել են, բայց մեծ աշխատանք կա: Ճիշտ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ողջունելով ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում, հայտարարեց, որ «տարածաշրջանային անվտանգության կարևոր տարր կարող է դառնալ հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը»: Մոսկվայում գտնում են, որ պետք է ներգրավել միջազգային կազմակերպություններին Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծման համար, որ կարող է անել և ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ հիմա պետք է աշխատի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա: Խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշարկման քաղաքական ջանքերի մասին է, այլև տնտեսական ու տանսպորտային հաղորդակցուղիների ապաշրջափակման, որ թույլ կտա ստեղծել սկզբունքորեն նոր իրավիճակ տարածաշրջանում: Իհարկե, Ադրբեջանն ու Հայաստանը ղարաբաղյան պատերազմից դուրս են եկել տարբեր քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակներում, որում համոզվեց ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը: Բաքվում տոնում են հաղթանակը, որովհետև հաջողվեց վերադարձնել նախկինում կորցրած շրջանները: Այդ հիմքով տեղի է ունենում ադրբեջանական հասարակության կոնսոլիդացիա, որ չես ասի Հայաստանի մասին: Հայաստանը քաղաքական ճգնաժամ է ապրում, Երևանում չեն հանդարտվում փողոցային բողոքները, որոնց ժամանակ հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներ: Բայց արդեն փաստը, որ ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը բանակցային շփման մեջ է մտել Փաշինյանի հետ, որոշակի իմաստով ամրապնդում է նրա դիրքերը: Ինչպես ադրբեջանական հասարակությունում կան մինչև վերջ «չկռվածության» տրամադրություններ՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի մի մասը գտնվում է հայերի վերահսկողության տակ, այնպես էլ հայկական հասարակությունում կան ռևանշի տրամադրություններ:

Վտանգավոր է, որ այդ տրամադրությունների վրա հիմա փորձում են խաղալ որոշակի արտաքին խաղացողներ՝ ձգտելով ձախողել ղարաբաղյան հրադադարի համաձայնությունը, որ սպասողական քաղաքականությամբ ոչ միայն կորցրել են խաղաղարարների դիրքերը Լեռնային Ղարաբաղում, այլև ազդեցությունը տարածաշրջանում: Դրա մասին էր զգուշացնում Լավրովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցության ժամանակ, որ հրավիրել էր Պուտինը, ասելով՝ «կան ուժեր, որ ցանկանում են պայմանավորվածությունների կատարումն արգելակել»: Օրինակ՝ Ֆրանսիան հայտարարում է, որ պետք է «ապահովել միջազգային վերահսկողություն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վրա», որովհետև Reuters-ի կարծիքով՝ «Ռուսաստանն ու Թուրքիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն ներմուծելով կարգավորման Աստանայի ձևաչափը, կարող են բացառել արևմտյան երկրները ապագայի խաղաղության բանակցություններից»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ 45-օրյա պատերազմի ժամանակ միայն հայտարարություններ էր անում, շոկի մեջ է ռուս-թուրքական ալյանսից, որ, ինչպես գրում է ֆրանսիացի փիլիսոփա Բեռնար Անրի Լևին, որ «Մոսկվան ձգտելով վերջնական հրադադարի, ստացավ իր ցանկացածը, այսինքն՝ փառաբանեց Ադրբեջանի բռնապետին, հաջողությամբ ընդհանուր լեզու գտնելով թուրք բռնապետ Էրդողանի հետ, որ թուլացնի Հայաստանի երիտասարդ, լիբերալ վարչապետին և տարածաշրջանի նոր քարտեզ վերաձևի»: Լևին պնդում է, որ «Շուշիի անկումից հետո պետք է պատրաստվել Նիկոսիայի, Ռիգայի, Վարշավայի կամ Աթենքի կորստին»: Նա կոչ է անում Փարիզին Ստեփանակերտն ու Շուշին հայտարարել «ազատ քաղաքներ», որպեսզի նրանց ազատությունը երաշխավորի միջազգային ռազմական ստորաբաժանումը: Ամերիկացի փորձագետները կոչ են անում ԱՄՆ վարչակազմին նոր քաղաքականություն վարել Թուրքիայի հետ՝ Ռուսաստանից կտրելու համար: Լավրովի խոսքով՝ դա դրսևորում է «Արևմուտքի խոցված ինքնասիրությունը» և «ով էլ ինչպես վերաբերվի մեր արևմտյան գործընկերներին, նրանք ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների վրա»: Մի խոսքով՝ ղարաբաղյան համաձայնագրերի շուրջբոլորը հայտնվում են տեղեկատվական-քաղաքական պայքարի նշաններ, որոնց պետք է հակազդի ոչ միայն Մոսկվան, որ ապահովի ձեռքբերված պայմանավորվածությունների դիմացկունությունը: ՌԴ միջգերաեսչական պատվիրակությունը սկսել է աշխատանքը հենց այդ ուղղությամբ, որ ստվերում է արևմտյան հռետորական ռազմավարությունները ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ: Այսօր Մոսկվան միակ արդյունավետ միջնորդն է ճգնաժամի խորացման կանխման մեջ, որ շոշափում է կովկասյան տարածաշրջանում շատ պետությունների շահեր:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Ամեն ինչ ճիշտ է՝ Մոսկվան միակ արդյունավետ միջնորդն է ճգնաժամի խորացման կանխման մեջ, բայց ամբողջ հարցն այն է, որ դա արվում է հայկական շահերի հաշվին: Եվ երբ արևմտյան որևէ տերություն, թեկուզ իր շահերը ներկայացնելով, պաշտպանում է հայկական շահերը, աբսուրդ է այդ երկրի օգնությունից հրաժարվելը, որ արդեն ոչ թե հորդորում, այլ պահանջում է Մոսկվան: Օրինակ՝ ի՞նչ քայլեր է Լավրովը տեսել՝ Ադրբեջանի կողմից, որ ստեղծում են «պայմաններ միջկրոնական ու միթէթնիկական խաղաղության վերահաստատման, համակեցության ու հաշտության համար»: Նոյեմբերի 11-ին 10 հայերի գերևարու՞մը, Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու պղծումը, Կանաչ ժամի ավերու՞մը, թե՞ Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը: Ունի՞ Լավրովը հարցի պատասխանը՝ եթե եռակողմ հայտարարության 7-րդ կետով ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ, ինչու՞ են հայերին տեղահանում: Որովհետև խաղաղապահները չե՞ն կարող ապահովել համակեցությու՞ն: Կամ Ռուսաստանին Ադրբեջանի հետ ի՞նչ բազմադարյան կապեր են կապում, եթե Ադրբեջան պետությունը մեկ դարի պատմություն էլ չունի: Բոլոր այսօրինակ հայտարարությունները խորացնում են տպավորությունը, որ Ռուսաստանը պարզապես հազիվ է կարողացել տարածաշրջան մտնել ու չի ցանկանում որևէ այլ պետության հետ կիսել հերթական ռուս-թուրքական պատերազմի դափնիները: Բայց այդ պարագայում Մոսկվան պարտավոր է խաղալ ոչ միայն Բաքվի ու Անկարայի խաղը, այլև պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը, ոչ թե Ռոստովից ապակի ու շինանյութ, Մոսկվայից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձանմուշ բերելով, այլ տարածքների վերադարձին նպաստելով: Հետո ինչ, որ Հայաստանի իշխանությունը պարտված, թուլացած ու մանկամիտ է, ժողովրդին չի կարելի աքացու տակ գցել ու հայրենազրկել: Այլապես նույն այդ ժողովուրդը մի օր հարցնելու է՝ իսկ ի՞նչ տարբերություն Էրդողանի ու Պուտինի միջև:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ