Ռազմական դրությամբ պայմանավորված խոսքի սահմանափակումները հանգեցրին մի իրավիճակի, երբ հասարակության գլխի տակ «փափուկ բարձ» դրեցին, մեզ մատուցեցին կեղծ ու ստահոդ տեղեկություններ ու մի գիշերում Արցախը հանձնեցին թշնամուն։ Պատերազմի ողջ ընթացքում սոցիալական ցանցերի օգտատերերը, մամուլը ենթարկվում էին վարչական տուգանքների, քանի որ համարձակվում էին իրականությունը ներկայացնել, գնահատական տալ օրվա իշխանության հակապետական քայլերին։ Հողերը հանձնել է իշխանությունը, բայց այդ մասին խոսողները, իրավիճակը գնահատողները վարչական տուգանքներ պիտի մուծեն։ Բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր հայտնվել են մի վիճակում, երբ նվազագույնը 300 հազար դրամի տուգանք պիտի վճարեն, մինչդեռ իշխանությունն անգամ հայրենիքը վաճառելուց հետո չի «պոկվում» իր աթոռից։ Ծուռ հայելիների այս իրականությունում անգամ որևէ տրամաբանական քայլ դժվար է գտնել։
Մեզ հետ զրույցում օգտատերերից մեկը՝ Վարդան Մակինյանը, ոստիկանների խոշորացույցի տակ է հայտնվել այն օրից, երբ զոհված ընկերոջ լուսանկար է դրել իր էջում։ ՈՒշագրավն այն է, որ դա արվել է այն ժամանակ, երբ ԱԺ-ն դեռ չէր էլ ընդունել խոսքի ազատությունը սահմանափակող այս օրենքը։ Բայց աբսուրդը սրանով դեռ նոր է սկսվում։ Քաղաքացուն ոստիկանությունից հայտնել են, որ այդ գրառումը պետք է ջնջվի այն պատճառով, որ հրապարակմանը հետևած մեկնաբանությունները պառակտիչ են։ Այսինքն, մեղադրում են մի բանի համար, որը տվյալ անձը չի իրականացրել։ Համապատասխան օրենքի ընդունումից հետո Վարդան Մակինյանի գրառումների ոդիսականը շարունակվում է։ Պատերազմի կեսին նա իր էջում գրում է. «Եթե Նիկոլ Փաշինյանն այսօր հեռանա, համախմբում կլինի և կունենանք հաղթանակ»։ Ոստիկաններն արթուն են, ճշմարտության համար նրան տուգանում են 300 հազար դրամի չափով։ Մակինյանին կանչում են Չարենցավանի ոստիկանական բաժին և ոստիկանապետի, նրա տեղակալի, քրեական հետախուզության պետի ներկայությամբ հրահանգում հեռացնել գրառումը։ Քաղաքացուն անգամ սպառնում են, ինչի առնչությամբ նա դիմել է ՀՀ ոստիկանապետին և առաջարկել ծառայողական քննություն իրականացնել։
Երկար ու անիմաստ քաշքշուկներից հետո այսօր Վարդան Մակինյանն այլևս չի ցանկանում շարունակել ոստիկանների ապօրինությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, նրա միակ խնդիրը 300 հազար դրամի անհեթեթ ակտի չեղարկումն է, որն առաջիկայում պիտի վճարի։ Այս պահին քաղաքացին իրավական գործընթացներ է սկսել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ