Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ելիզավետա Երկրորդ. Մենք կհասնենք հաջողության, ու այդ հաջողությունը մեզնից յուրաքանչյուրինը կլինի

Ելիզավետա Երկրորդ. Մենք կհասնենք հաջողության, ու այդ հաջողությունը մեզնից յուրաքանչյուրինը կլինի
06.04.2020 | 12:29

Թագուհի Ելիզավետա Երկրորդը կիրակի երեկոյան ուղերձով դիմեց ազգին ու համագործակցության երկրներին՝ կարևորելով ինքնակարգապահությունը և վճռականությունը կորոնավարակի պանդեմիայի ժամանակ: Նա նշեց կորստի ցավը, տառապանքները, ֆինանսական դժվարությունները, որ բրիտանացիները ստիպված են կրել մեր բարդ ժամանակներում, երբ խախտվել է իրադարձությունների սովորական ընթացքը: Նա երախտագիտություն հայտնեց առողջապահության ազգային ծառայության և առանցքային մյուս ոլորտների աշխատակիցներին ու ընդգծեց կարևոր դերը, որ ունի հասարակության յուրաքանչյուր անդամ: Նրա ուղերձը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ ռադիոյով, սոցիալական ցանցերով: Թագուհին ասաց. «Ես ձեզ հետ խոսում եմ չափազանց բարդ ժամանակում: Ժամանակ, երբ խախտվել է մեր ամբողջ երկրի կյանքի նորմալ ընթացքը՝ինչ-որ մեկի համար այս ամենը արդեն վերածվել է վշտի, շատերի համար սկսվել են ֆինանսական դժվարություններ, կյանքի սովորական ընթացքի մեջ եղել են վիթխարի փոփոխություններ, որ վերաբերում են բոլորիս»: «Ես հույս ունեմ, որ ապագայում բոլորս կարող ենք հպարտանալ, որ դիմացել ենք այս դժվարություններին: Իսկ նրանք, որ կգան մեզնից հետո, կասեն, որ բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ էր, որքան նախորդ սերունդները»՝ ասաց թագուհին: «Ինքնակարգապահությունը, հանդարտ, կենսահաստատ վճռականությունը և կարեկցանքը մերձավորի նկատմամբ, նախկինի պես հիմնական են մեր երկրում»՝ ընդգծեց թագուհին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բրիտանացիներին, որ լավ եղանակին այս հանգստյան օրերին հետևեցին իշխանությունների հորդորներին ու մնացին տանը: Եզակի ուղերձը տեսագրվել է Վինձորի դղյակում, որտեղ 93-ամյա Ելիազավետա Երկրորդը ինքնամեկուսացել է, պաշտպանական հանդերձանքով միակ օպերատորի օգնությամբ, ամբողջ նկարահանող խումբը եղել է հարևան սենյակում: Թագուհին վերհիշել է իր ռադիոուղերձը (դեռ իբրև արքայադուստր) 1940-ին, երբ նացիստները ռմբակոծում էին Լոնդոնն ու Մեծ Բրիտանիան: «Մենք ինչպես երեխաներ Վինձորից դիմում էին երեխաներին, որոնց տարհանել էին տներից ու ուղարկել գյուղական վայրեր՝ իրենց անվտանգության համար: Այսօր նորից շատերը վերապրում են մերձավորներից բաժանման ցավոտ զգացումը: Բայց այսօր էլ, ինչպես այն ժամանակ, մենք հոգու խորքում գիտենք, որ ճիշտ ենք վարվում»՝ ասաց թագուհին: «Թեպետ մենք առաջ էլ ստիպված էինք դժվարություններ հաղթահարել, այս անգամ կա մի տարբերություն,-նկատեց նա:-Այս անգամ մենք միավորել ենք ուժերը մոլորակի բոլոր երկրների հետ՝ օգտագործելով գիտության մեծագույն ձեռքբերումներն ու մեր բնական կարեկցանքը հանուն ապաքինման: Մենք կհասնենք հաջողության ու այդ հաջողությունը մեզնից յուրաքանչյուրինը կլինի»: «Մենք պետք է մխիթարվենք, որ թեպետ դեռ ոչ քիչ դժվարություններ ենք հաղթահարելու, լավագույն օրերը կվերադառնան: Մենք նորից կլինենք մեր բարեկամների, ազգականների հետ, մենք նորից կհանդիպենք»՝ եզրափակեց խոսքը թագուհին:

BBC


Հ.Գ. Ճակատագրի հեգնանքն է, որ բրեկզիտից հետո Մեծ Բրիտանիայի թագուհին խոսում է մոլորակի բոլոր երկրների հետ միավորվելու մասին: Նրա ուղերձին բոլորն էին սպասում, հարցը միայն պահն էր՝ երբ կդիմի թագուհին ազգին: Անցած շաբաթ վարչապետի հետ ամենշաբաթյա հանդիպումը թագուհին ստիպված էր փոխարինել հեռախոսային խոսակցությամբ՝ Բորիս Ջոնսոնը կարողացել է վարակվել կորոնավիրուսով ու ինքնամեկուսացել է Դաունինգ սթրիթում: Կիրակի օրը, երբ թագուհու ուղերձը հեռարձակվեց, Բրիտանիայում 47806 վարակվածներից 4934 մարդ մահացել էր կորոնավիրուսից՝ ինչպես Բորիս Ջոնսոնն էր զգուշացրել՝ ձեզնից շատերը կկորցնեն մտերիմներին:
Իր երկարամյա գահակալության ընթացքում Ելիազավետա Երկրորդը 4 անգամ է ուղերձով դիմել ժողովրդին: 1991-ին՝ Իրաքի պատերազմը սկսվելուց հետո, Ուելսի դքսուհի Դիանայի մահից հետո, թագուհի մոր մահից հետո, իր ամուսնության ադամանդյա հոբելյանի առիթով: Թագուհին բազում պարտականություններ ունի՝ սահմանադրական, արարողակարգային, ավանդույթային, բայց նրա հիմնական պարտականությունը մեկն է՝ միավորել ազգը, ստեղծել այն ընդհանուր հողը, որի վրա բոլորն իրենց բրիտանացի են զգում: Թագուհին ուղերձով ժողովրդին չդիմեց 2003-ի Իրաքի պատերազմի, 1956-ին Եգիպտոս ներխուժելու, 70-ականների ածխահատների գործադուլների ժամանակ: Ոչ էլ, երբ Շոտլանդիան փորձում էր հանրաքվեով դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից: Թագուհին ոչ մի խոսք չասաց՝ ոչ բրեկզիտի հանրաքվեի, ոչ ԵՄ-ից դուրս գալու կամ չգալու մասին՝ դա կդիտվեր միջամտություն կառավարության գործերին:
Թեպետ թագուհին չի կիսում բրիտանացիների դժվարությունները, բայց միանգամայն կարող էր վարակվել կորոնավիրուսով՝ մարտի 12-ին նա հանդիպել էր թագաժառանգ Չառլզին, իսկ հետո պարզվեց, որ նրա տեստը դրական է, և արքայազնը ինքնամեկուացավ Շոտլանդիայում, իսկ հիմա արդեն վերադարձել է տուն ու ստանձնել արքայական ընտանիքի անդամի պարտականությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ