Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար
01.06.2020 | 16:02

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է և մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն է‚ նրանք ներկայացնում են Թայվանը‚ Կորեայի Հանրապետությունը‚ Հոնկոնգը‚ Ռուսաստանը‚ Ֆրանսիան‚ Լյուքսեմբուրգը‚ Կանադան‚ Դանիան‚ Շվեդիան‚ Ճապոնիան‚ Ավստրիան‚ Հունաստանը‚ Հայաստանը։

Հիշեցնենք‚ որ խաչատրյանական մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին‚ այն տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն այս տարի կկայանա առցանց՝ ներգրավելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները։
Մրցույթը կկայանա երեք փուլով։ Սահմանված են հետևյալ մրցանակները. առաջին մրցանակակիրը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի‚ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ երրորդ մրցանակակիրը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ‚ մասնավորապես՝ «Հանդիսատեսի համակրանք»‚ Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի‚ Նիկոլո Պագանինիի կապրիսի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Ի դեպ‚ Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսները մեծ կոմպոզիտորի 250-ամյա հոբելյանի շրջանակներում ընդգրկված են մրցույթի 1-ին փուլում որպես պարտադիր ծրագիր։


Հատուկ մրցանակ է սահմանել նաև մրցույթի գործընկեր «Պարմա» ձայնագրման ընկերությունը. խաչատրյանական ստուգատեսի հաղթողը ձայնագրման պայմանագիր կկնքի «Պարմայի» հետ։ PARMA Recordings-ի գործադիր տնօրեն Բոբ Լորդը‚ որ նաև մրցույթի ժյուրիի անդամ է‚ հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին և նշում‚ որ իրենք պատրաստ են աջակցել նոր սերնդի տաղանդավոր երաժիշտներին։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ