Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան. Պարտվել ենք ոչ միայն մեկ պատերազմ

Արմեն Սարգսյան. Պարտվել ենք ոչ միայն մեկ պատերազմ
21.11.2020 | 15:14

Առավոտ օրաթերթին հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է պարտության պատճառներին ու ստեղծված իրավիճակին.


– Իհարկե, ժամանակը գալու է, որպեսզի մանրակրկիտ և մանրամասն վերլուծության ենթարկենք այս ամենը: Ոչ միայն նրա համար, որ խոսենք՝ ովքեր են մեղավոր, այլև նախ և առաջ նրա համար, որ սրանից հետո այլևս մեր պատմության, մեր ազգի պատմության ընթացքում նմանատիպ սխալներ թույլ չտանք: Ես չեմ կարծում, որ հիմա ճիշտ է այս պահին խոսել պատճառների, մանրամասների մասին, բայց, քանի որ հարցը տվել եք, մի քանի կետերի կփորձեմ պատասխանել, որոնք ցայտուն են այսօր: Կարծում եմ, որ պարտվել ենք ոչ միայն մեկ պատերազմ, որը ռազմի դաշտում էր: Ցավում եմ, որ մենք տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել այն բանակը, որը կկարողանար դիմակայել Ադրբեջանին կամ դիմադրություն ցույց տալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային, ինչը, սկզբունքորեն, կարծում եմ, հնարավոր էր, որովհետև ռազմական ոգին, ժողովրդի նվիրվածությունը և հույսը, հաղթանակի համար զոհվելու պատրաստակամությունը առկա էին: Ի՞նչ չունեինք:

Տեխնոլոգիաներ, ճիշտ ռազմական տեխնիկա, չունեինք նաև համապատասխան մարզվածություն, կազմակերպվածություն, բայց սա ռազմի դաշտում էր: Սակայն, կարծում եմ, մինչև ռազմի դաշտը մենք պարտվել էինք նաև ժողովրդագրական պատերազմում: 1994 թվականին, երբ մենք հաղթել էինք, հաղթական պետություն էինք, երբ ամբողջ աշխարհը, նույն եվրոպացիները, նույն ՆԱՏՕ-ն կարծում էին, որ մենք ունեինք տարածաշրջանի ամենահզոր բանակը, այդ ժամանակվանից սկսած՝ Արցախի բնակչությունն ինչպես եղել էր 100 հազարից մի քիչ ավել, 26 տարի հետո մնացել էր նույն 100 հազարը կամ 130-150 հազար: Այդ ժողովրդագրական պատերազմում մենք պարտվել էինք: Կարծում եմ՝ 26 տարվա ընթացքում հնարավոր էր, որ Արցախի բնակչությունը լիներ ասենք 500 կամ 600 հազար: Չեմ ուզում քննարկել, թե ինչպիսի ճանապարհով, բայց վստահ եմ, որ հնարավոր էր: Սակայն դա տեղի չունեցավ: Երբ դու զինվոր ես, մի բան է, երբ քո հետևում մեկ միլիոն բնակչություն կա, և մեկ ուրիշ բան, երբ այդ բնակչությունը 100 հազար է: Կարծում եմ՝ պարտվել էինք նաև տեղեկատվական պատերազմում: Խոսքս Հայաստանի մասին չէ, այլ՝ միջազգային տեղեկատվական ոլորտի: Շատ եմ ցավում դրա համար: Հաճախ խոսում ենք, որ մենք ունենք ազատ մամուլ, բարձր ու ժամանակակից: Ցավով պետք է ասեմ՝ իրականում այսօր մեր լրատվությունը վերածվել է ֆեյսբուքից «քոփի փեյստ» ինֆորմացիաների, որոնք հաճախ հիմք չունեն, շատ հաճախ ուղղակի էմոցիոնալ, անտրամաբանված, կոնսպիրացիայի ամենաֆենոմենալ սահմաններին հասած, չարացած և անազնիվ տեղեկություններ են: Վերջին տարիներին, նկատի չունեմ վերջին երկու տարիները, փոխանակ զբաղվեինք, ստեղծեինք այսպես կոչված ազգային տեղեկատվություն, որը դիմակայեր թուրքական կամ ադրբեջանական պրոպագանդային արտասահմանում, մենք զբաղված էինք իրար հայհոյելով և շարունակում ենք մինչև այսօր, և սա պարտություն է, տեղեկատվական պարտություն:
Մենք պարտվել ենք նաև միջազգային հանրային դիվանագիտության մեջ, որովհետև եթե 1994-ին կար այսպես կոչված չբալանսավորված պրոհայկական վերաբերմունք տարբեր միջազգային ինստիտուտներում, կառույցներում, երկրներում, ապա նույնը չեմ կարող ասել այսօրվա համար: Թուրքիան և Ադրբեջանը տարիներով ջանքեր, ֆինանսներ են օգտագործել, որ դրան հասնեն:


Մենք պարտվել ենք նաև դիվանագիտության մեջ, պարտվել ենք շատ ծանր ձևով: Կարծում եմ, որ պատճառներից մեկն այն է, որ մեր հայկական դիվանագիտական կորպուսը պետք է լիներ երեք-չորս անգամ ավելի մեծ, երեք-չորս անգամ ավելի լավ ֆինանսավորված, երեք-չորս անգամ ավելի բարձրորակ կադրերով և երեք-չորս անգամ ավելի էֆեկտիվ: Եվ հիմա՝ այս ծանր, դառը դեղահաբը կուլ տալուց հետո մենք վերջապես պետք է գիտակցենք, որ մեր ազգային և պետական պարտականությունը, մեր դիվանագիտությունը և՛ հանրային, և՛ պրոֆեսիոնալ դիվանագիտությունը, պետք է բարձրացնել այն մակարդակի, որը համապատասխանում է մեր առջև դրված ծանրագույն խնդիրներին: Օրինակները բազմաթիվ են: Երկրներ, որտեղ մենք տարիներով դիվանագետներ չունենք, որոնք նույնիսկ երկրներ են, որոնք Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, կամ երկրներ, որտեղ մենք պետք է մի քանի անգամ ավելի մեծ դիվանագիտական կորպուս ունենայինք և ներգրավեինք ոչ միայն դիվանագետներին, այլ նաև տեղի համայնքին, որ չենք արել, և այլն, և այլն:
Այսինքն՝ պատճառները հստակ են: Կան նաև խորքային պատճառներ և ավելի, գուցե փիլիսոփայության ոլորտից:


Երբ նայում ենք մեր պետությանը, կան որոշակի սկզբունքներ, որ պետք է գիտակցենք: Նախ և առաջ կարծում եմ, որ մենք երկար տարիներ ապրում ենք մի հանրապետությունում, որտեղ կարծում ենք, որ ցանկալին իրականն է, և անընդհատ կրկնում ենք սա: Ցանկալին կամ այն, ինչ ուզում ենք, որը երազ է, ներկայացնում ենք որպես իրական: Մենք ասում ենք, որ Հայաստանում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Չունենք: Այսինքն՝ ունենք հսկայական թվով տաղանդավոր երիտասարդներ, որոնք ձգտում են դրան, բայց այն համակարգը, որ կարող ենք ասել, որ ունենք, և՛ թվով, և՛ որակով, չունենք: Բազմիցս այս օրինակը բերել եմ. Բելառուսի նման երկիրն այսօր ունի մի քանի անգամ ավելի շատ, տասնյակ անգամներ ավելի շատ ծրագրավորողներ, ունի ծրագրավորման տիրույթ, որտեղ դրսից՝ ԱՄՆ-ից, Կանադայից հսկայական փողեր են ներդրվում, և այդ ոլորտը, մեզ հետ համեմատած, հսկա է: Տեղեկատվական համալսարան կա, որը 30 հազար ուսանող ունի: 150 հազար ծրագրավորող կա, որից 50 հազարը միայն մի կառույցում է, որը կոչվում է Парк высоких технологий, որը տարեկան համարյա 2 մլրդ դոլարի շրջանառություն ունի, և պետությունն այդտեղ փող չի ներդրել, այլ՝ ունեցել է քաղաքականություն: Եվ սա Բելառուսի մասին է, ոչ թե Չինաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, ոչ թե Սիլիկոնյան հովտի: Հետևաբար, հետ ենք մնացել:
Ասում ենք, որ ունենք փառահեղ Գիտությունների ակադեմիա: Այո՛, ունեցել ենք: Սակայն այդ Գիտությունների ակադեմիան մի քանի անգամ փոքրացել է, մի քանի անգամ ավելի վատ է ֆինանսավորվում, և իրականում պարզ չէ՝ այդ ինստիտուտը պե՞տք է, թե՞ պետք չէ, որովհետև այնքան է խեղճացել: Ունենք փայլուն գիտնականներ, անհատներ, բայց համակարգ չունենք:


Մենք նաև պետություն ենք, որի մասին մտածելիս շատ հարցեր անձնավորում ենք, անձնավորում ենք ամեն ինչ: Այսինքն՝ նախարարությունը անձնավորում ենք նախարարի հետ, ոլորտը՝ ինչ-որ մարդու հետ, նույնիսկ այսօրվա խնդիրները, որոնք մեր առջև դրված են: Խոսում ենք ոչ թե համակարգային լուծումների մասին, այլ՝ անհատների, անձերի, ընդ որում, անկախ նրանից, թե անհատները և անձերն ովքեր են: Անձերը գալիս ու գնում են, և իրականում պատմության մեջ մնում է այն, ինչ թողնում են իրենցից հետո, այն, ինչին հասնում են: Փրկություն փնտրելն անձերի մեջ ցավալի երևույթ է: Դա նշանակում է, որ դու փնտրում ես անձի մեջ, քանի որ համակարգը չկա:


Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի պետական համակարգի ստեղծումը և պետական մտածողությունը մարդկանց մեջ ներարկելը: Սա շատ էական է, որովհետև պետական մտածողությունն ունի բազմաբաղադրիչ երևույթներ՝ սկսած պետական կարգապահությունից: Դու չես կարող լինել հաջողակ երկիր, որտեղ նույնիսկ ամենացածր պետական պաշտոնյաներն իրենց ազատ են զգում իրենց սեփական կարծիքն արտահայտել նույն ֆեյսբուքում, երբ կա հիերարխիա, երբ պետությունը կամ երկիրը պատերազմի մեջ է, երբ քո այդ ազատությունը նաև կարևոր աղբյուր է, ոչ միայն տեղեկատվական, այլ նաև հետախուզական աղբյուր քո հակառակորդի համար: Պետության նկատմամբ վերաբերմունքը, պետականամետ լինելը և պետությանը հավատալը, համակարգին հավատալը մեծ խնդիր է: Կարծում եմ, որ մեր բոլոր ոլորտներում՝ սկսած բանակից, համակարգային լուծումներ են պետք, այլ ոչ թե անձերի լուծումներ, ասել է նա:

Դիտվել է՝ 6381

Մեկնաբանություններ