Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հերթական անգամ «Իմ քայլի» անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել

Հերթական անգամ «Իմ քայլի» անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել
09.02.2021 | 20:42

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, և մնացել մինչև երեկո: Հանդիպմանը ներկա են եղել խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի և Մխիթար Հայրապետյանի: Աղվերանում երկօրյա հանգստի և հավաքի համար ֆինանսավորել է Եվրոպայի խորհուրդը՝ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ. հենց նա է հասել ֆինանսավորման։ Եվրոպական ֆինանսավորմամբ «գրանտային ծրագրի» շրջանակներում իշխող խմբակցության շատ անդամներ, որոնք շաբաթ օրը անցկացրել են Աղվերանում, քննարկել են ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ հաջորդ օրը՝ կիրակի, վարչապետը միացել է պատգամավորներին, նրան ուղղվել են ամենատարբեր հարցերը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-ռուսական հարաբերությունների մասին: Երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել և ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, և իրենց առջև այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։


Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, և ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին և հետաքրքրվել, թե իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ:


Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը և այլք հայտարարել են, թե իշխանությունները որևէ խնդիր չունեն, և ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, և կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, և արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, և վերջնական որոշում չի կայացվել: Միայն վարչապետի՝ Երևան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, և շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ