Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարավկովկասյան «մեծ խաղ»

Հարավկովկասյան «մեծ խաղ»
22.03.2023 | 21:50

Արցախում՝ հումանիտար, Մոսկվայում դիվանագիտական բլոկադա է:

Մոսկվայում կայացավ Միրզոյան-Լավրով հանդիպումը:

Ծանր խոսակցությունն անխուսափելի էր, վիճահարույց դրվագները՝ «ապահովված», վերջնարդյունքն էլ մեզ համար խոստումնալից չէր:

Մոսկվայում քաղեցինք հայրենի դիվանագիտության պարտության պտուղները, տեսանք մեր բոկոտն լինելը, ապրեցինք խորը հիասթափություն:

Լրագրողների հետ հարցուպատասխանի տխուր պատկերը հուշում է փակ դռների հետևում բարդ ու ծանր դիալոգի ու ոչ բարենպաստ որոշումների կայացման մասին:

Լավրովը՝ որպես հմուտ դիվանագետ, ամեն կատարած արտահայտությունում զգուշավոր էր, բայց և ասելիքը պարզ էր ու հստակ:

Մանևրելու ու դիվանագիտական հնարքներ բանեցնելու կարիք այս անգամ նրանից չպահանջվեց:

Միրզոյանը՝ պատրաստված էր, տալիս էր լակոնիկ և համոզիչ պատասխաններ, ասելիքը՝ հասկանալի էր:

Լավրովն ուղիղ հասկացրեց, որ այսպիսով ավարտվում են «արևմտյան սիրողական մակարդակի խաղերը» Հարավային Կովկասում, հայկական կողմը սթափվում է, վերադառնում է նախկին ձևաչափին՝ որտեղ անմիջական ռուսական միջամտությամբ ու մասնակցությամբ է տեղի ունենալու հակամարտող կողմերի միջև առկա հարցերի ու խնդիրների կարգավորման գործընթացները:

Լավրովը վերահաստատեց այն, որ ՌԴ-ն չի լքել ու չի պատրաստվում զիջել Հարավային Կովկասը Հավաքական Արևմուտքին, ավելին՝ որ վերջինս է տարածաշրջանում թե՛ դոմինանտը, թե՛ հեգեմոնը, և թե՛ անվտանգային համակարգի ճարտարապետը:

Կրկին խոսեց «3+3» ֆորմատի մասին՝ որակելով այն որպես Հարավային Կովկասում լավագույն ծրագիր:

Վերահաստատեց նաև այն, որ բացառապես նրա տիրույթում է Հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծումը, և որ թույլ չի տա որևէ կենտրոնի յուրացնել կամ առավել ևս «սեփականաշնորհել» իր ներդրած ջանքերի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները:

Արցախի մասով Լավրովի խոսքը հստակ ուղերձ էր:

Արցախի՝ Ադրբեջանին ռեինտեգրացիա:

Իհարկե, արցախահայերի՝ կրոնի, մշակույթի, լեզվի պահմանման, որոշ մունիցիպալ պաշտոնների նշանակվելու իրավունքներով:

Այդ համատեքստում վկայակոչեց Դոնբասի ուկրաինացիների, Կոսովոյի սերբերի օրինակները՝ փորձելով անցկացնել համեմատականներ ու զուգահեռներ:

Տարակուսելին այն էր, որ այդ բոլոր օրինակները, բացի այն, որ մոլորեցնող էին, այլ նաև՝ անհարկի և մեղմ ասած՝ ոչ պատեհ:

Տարօրինակ էր նման բարձրաստիճան ու բազմավաստակ դիվանագետից լսել նման անհեթեթ ընդհանրություններ ու նմանակումներ:

Առավել ևս, երբ վերջինս քաջատեղյակ է Արցախի հիմնախնդրի նրբություններին ու դրա ունիկալությանը, քաջ գիտակցում է, որ իր իսկ կողմից բերված օրինակները բացարձակ կապ չունեն Արցախյան իրականության հետ:

Ոչ մի խոսք չկար Արցախի ինքնորոշման, հումանիտար աղետի, Լաչինի միջանցքի վերաբացման, թշնամու անդադար սադրանքներն ու պարպերաբար իրականացվող էսկալացիաները, լոկալ ագրեսիաները, սողացող պատերազմը զսպելու, դիմագրավելու մեխանիզմների ներդրման, ռուսական խաղապահ կոնտինգենտի լիազորությունների ու գործառույթների հստակեցման մասին:

Այսպիսով՝ եթե մինչ այս պահը ՌԴ-ն Արցախի կարգավիճակի հարցը մեկնաբանում էր, որ անորոշ ժամանակով այն թողնվելու է ապագային, ապա այսօր քաղաքական դիրքորոշումը կտրուկ փոխվել է:

Համենայն դեպս, հնչող հայտարարությունները, իրադարձությունների շղթան ու զարգացումները խոսում են այդ մասին:

Ավելին՝ առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին և ուղիղ երկխոսությանը:

Այսպիսով՝ կա՛մ այս ամենը իրականում լավ մշակված ներկայացում է, երկակի ստնադարտների իմիտացիա է, որն հիմա այսկերպ պետք է մատուցվի, կա՛մ իրոք կա ներքին պայմանավորվածություն, որի արդյունքում Արցախը հանձնվելու է Ադրբեջանին:

Լավրովը հատուկ հղում կատարեց Ալմա-աթայի հռչակագրին, շեշտելով, որ վարչապետ Փաշինյանը ևս տվել է իր համաձայնությունը՝ այն որպես ելակետ և հիմք հայ-ադրբեջանական սահմանային վեճերի լուծման և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման նպատակով ծառայեցնելու համար:

Լավրովը նաև կարծես ափոսանք հայտնեց՝ ասելով, թե պատմաբաններին է թողնում այն, որ պատերազմը կարող էր շատ ավելի վաղ ավարտվեր, որի պարագայում նման սցենարի ականատեսը հիմա չէինք լինի:

Իսկ նման վերջնարդյունքով՝ այլ բան չէր էլ կարելի ակնկալել:

Մանավանդ՝ լավ վերաբերմունք:

Սա պարտության, միաժամանակ հակադարձվելու, ժամանակին առաջարկը չընդունելու գինն է:

Հիմա սա անկեղծ էր ասված, թե ոչ, կասեմ՝ մասամբ:

Թե՛ «Լավրովի պլանի», և թե՛ ՀՀ վարչապետի՝ «Տիգրան Մեծ» իրեն կարգելու մասին բոլորս գիտենք:

Նա այդ ափսոսանքով նրբանկատորեն մեղադրեց ՀՀ գործող իշխանություններին՝ հասկացնելով, որ վերջիններս են իրավիճակն հասցրել այս հանգրվանին:

Ինչևէ, երբ այս ամենը համադրում ես նաև վարչապետի պատրաստակամության հետ՝ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որի պատճառով հայ ժողովուրդը կարող է ընդհուպ հաշվեհարդար տեսնել վերջինիս հետ, հասկանալի է դառնում, որ սեղանին դրված է ծանրագույն պայմաններով որոշում:

Ենթադրելի է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը:

Պրահայան գործընթացը դրա անբեկանելի ապացույցն է:

Պրահայում Փաշինյանը հաստատել է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ դիրքորոշումը:

Այնտեղ չկա գեթ մեկ խոսք Արցախի սուբյեկտայնության և արդեն իսկ ձեռք բերված ինքնորոշման, առավել ևս, արցախցիների՝ իրենց իսկ ճակատագիրը ինքնուրույն որոշելու մասին:

Ինչևէ, արցախյան գոյապայքարը շարունակվում է:

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:

Հումանիտար աղետը հասել է իր պիկին:

Անկախ բոլոր այս խարդավանքներից ու դավադրություններից, հետկուլիսային պայմանավորվածություններից, միևնույն է, արցախցին ժամանակին որոշել է թե՛՛ իր կարգավիճակը, և թե՛ իր ճակատագիրը:

Ժամանակի և իրավիճակի հրամայականն է՝ վերջապես հասկանալ ու գիտակցել, որ

առանց Արցախ չկա Հայաստան ու առանց Հայաստան չկա Արցախ։

Արցախը Հայաստանի դուռն է:

Բացեցինք դուռը՝ անարգել մտնելու են ներս:

Իսկ հետևանքների մասին՝ էլ չխոսեմ:

Արցախի հետ վտանգված է ողջ Հայաստանը:

Արցախը «մարսեցին», կմարսեն նաև Հայաստանը:

Արցախը տվեցիք, չեք պրծնելու, խաղաղություն չեք բերելու, խաղաղ չեք ապրելու:

Թշնամու հետ արժանապատիվ խաղաղություն չի՛ կարող լինել:

Խաղաղությունը՝ կեղծ օրակարգ է, «խաղաղության դարաշրջանը»՝ միֆ:

Նորից ու նորից պետք է ապավինել սեփական ուժերին:

Պետք է անխնա զինվել:

Սա է հաջողության գրավականը, սեփական հայրենիքում ապրելու միակ շանսը:

Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 7017

Մեկնաբանություններ