«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հասարակությունը խճճված է տեղեկատվության և ապատեղեկատվության մեջ»

«Հասարակությունը խճճված է տեղեկատվության և ապատեղեկատվության մեջ»
29.03.2019 | 00:56

Առաջիկա օրերին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունն է, որին մասնակցում են մեկ տասնյակից ավելի թեկնածուներ։ Այս խորհրդի նախագահը միշտ էլ օրվա իշխանության հայեցողությամբ է ընտրվել, և կարծես այս անգամ էլ խոսակցություններ կան, որ այդ գործելաոճը շարունակվում է։ Արդեն լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե ում են իշխանությունները ցանկանում տեսնել այդ պաշտոնում։ Հանրայինի խորհրդի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն է ներկայացրել նաև հրապարակախոս, հեռուստամեկնաբան, հասարակագետ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որի հետ «Իրատեսը» զրուցեց այս թեմայի շուրջ։

-Ինչու՞ որոշեցիք դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի համար, և ո՞րն է Ձեր պատկերացումը. ինչպիսի՞ն պիտի լինեն Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն։
-Վաղուց ցանկությունը կար, և պատճառն այն է, որ միշտ դժգոհ եմ եղել Հանրայինի եթերից։ Հանրային հեռուստաընկերության դերը մեր կյանքում շատ կարևոր է, այսօրվա առկա խնդիրների համար մեղավորության իր բաժինն ունի նաև Հ1-ը։ Հեռուստաէկրանը միստիկ բան ունի իր մեջ, այն, ինչ ցուցադրվում է այդ տարածության մեջ, ակամայից օրինակ է ծառայում։ Երբ հեռուստահաղորդումների մակարդակը ցածր է, երբ տարիներ շարունակ անորակ արտադրանք է մատուցվում, դրա հետևանքները մենք տեսնում ենք իրականության մեջ: Իմ՝ մրցույթին մասնակցելը նաև հնարավորություն է, որ ես ներկայացնեմ իմ պատկերացումները, իմ հայեցակարգը Հանրային հեռուստատեսության և ռադիոյի վերաբերյալ։ Եթե ես դժգոհ եմ եթերից, ուրեմն պետք է ներկայացնեմ իմ այլընտրանքային հայեցակարգը, ինչը և փորձել եմ անել։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ հայեցակարգը հայեցակարգ է, այն ռազմավարություն չէ և ոչ էլ առավել ևս մարտավարություն: Այսինքն, երբ ասում են, որ այն կարող է լինել ոչ թե հինգ էջ, այլ հինգ հարյուր, այդպես չէ: Հինգ էջը իրականում բավական է, որպեսզի արտահայտես քո ասելիքի էությունը, այսինքն պատասխանես հիմնական հարցին, թե որն է, քո կարծիքով, հանրայինի գործունեության իմաստը, նպատակը: Պետք է պարզաբանես, թե ինչու, ինչ նպատակի համար է հասարակությունը պետական բյուջեից գումար հատկացնում Հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Երբ այսօր դիտում ենք նրա արտադրանքը, այդ հարցի պատասխանը չենք ստանում, չենք հասկանում, թե ինչու է պետությունը ֆինանսավորում այդ ամենը, չենք հասկանում, թե որն է այդ հաղորդումների նպատակը: Հանրագումարում պետք է հասկանալ, թե ինչ պետություն ենք ուզում, որին պիտի ծառայեն Հանրային հեռուստաընկերությունը և ռադիոն։ Այս լրատվամիջոցը պետք է դառնա առաջատար ուժ և՛ հանրության, և՛ մյուս հեռուստաընկերությունների համար։
-Հասարակությունը միշտ դժգոհել է Հանրային հեռուստաընկերությունից։ Հիմա, այս փոփոխություններից հետո, ասում են, որ հասարակության ձայնը ավելի լսելի է դարձել Հ1-ի եթերում։ Ձեր կարծիքով, ի՞նչն է փոխվել։
-Կարծում եմ, որ Հանրայինում նոր պետք է փոխվի: Մեկ բան ակնհայտ է, որ այն ոչ թե իշխանամետ պետք է լինի, այլ պետականամետ։ Սրանք էապես տարբեր բաներ են։ Պետություն ասելով, այս դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը, որպես ժողովրդավարական պետություն, որն իր մեջ ոչ միայն ներառում է հասարակությունը, այլև, մեծ հաշվով, ղեկավարվում է հասարակության կողմից: Այդպիսի պետության մեջ պետական իշխանության և հասարակության միջև հակասություն չի լինում։ Ամուր պետություն ունենալը երկուսի շահերից է բխում։ Ես չեմ ասում` այդպես է, ես ասում եմ` այդպես պետք է լինի: Եվ այդ գործում նույնպես Հանրայինի անելիքը մեծ է: Մենք դժգոհ ենք եղել հեռուստատեսությունից, քանի որ ցանկացել ենք ճշմարիտ տեղեկատվություն ստանալ և չենք ստացել: Այսօր նույնպես հասարակությունը խճճված է տեղեկատվության և ապատեղեկատվության մեջ: Այդ ամենին գումարվել են սոցցանցերը, որտեղ ապատեղեկատվության վերահսկողություն բացարձակ չկա և զրպարտության համար պատիժ չկա: Ապատեղեկատվությունը կարծես դարձել է մեր կենսակերպը: Այս խառնաշփոթը մոլորեցնում է հասարակությանը և անհարմարություններ ստեղծում՝ մեծացնելով մարդկանց հուսահատությունը։ Այս ամենը կար նախկինում և կա այսօր: Սակայն այսօր պետք է հասկանանք, որ այդ դաշտում փոփոխություններ կարող ենք սպասել, եթե իրակա՛ն խնդիրը կարողանանք ձևակերպենլ և այնուհետև այն փորձենք լուծել: Իսկ իրական խնդրի հիմքում մեր անազնվությունն է, խարդախությունը բոլոր հարաբերություններում՝ քաղաքական, հասարակական, տնտեսական: Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն նույնպես այդ ամենի հետևանքն են, բայց միևնույն ժամանակ այդ ամենի պատճառը: Եվ քանի որ հիմա մենք ունենք հնարավորություն փոխելու Հանրայինը, ուրեմն պետք է սկսենք հենց այդտեղից:
-Ինչու՞ եք միայն Հանրային հեռուստատեսությունը կարևորում, ի՞նչ տարբերություն, թե որ հեռուստատեսությամբ են ապականում երեխաների կամ պատանիների միտքը և ճաշակը:
-Դուք ճիշտ եք: Բայց Հանրայինի դերը հենց այն է, որ այն՝ լինելով ֆինանսապես անկախ, կարող է որակի ընդհանուր սանդղակը բարձրացնել և սահմանել գնահատման նոր չափանիշներ: Հեռուստադիտողը պետք է իմանա, որ երբ միացնում է Հ1, նա լսում է ճշմարիտ և տասն անգամ ստուգված տեղեկատվություն: Երբ Հանրայինին հասարակությունը վստահի, ապատեղեկատվություն տարածողներն ինքնըստինքյան դուրս կմղվեն դաշտից։ Այսինքն Հանրայինը կարող է և պետք է լինի դրական օրինակ, որին կձգտեն նմանվել: Սակայն միայն ճշմարտության պակասը չէ, որ մտահոգիչ է այսօր, այլև, իհարկե, պակասում են բովանդակալից հաղորդումները: Ինչպես վատ սնունդը վտանգավոր է մարդու ստամոքսին, այդպես էլ վատ, անորակ տեղեկատվությունն ապականում է ուղեղը. բայց այս դեպքում ոչ թե մեկ մարդու ուղեղը, այլ մի ամբողջ հասարակության: Մինչ այսօր հեռուստատեսությանը և ռադիոյին չեն ընկալել այս տեսանկյունից։ Ռուբեն Ջաղինյանի նշանակումն այդ պաշտոնում արդեն փաստում է, որ այդ կառույցին վերաբերվում են որպես հումորի և զվարճության հաստատության՝ կոմերցիոն ուղղվածությամբ։ Եվ դա նկատվում է նաև այսօր, այլապես շատ մարդիկ, որոնք դիմել են մասնակցելու մրցույթին, չէին դիմի: Քսաներեք թեկնածուների կեսից ավելին հասարակությանը լրիվ անծանոթ անուններ են, որոնց մասին անգամ «Google» որոնման ցանցով որևէ տեղեկություն հնարավոր չէ գտնել։ Կան մարդիկ, որոնք ծանոթ են, բայց դարձյալ կոմերցիոն, գովազդային, կամ թեթև ժանրի բնագավառից են: Բայց Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն լրիվ այլ ոլորտ են, պետական նշանակության ոլորտ։
-Երբ դժգոհություն է հնչում հեռուստատեսության արտադրանքից, հեռուստատեսության ղեկավարությունը հակադարձում է, թե իրենք հանրային պահանջն են բավարարում, ինչ պահանջում է հանրությունը, նրանք դա էլ մատուցում են։ Հեռուստատեսությունը և ռադիոն պետք է պահանջարկի հետևի՞ց գնան, թե՞ իրենք պետք է ճաշակ թելադրեն։
-Նախ, երբ ասում են, որ դա հասարակության պահանջն է, կարծում եմ այդպես չէ և իրենք պարզապես դարձյալ ոչ ճշմարիտ տեղեկատվություն են տարածում: Օրինակ, ինձ չեն հարցրել, Ձեզ հարցրե՞լ են: ՈՒ՞մ կարծիքն են հաշվի առել։ Հայ հասարակության մակարդակն այդքան ցածր չէ. հեռուստաեթերն է իջեցնում: Այդ խաբեությունը, խորամանկությունը, թե իբր դա հասարակական պահանջ է, անընդհատ շրջանառվել է։ Ընդհանրապես, Հայաստանում ազնվության մեծ պակաս կա, որը հեռուստատեսությունը կարծես բազմապատկում է։ Ինչ վերաբերում է «հասարակական պահանջարկ» ասվածին, ապա հեռուստատեսությունը պետք է լինի հասարակության պահանջարկի՝ իր լայն իմաստով, արտահայտիչը: Դա լրիվ այլ բան է: Հասարակական պահանջարկ է այն, որ մեր հանքերը խնամքով օգտագործվեն, որ բնությունը պահպանվի, որ բարձրորակ և մատչելի կրթական համակարգ ունենանք, որ մեր մշակութային ժառանգության տերը և շարունակողը լինենք և այլն: Ահա այս պահանջարկ-առաջարկ շղթայի մեջ, այսինքն հասարակություն-պետական իշխանություն փոխհարաբերության մեջ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն առանցքային դերակատարում ունեն: Եվ նաև, անշուշտ, քննադատությունը, որպես հեռուստատեսության ժանր, շատ կարևոր է, վերլուծությունը շատ կարևոր է, բայց այն կրկնակի կարևոր է դառնում, երբ կանխարգելում է հնարավոր սխալները: Եթե հեռուստատեսությունն իր այս գործառույթը իրականացնի, ապա շատ սխալներից հնարավոր կլինի խուսափել:
-Չկան նախկին կապանքները, այսօր ի՞նչն է խանգարում հեռուստատեսությանը, որ կանխարգելիչ իր այդ դերը ստանձնի։
-Դե, շատ բան կախված է նոր ղեկավարությունից: Առաջին խանգարող հանգամանքն այն է, որ գործի իմաստավորում չկա, այսինքն, երբ նայում ենք հաղորդումները, պարզ չէ, թե որն է Հանրայինի նպատակը: Հաջորդը` հեռուստատեսությունը պետք է լինի շատ գրավիչ, պետք է հեռուստադիտողին կլանի։ Հնարավոր է շատ լավ բովանդակությամբ նյութ ես մատուցում, բայց հեռուստադիտողին դա չի հետաքրքրում, և նա ալիքը շրջում է դեպի այն ալիքը, որտեղ ավելի թեթև, հեշտ մատուցվող ժանրի հաղորդում են մատուցում։ ՈՒրեմն պետք է կարողանալ շատ հմտորեն և ստեղծագործաբար բովանդակությունն ու գրավչությունը համակցել։ Շատ կարևոր է կադրային քաղաքականությունը։ Հեռուստատեսությունը նաև արվեստ է, պետք է լինեն տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ, լրագրողներ, օպերատորներ։ Դրա համար արդար մրցակցություն է պետք ապահովել:
-Քաղաքական փոփոխություննե՞րն էլ արդար մրցակցության առումով բան չեն փոխել։
-Հ1-ում, համենայն դեպս, հատկապես որակական փոփոխություն նկատելի չէ: Հիմա մրցույթ է հայտարարված նախագահի, հույս ունենանք, որ իրավիճակը կփոխվի։
-Որքա՞ն է ընտրվելու Ձեր հնարավորությունը։
-Չեմ կարող ասել: Հանրայինն ինձ շատ հարազատ է: Ես իմ աշխատանքային գործունեությունը այդտեղից եմ սկսել: Եվ դա շատ հաջող սկիզբ էր: Այդ շատ ծանրաբեռնված աշխատանքի քսան տարիները ինձ շատ բան են տվել: Եթե հանձնաժողովի անդամները հիմնվեն փաստերի վրա, հավանականությունը շատ է, եթե՝ անձնական վերաբերմունքի, որն ընդունված է Հայաստանում, ապա… չգիտեմ: Բայց հարցը իմ ընտրվել-չընտրվելը չէ այս դեպքում: Շատ կարևոր է, որ ընտրությունը լինի հիմնավորված, և այդ հիմնավորումը ներկայացվի հանրությանը: Կարծում եմ` կան արժանավոր մարդիկ, որոնց ընտրության պարագայում ես հաճույքով կշնորհավորեմ, օրինակ, Մեսրոպ Մովսիսյանին: Սակայն, իհարկե, եթե ես մտածեի, որ այն, ինչ ես ուզում եմ անել, մեկ ուրիշը կանի, ես չէի դիմի: Մեզ մոտ դեռևս չի ձևավորվել օբյեկտիվ ընտրության մեխանիզմը։ Գուցե ես էլ հանձնաժողովի անդամ լինեմ ու շարժվեմ անձնական համակրանքով։ Ազգային ժողովի ընտրություններում էլ մենք չենք առաջնորդվում այն մտքով, որ ընտրենք նրան, ով պարզապես լավ պատգամավոր կլինի։
-Ի՞նչ եք կարծում, իշխանափոխությունից հետո արժեհամակարգային փոփոխություններ եղա՞ն։
-Արժեհամակարգը արագ չի փոխվում: Նախկինից շատ ծանր ժառանգություն ենք ստացել։ Հիմա դեռ շատ բան չենք հաղթահարել։ Բացակայում է իշխանության հաշվետվողականության մշակույթը։ Հենց այս ընտրության ժամանակ էլ շատ կարևոր է, որ հանձնաժողովի անդամները հիմնավորեն իրենց ընտրությունը, դա հաշվետվություն է հանրության առջև: Կառավարությունն էլ պետք է հիմնավորի իր բոլոր քայլերը։ Հասարակության հանդեպ պատասխանատվությունը ամենից կարևորն է։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ