Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բելառուսի ու Ռուսաստանի միջև խանձահոտ է

Բելառուսի ու Ռուսաստանի միջև խանձահոտ է
11.06.2019 | 10:48

«Բարեկամություն» նավթատարի սկանդալը սրել է Ռուսաստանի ու Բելառուսի միջև ճգնաժամը՝ գրում է Քրիստիան Շտայները Neue Zürcher Zeitung-ում: Խոսքը շատ ավելիի մասին է, քան փողն է: Վեճի ելքից կախված է երկու ավտոկրատների ապագան: Նավթատարի շնորհիվ Ռուսաստանը «յուղում էր» հարևան պետության հետ հարաբերությունները էժան նավթի ու փողի օգնությամբ: Նավթատարը կարևոր է և Ռուսաստանի համար: Նավթատարով ԵՄ է հոսում ռուսական նավթի մեծ մասը: Այդ բարեկամական ծառայությյան համար Բելառուսը տարանցման վճար է ստանում: Քանի որ որոշ ժամանակ խողովակաշարով ոչինչ չէր հոսում, Մինսկը բավականին մեծ գումարներ կորցրեց: Ռուսական նավթային միլիարդների շուրջ մի քանի տասնամյակ ձգվող վեճն արդեն ծես է երկու երկրների համար: Բայց 2018-ի վերջին վեճը նոր մակարդակի հասավ՝ Լուկաշենկոն զգուշացրեց Պուտինին, որ ՌԴ-ն կարող է կորցնել իր միակ դաշնակցին արևմտյան սահմանի վրա, եթե ընդհանուր հայտարարի չգան: Լուկաշենկոյի համար լուծումը վնասի փոխհատուցումն է, որ հասցնելու է Բելառուսին Ռուսաստանի նավթային ոլորտու հարկային բարեփոխումը:


Կրեմլը նավթի հաղթաթուղթն օգտագործում է՝ Բելառուսն ավելի ամուր իրենց հանգուցելու համար: Միայն առաջին հայացքից է խոսքը գումարի մասին: Մոսկվան ցանկանում է Մինսկին պարտադրել համատեղ արտաքին քաղաքականություն և խաղում է միություն ստեղծելու գաղափարով: Կրեմլի ստրատեգները միության մեջ են տեսնում լուծումը, որով Պուտինը կարող է մնալ իշխանություն՝ Սահմանադրությունը չխախտելով: Լուկաշենկոն անհանգստանում է իրադարձությունների այդ զարգացումից՝ Ռուսաստանի հետ միավորումը վերջ կդնի նրա նախագահությանը: Բելառուսի նախագահը չի ծրագրում առանց դիմադրության հաշտվել ճակատագրի հետ: Վերջին երկու տասնամյակներում նա ապացուցել է, որ ուզում է ինքնուրույն լինել: Նրան հաջողվել է արգելափակել միության ստեղծման քայլերը: Բելառուսի կառավարությունը շատ անկեղծ ցույց է տալիս Մոսկվային, որ կարող է համագործակցել և այլ գործընկերների հետ: Լուկաշենկոն հրաժարվեց ճանաչել Ղրիմի անեքսիան և լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաիայի հետ: Մինսկը ցուցադրաբար փորձում է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի ու Չինաստանի հետ: Կաշխատի՞ Լուկաշենկոյի մարտավարությունը: Դա հիմնականում կախված է՝ կկարողանա՞ նա բարեփոխումներ անել իր հնացած տնտեսության մեջ: Բելառուսը միայն մանրիկ քայերով է ազատվել սովետական համակարգից ու սնվում է ռուսական լրավճարներով:

Բանակցությունների իր մարտավարությամբ Լուկաշենկոն փորձում է ժամանակ գնել, որ վերափոխի տնտեսությունը: Լուկաշենկոն ակնթարթային հաջողության կարիք չունի: Նա գոհ կլինի, եթե կարողանա բավականաչափ վախեցնել Ռուսաստանին: Այնուհանդերձ, նա հավանաբար ստիպված է լինելու ենթարկվել Մոսկվայի կամքին: Մեծ հարևանը պարզապես շատ ուժեղ է: Բելառուսի նախագահի համար առավելագույն գին պոկելն է հիմա խնդիրը և ինչ-որ բան ստանալը իր ու իր ընտանիքի համար: Դրա ժամանակը նա ունի: Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետն ավարտվում է 2024-ին: Շանս կա, որ այն ժամանակ երկուսն էլ կարող են հաղթող դուրս գալ:
Քրիստիան Շտայներ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահը հերքեց Բելառուսի հետ միասնական պետություն ստեղծելու հեռանկարը, երբ նրան ուղղակի հարց տվեցին: Բայց դա ոչինչ չի նշանակում: Լուկաշենկոն բավարար ժամանակ ուներ տնտեսական բարեփոխումներ անելու, եթե իրոք ցանկանար: Ամբողջ խնդիրը չի պարփակվում միայն փող չլինելու մեջ: Տնտեսության ազատականացումն ու արդիականացումը ինքնաբերաբար փոխելու է հասարակության կառուցվածքն ու վերաբերմունքը իշխանության նկատմամբ, ուստի երերալու է Լուկաշենկոյի հավերժական նախագահությունը: Նա փաստացի Բելառուսի տնտեսությունը, ինչպես եղել է, թողել է ռուսական ասեղի վրա, ու իր քաղաքականությունը կառուցում է Պուտինի հետ առևտրի վրա: Ըստ անհրաժեշտության դաշնակիցներ գտնելով Ադրբեջանում ու ռևերանսներ անելով ԵՄ-ին: Բացի ամեն ինչից՝ Լուկաշենկոն շատ լավ գիտի, որ Ռուսաստանում իշխանափոխությունից հետո իր օրերը հաշված են ու նրա խնդիրը ոչ միայն իր նախագահ մնալն է, այլև՝ Պուտինին նախագահ մնալու հնարավորություն տալը: Դա եվրասիական տարածքի ոսկե կանոնն է՝ առանց միմյանց նրանց իշխանությունը փլուզվելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ