Փաստորեն առանց զեղծարարությունների չի՞ լինում
03.04.2020 | 01:54
Թեպետև աշխարհում երևի մարդ էլ չի մնացել, որ չիմանա, բայց և այնպես բոլոր դեպքերում ասենք, որ կորոնավիրուսի պատճառով այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։ Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե եղածը խաղ ու պար էր, հեշտ լուծելիք խնդիր, ու թե զուր էին Միջազգային ու Ճապոնիայի օլիմպիական կոմիտեները՝ խաղերի հետաձգմանը դեմ վերջին երկու հզոր բաստիոնները, մինչև վերջ դիմադրում։ Հիմա, երբ ամեն ինչ արդեն կայացած փաստ է, վկայաբերենք բրիտանական LearnBonds տնտեսագիտական հրատարակության վկայումը՝ օլիմպիադայի հետաձգումը Ճապոնիային բերելու է մոտ 5,8 միլիարդ դոլարի կորուստ։ Իսկ եթե սրա կողքին, չզլանանք ու հիշենք, որ խաղերի անցկացման վրա արդեն իսկ ծախսված է 12,3 միլիարդ դոլար ու այդ ահռելի գումարը հնարավորիս արագ շարժման մեջ դնելը հետաձգվում է ամբողջ մեկ տարով, այդ դեպքում գնացեք ու հաշվեք, թե որն էր այդքան ծանր ընդունված որոշման իրական գինը։
Սակայն ուր էր թե սա հետաձգված օլիմպիադայի միակ պրոբլեմը լիներ։ Մարդիկ քրքրել են ու դուրս բերել, թե Տոկիոյում պլանավորված օլիմպիական խաղերի հաջորդ տարում մարդկային ինչ ողբերգություններ, պատմական ինչ անցքեր են տեղի եղել։ 1940-ի օլիմպիական խաղերի հաջորդ տարում սկսվել է Հայրենական երկրորդ մեծ պատերազմը, 1964-ի խաղերին հաջորդել է 1965-ի՝ Վիետնամի պատերազմը։
Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, 2021-ին է՞լ հերթական ողբերգություն է լինելու... Առաջ չընկնենք, գուժկանություն էլ չանենք, բայց թե... զորօրինակ, ո՞վ կարող էր ասել, թե այս համաճարակի տեսակի դժբախտություն էր պատուհասելու մարդկությանը, դժբախտություն, որ կարող է հիմնիվեր փոխել աշխարհը, ու հայտնի չէ, թե ինչ կողմ։
Լավ, ասենք թե վերը բերվածն էլ պարզ համընկնումների շարքից էր, բայց հո աչք չենք կարող փակել ջրի երես ելած այն տեղեկատվության վրա, որ Ճապոնիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անդամ, ճապոնացի գործարար Հարույուկի Տակահասին կասկածվում է օլիմպիադայի ապագա մայրաքաղաքի օգտին քվեարկելու համար Միջազգային օլիմպիական կոմիտեի չինովնիկներին կաշառելու մեջ։ Կասեք՝ ենթադրությունների շարքից է, բայց գործարարն արդեն իսկ հաստատել է, որ Տոկիոյի հայտատու կոմիտեի կողմից 8,2 միլիոն դոլար է ստացել ՄՕԿ-ի կարևորագույն դեմքերին նվերներ անելու համար։ Reuters-ի տեղեկացմամբ, դա եղել է 2013 թվին, 2020-ի օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրության հարցի քվեարկության նախաշեմին։
Փաստը հաստատվում է նաև նրանով, որ Ճապոնիայի հայտատու կոմիտեի ֆինանսական փաստաթղթերում վկայություններ կան այն մասին, որ Տոկիոյի առաջադրման հայտի որոշ ծառայությունների համար Տակահասիի հաշվին է փոխանցել նշված գումարը։ Հայտատու կոմիտեի գլխավոր քարտուղար Նոբումոտո Հիգուչին այդ համագործակցությունը ներկայացրել է այսպես. «Տակահասին կապեր ունի, իսկ մեզ մարդ էր պետք, ով հասկանում է բիզնեսի աշխարհը»։
Անձամբ գործարարը հրաժարվել է առարկայական մեկնաբանելուց, թե կոմիտեի առջև ստանձնած որ պարտականությունները կատարելիս հատկապես ինչի վրա է ծախսել 8,2 միլիոնը, սակայն խոստովանել է, որ իր պարտականությունների ոլորտում է եղել ՄՕԿ-ի անդամների հետ լավ հարաբերություններ պահպանելը։
Այդպիսի ֆիգուրներից է եղել մասնավորապես Լամին Դիակը՝ թեթևաթլետիկական ֆեդերացիաների ասոցիացիայի (World Athletics) նախկին ղեկավարը, որն այն ժամանակ օլիմպիզմի աշխարհում հսկայական ազդեցություն է ունեցել ու անձամբ է մասնակցել խաղերի մայրաքաղաքի ընտրության քվեարկությանը։ Տակահասին նաև չի ժխտել, որ Դիակին նվերներ է արել, որոնց մեջ եղել են թվային տեսախցիկներ, Seiko ֆիրմայի ժամացույցներ։ «Դուք հանդիպման չեք կարող գնալ դատարկ ձեռքով, դա բացարձակապես նորմալ է։ Նվերներն էժանագին են եղել»,- ընդգծել է գործարարը։
Սակայն Տոկիոյի հայտատու կոմիտեի բանկային հաշիվներում ֆիքսված է, որ Seiko ֆիրմային կազմակերպությունը վճարել է 46500 դոլար։ Ինչպես տեսնում ենք, նվերներն այնքան էլ էժան չեն եղել, ինչպես հաստատում է գործարարը։ Այլ բան, որ այդ գումարը նրա՛ համար կարող էր լուրջ թիվ չներկայացնել։
Ճապոնացիների կողմից ՄՕԿ-ի անդամների ժամացույց ստանալը, ճիշտ է, առանց ֆիրմայի հիշատակման, հավաստել է կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, սակայն դժվար թե դա լուրջ վիճարկման բան լինի։ Ինչպես ասում են, ժամանակի հարց է մնում պարզելը, թե 8,2 միլիոնն ուրիշ ինչ բաների վրա է ծախսվել։
Պարզելիք հարցերի շրջանակից է, թե 1,3 միլիոնն ինչի համար է փոխանցվել բավականին անհայտ մի կազմակերպության բանկային հաշվին, որի ղեկավարն, ի դեպ, Ճապոնիայի նախկին վարչապետ Եսիրո Մորին է եղել։ Միջանկյալ ասենք, որ սույն այրը ներկայումս գլխավորում է 2020-ի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Այն հարցին, թե ինչ ծառայությունների մատուցման համար է ինստիտուտը ստացել այդ գումարը, Մորիի ներկայացուցիչն ասել է՝ հիմնականում «միջազգային աղբյուրներից ստացած տեղեկատվության վերլուծության»։
Այս առավելագույնս ընդարձակ բացատրությունը կարելի է տարբեր կերպ հասկանալ, բայց թե այդ ինչ վերլուծություն է 1,3 միլիոն դոլարի արժողությամբ, իսկապես հետաքրքիր է։
Հարկ է նշել, որ 2020-ի օլիմպիադան շահելու հարցում ճապոնացիների անմաքուր խաղերի մասին կասկածները առաջին անգամ չեն հնչում։ Դեռևս 2016 թվին բրիտանական The Guardian հրատարակությունը բարձրաձայնեց, որ Տոկիոյի հայտատու կոմիտեն սինգապուրյան հաշիվներից մեկին է փոխանցել 1,3 միլիոն։ Ենթադրվում էր, որ այդ հաշիվը կապ ունի Պապա Մասատա Դիակի՝ այն նույն Դիակի հետ, ով Տակահասիից նվերներ էր ստանում, որն այն տարիներին խոշոր ազդեցություն ուներ սպորտի աշխարհում։ Ճապոնիայի կոմիտեն այդ խոշոր գումարի փոխանցումն այն ժամանակ անվանեց «խորհրդատվական ծառայությունների լեգալ վճարում»։ «Կոմիտեն հաստատում է, որ վճարը ստացվել է խորհրդատու պրոֆեսիոնալ ծառայության, աշխատանքի պլանավորման շնորհանդեսների իրականացնան համար աշխատակազմի ուսուցման, ինչպես նաև մեդիայի շուկայի վերլուծության իրականացման դիմաց,- հավաստում էր Տոկիո 2020-ի կազմկոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդան։- Բոլոր այս ծառայությունները պայմանագրի մեջ ներառված են։ Կոմիտեի գործունեությունը միշտ եղել է ազնիվ ու կոռեկտ»։
Եվ այսուհանդերձ այս փաստի քննությունն սկսվել է ինչպես Ճապոնիայում, այնպես էլ Միջազգային օլիմպիական կոմիտեում։ Սակայն միայն սրանով չէ, որ ավարտվում են Տակեդայի պրոբլեմները։ Նրա գործունեությամբ հետաքրքրվել է ֆրանսիական դատախազությունը, որին ինչ-որ ձևով հասանելի է դարձել տեղեկությունն այն մասին, թե իբր պաշտոնյան կաշառել է ՄՕԿ-ի անդամներին՝ նրանց համոզելով քվեարկել Տոկիոյի օգտին։
Փարիզյան հետաքննիչների վարկածով Տակեդան, միջնորդի միջոցով, որի համար դերակատար է հանդիսացել Պապա Մասատա Դիակը, ընդհանուր 2 միլիոն դոլարի չափով գումար է տվել Միջազգային օլիմպիական կոմիտեի աֆրիկյան անդամներին, որպեսզի նրանք «ճիշտ» ընտրություն կատարեն։
Այս բոլոր հետաքննությունների գծով վերջնական վճիռը դեռ չի կայացվել, սակայն Տակեդան արդեն իսկ հեռացել է օլիմպիադայի կազմկոմիտեի, Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավորի պաշտոնից։ Բացի այդ նա դադարել է ՄՕԿ-ի անդամ լինելուց։
Սպասենք զարգացումներին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ