Միայն իշխանությունների թույլտվությամբ
07.04.2020 | 00:32
Մրցաշրջանի առնչությամբ անգլիական պրեմիեր լիգան հանդես է եկել հայտարարությամբ։ Խորհրդակցության արդյունքներով որոշվել է ընդհատված մրցաշարը մայիսի սկզբներին չվերսկսել, սակայն չի էլ հստակեցվել, թե երբ դա անել։
Իր ընդհատված լինելու մեջ պրեմիեր լիգան միակը չէ (առանց բացառության, եվրոպական բոլոր թոփ առաջնություններում էլ նույն վիճակն է)։ Ինչպես տեսնում ենք, առաջնությունն ապրիլի սկզբներին վերսկսելու լիգայի ղեկավարության հույսերը ոչ միայն չարդարացան, այլև մայիսն է հարցականի տակ։
Ժամանակին ընթերցողին տեղեկացրել ենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ապրիլի 1-ին ՈՒԵՖԱ-ն հեռուստակոնֆերանս անցկացրեց աշխարհամասի ազգային 55 ասոցիացիաների հետ։ Քննարկման գլխավոր թեման մրցաշրջանն ավարտին հասցնելն էր։ Այլ հարց էր, թե դա ինչ ժամկետներում անել։ Եթե միությունն ի սկզբանե տրամադրված էր մրցաշրջանն ավարտելու հունիսի 30-ին, հանուն ինչի տեղափոխվեց Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ժամկետը, ապա ներկայումս ՈՒԵՖԱ-ն պատրաստ է անգամ օգոստոս ամսվա տարբերակին, իսկ անգլիական պրեմիեր լիգան, իսպանական լա լիգայի հետ մեկտեղ, նույնիսկ պատրաստ է այն մեկ ամիս էլ երկարացնելուն։
Անգլիացիներն, ի դեպ, ունեին մրցաշրջանն ավարտին հասցնելու հետաքրքիր առաջարկ. հետաձգված խաղերն անցկացնել ամռանը՝ բոլոր 20 ակումբները տեղավորելով Լոնդոնի ու Միդլենսի հյուրանոցներում։ Ընդ որում առաջարկվում էր ֆուտբոլիստներին ու ակումբի մնացած անձնակազմին հյուրանոցից դուրս գալը թույլ տալ միայն պարապմունքներին ու խաղերին մասնակցելու համար, իսկ դիմակայություններն անցկացնել առանց հանդիսատեսի։ Նման մոտեցումն ակումբներին հնարավորություն կտար լուծելու իրենց խնդիրները։ Երկար սպասված չեմպիոնությունը ֆիքսելու համար «Լիվերպուլը» կպայքարեր պակասող վեց միավորի համար, «Մանչեստր Յունայթեդը» «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցության իրավունքի վիճարկումն ավարտին կհասցներ, իսկ «Նորվիչը», «Աստոն Վիլան» ու «Բոռնմուտը» կփորձեին լուծել պրեմիեր լիգայում մնալու հարցը։
Ակնհայտ է մի բան, որ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու հարցում շահագրգռված չէ և ոչ մի թիմ, քանզի նման դեպքում կհետևեն ՈՒԵՖԱ-ի սանկցիաները։
Խնդրի լուծման որոնումներում օրերս շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել ԱՊԼ-ը։ Ակումբների հետ քննարկումների արդյունքում որոշվել է մայիսի սկզբներից շուտ մրցաշրջանը չսկսել։ Մերժվել է այն ժամկետից շուտ ավարտելու առաջարկը։ Ասվածը հավասարապես վերաբերում է և գավաթների խաղարկություններին։ Սակայն այդպես էլ չի կոնկրետացվել առաջնությունը վերսկսելու ժամկետը։ Նման հիմնավորման բացատրությունը եղել է այն, որ չկա կորոնավիրուսով թելադրված վիճակի հստակ պատկերացում։
Այստեղ թերևս հարկ համարենք նկատել, որ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով` Միացյալ Թագավորությունում ախտահարվածների թիվը ավելի քան 38 հազար է, 3600-ից ավելին կնքել է մահկանացուն։ Ինչպես հավաստվում է լիգայի հայտարարությունում, առաջնությունը կվերսկսվի միայն երկրի կառավարության, Բրիտանիայի բժշկական ծառայության կողմից թույլտվություն ստանալուց հետո։
Կարևոր հարցերից թերևս այսքանը։
Երկրորդականներից կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ հարաբերական երկրորդականներից է այն, որ պրեմիեր լիգայում համաձայնության են եկել կարգով ցածր դիվիզիոններում հանդես եկող թիմերին ֆինանսապես աջակցելու հարցում՝ փրկելով սնանկացումից։ Այդ նպատակի համար հատկացվել է 125 միլիոն ֆունտ սթեռլինգ։
Ի միջի այլոց, ֆինանսական խնդիրների առաջ կանգնած են նաև պրեմիեր լիգայի առանձին թիմեր։ Բանակցությունների արդյունքում ակումբները համաձայնել են այս դադարի ընթացքում 30 տոկոսով կրճատելու ֆուտբոլիստների աշխատավարձը կամ այդ վճարումներն առկախելու անորոշ ժամանակով։
Այս գաղափարն առաջիններից մեկը պաշտպանել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոկը։ «Առողջապահության ազգային ծառայության իմ որոշ գործընկերներ զոհասեղանին են դրել ամենաթանկը։ Աշխատանքի ժամանակ նրանք վարակվել են ու, ցավոք, կնքել իրենց մահկանացուն։ Հաշվի առնելով այն, թե ինչ զոհողությունների են գնում մարդիկ, կարծում եմ, որ պրեմիեր լիգայի խաղացողները նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ՝ համաձայնելով աշխատավարձերի կրճատմանը»,- ասել է նա։
Սակայն նրա առաջարկին շատերը չէ, որ համաձայնել են։ Նման հղացման դեմ աջակիցների մեջ եղել են և դեմքեր, որոնք վաղուց ավարտել են ֆուտբոլիստի իրենց կարիերան։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ