Ռազմական դրությունով պայմանավորված նախօրեին խորհրդարանը ԶԼՄ-ներին առնչվող որոշակի սահմանափակումներ ենթադրող նախագիծ ընդունեց։ Ըստ այդմ, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է։ Դժվար է ասել, թե այս կարգավորմամբ ինչ տույժ ու տուգանք է հասնում սոցիալական հարթակում մեծ-մեծ հոխորտացողներին ու ամեն ինչ «բռնարար» Ռուսաստանին վերագրողներին, բայց վիրտուալ տարածքում հակառուսական տրամադրությունների մասին այս օրերին ակտիվ, շատ վատ շեշտադրումներով քննարկվում է ռուսական մեդիայով, որը պակաս վտանգավորություն չի ներկայացնում, քան ինչ-որ չինովնիկի աբսուրդ մտքերը կասկածի տակ դնելը։ Այսինքն, հակառուսական քարոզչությունն այնքան է մտահոգում ռուսական քաղաքական շրջանակներին, որ նրանք պատերազմի այս օրերին մեզ այդ մասին կոպիտ ձևով հիշեցնում են։
Երբ սահմանում լարված վիճակ է, ու միայն Ռուսաստանին է հաջողվում կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջը, արդյո՞ք ժամանակն է, որ Հայաստանում քննադատության նետերն ուղղվեն դեպի Ռուսաստան։ Այսօր միակ երկիրը, որը կարողանում է գործնականում պատերազմը դադարեցնելու քայլ անել, ընդունենք դա, թե ոչ, Ռուսաստանն է։ Հիմա ինչու՞ ենք կրակի վրա յուղ լցնում։ Ո՞րն է ոմանց նպատակն այս խառն օրերին կրկին սրել հայ-ռուսական առանց այն էլ փխրուն հարաբերությունները։ Ի դեպ, եթե ոմանք մտածում են, թե որևէ երկիր մյուսին աջակցում է հենց այնպես, առանց սեփական շահը հիմք ունենալու, ապա չարաչար սխալվում են։ Ամեն ինչ պիտի սթափ գնահատել, արդեն 15 օր է պատերազմ է ընթանում, ո՞ր երկիրը կարողացավ մեզ գործնականում օգնել՝ բացի ականջահաճո, ոչ մի արդյունք չտվող հայտարարություններից։ ՌԴ արտգործնախարարը 11-ժամյա ծանր բանակցություններից հետո կարողացավ «կորզել» մի փաստաթուղթ, որի շուրջ կողմերը համենայն դեպս բանակցային սեղանի շուրջը համաձայնության եկան, թեև ռազմի դաշտում դեռևս իրավիճակը հուսադրող չէ։
Ի վերջո, մենք, որպես ժողովուրդ, հասարակություն ե՞րբ ենք հասկանալու, որ քաղաքականությունում չկան ընկերներ, կան շահեր, հետաքրքրություններ։ Ոչ մի երկիր հենց այնպես չի կանգնի քո կողքին, ինչ է, թե դու շատ ես դա ուզում։ Հիմա ՌԴ-ի շահերը մեզ հետ համընկնում են որոշ հարցերում, և նրանք շահագրգիռ են, որ Արցախում խաղաղություն լինի, իսկ թե դա ինչպիսի դիրքավորմամբ, քաղաքական քարտեզով ու իրական սահմաններով կլինի, արդեն Հայաստանի հոգածության հարցն է, որովհետև Ռուսաստանին նաև Ադրբեջանի գործընկերությունն է պետք։
Գոնե հիմա ավելորդ անգամ չլարենք, մեր դեմ չտրամադրենք այն երկրին, որը հիմնախնդրի լուծման հիմնական դերակատարներից է։ Դրանից հաստատ ոչինչ չենք շահի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ