«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Հայոց դիմելաձևերը

Հայոց դիմելաձևերը
27.07.2012 | 03:00

Այս անգամ կանդրադառնանք մեզանում ընդունված և չընդունված դիմելաձևերին, կներկայացնենք դրանց ծագումը: Հետևությունները պետք է միասին անենք: Եվ այսպես, այսօր ամենատարածված դիմելաձևի՝ «պարոնի» մասին:
Հայոց մեջ առաջին անգամ «պարոնը» գործածվել է Կիլիկյան Հայաստանում: Նշանակել է «իշխան, մեծավոր»: Առաջացել է ֆրանսերեն բարոն` «իշխանավոր», բառից, որը գալիս է գերմաներեն բարո` «ազատ մարդ» նշանակությունից: Արևմտահայերը հետագայում գրել են պարոն, որ կարդան բարոն: Մենք հիմա պարոն գրում, պարոն արտասանում ենք: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, երբ մենք ունենք մի քանի հիանալի բառ: Դրանցից առաջինը «տիար» բառն է:
«Տիար» բառը ծագում է տիայր կամ տէայր ձևից, որը կազմված է «տէ» - մեծ և «այր» - մարդ բառերից: Այսինքն՝ «մեծ մարդ»: Հետագայում տիայր յ-ն ընկել է, և ստացվել է «տիար» հիանալի դիմելաձևը, որը թե՛ հնչողությամբ, թե՛ ստուգաբանորեն խիստ հայեցի է և հանձնարարելի:
Ընդ որում, այս բառը ժամանակին հաստատել է տերմինաբանական կոմիտեն, հետագայում նաև լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհուրդը:
«Տիայր»-ի հնչյունափոխված մեկ այլ ձևն է «տեր»-ը:
Այստեղ միանգամից ասենք նաև «տիկին» բառի մասին, որը, նախորդի նմանությամբ, նշանակում է «մեծ կին»:
Այժմ «տեր»-ը դարձել է միայն հոգևոր դասի ներկայացուցիչներին դիմելու ձև:
Մյուս հիանալի դիմելաձևը ընկեր բառն է, որը հիմա, ցավոք, կիրառվում է միայն մի շերտի կողմից: Ըստ Հր. Աճառյանի՝ առաջացել է ընդ կեր` «միասին ուտող, հացակից, ճաշակից», ձևից: Ինչպես «ընտիր»-ը՝ «ընդ դիր» ձևից և այլն: Կա նաև «միասին գործող, գործակից» մեկնաբանությունը: Ինչ էլ լինի՝ «ընկեր» բառը մնում է հիանալի դիմելաձև:
Հաջորդ դիմելաձևը, որն այժմ բավականին տարածում է գտնում, ինչը շատ խրախուսելի է, «եղբայր» ձևն է: Դուք, իհարկե, հիշում եք եղբայր բառի ծագումնաբանությունը: Հիշում եք, թե ինչպես ռուսերեն «բրատ», հայերեն «եղբայր» բառերը ծագել են նախալեզվի «բհրատեր» բառից:
«Եղբայր»-ից ստացվել է «աղբայր»։
Հաջորդը «հորեղբայր»-ն է, որն իր երկարության պատճառով չի դառնում հաճախ գործածվող դիմելաձև: Փոխարենը մեր լեզու մուտք է գործում «հոպարը», որը հորեղբայր-ի հնչյունափոխված ձևն է: Թող մուտք գործի, ինչ կա որ: «Ձյաձյա»-ից, «ձաձա»-ից, «դյադյա»-ից, «դյադ»-ից հաստատ լավն է:
Եթե խոսք բացվեց «ձյաձյա»-ի մասին, նշենք նաև «քեռի» դիմելաձևը: Կարծիք կա, որ առաջացել է «քույր» բառի սեռական հոլովից՝ քեռ: Ինչպես, օրինակ, քեռայրը, որը նշանակում է «քրոջ մարդ, ամուսին»: «Քեռի»-ն, որպես դիմելաձև, հայերենին խորթ պատճենում է, ռուսերենից եկող, այդ պատճառով էլ չի մտնում մեր լեզվի շատ գործածական շերտի մեջ:
Որոշ շրջաններում կիրառում են «հարգելի» դիմելաձևը: «Հարգելի»-ն առաջացել է «արգ» պարզ արմատից, որ նշանակում է «պատվական»: ՈՒնենք մեծարգո, այսինքն՝ «մեծապատիվ», անարգ՝ «նվաստ, ստորին»:
Մի քանի խոսք էլ կանանց դիմելաձևերի մասին: «Տիկին» բառի մասին արդեն խոսեցինք: Այսօր, ցավալիորեն, մեր լեզվում «տիկին» բառի փոխարեն արմատացել է մի ժարգոնային անճոռնի բառ՝ «տյոտյա» (տոտա, ծյոծյա), որը, ինչպես ասացինք նախորդ զրույցներում, նշանակում է «տատիկ»:
ՈՒնենք «օրիորդ» գեղեցիկ բառը՝ «կույս աղջիկ» նշանակությամբ, կամ, ավելի լայն իմաստով՝ «ընդհանրապես կին»: Կարծիք կա, որ առաջացել է շումերերեն օար` «էգ» բառից, կամ ուրարտերեն «տեր» նշանակությունից:
«Մորաքույր» դիմելաձևը նույնպես դուրս չմղեց օտար «ծյոծյա»-ն: Երկար է, կարճացնում են, դառնում է «մորքուր» կամ «մոքիր», որոնք արդեն ծաղրական իմաստ են ձեռք բերել:
«Մայրիկ» բառը մնում է անգերազանցելի ծեր կանանց դիմելու համար, ինչպես «հայրիկ»-ը՝ տարիքով տղամարդկանց:
Մյուս դիմելաձևը «աղջիկ»-ն է: «Աղջիկ» բառն առաջացել է «աղիջ» կամ «աղիճ» բառից, նշանակում է «կույս, մանկամարդ կին, դուստր, դիցուհի»: Հետաքրքիր է, որ կոչական ձևը՝ աղջի, ախչի, լայն տարածում ունի, բայց համարվում է ոչ հանձնարարելի: Դա, ամենայն հավանականությամբ, երկրորդ նշանակությունից է գալիս, որ է՝ «անբարո»:
Այդպես է նաև վրացերենում, թուրքերենում, ֆրանսերենում, երբ «աղջիկ» բառի երկրորդ իմաստն «անբարո կին»-ն է: Ժողովրդական ստուգաբանությամբ՝ Ադամը կենդանիների մեջ երբ չգտավ կին, գոչեց. «Ա՛հ, չիք», ասել կուզեր՝ աղջիկ: Եվ Աստված ստեղծեց Եվային:
Իհարկե, կան նաև բարբառային դիմելաձևեր՝ նան, նանի, անա, որոնք գալիս են շատ հին լեզվաշերտից:
Վերջում ավելացնենք մի քանի բարբառային դիմելաձևեր, որոնք կրճատվել են գոյականներից:
Ծո՝ արական կոչական ձայնարկություն: Վրացերեն ծուլի՝ «տղա» բառից: Նույնն են՝ ձո, ձա:
Ատա, ադա կամ արա՝ կրճատված է «այ տղա» ձևից. այ տղա։


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 19631

Մեկնաբանություններ