«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ավանակը է՞շ է

Ավանակը է՞շ է
07.09.2012 | 11:40

«Հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ»:
Ավետարան ըստ Մատթեոսի

Սա կարելի է թարգմանել այսպես՝ «Հեծել էին էշեր և էշերի ավանակներ»:
Ի՞նչ է նշանակում էշի ավանակ: Համենայն դեպս, մեր այսօրվա մտածողությամբ առնվազն տարօրինակ է:
Ի՞նչ տարբերություն էշի և ավանակի միջև:
Նախ տեսնենք, թե ինչ է «ավանակ»-ը: Եթե բառն այս տեսքով փնտրենք դասական ուղղագրությամբ բառարաններում, չենք գտնի: Քանի որ այս բառի դասական գրության ձևն է «յաւանակ» կամ «յովանակ»: Նշանակել է «չորքոտանիների ձագ, հատկապես էշի, ձիու, նաև եղնիկի»: Ահա թե ինչ է նշանակում էշի ավանակը, այսինքն՝ էշի ձագ: Սա բնիկ հայերեն բառ չէ, այլ փոխառություն պահլավերենից՝ «յաւանակ», «յովանակ»: Պարսկերենում բառը հնչում է ջուվան, նույն կերպ՝ աֆղաներենում, քրդերենում: Բոլորն էլ նշանակում են «մատաղատի, երիտասարդ»: Պարսկերենից փոխառել են նաև թուրքերը, որտեղ բառը հնչում է «ջիվան» և նշանակում է երիտասարդ: Բառը ռումիներենում հնչում է ջուբան և նշանակում է սիրահար: Ռուսերեն բառը նույն արմատից է: Դե, որտեղ՝ երիտասարդը, այնտեղ էլ՝ սիրահարը: Ահա թե կենդանու մատղաշի անունը՝ «ավանակ»-ը, «ջիվան»-ը, ինչպես է տարածվել մարդկանց վրա՝ նշանակելով «երիտասարդ» և «սիրահար»:
«Իմաստի զարգացումը ճիշտ այն է, ինչ Մոկաց արդի բարբառով ջըվան՝ «քուռակ»: Այսպիսով, մի կողմից սիրահար և մյուս կողմից քուռակ միևնույն բաներն են» (Հր. Աճառյան):
Այժմ դառնանք մեր «էշ»-ին: Ինչպես գիտենք, մի շարք լեզուներում էլ կա այս բառը. թուրքական, սեմական լեզուներում, ինչպես նաև եվրոպական լեզուներում՝ հունարենում, լատիներենում, գերմաներենում, ֆրանսերենում, անգլերենում, ռուսերենում և այլն: Այս բոլորի ծագումը նախապես սեմական էր համարվում: Երկարատև բանավեճերից հետո աշխարհի գիտնականները եզրակացրին, որ բառը փոխառված է փոքրասիական մի լեզվից: Հետագայում պարզվեց, որ այդ լեզուն հայերենն է, և հայոց «էշ» բառը դառնում է բոլոր այդ բառերի մայրը:
Հայաստանում էշն ու ջորին շատ ընդարձակ գործունեություն ունեին երկրի լեռնոտության պատճառով: Նրանց միջոցով վաճառականները երկրեերկիր առևտուր էին անում, շենացնում երկիրը, կառուցում տուն ու եկեղեցի: Իշաբուծության զարգացման ապացույց է էշի ընտանիքին վերաբերող բառերի առատությունը հայերենում. այսպես՝ ցիռ, ջորի, մտրուկ, իշայր, իշավայր, մուղ: Հետաքրքիր է, որ Հայաստանի Մոկք նահանգի երեք գավառները կոչվել են էշի անունով՝ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց: Հնարավոր է, որ սա եկած լինի վաղնջական ժամանակներից, երբ էշը համարվել է տոտեմ:
Այսօր էշը գրեթե իսպառ վերացել է մեր կենցաղից. նրան փոխարինել են մերսեդեսն ու ինքնաթիռը, գնացքն ու բեռնատարը: Բայց «էշ»-ը մնացել է մեր բառ ու բանի մեջ, և ոչ մի մեքենա նրան դուրս չի մղի այնտեղից: Երբեք «Էշ նստելը մի ամոթ է, իջնելը՝ երկու» առածի փոխարեն չենք ասելու՝ «Մերսեդես նստելը մի ամոթ է, իջնելը՝ երկու», կամ «Էշ-էշ խոսել»-ի փոխարեն՝ «Մերսեդես-մերսեդես խոսել»: Չնայած «Էլի իր էշն է քշում» ասելու փոխարեն կարող է մի օր ասենք. «Էլի իր ջորին է քշում»՝ նկատի ունենալով «Ժիգուլի» մեքենան:
Եվ մի բան էլ երբեք չի մոռացվի. Քրիստոսը էշ նստած մտավ Երուսաղեմ:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 19068

Մեկնաբանություններ