Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քար եք նետում համաշխարհային-պատմական վեհությանը

Քար եք նետում համաշխարհային-պատմական վեհությանը
01.02.2013 | 13:45

Հարգելի խմբագրություն: Հենց սկզբից ուզում եմ ասել, որ «Իրատես de facto»-ի թեթև ձեռքով հերթական անգամ քար է նետվում համաշխարհային-պատմական վեհությանը, որով խանդավառված ու ոգեշնչված են եղել Իսահակյանը, Չարենցը, Մահարին, Սևակը, Սարոյանը, հայոց շատ ու շատ մեծեր… Եվ վիժվածք, ճիզվիտ որակումներն էլ չեն շրջանցում նրանց, ովքեր իրենց հոգու ամբողջ վեհությամբ նվիրված են եղել Լենինին ու նրա գաղափարներին: Եվ դա միայն ու միայն այն բանի համար, որ լենինյան գաղափարների շնորհիվ ազատագրվել են բազում ազգեր ու ժողովուրդներ, այդ թվում, անկասկած ու առաջին հերթին, թուրքական յաթաղանից մազապուրծ հայ ժողովուրդը` հավաքելով նրա բզկտված ու բնաջնջման դատապարտված բեկորները պատմական Հայաստանի ընդամենը մի թիզ հողի վրա…

Եվ ինչպես հեգնանքով գրել է խմբագրությունը հոդվածի նախաբանում, հայ ժողովուրդն իրոք սրտանց երգել է. «Լենի՜ն, արև ես դու աշխարհի», «Դու պատմություն ես մարդկային», «ամենամարդկային մարդը» և, ինչպես անպարկեշտորեն արտահայտվել են թերթն ու հոդվածագիրը, փառաբանել Լենին վիժվածքին` «Դու ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին»:
Հայոց հողի վրա ու անդին չես գտնի գոնե մեկ հայի, հավանաբար, նաև հոդվածի հեղինակ Աբրահամ Ծատուրյանն ու թերթը, որ կասկածի Պարույր Սևակի համարձակությանն ու ազնվությանը, ասպետական ճշտախոսությանն ու անհանդուրժողականությանը, այլապես նա չէր լինի Սևակ ու չէր գրավի մեր սիրտն ու հոգին իբրև հպարտության աղբյուր մեզնից յուրաքանչյուրի, հետևաբար և խմբագրության ու հրապարակման հեղինակի համար: Եթե դա այդպես է, կարդանք նրա «Ամենաերջանիկ մարդը» հրապարակախոսական ղողանջը` ուղղված գոնե հայ ժողովրդին, որ հանկարծ թույլ չտա երախտամոռություն, կուլ չգնա քաղաքական չարչիների բարբաջանքներին, ինչո՞ւ չէ, նաև խուլիգանական հայհոյանքներին` ճիզվիտ, վիժվածք և այլն.
«Լենին:
Երկրագնդի բոլոր ոլորտներում, աշխարհի բոլոր լեզուներով, տասնյակ հազարավոր մարդկանց կողմից նրա մասին գրված է այնքան, որ կարող է մի վիթխարի գրադարան կազմել: Գրել են նրա գործի ջատագովներն ու թշնամիները, նրան սիրողներն ու ատողները, նրան հաստատողներն ու ժխտել ցանկացողները: Գրել են տաղանդավորներն ու ապիկարները, ազնիվ գրիչներն ու ծախուները, գրողներն ու գրչակները, իմաստուններն ու իմաստակները»:
Հիմա հարց տանք խմբագրությանը, թե Լենինի մասին գրողների ո՞ր խմբում փնտրենք հոդվածագիր Ծատուրյանին. նա Լենինի գործի ջատագովներից չէ, նրան չի սիրում, չի հաստատում, հետևաբար նա ինքն է ընտրել իր անկորնչելի տեղը` ատողների, ժխտողների, ապիկարների, գրչակների, ծախուների, իմաստակների շարքում:
Մենք դեռ կվերադառնանք Սևակի հիշյալ հրապարակմանը, իսկ հիմա մտովին պատկերացնենք, որ Իսահակյանը կարդացել է հոդվածը, այցելել խմբագրություն և ձեռնափայտը բարձրացնելով` պահանջում է իրեն ներկայացնել հոդվածագրին… Նա, անկասկած, այդպես կվարվեր, որովհետև մահվան նախօրյակին, 1957 թվականի հոկտեմբերի կեսերին աստվածաշնչյան անկեղծությամբ, գտնվելով երկրի ու երկնքի միջև, սերունդներին է կտակել «Հայրենիքը ամեն բանից թանկ է» հզոր պատգամախոսությունը.
«Իմ սիրելի երեխաներ.
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում հայրենիքի մասին, իմ սիրտը լցվում է համայնապարփակ սիրով, ու հոգիս պատում է մի անսահման ջերմ զգացում: Ո՛չ Վենետիկի սուրբ Մարկոսի մարմարակերտ հրապարակը, ո՛չ Բեռլինի գոթական շենքերը, ո՛չ էլ Փարիզի հրաշալիքները չեն կարող փոխարինել այն վսեմ ու նվիրական զգացումին, ինչ ես ապրեցի, երբ, աշխարհեաշխարհ երկար դեգերումներից հետո, ոտք դրի իմ սուրբ ու աննման հայրենի հողի վրա: Ես նորից լսեցի Ախուրյանի մեղմիկ կարկաչը, ուռիների անուշ սոսափը, հիացա իմ կարոտած զմրուխտ Ալագյազով ու կապտակոհակ Սևանի ջրերով, Շիրակի դաշտում զգացի նոր, սոցիալիստական կյանքի շունչն ու ավյունը:
Հոկտեմբերի մեծ արևով վերածնված իմ հայրենիքում տեսա աշխարհաշեն կառուցումներ, որոնք կմրցեն Փարիզի հրաշակերտ շինվածքների հետ, ուրախացա իր կյանքի տերը դարձած բանվորի ու գյուղացու վաստակով: Հայրենիքը ինձ համար ամեն բանից թանկ է ու վսեմ:
Դո՛ւք էլ, իմ սիրելի՛ բալիկներ, լինեք ռուս, ուկրաինացի, ադրբեջանցի, թե վրացի` սիրեցեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին:
Ամբողջ կյանքում ծառայեցեք մեծ Լենինի ստեղծած պետությանը, որի համար անձնվիրաբար կռվել են ձեր հայրերն ու մայրերը:
Երազեցե՛ք, խիզախեցե՛ք, կառուցեցե՛ք նորը, նվիրականը` կոմունիստական հասարակարգը»:
Հարգելի խմբագրություն, հայոց խղճի պատգամախոոս Իսահակյանի այս խոսքերը կարդալուց հետո կարելի՞ է մտածել, որ հոդվածի հեղինակը հետևում է նրա իմաստուն պատգամին` «սիրեցեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին», նա զգո՞ւմ է «սոցիալիստական կյանքի շունչն ու ավյունը»: Ահա թե ո՛ւմ պետք է համարել ճիզվիտ, ահա թե ո՛ւմ գլխին կշառաչեր Իսահակյանի գավազանը։
Բայց դա բոլորը չէ.1922 թվականի հունիսին, Վենետիկում պիտի գրեր. «Այժմ այլևս անմտություն է հույսը դնել Արևմուտքի վրա, ո՛չ մի օգնություն: Սա պարզ է: Ինքը` Անգլիան հայտնեց, թե մենք շահագրգռված չենք հայերով: Դա մարդասիրական-բարեգործական հարց է, իսկ Եվրոպան երբեք ընդունակ չէ եղել և չէ մարդասեր լինելու…
Բայց մենք ունենք ելք` ռուսը, ռուս պետականությունը»:
Ավելացնենք` կոմունիստ ռուսը, կոմունիստական Ռուսաստանը, որը դուր չի գալիս մեր օրերի «ճիվաղ-ճիզվիտներին»։ Հիշեցնենք, որ բառերը վերցված են հրապարակումից և խորթ են նորմալ մարդկանց։
Նաև հետևյալը` մեկ տարի հետո, մայիսին պարզապես առյուծի պես պիտի մռնչար. «Պարզ է, որ եթե բոլշևիկները չգրավեին Հայաստանը, թյուրքերը պիտի կոտորեին ռուսահայությանն էլ, և այդ կլիներ ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի սրտովը: Սրա համար արժե, որ մի բոլշևիկի քիթը չարյունի»:
Հասկացա՞վ մեր թիթիզ, լոպպազ ադամորդին. եթե բոլշևիկները Հայաստանը չգրավեին, ինքն էլ, իր զառանցանքներն էլ այսօր գոյություն չէին ունենա, ինչպես գոյություն չունեն Արևմտյան Հայաստանի միլիոնավոր հայերը` իրենց նախապատմական անցյալով։

Մի փոքրիկ դասընթաց, որ պարտավոր է իմանալ յուրաքանչյուր ոք, եթե մտավոր զարգացման խնդիրներ չունի: Մարդկության մեծանուն զավակ Ռուսոն հայտարարում էր, որ ժողովուրդը գերագույն իշխանության կրողն է, նա իրավունք ունի հանդես գալու ամեն տեսակի իշխանության դեմ: Եթե թագավորներն ի չարն են գործադրում իրենց իշխանությունը, նրանց պետք է սրբել-վերացնել: Այդպես էին կարծում ֆրանսիական և առհասարակ բոլոր երկրների բուրժուական հեղափոխությունների գաղափարախոսները: ԱՄՆ-ի պետական գործիչ Թ. Ջեֆերսոնն ավելի հեռուն գնաց. «Ոչ միայն ժողովրդի իրավունքն է, այլև նրա պարտականությունն է ստեղծել իշխանության նոր ձև իր անվտանգության ու երջանկության համար: Գիտության ջահի ընդհանուր զարգացումը,- գրել է նա,- արդեն բացել է բոլորի առջև այն ակնհայտ ճշմարտությունը, որ մարդկության զանգվածները չեն ծնվում թամբը մեջքներին, որպեսզի փոքրաթիվ արտոնյալները խթանելով կառավարեն նրանց` օրենքի օգնությամբ ու Աստծու ողորմածությամբ»:
Մարքս-լենինյան գաղափարախոսության ջատագովները բացեցին, Ջեֆերսոնի խոսքերով ասած, «այն ակնհայտ ճշմարտությունը», որ «իշխանության նոր ձև» ստեղծելու համար պետք է կենաց և մահու կռիվ տալ, որի անունն է դասակարգային պայքար` զինված հեղափոխական տեսությամբ: Եվ Մարքսն ու Էնգելսը մշակեցին այդ տեսությունը, իսկ Լենինն այն զարգացրեց նոր պայմանների համեմատ:
«Իրատես de facto»-ի հեղինակի` Ծատուրյանի կարծիքով, բուրժուազիան, որպես դասակարգ, կարող է պայքարել, ժողովրդական զանգվածներին դուրս բերել պայքարի ընդդեմ ազնվականության, իսկ բանվոր դասակարգը, պրոլետարիատը, որը ենթարկվում էր կիզիչ շահագործման բուրժուազիայի կողմից, չպիտի՞ իրավունք ունենար պաշտպանելու իր իրավունքները` դարձյալ միլիոնավոր զոհերի գնով:
Կարճ խոսքով, բանվոր դասակարգը վերջ տվեց այն նողկալիությանը, որից Ռուսաստանում խեղդվում էր կենդանի ու թարմ ամեն ինչ, քաղաքական իշխանությունը վերցրեց իր ձեռքը և ստեղծեց սովետական սոցիալիստական պետությունը:
Առաջավոր դասակարգերը հարկադրված են դիմելու բռնության միջոցների` դիմակայելու իրենց դարն ապրած դասակարգերի կատաղի դիմադրությանը: Հեղափոխական բռնությունը պատասխան միջոց է ռեակցիայի բռնության դեմ: Զինված ապստամբության, քաղաքացիական պատերազմի ձևով բռնությունն անխուսափելիորեն կապված է մարդկային արյան հոսելու հետ, մարդկանց միմյանց զանգվածային ոչնչացման, նյութական և հոգևոր արժեքների կործանման հետ: «Մեր իդեալի մեջ բռնությունը մարդկանց նկատմամբ տեղ չունի: Այդ իդեալը համապատասխանում է պատմական պրոցեսի օբյեկտիվ տենդենցներին. հասարակության զարգացումն ընթանում է դեպի հասարակության մեկ մասի նկատմամբ մյուսի բռնի տիրապետության ոչնչացումը»,- ընդգծում է Լենինը: Այդպիսի դեպքերում բանվոր դասակարգը հարկադրված է օգտագործելու իշխանությունը նվաճելու ոչ խաղաղ ուղին: Բայց ինչ ձևով էլ տեղի ունենա անցումը մի հասարակարգից մյուսին, այդ անցումը հեղափոխություն է: Ահա թե ինչ բարդագույն խնդիրներ են ծառացած եղել Ռուսաստանի բոլշևիկների ու անձամբ Լենինի առջև: Հեղափոխությունը կատարվեց գրեթե անարյուն, բայց պարտված իշխանությունները շարունակեցին զինված դիմադրություն ցույց տալ: Անհրաժեշտ եղավ ոտքի հանել պրոլետարիատին, կազմակերպվեցին զինված ջոկատներ, զոհերն ու կոտորածները դարձան անխուսափելի: Ինչո՞ւ մեղադրել Ռուսաստանի բանվորական պետությանը, որը կարողացավ դիմակայել չորս կողմից կազմակերպված արշավանքներին և ոչնչացնել իրեն ոչնչացնողներին: Այլապես ժողովրդին կճնշեին ու կգնդակահարեին, ինչպես պատահեց մեր ժամանակներում` մարտի մեկին։
Մեր խելոքն իրեն պատեպատ է տալիս` ոչինչ չհասկանալով հասարակական զարգացումներից, որոնք հիմնականում ընթանում են մարդու կամքից անկախ և պահանջում գտնել հարկադրական լուծումներ: Ամենաարյունալի հեղափոխությունը տեղի ունեցավ Ֆրանսիայում, որտեղ նույնիսկ ավերվում էին քաղաքներ, ոչնչացվում բազմահազար արիստոկրատներ։ Հարավի և Հյուսիսի միջև ծագած պատերազմն Ամերիկայում իր չափերով ամենասարսափելիներից մեկն էր մարդկության պատմության մեջ: Հեղափոխական բախումները, որոնք ծագում են հանգամանքների բերումով, միշտ և ամենուրեք հանգեցրել են արյունահեղության: Դասակարգային շահերի հակամարտությունների ժամանակ անհնարին է խուսափել արյունահեղություններից։ Այդ գործընթացների ծավալները թելադրված են պատմական պայմաններով։
Ըստ մեր հոդվածագրի, Էնգելսը ցնցված է եղել, որ «եթե Ռուսաստանում հեղափոխությունը հաղթանակի, ապա մյուս օրը հեղափոխության ղեկավարները կհայտնվեն անելանելի վիճակում` չիմանալով ինչ անել. դա հակադիալեկտիկական է, հակամարքսիստական, այսինքն` Լենինն ի սկզբանե դավաճանել է մարքսիզմին»: Իրականում Էնգելսը, ի թիվս երեք տասնյակ եվրոպական լեզուների, լավ տիրապետել է ռուսերենին և, ուսումնասիրելով կապիտալիզմի զարգացման միտումները Ռուսաստանում, նամակագրական կապեր հաստատել ռուս հեղափոխականների հետ, ուսումնասիրություններ նվիրել ռուսական իրականության հսկայական դերին համաշխարհային հեղափոխական շարժման մեջ:
Հավելյալ ասեմ, որ 1881-ի մարտին Փարիզի կոմունայի տասներորդ տարեդարձին, Լոնդոնում կայացած սլավոնական միտինգին հղած ուղերձում Մարքսն ու Էնգելսը վստահություն էին հայտնում, որ Ռուսաստանում զարգացող հեղափոխական շարժումը «…վերջ ի վերջո պետք է անխուսափելիորեն հասնի, գուցե երկարատև և դաժան պայքարից հետո (լսո՞ւմ եք, քաղաքական հավկուրներ- Ն.Պ.), ռուսական կոմունայի ստեղծմանը» (Մարքս-Էնգելս, Երկեր, հ.19, էջ 252, ռուսերեն):
Վերջապես, պետք է գիտենալ, որ երկու հանճարների մահից հետո միջազգային կոմունիստական շարժումը մի քանի տասնամյակ գլխավորում էին Պլեխանովն ու Լենինը:

Անիմաստ է մեկ առ մեկ անդրադառնալ հոդվածի «փաստերին»: Դրանք քաղաքական կուրության, տհասության ու տղայության հետևանք են և արժանի չեն ուշադրության: Ասենք` քսան միլիոն մարդ գնդակահարելու փոխարեն մեր զրպարտիչը հանգիստ կարող էր գրել երկու հարյուր միլիոն, դրա բազմապատիկը` պայմանավորված իր փչացածության ու դաստիարակվածության աստիճանով:
Չասենք` ճիզվիտ, ճիվաղ, սրիկա, դատարկախոս, բայց ինչպե՞ս դիմենք, որ առավել ճիշտ արտահայտվի մեր հեղինակի էությունը: Դուք պատկերացրեք մեկին, որ կյանքում պատահաբար ձգվել է օղակներով, հանկարծ կանգնի ու սկսի դիտողություններ անել օղակների արքային, հազիվ գրաճանաչ է` ձեռնոց նետի գրականագետներին, մեկ-երկու անգամ մսագործ է եղել` ընդդիմանա պլաստիկ վիրահատության հրաշագործներին, ընդամենը փողոցային կռիվների մասնակցելով` հեգնանքով խոսի զորահրամանատարների մասին։ Այդպիսիներն անհաղորդ են հասարակական երևույթների խորքային գործընթացներին ու դարաշրջանների դասակարգային մարտահրավերներին:
Մեր հոդվածագիրը հիմա շտապում է ճչալ ու կանչել, թե Չարենցին տարաք ու կերաք։ Չարենցը կոմունիստական գաղափարների զոհը չէր, անազնիվ բարեկամ, այլ զոհը նրանց, ովքեր պայքար մղելով կոմունիստական գաղափարների դեմ, զբաղված էին նրա ճշմարիտ նվիրյալներին զրպարտելով ու ճշմարտանման փաստեր սարքելով ու հաշվեհարդարներ կազմակերպելով: Սակայն Չարենցը, հենց Չարենցը, որ լիովին իրավունք ուներ երես թեքելու բոլշևիզմից ու համայնավարությունից, իր համար ամենաճակատագրական պահին անգամ, պատրաստ լինելով բանտ ընկնելու և հրաժարվելու կյանքից, կոմունիստական գաղափարներից ու բոլշևիզմից չհրաժարվեց` շատ լավ հասկանալով, որ.
Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին…
ՈՒ եթե Աբրահամ Ծատուրյանը Լենինին ճիվաղ ու ճիզվիտ է ասում, Չարենցը, մտքի և իմաստության գագաթ Չարենցը, պիտի ասեր.
Նա եկավ Հյուսիսից:- Ճորտերի փրկության փառքով էր նա մեծ:-
Բայց հեծում էինք մենք դարեր-կրկնակի գերության ներքո:
Մեզ ճնշում էր բռունցքն հայրենի:- Նա կտրե՛ց այն իր ձեռքով:
Չունեինք մենք դարեր-հայրենիք:- Եվ նա մեզ հայրենիք տվեց:-

Միայն տողեր.
Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած…
Քեզ տրված էր ոսկյա՜ մի բեկոր լենինյան վսե՜մ հանճարից…
«Մահվան տեսիլ» հանրահայտ պոեմում, նկարագրելով հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, նրա պատմության արնածոր քառուղիները, կործանման ու բնաջնջման անխուսափելիությունը` իր հանճարի ուժով փառաբանեց Լենինին, որպես մեր ժողովրդի փրկչի.
Արդ` անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,
Լայնահուն աշխարհն էր իմ դեմ` ողողված հրով փրկարար,-
Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի՛ երգիչ,-
Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկե աշխարհը արար…
Մի շտապեք բերան պատռել, որ նա` Չարենցը, այդ տողերը գրել է շատ տարիներ առաջ` լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում իր շուրջը: Բերենք ամենածանր ժամանակների նրա ամենավերջին խոստովանությունը: Բանտ ընկնելուց առաջ Չարենցը թղթին հանձնեց իր հոգու ճիչը և այն պահ տվեց հավատարիմներից ամենահավատարիմ Ռեգինա Ղազարյանին, որը հետագայում, երբ արդեն ձերբակալվել ու գնդակահարվել էին խորհրդային երկրի ու խորհրդային նվիրյալների դահիճները, հանրության սեփականությունը դարձրեց չարենցյան այդ հավատո հանգանակը. «Չկա ավելի ամեհի պատիժ, քան այն, երբ մարդուն դատապարտում են իբրև դավաճանի մի գաղափարի դեմ, որը հենց նրա միակ սրբազան ու միակ - նրա կյանքի միակ գործն է ու իմաստը կազմող - գաղափարն ու գործն է: Եվ չկա ոչ մի միջոց այդ «հասարակ», լույսի պես պարզ ճշմարտությունը ապացուցելու:
Քանզի չկա տանջանք ավելի մեծ,- և պատիժ ավելի սև,- քան դատել մարդուն` նրա սրբազան գաղափարի, նրա ողջ կյանքի միակ գործին դավաճան լինելու համար.
Եվ չկա ոչ մի միջոց ցույց տալու համար, համոզելու, որ այդպես չէ- հենց այդ նույն մեղքի օբյեկտն է իմ միակ սրբությունը.
գաղափարակիցները և գործակիցները- ամենաանկասկածելիները-հանկարծ մեղադրեին, թե նա կամենում է վերականգնել- սուբյեկտիվորեն գիտակցաբար (և ոչ թե օբյեկտիվ ենթադրելի հնարքով)- ձգտում է վերականգնել… Նիկոլայ Ռոմանովի դինաստիան… Որ նա ծպտյալ մոնարխիստ է…
…Եվ դատեին նրան, և որոշեին, և հայտնեին ի լուր աշխարհի- և գնդակահարեին իբրև մոնարխիստի… Հանուն` լենինիզմի, կոմունիզմի և բոլշևիզմի հաղթանակի…»:
Նույնիսկ այս տողերում զգացվում է Չարենցի մեծ նվիրումն ու հավատը Լենինի ու նրա գործի նկատմամբ, իսկ մեր խելոքը կարծում է, թե Լենինը դավաճանել է մարքսիզմին։
Առաջ գնանք. հոդվածագիրը մեջբերում է կատարել, իր ասելով` մեծ մարդասեր Կորոլենկոյի «Նամակներ»-ից. «գնդակահարել, կախել ծառերից, սյուներից` ի սարսափ բուրժուազիայի, կուլակների»: Հարցնենք, իսկ ինչո՞վ էին զբաղված այդ «հայրենասերները», որոնց զանգվածաբար կախում էին ծառերից կամ գնդակահարում. սեքսո՞վ, զվարճանքո՞վ, թե՞ հանրային-պետական ունեցվածքը թալանելով ու ոչնչացնելով, աշխատանքները, պետական-կուսակցական ծրագրերը ձախողելով… Իրենց դասակարգային պայքարը պրոլետարական դասակարգի դեմ շարունակելով ու գնդակահարելով, ծառերից, սյուներից կախելով` իրենց դասակարգային հակառակորդին` ի սարսափ բանվոր դասակարգի, ճնշումից ու շահագործումից ազատագրված պրոլետարիատի, խորհրդային երկրին ծառայող մտավորականների, գիտնականների, արվեստագետների, գրողների, աշխատավորների, հողի մշակների… Գնդակահարվում էին նաև երկրի ղեկավարները, բացեիբաց մահացու վիրավորվեց ինքը` Լենինը։ Ամբողջ երկրում մոլեգնում էր սպիտակգվարդիականների կազմակերպած զանգվածային տեռորը, որը պատմության մեջ հայտնի է «սպիտակ» անունով: Լենինը պարտավոր էր հակաքայլ ձեռնարկել և հրամայեց կախել կախողներին, այսինքն` սպիտակ տեռորը դիմակայել կարմիր տեռորով: Մեր հեղինակը, իհարկե, հիացած պիտի լիներ սպիտակով, բայց հաղթանակեց կարմիրը, և պատմության մեջ այդպես էլ հիշատակվում է` կարմիր տեռոր։
Ես մեղավոր չեմ, որ ոմանք չեն տեսնում մեր գաղափարախոսության համաշխարհային-պատմական հաջողությունները, հասու չեն հասկանալու համար, թե ինչ ճանապարհներով են հարստացել շատ եվրոպական երկրներ` Աֆրիկան թալանելով ու սեզոնային աշխատող հարյուր միլիոն նեգրերի` հայրենիք վերադառնալու ճանապարհին, օվկիանոսը լցնելով, անծայրածիր Չինաստանի ու Հնդկաստանի բազմամիլիոն ժողովուրդներին մարդկային կենսապայմաններից զրկելով, հարավային Ամերիկայի երկրները ստրկացնելով, այսօր էլ արաբական երկրների ժողովուրդներին գրողի ծոցն ուղարկելով, Թուրքիայի մարդակերներին քաջալերելով ոչնչացնելու հարևան ժողովուրդներին և հայությանը, անկասկած։ Այսօր էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կազմալուծել Ռուսաստանը և տիրանալ նրա հանքային հարստություններին, գիտական կենտրոններին, ռուս ժողովրդին գաղութացնելով, որը եթե տեղի ունենա, խոսք չի կարող լինել մի բուռ հայ ժողովրդի փրկության մասին` հենց մոտիկ ապագայում:
Աբրահամ Ծատուրյանը պահանջում է «ջնջել լենինյան-բոլշևիկյան բոլոր այն գործիչների հետքերը, որոնք միայն չարիք են պատճառել մեր հայրենիքին ու ժողովրդին»: Խորհրդային Հայաստանը, ժառանգելով ընդամենը ինը հազար քառակուսի կիլոմետր տարածք, երկու-երեք ամսում այն դարձրեց երեսուն հազար: Ի դեպ, հենց Լենինի շնորհիվ: 650 հազար բնակչությունը հասցրեց չորս միլիոնի, մի բուռ երկիրը դարձրեց աշխարհաճանաչ` իր արդյունաբերությամբ, գիտությամբ ու արվեստով, կրթական, առողջապահական, սպասարկման համակարգերով, մի քանի անգամ կազմակերպված հայրենադարձությամբ, որոնց հսկայական մեծամասնությունը դարձավ իր նորակերտ հայրենիքի տերը և լծվեց սոցիալիստական շինարարությանը, և պատժվեցին նրանք, ովքեր հայրենիք էին եկել պատերի տակից հավկիթ հավաքելու` հանդիմանելով ներգաղթ կազմակերպողներին, որ պատերի տակ ամենևին էլ հավկիթներ չեն եղել։ Իհարկե, կարելի էր գտնել նրանց վերադաստիարակելու ուղիներ, և ձեռնարկված պատժամիջոցները ես էլ եմ դատապարտում։
Կատարել Աբրահամ Ծատուրյանի պատգամները և «ջնջել լենինյան-բոլշևիկյան բոլոր գործիչներին», ենթադրում է ջնջել այն ամենը, որ ստեղծվել է նրանց ու ժողովրդի ջանքերով, այսինքն` ջնջել ներկայիս Հայաստանն իր վերածնված քաղաքներով ու ավաններով, գյուղերով, գիտաարտադրական, մշակութային նվաճումներով, ապահով ներկայով ու երջանիկ ապագայով, ինչպես էլ այսօր վարվում են հետխորհրդային իշխանությունները` սնանկացնելով երկիրն ու ժողովրդին մատնելով զանգվածային արտագաղթի։
Մեծանուն բանաստեղծ Գուրգեն Մահարին ևս զոհ դարձավ աբրահամծատուրյանական երախտամոռների ու դավադիր զրպարտիչների քաղաքական հավկուրությանը, բայց նա Աբրահամ Ծատուրյան չէր, որ իր անձնական ճակատագիրը դարձներ իր սոցիալիստական հայրենիքից վրեժխնդիր լինելու մարտկոց ու սևեռվեր այդքան կատաղի։
1957 թվականին, վերադառնալով աքսորից, Մահարին գրեց իր հերթական պատգամախոսությունը` նվիրված Լենինին ու հոկտեմբերին: Նա, իհարկե, չմոռացավ աքսորականի իր ճակատագիրը և այն, ինչպես ասացինք, չդարձրեց վրեժխնդրության մարտկոց, տեսավ, որ անճանաչելիորեն փոխվել է իր Հայաստանը, իր տարաբախտ ժողովուրդը քայլում է նորագույն քաղաքակրթության առաջատարների շարքերում, խանդաղատանքով, որդիական երախտագիտությամբ երկնեց «Հոկտեմբերյան դրոշին»` հերթական գլուխգործոցը.
Քեզ ծածանեց Լենինը հին աշխարհի մշուշում,
Եվ Լենինը ով դու եղար անպարտելի ու հաստատ,
Հոկտեմբերյան հաղթանակ, լենինյան վեհ դրոշով,
Դու մարդկության արշալույս, դու մեծ նավի առագաստ:
Հիմա վերադառնանք Սևակին` ինչպես խոստացել էինք:
Մեծ բանաստեղծի հոգուց գարնանային հեղեղների պես հորդում են տողերը. «Կարելի է հիասթափվել ամեն ինչից, բացի Նրա գործից»: Ի՜նչ արած, հարգելի Սևակ, Աբրահամ Ծատուրյանը հիասթափված է, և հիասթափվենք, որ այնուամենայնիվ, կան հիասթափվածներ: «Կարելի է հիասթափվել ամեն ոքից, բայց ոչ Նրանից: Նրանն է քայլը, բայց ոչ սայթաքումը: …Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի - նա բարձր է գովքից էլ, գովաբանությունից էլ»:
Նա բարձր է նաև հայհոյանքներից, իր մեծությունը չտեսնող հավկուրներից: Եվ ինչո՞վ է մեղավոր բարձրակատար ու տիրական Արարատը, որ ոմանք թանձր մառախուղի պատճառով իրեն չեն տեսնում: Եվ դա ոչինչ… Ողբերգությունը մեծությունը չզգալն է։
Հոդվածն ավարտենք Վիլյամ Սարոյանի խոսքերով, որ աշխարհասփյուռ հայությանը պարզեց իր խանդավառության դրոշը` պատգամելով. «Խորհրդային Հայաստանը մեր արևն է, մեր քարն է, մեր ծովն է, մեր պատմությունն է… Մեզ համար մեծ բախտ, որ մեզ զորավիգ է ռուս ժողովուրդը: Մենք չենք կարող գոյատևել առանց զորավոր պաշտպանության, իսկ դա Խորհրդային Միությունն է: Մենք շատ ենք պարտական խորհրդային իշխանությանը, որը մեզ` հայ ժողովրդին, ազատություն տվեց, հնարավորություն տվեց շունչ առնելու, ցույց տվեց մեր տաղանդը, մեր հարստությունները:
Ռուսները մեր եղբայրներն են, մեր բարեկամները, հիսուն տարի այդ բարեկամությունը տալիս է իր պտուղները, քանի ունենք Խորհրդային Հայաստան, մենք ուրախ ենք, ողջ և առողջ, և մեզ համար արգելքներ չկան, որովհետև մեր թիկունքը Խորհրդային Միությունն է»:
Սա մեծ գրողի սրտառուչ խոնարհումն էր Լենինին ու նրա ստեղծած պետությանը:
Չկա Խորհրդային Միությունը, չկա և հայ ժողովրդի այն ապահովությունը, որով սքանչացած էր մեծ մարդասերն ու մեծ հայը։ Կա Աբրահամ Ծատուրյան, որ քար է նետում հայ ժողովրդի վեհության երախտավորներին:


Նորիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երդվյալ կոմունիստ, Վլադիմիր Իլյիչ Լենինի հոգեզավակ

Դիտվել է՝ 3382

Մեկնաբանություններ