«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ինչ է նշանակում Երևան բառը

Ինչ է նշանակում Երևան բառը
12.10.2013 | 13:33

Վաչագան Վահրադյանը Երևանի ծննդյան օրն իր ֆեյսբուքյան էջում ծանոթացնում է մեր քաղաքի անվան նշանակության հետ։

ՆՈՅԸ ԹԵ ԱՐԳԻՇՏԻՆ ԷՐ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱԴՐՈՂԸ

Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնի երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։
Խալդ աստծո մեծությամբ
Արգիշտի՝ Մենուայի որդի,
արքա հզոր, արքա Բիայնի երկրի,
տերը Տուշպա քաղաքի՚։

Մեր քաղաքի անվան ծագումը ժողովրդական բանահյուսությունը կապում է բիբլիական Նոյի հետ։ Թերևս, ամեն հայ, դեռ մանուկ հասակից, լսել է այդ զրույցը։ Այդ թվում նաև ես։ Ինձ այդ մասին պատմել է քեռիս` Չալկադրյան Գրիգորը. «Երբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը հետ քաշվեցին և Նոյն իր ընտանիքով իջնում էր Մասիս սարից, նա տեսավ առաջին ցամաքն ու բացականչեց. «Երևաց…» Դրանից հետո այդ վայրը կոչվել է Երևան։» Քաջ հիշում եմ, որ իմ հարցին թե.«ՙՆոյը հայերե՞ն արտասանեց այդ բառը», ես հստակ պատասխան չստացա։

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՅԴ և ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Բնական է, որ այս պատումը չի կարող բավարար համարվել «Երևան» բառի գիտական ստուգաբանության խնդրում։ Նախ այն պատճառով, որ Նոյի մասին պատմող առասպելը ջրհեղեղի մասին պատմությունների հրեական տարբերակն է և ուրեմն Նոյը պետք է որ հրեա համարվեր։ Ուրեմն նա չէր կարող հայերեն արտասանել «երևաց» բառը։ Կարելի է ենթադրել, որ Նոյը եբրայերեն է ասել. «Երևաց», իսկ հետո այն թարգմանվել է հայերեն։ Բայց այդ բացատրությունն էլ քննություն չի բռնում։
Բանից պարզվում է, որ Նոյը չէր կարող իջնել Մասիս սարից և, բնականաբար, չէր էլ կարող բացականչել «Երևաց», թեկուզ և եբրայերեն, այն պարզ պատճառով, որ նա երբեք չէր բարձրացել Մասիս սարը, առավել ևս՝ տապանով։ Բիբլիական առասպելում իրականում պատմվում է, որ նոյան տապանը իջավ Արարատյան լեռներում (Ծննդոց, գլ. Ը)։ «Արարատյան լեռներ» ասելով այն ժամանկվա հրեաները հասկանում էին ողջ Հայկական լեռնաշխարհը և ոչ երբեք՝ Մասիս սարը։ Այս միտքը հաստատվում է նրանով, որ մեկ այլ տեղ Սուրբ Գրքում հիշատակվում է «Արարատյան թագավորություն» բառակապակցությունը (Երեմիա, գլ. ԾԱ), որտեղից պարզ է դառնում, որ խոսքը տարածքի՝ Հայկական լեռնաշախարհի մասին է, այլ ոչ թե առանձին սարի։
Հնագույն ժամանակներում օյկումենան կազմող բոլոր այլ ժողովուրդների հոգևոր պատկերացումներում նույնպես հենց Հայկական լեռնաշխարհն է հանդես գալիս որպես ջրհեղեղից փրկված տապանի կայանելու վայր, ինչպես դա վկայում են Բերոսոսը հունարեն լեզվով գրված իր «Բաբիլոնիկա» գրքում, անվանելով այդ տարածքը Armenia (Ֆրեզեր Ջ. Ֆոլկլորը Հին Կտակարանում, Մոսկվա, (ռուս. լեղվով), 1989, էջ 69), ինչպես նաև շումերական և աքքադական էպոսները։ Ըստ այդ ժողովուրդների (որոնք շատ ավելի հին են քան հրեաները) հոգևոր ընկալումների Հայկական լեռնաշխարհը աստվածների ու անմահների երկիր էր։ Այդ իսկ պատճառով ջրհեղեղի ջրերը չեն ծածկել Հայկական լեռնաշխարհում գտնվող Արատտա երկիրը ու չեն ոչնչացրել այդ տարածքի բնակչությանը` չէ որ նրանք բարեպաշտ ու օրինասեր էին։ Աքքադա-շումերական «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրվում է հետևյալ բնորոշումը (Մովսիսյան Ա., Սրբազան լեռնաշխարհը. Երևան, 2004 էջ 40-44,)
« … Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ,
այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան…»։
Այսպիսով, բացառված համարելով «Երևան» բառի ծագման ժողովրդական մեկնությունը, հարկ ենք համարում նշել, որ այդ բացատրության մեջ կա, ինչպես ընդունված է ասել, ռացիոնալ հատիկ։ Հենց դրան էլ մենք կանդրադառնանք։
«Երևան» բառի ծագումնաբանությունը բացատրելու (գիտական հավակնություն ունեցող) 10-ից ավելի վարկած գոյություն ունի։ Նրանցից մեծ մասը հիմնավոր ձևով քննադատվել է տարբեր հեղինակների, այդ թվում նաև մեր, կողմից (օրինակ` Իսրայելյան Մ., Էրեբունի բերդաքաղաքի պատմությունը, Երևան, 1971, Վահրադյան Վ. Երևան քաղաքի անունը. Երևան. Գիտական հոդվածների ժողովածու, 2006 թ. էջ 210 – 223) և այստեղ մենք դրանց չենք անդրադառնա։ Մի բան պարզ է և ընդունվում է բոլոր մասնագետների կողմից` «Երևան» բառը ծագումնաբանորեն կապված է «Էրեբունի» բառի հետ։

ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ՏԵՍԱԿԵՏԻՆ
Առաջին հերթին պետք է նշել, որ չնայած ուրարտական արձանագրությունների լեզուն կարծես թե հայերեն չէ (չնայած կան փորձեր հիմնավորելու հակառակը), սակայն Ուրարտու կոչվող պետության մեջ, եթե ոչ արքունի, ապա գոնե ժողովրդա-խոսակցական լեզուն եղել է հայերենը (ավելի ստույգ` նախագրաբարյան հայերենը)։ Այն միտքը, որ հայերենը, որպես լեզու, իսկ հայ ժողովուրդը` որպես ազգ ձևավորվել էր դիտարկվող ժամանակներից շատ ավելի վաղ շրջանում և անընդմեջ ապրել է իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հիմա արդեն ընդունված կարծիք է գիտական շրջանակներում։
Ասվածից տրամաբանորեն հետևում է, որ ինչպիսին էլ լինի ուրարտական կոչվող սեպագիր արձանագրությունների լեզուն, հատուկ անունները, մասնավորապես այն տեղանունները, որոնք գտնվում են Հայկական լեռնաշխարհի տարածքում, անհրաժեշտորեն պետք է կարդալ և/կամ մեկնաբանել նրանց ծագումնաբանությունը հայերենի հիմքի վրա։ Հիմա անդրադառնանք «էրեբունի» բառին։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԱՌԸ
Մասնագետները գիտեն, որ ուրարտական սեպագրերի լեզուն վանկային է։ Այսինքն` որպեսզի գրվի «ն» հնչյունը փորագրվում է մի նիշ, որը համապատասխանում է «նի» երկհնչյունին, ինչպես մենք տեսնում ենք «Բիայնի» կամ «Էրեբունի» բառերի դեպքում։ Այլ կերպ ասած, եթե մենք դիտարկում ենք տեղանուն և դիտարկում ենք այն հայոց լեզվի հիման վրա, մենք պետք է «Էրեբունի« բառում անտեսենք վերջին «ի» հնչյունը, քանի որ այն ուրարտերենի ուղղական հոլովին հատուկ ձև է։ Այսպիսով ստացվում է «Էրեբուն» ձևը։ Իմիջիայլոց, նույն օրինաչափությանը հետևելով, «Բիայնի» բառը պետք է կարդալ «Բիայն» => «Բայն» => «Բան»։
Շարունակենք։ Քաջ հայտնի երևույթ է «բ-վ» հնչյունադարձությունը։ Մասնավորապես, ուրարտերենում օգտագործվող այն բառերում որոնք հայերենում զուգահեռներ ունեն և եթե պարունակում են «բ» հնչյունը, ապա հայերենում այն համապատասխանում է «վ» հնչյունին։ Տվյալ դեպքում «Էրեբունի» գրվածքը պետք է կարդալ ոչ թե «Էրեբուն», այլ «Էրեվուն»։ Իսկ «Բիայնի» բառը պետք է կարդալ ոչ թե «Բան» այլ «Վան», ինչն էլ ապացուցվում է իրականության մեջ հենց այդ ձևի օգտագործմամբ։ Նույն օրինաչափությամբ է ուրարտերենում վկայված «էբանի» և «արծիբի» բառերը նույնացվում հայերեն «ավան» և «արծիվ» բառերի հետ (Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն։ Նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987, էջ 428) ։
Այսպիսով ստացվեց «Էրևուն» հնչողությունը…

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՅԴ ԲԱՌԸ։
Հիշենք «Երևան» բառի ժողովրդական բացատրության «ռացիոնալ հատիկը»։ Բանն այն է, որ «երևան» բառը նշանակում է երևացող։
Այն ստացվում է «երևալ» բայից ածականակերտ «-ան» վերջածանցի օգնությամբ։ Այդպես կառուցված ածականների օրինակները շատ են՝ կծել-կծան, ծծել-ծծան (թուղթ), վազել-վազան, փչել-փչան և այլն։ Սակայն մենք ունենք նաև ածականակերտ ՙ-ուն՚ վերջածանցը։ Օրինակ՝ ցցել-ցցուն, կպչել-կպչուն (ունենք նաև «կպչան» ձևը), սահել-սահուն, սողալ-սողուն, թռչել-թռչուն և այլն։
Նույն օրինաչափությամբ «էրևալ» բայից ստացվում են և’ «էրևան» և’«էրևուն» միևնույն ածականի երկու ձևերը։ Այսպիսով, ստացանք էրևուն և էրևան (Երևան, է-ե բարբառային տարբերությամբ) բառերի «երևացող» իմաստային նույնությունը։

ԻՆՉՈՒ՞ ԷՐ ԱՐԳԻՇՏԻ ԱՐՔԱՆ ԱՅԴՊԵՍ ԱՆՎԱՆԵԼ ՆՈՐ ԲԵՐԴ-ՔԱՂԱՔԸ
Ուրարտական ամրոցները կառուցվում էին իրարից այնպիսի հեռավորության վրա և այնպիսի դիրքերում, որ ապահովված լիներ անմիջական տեսողական կապը նրանց միջև։ Դա արվում էր այն բանի համար, որպեսզի թշնամու դեմ պայքարում կրակով տրվող ազդանշանների միջոցով փոխհամաձայնեցվեն ամրոցների կայազորների համատեղ գործողությունները։ Այդ մասին պատմում է Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը։ Նա գրում է. «Այդ կրակին (ազդանշանային կրակին - Վ.Վ.) զօր ու գիշեր հետևում էին ուրարտացի զինվորները» (Հովհաննիսյան Կ., Նշված աշխատություն, էջ 14-15)։ Այսպիսով երևացող լինելու հանգամանգը, կարևոր դեր կարող էր ունենալ բերդի անվանակոչման համար։
Բացի դա, արձանագրությունից էլ երևում է, որ արքան այն կառուցել է «ի սարսափ թշնամիների և ի հզորություն Բիայնի երկրի…» Այնպես որ, իմաստ կար բերդաքաղաքն անվանել Էրևուն-Էրևան-երևացող։ (Փակագծերում նկատենք, որ նույն՝ ռազմական նպատակահարմարության տրամաբանությամբ, ռուսները տասնիներրորդ դարում հեռավոր արևելքում նվաճված հողերում կառուցեցին ամրոց տառացիորեն հենց նույն անունով՝ Форт Видный:) Եվ իսկապես էլ այդպես է։ Էրեբունի-Էրեվուն Բերդը երևում է շատ հեռվից և իր պարիսպների բարձրությամբ, իսկապես, կարող էր սարսափ տարածել թշնամիների վրա ու միաժամանակ հզորություն ներշնչեր Բիայնի-Վանա երկրի բնակիչներին՝ հայ ժողովրդին։
Բացառված չէ, որ տեղի ունենար հետևյալ իրադարձությունը։ Ասենք, Արգիշտի արքան նոր ամրոցի համար տեղ է փնտրում և այս նպատաով շրջագայում է նոր գրաված տարածքներում։ Հանկարծ նրա առջև հառնում է մի բարձրունք (հետագայում` Արին Բերդը) և Արգիշտին բացականչում է. «Երևաց…» Այս բացականչությունն էլ դառնում է ամրոցի անվան հիմքը։
Հնարավոր է, որ հետագայում այս պատումը դիմափոխվում է և հարմարեցվում քրիստոնեական առասպելաբանությանը։
Պետք է ասել, որ դա բավական տարածված երևույթ է։ Որպես օրինակ նշենք, որ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» պատումը շատ ավելի հին արատտա-շումերական «Դումուզի և Իննանա» դիցապատումի դիմափոխությունն է։

Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 28611

Մեկնաբանություններ