Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…

Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…
19.12.2017 | 00:11

Համայն աշխարհի հույսի ու երազի քաղաք, որի համար անձամբ Քրիստոս Տերն է լաց եղել: Քանի՜-քանի բյուր անձկալից հոգիների համար այդպես էլ մնացիր որպես դրախտի չհոտոտված Բրաբիոն ծաղիկ: Քեզ փափագող քանի՜-քանի ուխտավոր զավակներ ընկան, մնացին անծանոթ ու ամայի ճանապարհներին, իրենց քրտնակնդրուկ մեջքներին կրած քաթանե պատանքով օտար հողերին հանձնվեցին: Բայց միևնույն է, նրանք հոգու աչքերը չկտրեցին քեզնից. այդ երանելիները, ամբողջ հոգով փափագելով երկրային Երուսաղեմի տեսությունը, մահից հետո իրենց աչքերը բացելու են երկնային Երուսաղեմում:
Սկսենք նրանից, որ սուրբ Երուսաղեմը շատ վաղուց չէ, որ արաբներից հետ է վերցվել (1967 թ.), այն էլ՝ դեռ մասամբ: Քաղաքի ցաքուցրիվ, խճճված, լաբիրինթոսի նման նեղլիկ ու հնամենի փողոցները չունեն ճարտարապետական ոչ մի կանոնական մոտեցում: Նույնիսկ տեղի քրիստոնյաները կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե հրեաները այն աստիճանի են վախենում խաչից, որ իրենց փողոցները դիտմամբ խաչաձև չեն հատում: Դա, իհարկե, այդպես չէ, քանզի այս բազմադարյան քաղաքը վերջին երկու հազարամյակում տասնյակ իշխողներ է փոխել, և ամեն մեկն ըստ իր ճաշակի քանդել ու սարքել է այն: Այո, մի՛ զարմացեք, որ ասացի քանդել. Երուսաղեմը աշխարհի միակ քաղաքն է, որ տասնյոթ անգամ ավերվել, բայց և վերաշինվել է, որովհետև այս քաղաքի Տերն Ինքը` նախանձախնդիր Աստված է: Վերջին անգամ այն հիմնովին քանդվեց ըստ Հիսուսի մարգարեական խոսքի. «Գոնե այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղությունը, բայց այժմ այն ծածկվեց քո տեսողությունից. որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պիտի պատնեշ կանգնեն և պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից և հիմնահատակ պիտի անեն քեզ, և սպանեն քո մեջ քո որդիներին, և քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակդ չճանաչեցիր» (Ղուկ. 19.41-44):


Եվ Աստծո Որդուն խաչողների պատիժը չուշացավ. ընդամենը մեկ սերունդ հետո` 70 թվականին, հռոմեական զորավար Տիտոսը Զատկի տոնին ճեղքեց Երուսաղեմի անառիկ համարվող պարիսպները ու 126000 հրեա կոտորեց, իսկ մինչ այդ 600000 հոգի արդեն մեռել էր սովից ու իրենց իսկ հայրենակիցների ավազակային հարձակումներից: Նրանց հույսն ու պարծանքը եղող Սողոմոնի տաճարի հրկիզումով սկսվեց այդ տարաբախտ ազգի 2000-ամյա պանդխտությունը, որը պետք է ավարտվեր մեր օրերում՝ անցյալ դարի կեսերին, որովհետև Աստծո կողմից հետևյալ խոստումը կար. «Աղաղակի՛ր և ասա՛. այսպես է ասում Ամենակալ Տերը. Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի, և առավել ևս Սիոնի համար, և սաստիկ բարկացած եմ այն ազգերի դեմ, որոնք միասին հարձակվեցին նրանց վրա: Այն բանի փոխարեն, որ Ես փոքր-ինչ բարկացել էի նրանց դեմ, բայց նրանք հարձակվեցին չարիք գործելու համար: Դրա համար այսպես է ասում Տերը. «Գթությամբ կդառնամ դեպի Երուսաղեմ, և Իմ տունը վերստին կշինվի, ասում է Ամենակալ Տերը, վերստին սահման կգծվի Երուսաղեմի շուրջը»: Աղաղակի՛ր և ասա՛. այսպես է ասում Տերը. «Դարձյալ քաղաքները կլցվեն բարությամբ, և Տերը կողորմի Սիոնին, և նորից բարեհաճ կլինի Երուսաղեմի հանդեպ» (Զաք. 1.14-17): Եվ դարձյալ. «Ինչպես թռչունները իրենց ձագերին են ծածկում, այդպես էլ Զորաց Տերը Երուսաղեմին պիտի պաշտպանություն անի, պիտի պաշտպանի ու փրկի» (Եսայի 31.5):


Բայց այլ ժամանակ և ուրիշ տեղում, աշխարհի վախճանի մասին խոսելիս մեր Տեր Հիսուսը այսպես ասաց. «Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է: Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետև դրանք վրեժխնդրության օրերն են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները: Բայց այն օրերին վա՜յ հղիներին և տկարացած ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն այս ժողովրդի հանդեպ: Նրանք սրի պիտի քաշվեն, գերի պիտի տարվեն բոլոր հեթանոսներից. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները» (Ղուկ. 21.20-24):
Հեթանոսների, այսինքն՝ կենդանի Աստծուն չճանաչողների ժամանակներն արդեն լրանում են, որը սկսվեց հայոց ազգից: Ահա այսօր աշխարհի հետամնաց աշխարհամասը համարվող աֆրիկյան ազգերն էլ են արդեն ճանաչում իրենց Տիրոջը և, համաձայն ժամանակակից վիճակագրական տվյալների, այդ «սև» աշխարհամասից ամենաշատն են դարձի գալիս դեպի ճշմարիտ Լույսը (ըստ անգլիացի քահանա Դևիդ Բարետի, որը երկար տարիներ ծառայել է աֆրիկյան մայր ցամաքում, դարասկզբին այնտեղ եղել է ընդամենը 10 միլիոն քրիստոնյա, 1980 թ.՝ արդեն 200 միլիոն, իսկ այժմ՝ առավել): Նույնն է կատարվում նաև Չինաստանում, եղեգի պարիսպներից այն կողմ, որտեղ այժմ հաշվվում է մոտ 120 միլիոն քրիստոնյա։ Հիրավի կատարվում է մեր Տիրոջ խոսքը, որ ասաց. «Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, և շատ վերջիններ` առաջին» (Մատթ. 19.30):


Այս ամենը գրվեց, որ ընթերցողը տեղեկանա, թե ինչու հանկարծ աշխարհն ալեկոծվեց, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրությամբ հավաստեց, որ այսուհետ Երուսաղեմը դառնալու է Իսրայելի մայրաքաղաք, ու դրանով իսկ քաղաքական «կարճ միացում» կատարեց՝ երեք հակադիր կրոններ (հուդաիզմ, քրիստոնեություն և մահմեդականություն) միմյանց դեմ հանելով։ Մանավանդ այնտեղ են գտնվում մեր Հայոց թաղամասն ու սուրբ Հակոբյանց մարդաշատ վանքը։ Իսկ դրա հետևանքն առանց արյունահեղության չի լինի, ինչն արդեն սկսվել է, և կան առաջին զոհերը թե՛ հրեաներից, թե՛ արաբներից։
Դավթի սաղմոսներից մեկում կան հետևյալ տողերը. «Խաղաղություն խնդրեք Երուսաղեմի համար», քանզի այդ խորախորհուրդ քաղաքը, որտեղ անձամբ Աստծո Որդին է քայլել ու խաչվել ու հարություն առել, համարվում է աշխարհի կենտրոնը, իսկ Երուսաղեմ անունն էլ թարգմանվում է «խաղաղություն»։

ՈՒրեմն, խաղաղություն թող լինի Երուսաղեմին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ