Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է կատարվում Թուրքիայի տարածքում ընթացող թուրք-քրդական պատերազմում

Ի՞նչ է կատարվում Թուրքիայի տարածքում ընթացող թուրք-քրդական պատերազմում
12.02.2019 | 01:11

2018 թ. դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին մենք արդեն տեղեկացրել ենք Հայաստանի քաղաքացիներին, որ քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) պարտիզանները նոյեմբերի կեսից վերսկսել են մարտական գործողությունները Թուրքիայի դեմ: Ճիշտ է, թուրքերը շրջափակել են տեղեկատվությունը նահանգներում ընթացող կռիվների մասին, սակայն հունվարյան մի շարք հաղորդումներից հասկացվեց, որ պատերազմը շարունակվում է և ընթանում է փոփոխական հաջողությամբ: Բայց ամեն ինչի մասին` հերթով: Հունվարի 8-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նՆերկայացուցիչ Օմեր Չելիքը, ակնհայտորեն կուսակցության ղեկավարության, չեմ բացառում` նաև նախագահ Էրդողանի հանձնարարությամբ, քննադատեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի և ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի մեկնաբանությունները, որոնցով նրանք Անկարային զգուշացրին Սիրիայում քրդերի վրա հարձակումից:

Ընդ որում, Չելիքը ակնհայտորեն գերազանցեց ԱԶԿ-ի ղեկավարության «պատվերը» և սկսեց խոսել ընդհանրապես թուրք-քրդական հարաբերությունների մասին: Իսկ դա արդեն «ուրիշ օպերա» է. աշխարհը գիտի, թե ինչու Թուրքիան չի կարող որևէ բան հայտարարել «թուրք-քրդական եղբայրության» մասին: «Ոչ ոք չի կարող Թուրքիային դասեր տալ մեր քուրդ եղբայրների պաշտպանության հարցերով: Թուրքական Հանրապետությունը քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է»,- հայտարարեց Չելիքը: Այնուհետև նա նշեց, որ Թուրքիան բարեկամ է համարելու այդ տարածաշրջանի արաբներին և թուրքմեններին, իսկ «նրանք, ովքեր Թուրքիային ասում են` ձեռք մի տվեք քրդերին, պետք է նայեն հայելու մեջ և հիշեն, թե իրենք ինչպես են ճնշել քրդերին»: Մի քիչ էլ, և տպավորություն կստեղծվի, որ վաղը-մյուս օրը մի ուրիշ Չելիք կհայտարարի, թե Թուրքիան «ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է» հայերի, եզդիների, հույների, ասորիների, զազաների, որոնց թուրքերը դարերով ցեղասպանության են ենթարկել:


Թուրքիայի ցասումը բացատրվում է այն բանով, որ սկսած դեկտեմբերի վերջին օրերից, ԱՄՆ-ից և Իսրայելից իրար հաջորդեցին հակաթրքական հայտարարությունները: Ընդգծենք, որ դրանց անսպասելի կերպով տոն տվեց Իսրայելը: Հասկանալի է, որ արտաքինից ամեն ինչ իբր Սիրիայի քրդերի մասին մտահոգությունն է: Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ խնդրի էությունն այն է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն հրաժարվում իրենց սկզբնական սխեմայից` Մերձավոր Արևելքի սովորական քաղաքական-աշխարհաքաղաքական քարտեզն ավերելու համար քրդերին օգտագործելուց: Դեկտեմբերի 25-ին Իսրայելի արդարադատության նախարար Այելետ Շաքեդն անհանգստություն է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու մասին նախագահ Թրամփի որոշման առնչությամբ, ընդ որում գովել է քրդերին և Թուրքիային զգուշացրել «քրդերին սպանելու» պլանի համար. «Այդ քայլը» (ԱՄՆ-ի զորքերը հանելու) չի օգնի Իսրայելին: Դա կամրապնդի պատերազմի հանցագործ, հակահրեա Էրդողանին, որը քուրդ ժողովրդի զանգվածային սպանություններ է կատարում և այդ ամենն անում է միջազգային հանրության օգնությամբ: Քրդերը մեծ հերոսներ են, և նրանց շնորհիվ է Արևմուտքը հաջողության հասել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ իր պայքարում: Նրանք մեր դաշնակիցներն են, և ես հուսով եմ, որ նրանք հաղթող դուրս կգան թուրքերի դեմ ճակատամարտում: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Էրդողանը քրդերի դատաստանը տեսնի»:


Շաքեդի ասածը պարզապես հաստատեց Իրանի հետախուզական ծառայությունների շատ վաղուցվա այն տեղեկությունները, որ Իսրայելը մի քանի տասնամյակ «փորձեր էր անում» տարածաշրջանի բոլոր քրդերի նկատմամբ: Եվ քրդական մի քանի շրջանակներ մտան Իսրայելի հետ անդրկուլիսյան գործարքների մեջ, այդ թվում` հակաիրանական բնույթի: Դժվար է Թուրքիայի ցանկացած ղեկավարի արած ինչ-որ հակահրեական բան հիշել, հատկապես վերջին 100 տարվա ընթացքում, բայց իսրայելցի նախարարի սուր ձևակերպումները, որոնք սկսվում են սիրիացի քրդերի մասին մտահոգությունից, հետո դառնում են հակահրեականության համար մեղադրանքներ, հետո` «մտահոգություն» բոլոր քրդերի մասին («քուրդ ժողովրդի զանգվածային սպանությունները», առանց նշելու, թե որ երկրի քրդերն են ենթարկվում այդ «զանգվածային սպանություններին»), միևնույն ժամանակ մատնում են Իսրայելի իսկական մտադրությունները: Եվ , իհարկե, ԱՄՆ-ի, քանի որ 2000-ականների սկզբից հենց ԱՄՆ-ի զանազան վարչակազմերն են Մերձավոր Արևելքում քրդական խնդրի «մրջնանոցը բզբզել»: Շաքեդից հետո քրդերի նկատմամբ Թուրքիայի վարքից անհանգստություն հայտնեցին Փոմփեոն ու Բոլթոնը: Ընդ որում, քրդերի մասին հայտարարությունները Բոլթոնն արեց հենց Իսրայելում, հունվարի 6-ին: «Մենք չենք կարծում, թե թուրքերը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկեն, որոնք առնվազն լիովին համաձայնեցված չեն ԱՄՆ-ի հետ, որ դրանք առնվազն չվնասեն մեր զորքերին, միաժամանակ համապատասխանեն նախագահի պահանջին, որ չվնասեն Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք պատերազմել են մեզ հետ դաշնակցած»,- ասել է Բոլթոնը, ընդգծելով, որ նախագահ Թրամփն իրեն ասել է, որ «Թուրքիային թույլ չի տա սպանել քրդերին»:


Այս ամենում նրբությունն այն է, որ Փոմփեոն, Բոլթոնը, Շաքեդը կարծես թե խոսել են բացառապես Սիրիայի քրդերի մասին, իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վաղուց գաղտնիք չեն Բարզանիի քրդերի հետ նրա կապերը: Պատահական չէ նաև այն, որ ինչպես հայտնում են քրդական աղբյուրները, եթե ամերիկյան զորքերը հանվեն Սիրիայից, ապա նրանք կգնան ոչ այնքան հեռու` Իրաքյան Քրդստան: Բայց ահա թուրքական կառավարող կուսակցության ներկայացուցիչ Չելիքը, որի մասին ասում են, թե Էրդողանին շատ մերձավոր գործիչ է, ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի նախազգուշացումների, ըստ էության մեղադրում է Թել Ավիվին և Վաշինգտոնին. «Նայեք հայելու մեջ և հիշեք, թե ինչպես եք ճնշել քրդերին»: Արևելյան շատ նուրբ ակնարկ է այն մասին, որ երկար տարիներ Թուրքիան իր հակաքրդական այս կամ այն գործողությունները համաձայնեցրել է հենց ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, և հյուսիսսիրիական Աֆրինի օկուպացման դեպքում հենց ԱՄՆ-ը և Իսրայելն են դավաճանել քրդերին: Փորձել են մեղքը բարդել Ռուսաստանի և Իրանի վրա, բայց փորձը տապալվել է: Մոսկվան ու Թեհրանը կոշտ կերպով հիշեցրել են սիրիացի քրդերին, որ հենց նրանք են մերժել Սիրիայի իշխանության, ինչպես նաև ռուսական ու իրանական կողմերի առաջարկները թուրք-սիրիական սահմանին իրադրության ապառազմականացման վերաբերյալ: Դրանից հետո Սիրիայի գործնականում բոլոր քրդերը դավաճանության մեջ 2018-ի ամռանը միաձայն մեղադրեցին ԱՄՆ-ին (հասկացիր` նաև Իսրայելին): Ով-ով, բայց քրդական շրջանակները հիանալի գիտեն, թե Իրաքի քրդերի առաջնորդներին ով էր «հազարտոկոսանոց երաշխիքներ» տալիս, թե` «դուք միայն հանրաքվե անցկացրեք» մնացածը «ապահովված է»: Կամ էլ ով է երաշխիք տալիս, թե քրդերին կմնա Սիրիայի ողջ հյուսիսը, նույնիսկ Հալեպը: Այո, այո, նույնիսկ Հալեպը: Հասկանալու համար, որ ամերիկացիները քրդերին նաև Հալեպն էին խոստացել, բավական է վերհիշել, թե քրդական ինքնապաշտպանական ջոկատներն ինչպես էին իրենց «եռադեմ» դրսևորում Հալեպի Շեյխ Մանսուր քրդական շրջանում, մինչև որ Սիրիան, ՌԴ-ն և Իրանը արևելյան Հալեպը մաքրեցին ահաբեկչական զինյալ կազմավորումներից և ահաբեկիչների դիրքերում թաքնվող ավելի քան 150 հատուկջոկատայիններից, որոնք եկել էին արևմտյան երկրներից, Թուրքիայից, Իսրայելից ու Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներից:


Կարծում ենք, որ քրդերն իրենք էլ կարող են կրկնել Չելիքի խոսքը` ԱՄՆ և Իսրայել, հայելու մեջ ձեզ նայեք և հիշեք, թե ինչպես եք դավաճանել քրդերին ու ոչ միայն Սիրիայում: Բայց երբ այլ երկրներից բողոքում են թուրքերը, ապա դա այն դեպքն է, որի մասին ընդունված է ասել. «Ով էլ խոսի, դու խոսելու տեղ չունես»: Քրդերը հիշում են ամեն ինչ և դժվար թե հաշվի առնեն Թուրքական հանրապետությունը քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է» տիպի հայտարարությունները: Թուրքիայի ՔԲԿ-ի պարտիզանների հունվարի 4-ի հարձակումը հաստատեց ամենավատթար կասկածները: Անցյալ տարվա նոյեմբերից Թուրքիայում որևէ բան չէր հաղորդվում թուրքերի և քրդերի միջև ռազմական գործողությունների մասին, բայց հունվարի 4-ին արդեն անհնար դարձավ թաքցնելը, և թուրքական շատ ԶԼՄ-ներ գրեցին, որ Իգդիր նահանգում, Իրանի հետ սահմանին, Արալիկի հետ շրջանում ՔԲԿ-ի զինյալները հարձակվել են Շեհիդ Բյուլենտ Այդին սահմանակետի վրա և սպանել Թուրքիայի մեկ ու վիրավորել երկու զինծառայողի:


Այստեղ շատ հարցեր կան: Օրինակ, դա քրդերի նոր ներխուժու՞մ էր, թե՞ նրանք հարձակվել են թուրքերի վրա, ենթադրաբար, Դիարբեքիր կամ Շիռնակ, հնարավոր է` Հաքյարի նահանգներից նահանջելիս: Համաձայնեք, որ էական տարբերություն կա. թուրքերը բախվել են քուրդ պարտիզանների նոր (2018-ի նոյեմբեր-դեկտեմբերի համեմատ) հարձակմա՞նը, հանդիպել են քրդերի այլ գործողություններ քողարկող հաջող հարձակմա՞ն, թե՞ դա եղել է փեշմերգայի պլանավորված նահանջ թուրքական այն տարածքներից, որտեղ նրանք մարտական գործողություններ էին ծավալում անցյալ տարվա վերջում: Ինչու՞ ենք այդ նրբությունը կարևոր համարում. որովհետև թուրքական ԶԼՄ-ներն ընդգծում էին, որ բախումը տեղի է ունեցել «Իրանի հետ սահմանին»: ՔԲԿ-ի մարտիկները չեն կարող Իրան նահանջել. այնտեղ կարող են և գնդակոծել, և շրջափակել սահմանի իրենց կողմում, մանավանդ որ այս պահին Իրանը մեծ նշանակություն է տալիս իր սահմանների անվտանգությանն ու անթափանցելիությանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Իրանի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը նախազգուշացրել են, որ Աֆղանստանի ու Պակիստանի հետ սահմանների պաշտպանության ժամանակ դրանք կարող են անցնել բանակի հաստիքային ստորաբաժանումները:


Կհարցնեք` իսկ այստեղ ի՞նչ գործ ունի Աֆղանստանի և Պակիստանի հետ Իրանի սահմանի պաշտպանությունը, եթե խոսքը իրանա-թուրքական սահմանի ինչ-որ հատվածի մասին է, որտեղ հանկարծակի հայտնվել են ՔԲԿ-ի պարտիզանները: Ամեն ինչ շատ պարզ է: Որպես ապացույց հղում անենք Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումար Հեյդարիի հայտարարությանը, որ նա արեց դեկտեմբերի 28-ին: Նշեց, որ երկրի արևելյան սահմանների երկայնքով բանակային ուժերի ներկայությունը չի նշանակում, որ այդ սահմանների անվտանգությանը որևէ բան է սպառնում: Բանակի առջև խնդիր է դրվել ապահովելու բոլոր սահմանների անվտանգությունը, այդ պատճառով «իրանական բանակը սահմանների ակտիվ պաշտպանություն է իրականացնում»: Հեյդարին հայտարարեց, որ երկրին սահմանային վտանգներ չեն սպառնում:


Աշխարհը վաղուց այս կամ այն չափով գիտի, որ Իրանի սահմանների պաշտպանության հարցերը տրված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), որն այդ ուղղությամբ «ակտիվ պաշտպանություն» է իրականացնում: Հիշեցնենք, որ երբ Բելուջստանի (Պակիստան) Գաչ շրջանում ահաբեկիչները հարձակվեցին մոտակա իրանական սահմանակետի վրա, սպանեցին անվտանգության վեց աշխատակցի և վիրավորեցին ԻՀՊԿ-ի 14 սահմանապահի, իրանական անվտանգության և ԻՀՊԿ-ի ջոկատներն անցան սահմանը և ահաբեկիչների հետ հաշվեհարդար տեսան հենց Պակիստանի տարածքում: Հենց դա էլ սահմանների ակտիվ պաշտպանությունն է: Այդ տպավորիչ օրինակից անհանգստացան նաև հարևան Աֆղանստանում: Թուրքիայում Աֆղանստանի դեսպան Աբդուլ Ռահիմ Սայեդ Ջանը հայտարարեց. «Քաբուլի կառավարության համար հարևանների հետ հարաբերությունների պահպանումը հատուկ նշանակություն ունի, ուստի Քաբուլը ԱՄՆ-ին թույլ չի տա մեր երկրում ունեցած իր բազաներից ներխուժել Իրանի և Պակիստանի տարածք: Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների առկայությունը միշտ անհանգստացրել է մեր հարևաններին, բայց, համաձայն ԱՄՆ-ի հետ մեր կառավարության համաձայնագրի, Վաշինգտոնը երբեք չի կարող դրանք օգտագործել մեր հարևանների դեմ»: ԱՄՆ-ին ինչ-որ բան «թույլ չտալու» Աֆղանստանի հնարավորությանը մի քիչ դժվար է հավատալ, բայց այստեղ կարևորը գեներալ Հեյդարիի կողմից «սահմանների ակտիվ պաշտպանություն» արտահայտության իմաստի վերծանումն է: Տեղին է հիշեցնելը, որ նման պաշտպանություն Իրանը կիրառել է շատ ավելի վաղ իր արևմտյան սահմաններին, այդ թվում` Թուրքիայի հետ: 2017 թ. «քրդական հանրաքվեից» հետո Քիրքուկի (Իրաք) իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանի զինված ուժերը մշտապես պատրաստ են այս կամ այն գործողություններին երկրի արևմտյան սահմաններին:
Այսպիսով, երբ Իրանի սահմանները լիովին պաշտպանված են, որտեղի՞ց հայտվեցին ՔԲԿ-ի պարտիզանները և «Իրանի հետ սահմանին» հարձակում գործեցին թուրքական սահմանակետի վրա, ինչպես հաղորդել էին թուրքական ԶԼՄ-ները: Այստեղ տարբերակ կա, որ այդ ԶԼՄ-ներն ապատեղեկություն էին տարածում, եթե հիշենք, թե Սիրիայի հարցով Թուրքիան ինչքան սերտորեն էր գործակցում Իսրայելի, ԱՄՆ-ի և արևմտյան «միջազգային դաշինքի» հետ: Թուրքիայի ակնարկն ակնհայտ է. քանի որ պնդում է, թե իր տարածքում ՔԲԿ-ն բազաներ չունի, իսկ մարտական բախումը եղել է «Իգդիր նահանգում, Իրանի հետ սահմանին», ուստի հաշվարկն այն է, որ թուրք ընթերցողներն իրենք կհանգեն այն մտքին, թե քրդերը «հարձակվել են Իրանից»: Եթե Արալիկի շրջանում սահմանակետի զինված միջադեպի մասին հաղորդումների հենց այդպիսի բացատրություն են մտածել Անկարայում, ապա կանխապես սխալվել են: 2017-2018 թթ. մենք բազմիցս գրել ենք, հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, որ, հակառակը, իրականում Թուրքիայի տարածքից են ինչ-որ քրդական ջոկատներ պարբերաբար փորձում թափանցել Իրան, հատկապես Մարվան քաղաք:


Բայց պարզ է, որ եթե մարտական բախման մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները, ապա եղել է ինչ-որ արտառոց դեպք, ոչ թե հասարակ փոխհրաձգությամբ բախում: Հնարավոր է, որ թուրքերի կորուստները եղել են շատ ավելի, քան 1 սպանվածն ու 2 վիրավորը, և հենց այդ պատճառով ԶԼՄ-ները չեն լռել: Այլ հարցեր էլ կան. իսկ հունվարի 4-ի հարձակումից հետո ու՞ր չքացան քուրդ պարտիզանները, եթե «ներկայումս թուրք զինվորականները կատարում են ՔԲԿ-ի հարձակում կատարած զինյալներին հայտնաբերելու և վերացնելու գործողություններ»: Այդ խոսքը մենք գնահատում ենք որպես անուղղակի ապացույց այն բանի, որ քրդերի հարձակումը հաջողությամբ է պսակվել: Եվ հաշվի առնելով, որ Իրանի սահմանները «ակտիվորեն պաշտպանվում» են ու «լիովին անվտանգ են», քրդերը չէին կարող նահանջել Իրան: Խումբը հավանաբար փոքրաթիվ է եղել և անմիջապես կոչնչացվեր իրանցի ուժայինների կողմից առնվազն նրա համար, որ Թուրքիայի հետ հարաբերությունների անհարկի սրման պատճառ չծագեր: Այնուամենայնիվ հարց տանք, թեկուզ միայն թուրքական ԶԼՄ-ներին. ու՞ր չքացավ ՔԲԿ փեշմերգայի մարտական ջոկատը, եթե հունվարի 4-ից հետո Թուրքիայում ոչ ոք չհայտնեց, թե ինչպես ավարտվեց Արալիկի շրջանի սահմանակետի վրա հարձակման մասնակիցների «որսը» թուրք զինվորականների կողմից:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ