Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կարող ես հաջողել հեղափոխության մեջ, բայց նույն գործիքակազմը տնտեսության մեջ ներդնելով՝ հաջողություն չգրանցել»

«Կարող ես հաջողել հեղափոխության մեջ, բայց նույն գործիքակազմը տնտեսության մեջ ներդնելով՝ հաջողություն չգրանցել»
19.02.2019 | 02:36

Քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, հետևելով 7-րդ գումարման Ազգային ժողովի նոր-նոր մեկնարկած աշխատանքներին, նկատել է՝ ունենք հեղափոխական խորհրդարան, որը 2018-ի քաղաքական գործընթացների տրամաբանական արտացոլումն է: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եղան բավական սուր ու անձնավորված քննադատություններ, եղան անբովանդակ ու տրամաբանված ելույթներ, ինչը լիովին տեղավորվում էր պառլամենտարիզմի գաղափարախոսության մեջ: Նկատեց նաև, որ իշխանության եկած թիմը բավական խայտաբղետ է, ներքաղաքական դաշտի ավանդական ընկալմանը ոչ բնորոշ երևույթներ կան.

«Օրինակ, «Իմ քայլը» խմբակցությունում որոշ հարցերի վերաբերյալ ներսի քննարկումների ժամանակ կա սուր բանավեճ, ավելին՝ որոշ պատգամավորներ տարբերվող կարծիքներ էին հնչեցնում, որոնց վերաբերյալ հետագայում հետաքրքիր մեկնաբանություններ տվեցին նույն կուսակցական գործիչները կամ գերատեսչությունների մամուլի քարտուղարները, ինչը տարբերվող հանգամանք է ի համեմատություն նախորդ երեք-չորս գումարումների խոհրդարանների: Ես դրական եմ գնահատում խորհրդարանի գործունեության անցած ամբողջ ընթացքը, որովհետև մենք այսօր քաղաքական բանավեճ ենք տեսնում ԱԺ-ում: Եվ չնայած դոմինանտ ուժ լինելու հանգամանքին՝ քննադատության պակաս, հատկապես «Լուսավոր Հայաստանի» կողմից, իշխող մեծամասնությունը չունի: Այդ քննադատություններն առավել քան ուսանելի են, քանի որ ժողովուրդը, որ մինչև այժմ ճանաչում էր հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, սկսեց ճանաչել վարչարար Նիկոլ Փաշինյանին, որ արդեն իսկ հասկանում է՝ կառավարումն այդքան էլ հեշտ չէ, ու կան խութեր, որ առաջին հայացքից տեսանելի չեն»:
Քաղաքագետն այն տեսակետին է, որ քաղաքական իմիջի առումով Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կերպար է, և անգամ տնտեսական այն քաղաքականությունը, որ փորձում է ներկայացնել ներկա ժամանակահատվածում, նրան տալիս է հեղափոխականի պիտակավորում: Ըստ նրա՝ բնական է նաև, որ երբ հայտարարվում է տնտեսական հեղափոխության մասին, վարչապետն առաջնորդվելու է հեղափոխական մոտեցումներով: Այո, ընդգծում է Ղևոնդյանը, կերպային առումով՝ Փաշինյանը հեղափոխական է և՛ իր ելույթներով, և՛ տեքստերով, և՛ ժեստերով:


«Հեղափոխության միջոցով իշխանության գալը փաստարկված ու կարևոր գործոն է, ցույց տալու համար, որ իր ընտրած ճանապարհը ճիշտ էր: Հեղափոխական ճանապարհով եթե կարողացել է իշխանության գալ, ապա առնվազն այդ առումով կարող ենք նշել՝ իր գործիքակազմն արդյունավետ է: Հիմա տնտեսության մեջ փորձում է հեղափոխության նույն բաղադրիչը կիրառել, որքանով դա կստացվի, արդեն ոչ թե ելույթների կամ տեքստերի խնդիր է, այլ աշխատանքի, ինչի ազդեցությունը, անդրադարձը քաղաքացին պետք է զգա իր վրա: Դու կարող ես հաջողել քաղաքականության մեջ, հեղափոխության մեջ, բայց նույն գործիքակազմը տնտեսության մեջ ներդնելով՝ հաջողություն չգրանցել: Դա այդքան էլ միանշանակ չէ»:


Մեր զրուցակիցը դժվարանում է միանշանակ գնահատական տալ ու ասել, թե այս խորհրդարանը մի քայլ առաջ, թե հետ է ի տարբերության նախորդ գումարման ԱԺ-ի: Միևնույն ժամանակ փաստում է, որ ինչպես ներկա խորհրդարանում, այնպես էլ նախկինում կան իրենց ոլորտին քաջատեղյակ մարդիկ: Նախկին խորհրդարանում, ասում է, կային բանիմաց անհատներ, և դա նաև այն պատճառով, որ վերջիններս խորհրդարանական գործունեության փորձառություն ունեին, շատ հարցերում ավելի պատրաստված էին, պառլամենտի դերակատարման ու գործունեության իրականացման ձևերն առավել քան լավ էին պատկերացնում. «Ներկայիս խորհրդարանը կարելի է ձևակերպել այսպես. այն անփորձության լակմուսի թուղթ է: Բայց նկատեմ, որ թե՛ ներկա, թե՛ նախորդ գումարման ԱԺ-ում կային ու կան պատգամավորներ, որոնք երբեք, որևէ բանով աչքի չեն ընկել: Հաշվի առնելով, թե ինչպես է ընտրվել այս խորհրդարանը, կարող ենք ասել, որ այստեղ ինչ-որ մարդիկ են հայտնվել, որ գուցե չէին էլ մտածել, թե երբևէ կհայտնվեն Ազգային ժողովում ու կներկայացնեն հասարակությանը: Այդպիսի մարդիկ եղել են նաև նախորդ խորհրդարաններում, որ, երկու, երեք անգամ ընտրվելով ԱԺ պատգամավոր, անգամ մեկ ելույթ չեն ունեցել կամ որևէ նախաձեռնությամբ հանդես եկել: Միանշանակ գնահատական տալը ռիսկային է, արդարացի չէ: Լավ կլիներ, որ խորհրդարանը կազմված լիներ ոլորտային մասնագետներից, բայց, ցավոք, այդպես որևէ երկրում գրեթե չի լինում»:
Պարոն Ղևոնդյանն անընդունելի ու վտանգավոր է համարում խորհրդարանի մեծամասնության ներկայացուցչի ելույթը, ինչի ժամանակ վերջինս անվերապահ աջակցություն հայտնեց վարչապետին ու ասաց, որ եթե կառավարության ծրագրում նույնիսկ մեկ տող գրված լիներ, որ ամեն ինչ լավ է լինելու, ապա ինքը կողմ կքվեարկեր: Ընդգծում է, որ դա խախտում է պառլամենտարիզմի հաշվետվողականության ու ներկայացուցչական սկզբունքը:


Խորհրդարանական ընդդիմության որդեգրած քաղաքականությանն անդրադառնալով՝ քաղաքագետը դիտարկում է՝ ԼՀԿ-ի դիրքավորումն ու դիրքորոշումը, գոնե արտաքնապես, ընդդիմադիր ու տրամաբանական է: Նրանք ցանկացած իրավիճակում պետք է փորձեն թիրախավորել ու քննադատել իշխանությաններին, իսկ թե ինչպես են դա անում, ճաշակի ու քաղաքական մոտեցման հարց է: ԲՀԿ-ն, ըստ քաղաքագետ Ղևոնդյանի, փորձում է լոյալ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, ինչն այդ ուժի ընդհանուր վարքագիծն է. «Նրանք նախկինում էլ, այժմ էլ ասում են, թե իշխանություններին այլընտրանք են, ինչն անհասկանալի է, տրամաբանական չէ: Անձ-կուսակցություն է ԲՀԿ-ն՝ դրանից բխող ռիսկերով և քաղաքական վարքով, և հենց այդ շրջանակններում էլ պետք է դիտարկել նրանց անորոշ վարքն ու լոյալությունը: Ըստ իրավիճակի ու հանրային տրամադրվածության փոփոխության՝ նրանք իրենց քաղաքական վարքը կճշգրտեն: ՈՒ երբ հասկանան, որ հանրային դժգոհությունների շրջանակն ավելանում է, կդառնան ավելի ընդդիմադիր ու սուր քննադատության կենթարկեն: Եթե հասկանան, որ այդ վերաբերմունքը կայուն դրական է մնում, ապա կպահպանեն, այսպես ասած, «լոյալ-ընդդիմադիրի» կեցվածքը»:


Մեր զրուցակիցը շեշտում է նաև, որ խորհրդարանական մեծամասնության միաձայն քվեարկությունը, ինչպես եղավ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, բացարձակ չի վտանգում պառլմենտարիզմի գաղափարը, և տրամաբանական է, որ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեին իրենց իսկ ծրագրին՝ անկախ այդ ծրագրի մասով հնչած ամենատարբեր քննադատություններից. «Հարցին պետք է երկու կողմից նայել: Նախ՝ եթե կուսակցական ես, ու խմբակցությունը որոշում է միաձայն կողմ կամ դեմ քվեարկել, ապա սոլիդարությունից ելնելով՝ չպետք է տարբերվող քվեարկություն անես: Իսկ եթե խմբակցությունը որոշում է, որ ամեն մեկն իր խղճով ու սկզբունքով պետք է քվեարկի, ապա պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության մեջ: Եթե Ազգային ժողովում ես, պետք է հասկանաս նաև, որ այնտեղ քաղաքական վարքի ու դրա պատասխանատվության հետ կապված մի շարք հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնես: Ներկայիս պառլամենտում արդեն իսկ միջադեպեր են եղել, երբ պատգամավորներն իրենց կուսակցության դիրքորոշմանը որոշ չափով հակասել են: Դրանցից առաջինը կապված էր Լևոն Տեր-Պետրոսյանի անձի, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Դրանց վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ու տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնյաների կողմից, ինչը հետաքրքիր նախադեպ է: Նման նախադեպերը շարունակական կլինեն, թե ոչ, չգիտեմ, բայց դա ռիսկ է նաև «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետև պետք է ընդունել, որ սովորաբար առկա հարցերի վերաբերյալ կառավարող թիմն ընդհանուր դիրքորոշում է ունենում»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ