Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ես աշխարհից վրեժ կլուծեմ իմ սիրով»

«Ես աշխարհից վրեժ կլուծեմ իմ սիրով»
22.02.2019 | 04:42

ՎԵՐՍՏԻՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀՄԱՅՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Հունվարին 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկը՝ կինոռեժիսոր ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ, կդառնար 95 տարեկան: Ամենուր կինոաշխարհի գործիչները հիշում են աշխարհահռչակ Վարպետին, ցուցադրում նրա ֆիլմերը, վերստին ապրում նրա կախարդական թովչանքի աշխարհում: Ամբողջ հունվարը հագեցած էր Փարաջանովյան կինոդիտումներով. Բելառուսական կինոյի պատմության թանգարանի կինոսրահում «Կովկասյան հեռանկարներ. Սերգեյ Փարաջանով» խորագրով ցուցադրվեցին Փարաջանովի գլուխգործոցները՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբը»: Ներկայանալի էր Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի Փարաջանովյան ծրագիրը: Դեռևս 2018-ին հայկական դասական ֆիլմերի թվայնացման, տարածման ծրագրի շրջանակում առաջինը թվայնացվել է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը: Նույն ծրագրի շրջանակում լեհական FIXAFILM ընկերությունը վերականգնել է «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի մի մասը: «Նռան գույնի» թվայնացված կադրերը ցուցադրվեցին Ռոտերդամի փառատոնում: Ստամբուլի Բերա թանգարանում դեկտեմբերին բացված Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը՝ նկարներ, կոլաժներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստների նմուշներ, խճանկարներ, լուսանկարներ..., կշարունակի հմայել այցելուներին մինչև ս. թ. մարտի 17-ը:


Գրեթե 20 միլիոն բնակչությամբ Ստամբուլում է կենտրոնացած անցյալ քաղաքակրթությունների մասին պատմող Թուրքիայի թանգարանների մեծ մասը: Այստեղ են ամփոփված Հին Հունաստանի, Հռոմի, Բյուզանդիայի նյութական մշակույթի հուշարձանները, շումերական, խեթական, փռյուգիական, եգիպտական և այլ տիրույթների ծաղկման ու անկումի լուռ վկաները, թուրքական ու իսլամական շրջանների պատմությունը:
Հնօրյա մշակույթների ավերակների հենքի վրա իր պատերը կառուցած, ներկայումս տարբեր ազգերի բազմերանգ կոլորիտով, աշխույժով ու առևտրային ժխորով լեցուն աշխարհի լավագույն քաղաքներից մեկը համարվող Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, ի տես աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների և Ստամբուլի հասարակության, հայտնվեց «Փարաջանով, Սարգսի հետ» ուշագրավ գրությամբ մեծ ցուցապաստառ՝ ազդարարելով աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների՝ Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին: Ցուցադրությունը կազմակերպվել է Բերա թանգարանի և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցությամբ՝ որպես հարգանքի տուրք մեծ վարպետի ծննդյան 95-ամյակին: Մինչ այս Սերգեյ Փարաջանովի անկրկնելի վառ ու ինքնատիպ հավաքածուն ցուցադրվել է աշխարհի 30-ից ավելի քաղաքներում՝ Հռոմում, Կաննում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Սալոնիկում, Մոսկվայում, Թեհրանում... Ստամբուլյան այս ցուցադրությունն աննախադեպ է ընդգրկմամբ ու ասելիքի բազմազանությամբ: «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբը» անզուգական գլուխգործոց ֆիլմերի հեղինակի բազմաբնույթ ստեղծագործությունների համապատկերում ներկայացված են նաև ծնունդով ստամբուլցի, ֆրանսահպատակ արվեստագետ Սարգսի՝ Փարաջանով արվեստագետին նվիրված աշխատանքները:
Աթաթուրքի անվան օդանավակայանում Փարաջանովի ցուցահանդեսի մասին ազդարարող մեծադիր պաստառը Հայաստանում առաջինը հայտնվեց պոլսահայ, ներկայումս Երևանում բնակվող, լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսի ֆեյսբուքյան դիմատետրի էջում: Եվ դա պատահական չէր: 1924 թ. հունվարի 9-ին Թբիլիսիում ծնված Սարգիս Հովսեփի Փարաջանյանցի՝ հետագայում իր ինքատիպ տաղանդով աշխարհին հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ Ստամբուլի ներկայանալի Շիշլի շրջանի Հալասքյարգազի թաղամասում մանկությունն ու պատանեկությունն անցկացրած Րաֆֆի Հերմոն Արաքսի հանդիպումն ասես կանխորոշված էր ի վերուստ: Փարիզում ուսանելիս նրան բախտ է վիճակվում ծանոթանալ Մհեր Մկրտչյանի և նրա տիկնոջ հետ: Կարճ զրույցից հետո սիրելի արտիստն ասում է. « Քո տեղը Երևանում է»: Նրա հորդորով և քաջալերմամբ Րաֆֆին ընդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի և թատրոնի ռեժիսուրայի բաժինը: Ստաժավորումն անցնում է Հենրիկ Մալյանի և Ռուբեն Գևորգյանցի լսարաններում, հաճախում է Հենրիկ Մալյանի անվան թատերախումբ, որի կազմում խաղում էր նաև դերասան Ժորա Հովակիմյանը, որը նախկինում հանդես էր եկել Հավլաբարի հայկական թատրոնում, խաղացել Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում:


...1988 թ. փետրվար: Սկսվել էր Արցախյան շարժումը: Րաֆֆին նույնպես Ազատության հրապարակում էր, որտեղ մարդիկ իրենց ցասումի ու բողոքի ձայնն էին հնչեցնում, դատապարտում Սումգայիթում հայերի հանդեպ ոճիրը: Եվ ահա, այդ ցասումնալի օրերին լուր են առնում, որ Սերգեյ Փարաջանովը ֆիլմ է նկարահանում աշուղ Ղարիբի մասին։ Միտք է ծնվում գնալ Թիֆլիս ու նկարահանման հրապարակում հանդիպել վարպետի հետ:

-Ինձ համար Սերգեյ Փարաջանովը լեգենդ էր,- պատմում է Րաֆֆի Հերմոն Արաքսը,- որի անսովոր հմայքն զգում էի հեռվից. նրա արվեստի հոգեզմայլ եթերային ալիքները շողարձակում, կանչում էին ինձ: Ոմանք, լսելով Թիֆլիս մեկնելու մեր որոշման մասին, խստիվ քննադատեցին մեզ. «Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է վարում, դուք, ցույցերը թողած, գնալու եք ազերի աշուղի մասին ֆիլմի նկարահանումնե՞րը նայելու»: Պատասխանում էի. «Առաջին օրից մասնակցել եմ և մասնակցելու եմ բողոքի ցույցերին, դատապարտում եմ հայերի հանդեպ անմարդկային արարքները»: Ի վերջո, ես ու Ժորան, էլի ընկերներ, մեկնեցինք Թիֆլիս: «Աշուղ Ղարիբի» նկարահանումները կատարվում էին «Վրացֆիլմին» պատկանող մի գեղեցիկ տարածքում:


Ճանապարհին և տեղ հասնելիս էլ Ժորան ու իր ընկերներն զգուշացնում էին ինձ, որ հանկարծ Մաեստրոյի մոտ սխալ բան չխոսեմ: Նրանք հիացած ու նաև մի քիչ վախվորած էին իմ ազատ, անկաշկանդ ոճից: Նաև զգուշացնում էին. «Վարպետ Փարաջանովը կարող է տարօրինակ թվալ»: Պատասխանում էի. «Ես էլ եմ տարօրինակ»: Ասում էին. «Խենթ է»: Հակադարձում էի. «Ես էլ եմ խենթ»:Շարունակում էին. «Սիրում է պրովոկացիաներ անել»: Ասում էի. «Ես էլ եմ սիրում պրովոկացիաներ անել, վեր հանել մարդու էության մեջ եղած գեղեցիկը»: Իմ ասածներից ժորան և ընկերներն ավելի էին լրջանում:


Աշխարհի բոլոր վայրերում արգելված է նկարահանման ժամանակ անհանգստացնել ֆիլմի ղեկավարներին: Երբ ընդմիջում հայտարարվեց, վարպետի ականջին փսփսացին. «Փարիզից է եկել, բնիկ պոլսեցի է, կինոյի բաժնի ուսանող...»: Արևի շողերից ճաճանչված աչքերը հառեց իմ կողմը: Ձեռքով արեց՝ թող գա: Մոտեցա: Զննեց ու անսպասելիորեն բռնեց ծնոտս, շարժեց աջ, ձախ, ռուսերեն հարցրեց. «Ты армянин?»: Հասկացա՝ ինչ է ասում, բայց ուզում էի, որ հայերեն հարցնի: Հարցրեց. «Դու հա՞յ ես»: «Այո, հայ եմ»: «Պա՜հ, հայ ես, ուրեմն դու ք.ք»: Պատասխանեցի.«Դու էլ ք.երի մաեստրոն ես»: Շուրջս ասես ռումբ պայթեց: Բոլորն աչքունքով խեթում էին՝ այս ի՜նչ արեցիր: Ես նայում էի Վարպետին: Հանկարծ նա սկսեց քահ-քահ ծիծաղել, ապա կրկին ծնոտս բռնելով՝ ասաց. «Это симпатичный парень, симпатичный, умный...»: Թևանցուկ արեց ինձ, ուզեց խմբից առանձնանալ: Նախօրոք մտքումս խոսքեր էի պատրաստել՝ հակիրճ, հստակ: Ասացի, որ Փարիզից եմ եկել: Ֆրունզիկ Մկրտչյանի օգնությամբ Հայաստանում եմ, կինո, թատրոն եմ ուսումնասիրում: Դեռ Ստամբուլում զբաղվել եմ թատրոնով, մնջախաղով: Ստամբուլը միայն քաղաք չէ, մի ուրիշ աշխարհ է:
Ձեռքը տիպիկ ռուսական շարժումով թափահարեց, խոժոռ նայեց ինձ.
-Турки...
-Վարպե՛տ, վարպե՛տ,- ընդմիջեցի,- Դուք չգիտեք՝ ինչ է Ստամբուլը: Ստամբուլն ավելին է, քան Թուրքիան: Ստամբուլը միայն Թուրքիան չէ:
Հայացքը սևեռեց աչքերիս, մտազբաղ ասաց.
-Очень интересно...
Հարցեր տվեց: Պատասխանեցի:
Երբ նկարահանումն սկսվեց, ստատիստներից մեկին հանձնարարեց.
-Էդ խումբը, էդ խումբը, էդ խմբի տղան թող սպասեն...
Մեկ խոսքը, բառը երեք անգամ էր կրկնում: Մնացինք: Երբ աշխատանքն ավարտվեց, մեզ հրավիրեց մոնտաժի սենյակ:
-Բացառիկ բան էր,- վերջում ասաց Ժորան,- վարպետն օրվա նկարահանած կադրերը դիտելիս երբեք մոնտաժի սենյակ մարդ չի հրավիրում: Իրոք, բացառիկ բան էր:
Կադրերը դիտելիս վարպետի ռուսերեն խոսքերը չէի հասկանում։ Երբեմն հայերեն ինձ հարցնում էր.
-Էս լա՞վ է:
-Վարպետ ջան,- թախանձում էի,- մի հարցրեք:
Արդեն տիրող մթնոլորտից գինովցած էի: Այդ օրը, նկատելով Փարաջանովի ուշադիր վերաբերմունքն իմ հանդեպ և տեղեկանալով, որ կինոյով եմ զբաղվելու, «Վրացֆիլմի» ընկերներն ինձ առաջարկեցին միասին ֆիլմ նկարահանել, միայն մի բան՝ անունս փոխեմ Րափիկ Արաքսաշվիլի: Պատասխանեցի.
-Անունս Րաֆեթ Հարուն Արասլը չդարձնելու համար պայքարել ու ստիպված հեռացել եմ Ստամբուլից, գնացել եմ Ֆրանսիա, հիմա էլ եկել եմ Հայաստան: Եթե ձեզ չմերժելու համար ազգանունս փոխեմ, ուրեմն այդ ամբողջը 0-ի է հավասարվելու: Խնդրո առարկա չի կարող լինել, սակայն շնորհակալություն եմ հայտնում:


Այդ օրերին վարպետը մեզ հրավիրեց Թբիլիսիի իր նշանավոր բնակարանը: Դեպի այն տանող սանդուղքները իտալական նեոռեալիստական ֆիլմերն էին հիշեցում: Այդ օրը մեկ անգամ չէ, որ ափսոսացի լուսանկարչական գործիք չունենալու համար: Սենյակից սենյակ իտալական կինոյի հայտնի, սիրված դերասաններ, կինոգործիչներ էին սահում-անցնում աչքիս առջևով՝ Մարչելո Մաստրոյանի, Տոնինո Գուերա...
Ասում էի.
-Այս ամենն իրակա՞ն է...
-Իհարկե,- պատասխանում էին կողքից:
Մի հոյակապ սեղան կար՝ ծանրաբեռնված վրացական հարուստ խոհանոցի տարբեր ուտեստներով, խորտիկներով: Ա՛խ, գոնե այդ սեղանը նկարելու հնար լիներ... Զգուշացնում էին.
-Մինչև վարպետը չգա, սեղանին ձեռք չտաք:
Վերջապես եկավ: Պատմելու բան չէ, նկարահանելու էր այդ բացառիկ երեկոն: Վարպետը վերցնում էր յուրաքանչյուրի ափսեն, նայում տվյալ անձի դեմքին և ափսեում եղած ուտելիքներով նկարում նրա դեմքի արտահայտությունը: Իմ դեմքն էլ նկարեց: Զմայլված նայում էի ու ափսոսում, որ պիտի ուտեմ Վարպետի նկարած իմ պատկերը: Իսկ նա պնդում էր.
-Կե՛ր. կե՛ր, կե՛ր...
Ասես դրախտում լինեի՝ կյանքից դուրս, աշխարհից դուրս մի ուրիշ աշխարհում: Երբ հրաժեշտ էինք տալիս, վարպետը ձեռքը դրեց ուսիս և հիշեցրեց առաջին օրն ինձ տված խորհուրդը. «Կուզես՝ լրագրություն, կուզես՝ կինո, ոնց կուզես, բայց դու պորտրետիստ եղիր, դիմանկար գրիր...»: Տարիներ անց թուրքական «Սթար» օրաթերթի շաբաթվա վերջի հավելվածներում ճանաչված, անվանի մարդկանց դիմանկարների շարք էի ներկայացնում, և «պատահաբար» հերոսներիս մեծ մասը տաղանդավոր հայեր էին: Ինձ լավ էի զգում, որ կատարում եմ վարպետի՝ ինձ տված հանձնարարությունը: Մինչ օրս էլ մեծ ու փոքր ծավալի դիմանկարներ եմ գրում, երբեմն էլ՝ նկարում:


Այդ հանդիպումից ամիսներ անց Սերգեյ Փարաջանովին հրավիրեցին մասնակցելու Ստամբուլում անցկացվող «Իստանբուլ» կինոփառատոնին, և նա իր «Աշուղ Ղարիբը» ֆիլմի համար արժանացավ փառատոնի ժյուրիի «Հատուկ մրցանակին»:

«ԵՍ ՔԵԶ ՀԱՍԿԱՑԱ. ԻՍՏԱՆԲՈՒԼՆ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ Է»


Թբիլիսիում հանդիպումից որոշ ժամանակ անց մի օր վաղ առավոտյան Գագիկ Զաքարյանն ու էլի ընկերներ բախեցին Րաֆֆիի՝ երևանյան բնակարանի դուռը և ասացին.
-Վեր կաց, գնում ենք Բորժոմ: Վարպետը քեզ կանչում է:
Ընկերներով գնացինք՝ «զինված» այն օրերին եղած մի տեսախցիկով:
Վարպետը Բորժոմի առողջարանում բուժվում էր: Երբ ինձ տեսավ, աչքերը կայծկլտացին: Ասաց.
-Ես քեզ հասկացա, ես քեզ հասկացա, ես քեզ հասկացա. Իստանբուլն ուրիշ աշխարհ է: Իստանբուլն ավելին է, քան Թուրքիայի քաղաքը: Սիմպատիչնի տղա, դու ճիշտ էիր, դու ճիշտ էիր, դու ճիշտ էիր...
Ռուսերեն էր խոսում, բայց երբ գլուխ գլխի էինք՝ հայերեն: Հայերեն շատ լավ էր հասկանում: Այդ օրը նկարահանածս կադրերը հիմա գտնվում են Ռուբեն Գևորգյանցի բնակարանում:
Փարիզից եկած մի ստաժոր էի և վեց ամիս անց պարտավոր էի վերադառնալ Ֆրանսիա: Ֆրանսահպատակության դիմում էի տվել, և որպեսզի այն չեղյալ չհամարվի, անպայման պետք է վերադառնայի. վեց ամսից ավելի Ֆրանսիայից դուրս չպետք է գտնվեի: Այսինքն՝ վեց ամիսը մեկ պետք է վերադառնայի Փարիզ, հետո կրկին գայի Երևան: Մեկ անգամ ժամկետը խախտելու պատճառով դիմումս մերժվել էր: Մեկն ինձ հասկացրեց. «Տղա՛ ջան, երկրորդ անգամ դիմում գրիր. այս անգամ հինգ տարի չես սպասի, քաղաքացիությանդ հարցն ավելի արագ կլուծվի, որից հետո ուր ուզում ես մեկնիր»: Ինչպես և եղավ:


Կինոռեժիսոր էի: Ռուբեն Գևորգյանցն ինձ ղեկավար էր նշանակել վավերագրող կինոռեժիսոր Լևոն Մկրտչյանին: Արդյունքում՝ միասին նկարահանեցինք «Իմ Կոմիտասը» փաստավավերագրական ֆիլմը, որում Կոմիտասի կերպարի համապատկերում ներկայացվում էր Հովհաննես Չեքիջյանի կյանքը:
Եվ ահա, երբ կրկին Փարիզում էի, անսպասելիորեն զանգահարեց Լևոն Մկրտչյանը: Այդ օրերին Երևանից Փարիզ զանգահարելը բացառիկ բան էր, շատ թանկ հաճույք էր թե՛ տեխնիկական, թե՛ վճարման առումով: Ասաց.
-Վարպետը հիվանդ է:
-Ո՞ր վարպետը:
-Փարաջանովը: Նրան պետք է Փարիզ հասցնել, որ բուժվի:
Այլայլվեցի, ո՞վ՝ ես՝ Րաֆֆի Հերմոն Արա՞քսը, պիտի կազմակերպի ռեժիսոր Փարաջանովի բուժումը: Ի՜նչ կարող էի անել ես իմ համեստ կարգավիճակում: Ճիշտ է, որոշ փորձ ունեցող լրագրող էի, դերասան, բայց տակավին ֆրանսահպատակություն չունեցող երիտասարդս ինչպե՞ս պետք է օգնեի սիրելի մաեստրոյին: Դա միջպետական մակարդակով լուծվելիք խնդիր էր: Կմկմացի.
-Պիտի փորձեմ, պիտի նայեմ...


Բայց ո՜ւր պիտի նայեի: Կես օր տանջալի մտածումների մեջ անցկացնելուց հետո անդրադարձա, որ երկու որակավոր խենթ ընկեր ունեմ, երկուսն էլ նույն՝ ֆրանսիական Ժան Կլոդ Դելա Կրուա Արմեն Խաչիկյան և Ժան Կլոդ Գառնիկ Քեբաբջյան: Արմեն Խաչիկյանն այդ տարիներին իր կյանքի դասերով ինձ համար այն դերն ունեցավ, ինչ որ Մաքսիմ Գորկու «Իմ համալսարանները» գիրքը: Քավ լիցի, ինձ չեմ համեմատում Գորկու հետ, բայց ես էլ իմ համալսարաններն անցա Սփյուռքում առաջինն Արմեն Խաչիկյանի և իմ հիմնած «Ռադիո ազգ» անվանումով արհեստավարժ, 24-ժամյա, շաբաթը 7 օր հեռարձակվող ռադիոալիքում : Հայտնի խոսք է՝ երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Ասվել է Սարդարապատի հերոսամարտի առումով: Եվ ես ելք գտնելու համար դիմեցի երկու Ժան Կլոդներին: Ժան Կլոդ Քեբաբջյանը տեսություններով առաջնորդվող գաղափարական մարդ էր: 1968 թ. Փարիզի մայիսյան հեղափոխության շարժման մասնակից էր, տրոցկիստ: Մինչ նա կմտորեր՝ ինչ անել, Արմեն Խաչիկյանը ձեռքը զարկեց սեղանին.
-Լա՛վ, այս գործը պետք է անել հետևյալ կերպ:
-Ի՞նչ կերպ...
-Պետք է ռազմավարական պլան կազմել:
Հայաստանում երկրաշարժից տուժածներին օգնելու համար նա մի կազմակերպություն էր ստեղծել՝ «Diaspora Communication», որը դեռ թղթի վրա էր. անդամներն էին ինքը, կինը, երեխաները, մի քանի բարեկամ (հետագայում ընդգրկվեցին հայ և տարբեր ազգության 100 անձինք), և սակայն այդ պահին այն կարող էր կարևոր դեր խաղալ: Կազմակերպության անունից դիմեցինք Ֆրանսիայի կառավարությանը: Մշակույթի նախարար Ժակ Լանգը, որն այդ ասպարեզում հետաքրքիր անձ էր, մոտիկից ճանաչում էր հայերին և մեր թիմի պատգամը լավ էր հասկացել՝ որ Ֆրանսիայի պես մշակութային մի պետության կողմից միջազգային ճանաչում ունեցող կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին բուժման խնդրում օժանդակելը պատիվ է և պատմության մեջ կարձանագրվի որպես հիշարժան փաստ: Մեր խնդրանքն ընդունվեց. Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացվեց 760000 ֆրանկ գումար, այսօրվա չափանիշներով՝ մոտավորապես մեկ մլն դոլար: Այդ գումարը, անշուշտ, մեր ձեռքը չտրվեց: Կառավարությունն ինքը տնօրինեց բուժմանն առնչվող բոլոր ծախսերը: Օդանավ հատկացվեց հատուկ ծանր հիվանդի տեղափոխման համար անհրաժեշտ բուժսարքավորումներով և այլ անհրաժեշտ բաներով: ՈՒ թեև Հայաստանի հետ օդային կապ չկար, օդանավը հասավ Երևան: Փարաջանովին, Զավենի եղբոր՝ սրտաբան Արմեն Սարգսյանի ու մեկ այլ ընկերոջ ուղեկցությամբ, տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց հատուկ զինվորական թռիչքների համար նախատեսված Լե Բուրժե օդանավակայանում:

Վայրկյանների ճշգրտությամբ օդանավին մոտեցան զինվորական անվտանգության անձնակազմը, բուժանձնակազմը և, անվտանգ երթևեկության ձայնային ազդանշանները միացրած, Վարպետին արագընթաց հասցրին «Opital sen Luis»՝ «Սեն Լուի» հոսպիտալ: Ֆրանսիայում հայտնի լավագույն սրտաբաններից մեկը՝ պրոֆեսոր Անդրեասյանը, անձամբ զբաղվեց հիվանդի բուժմամբ, սակայն Փարաջանովի առողջական վիճակը ողբալի էր՝ սրտանոթային հիվանդություն, շաքարախտ, քաղցկեղ... Բանտում անցկացրած տարիներն ավերել էին նրա առողջությունը: Արվեց հնարավոր ամեն բան, բայց, ավա՜ղ, ինչպես ասում են՝ բանը բանից անցել էր»:
Րաֆֆի Հերմոն Արաքսը, Արմեն Խաչիկյանը Վարպետին շատ ծանր վիճակում հասցրին Երևան: Թաղմանը Թբիլիսիից հատուկ լացող կին էր եկել. այդպես էր կամեցել Վարպետը: Արմեն Խաչիկյանը շատ հուզիչ հրաժեշտի խոսք ասաց, որտեղ հետաքրքիր շեշտադրում կար, որ անգամ արվեստագետի մահն օգնեց փաստելու, թե որքան կարևոր է Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցությունը, որ համագործակցել պետք է բոլոր ոլորտներում: Եվ աշխարհահռչակ վարպետի մասին խոսքն ավարտեց հակիրճ, բայց շատ բնորոշ նախադասությամբ. «Նա մի մանուկ էր»:


Հանճարեղ արվեստագետն Ստամբուլից վերադարձել էր վառ տպավորություններով և իրեն համակած ապրումներին հաղորդակից դարձրել Րաֆֆի Հերմոն Արաքսին.
- Ես քեզ հասկացա, ես քեզ հասկացա, ես քեզ հասկացա...
Անշուշտ, եթե առողջական խնդիրներ չլինեին, պիտի վերադառնար Բոսֆորի հարավային մասում եվրոպական մայր ցամաքի մեջ խորացող Ոսկեղջյուր գեղատեսիլ ծովախորշի ափերին տարածված աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ստամբուլ, որպեսզի պեղեր անցյալ քաղաքակրթությունների փոշին ու կերտեր նոր ասելիքով գլուխգործոցներ, ինչպես համաշխարհային արվեստի պատմության մեջ համանմանը չունեցող կովկասյան թեմայով իր ֆիլմերն էին:

ԱՇԽԱՐՀԻՑ ՉՀԱԳԵՑԱԾ ՃԱՄՓՈՐԴԸ


...Այսօր, արդեն 95 տարեկան Վարպետը կրկին Ստամբուլում է՝ իր ստեղծագործական աշխարհի վառ, գունեղ, բազմիմաստ երևակայությամբ, հորինելու աներևակայելի խաղերով, կյանքի ընկալման խոր փիլիսոփայությամբ: Նա հիմա ապրում, խորհում, պատմում է Բերայի թանգարանում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն արել են հնարավոր ամեն բան, որ թանգարան այցելող ամեն ոք հեռանալիս իր հետ տանի Փարաջանովի աշխարհի՝ իրեն հոգեհարազատ մի մասնիկ:


...Երբ դադարում է այցելուների մուտքը, ու կեսգիշերը շղարշում է ցուցանմուշների պատկերները, Վարպետն աննկատ դուրս է ելնում թանգարանի փակ դռնից ու, որպես աշխարհից չհագեցած մի ճամփորդ, գնում դեպի անցյալ ու ներկա քաղաքակրթությունների լաբիրինթոսը՝ ճառագուն հայացքով փնտրելով Իստանբուլի հայ ճարտարապետների՝ սերնդեսերունդ կառուցած հոյակերտ պալատներն ու մզկիթները, որոնց մասին զբոսաշրջիկներին պատմելիս էքսկուրսավարը «մոռանում» Է հիշատակել կառուցող վարպետի անունը:


Կյանքում իր կրած անիրավությունների, տառապանքի համար Սերգեյ Փարաջանովն ասել է. «Ես աշխարհից վրեժ կլուծեմ իմ սիրով»: Ափսոս, որ չհասցրեց իր ներաշխարհը բացահայտել նաև գրի լեզվով: ՈՒսուցիչը՝ Դովժենկոն, տեսնելով, թե որքան է իր սիրելի ուսանողը տարված ընթերցանությամբ, ասել է.
-Քիչ կարդա, ավելի լավ է՝ ինքդ գրքեր գրես:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ