Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրան-ԱՄՆ. Իրաքում մրցակցությունը չի հանդարտվում

Իրան-ԱՄՆ. Իրաքում մրցակցությունը  չի հանդարտվում
26.02.2019 | 00:38

(Նախորդ մասը)

Արդյունքը կանխորոշված էր։ Երբ Սպիտակ տունը հաստատեց Թրամփի ուղևորության փաստը, Իրաքի գործող վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ երբ հայտնի դարձավ Թրամփի այցի մասին, երկու առաջնորդներն ունեին հանդիպման պլան, որն ստիպված փոխեցին «հանդիպման կազմակերպման առթիվ եղած տարաձայնությունների» պատճառով։ Համաձայն հայտարարության, Թրամփը և Աբդուլ-Մահդին հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր, որոնց թվում` Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու հարցը։ Չենք կարող ասել, թե Իրաքի վարչապետը երբ էր անկեղծ, երբ` ոչ։ Բայց հասկանալի է, որ գործնականում Իրաքի բոլոր շիաների խիստ բացասական վերաբերմունքի պատճառով պարզապես չէր կարող ընդունել Թրամփին։ Իսկ եթե, չնայելով դիվանագիտական նորմերի կոպիտ խախտմանը, ընդուներ, ապա դա կլիներ նրա վերջին աշխատանքային օրը Իրաքի վարչապետի նստավայրում։ Հիշեցնենք, որ Իրաքում ամառվա խորհրդարանական ընտրությունում հաղթել էր առավել ակտիվ հակաամերիկացի այաթոլահ աս-Սադրի «Սաիրուն» դաշինքը, և Աբդուլ-Մահդիի թեկնածությունը, որն առաջ էին մղում ԱՄՆ-ը և Անգլիան, չէր անցնի, եթե «Սաիրունը» չդադարեցներ իր հակագործողություններն ու հակաքարոզչությունը։ Այդ կապակցությամբ չի կարելի չհիշեցնել նաև, որ հարևան Իրանն էլ խիստ կտրուկ արձագանքեց Իրաք Թրամփի «օկուպացիոն» այցին։ Ալ-Ասադ ավիաբազա Թրամփի այցի հաջորդ օրն Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սեֆևին Թավրիզում հայտարարեց, որ ԱՄՆ-ը սխալ է թույլ տվել` ռազմարշավ սկսելով Արևմտյան Ասիայում. «ԱՄՆ-ը պետք է հեռանա Արևմտյան Ասիայից։ Այդ տարածաշրջանը մեզ է պատկանում»։


Կարելի էր սրանով ավարտել մեջբերումներն իրանական աղբյուրներից, բայց քաղաքականության մեջ գեներալներն իրենց տեղն ունեն։ Թեհրանը Սեֆևիի հատարարությունից հետո էլ շարունակում էր զայրանալ։ Դեկտեմբերի 28-ին Իրանի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը համեմատեց Իսլամական հեղափոխության առաջնորդի դեսպանորդ, փոխծովակալ Ալի Շամխանիի հրապարակային այցն Աֆղանստան և ԱՄՆ-ի նախագահ Թրամփի գաղտնի այցը Իրաք։ «Մի ժամանակ Առաջնորդի դեսպանորդ, փոխծովակալ Ալի Շամխանին «շատ վտանգավոր» Աֆղանստան գնաց` նախապես տեղեկացնելով, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն «ավելի քիչ վտանգավոր» Բաղդադ գնաց գաղտնաբար` Իրաքում ամերիկյան զորքերին Ծննդյան տոնի առթիվ անակնկալ այցի քողի ներքո։ Սա է ճշմարտությունը Իրանի և ԱՄՆ-ի մասին»,- «Թվիթերում» գրել է Ամիր-Աբդոլահիանը։ Նույն օրը Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին խիստ քննադատեց Թրամփի ոչդիվանագիտական այցը Բաղդադ` այն անվանելով անհարգալից վերաբերմունք Իրաքի ինքնիշխանության հանդեպ. «Տարածաշրջանի ազգերն ագրեսիվ եկվորներին երբեք թույլ չեն տա պառակտում սերմանել իրենց միջև... Կասկած չկա, որ այս շրջանի բոլոր երկրները շուտով կհասկանան, որ տարածաշրջանը երբեք անվտանգություն ու կայունություն չի տեսնի, մինչև չհենվի տեղական ռեսուրսների և հնարավորությունների վրա, և օտար ուժերը պետք է ամբողջությամբ հեռանան տարածաշրջանից»։ Իրանցի դիվանագետը Թրամփին խորհուրդ տվեց ավելի լավ ուսումնասիրել Արևմտյան Ասիան` իր քաղաքականությանն անհրաժեշտ բաները ճանաչելու համար։


Հարկ է հասկանալ, որ այդ բոլոր գնահատականները Թեհրանն այս կամ այն ձևով հնչեցրել է նաև Իրաքի վարչապետ Աբդուլ-Մահդիի և Իրաքի այլ բարձրաստիճան, ազդեցիկ ու հեղինակավոր շիա գործիչների համար հենց Թրամփի այցի օրը։ Իսկ գեներալ Սեֆևիի, Ամիր-Աբդոլահիանի և Կասեմիի` հաջորդ օրերին հնչեցրած հայտարարություններն ունեցել են մեն-միակ միտք բարձրացնելու նպատակ. ԱՄՆ, ամերիկացիներ, դուք ավելորդ եք ոչ միայն Իրաքում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում, ամբողջ Արևմտյան Ասիայում։ Այդ հրամանը գերազանց է լսվել Իրաքում և ամենուր։ Իսկ հունվարի 6-7-ին ՔԺԻ-ից եկած լուրերը, որ գերի են վերցվում ԻՊ-ի ամերիկյան անձնագրերով ահաբեկիչները, ցույց են տալիս, որ տարածաշրջանում ամերիկացիների ներկայության անցանկալիության մասին Թեհրանի հրամաններն սկսել են լսել նաև սիրիացի քրդերը։ Զարգացումը հետաքրքիր և ցուցադրական էր։ Շուտով Իրաքի ԱԳՆ-ի ղեկավար Մուհամեդ Ալի ալ Հաքիմը պաշտպանեց Արաբական երկրների լիգա (ԱԵԼ) Սիրիայի վերադարձի գաղափարը և նույնիսկ պահանջեց, որ արաբական որևէ երկիր չխոչընդոտի դրան։ Նա նաև հայտարարեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի «պատժամիջոցները, պաշարումը կամ այն, ինչը կոչվում է էմբարգո, միակողմանի են, ոչ թե միջազգային։ Մենք պարտավոր չենք հետևելու դրանց»։ Իրաքցի նախարարը նաև նշեց, որ իր երկիրը պատժամիջոցները շրջանցելու և Իրանի հետ առևտրական կապերը պաշտպանելու տարբերակներ է փնտրում, և իրաքյան դինարով առևտուրը կարող է տարբերակ լինել։


Այդ միջակայքում քայլեր են եղել նաև Իրաքի և Սիրիայի շիա ղեկավարության կողմից` ուղղված «Քրդաստանի անկախության» առավել թունդ կողմնակիցների դեմ։ Այսպես, Քիրքուքի դատարանը հեռակա կարգով վեց ամսվա ազատազրկման է դատապարտել Քիրքուքի նահանգային խորհրդի նախկին ղեկավար Ռեբվար աթ Թալաբանիին, իսկ Սիրիայի կառավարությունը Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուր Բարզանիին մտցրել է ահաբեկչության պաշտպան անձանց և խմբավորումների ցուցակի մեջ։ Սիրիայի իշխանություններն առայժմ չեն հաստատել, որ Մասուդ Բարզանիի մերձավոր հարազատն ու զինակիցը, որը տարբեր շրջանակների կողմից բազմիցս մեղադրվել է և դավաճանության, և իրաքցի եզդիների եղեռն իրականացնող ԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելու, և Իսրայելի հատուկ ծառայությունների հետ գործակցության մեջ, իսկապես մտցված է սև ցուցակի մեջ։ Տեղեկությունը հայտնվել էր շիական «Հզբոլահ» կուսակցությանը պաշտպանող լիբանանյան «Ալ Ահբար» թերթի շնորհիվ, որը դեռ 2018-ի դեկտեմբերի 29-ին հաղորդել էր, որ իր տրամադրության տակ ունի «ահաբեկչության ֆինանսական կողմնակիցների» ցուցակը, որը կազմել է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի սիրիական հանձնաժողովը։ Մասրուր Բարզանիից բացի նրանում նշված են նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, կատարցի նշանավոր սուննի քարոզիչ Յուսուֆ ալ Կարդավին և ուրիշներ, որոնց մասնակցությունը Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորմանը և այլ աջակցությանը ոչ մեկի կասկածը չի հարուցում աշխարհում։ Իհարկե, չկան փաստական ապացույցներ, որ հենց Թեհրանի սուր արտահայտությունները, գումարած Սիրիայում քրդերի քայլերը` Դամասկոսին, Մոսկվային և Թեհրանին ընդառաջ, Իրաքի շիաների խիստ բացասական արձագանքը Բաղդադ Թրամփի այցին և այլն, հանգեցրին իրաքցի այն քրդերի վրա հարձակումներին, որոնք ամենաակտիվներից էին «Քրդստանի անկախության» հանրաքվեն առաջ տանելու գործում։
Բայց եթե հիշենք հենց Իրանի մեղադրանքը ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին, որ «քրդական խաղաթղթի» խաղարկման վրա հիմնված` Սիրիայի և Իրաքի մասնատման ու ոչնչացման ցանկացած պլան «համաշխարհային սիոնիզմի» և «գլոբալ մեծամտության» ընդհանուր հակամուսուլմանական պլան է, ապա այդ դեպքում, ինչպես ասվում է, «դոմինոյի բոլոր քարերն իրար հետևից ընկնում են նույն ուղղությամբ»։ Եվ Ռեբվար աթ Թալաբանիի ու Մասրուր Բարզանիի նկատմամբ կիրառվող բռնարարքները հենց այդ «դոմինոյի քարերից» են։ Հավելենք, որ Իրաքի խորհրդարանում հունվարի 7-ին սկսված այն հաղորդագրությունների հատուկ հետաքննությունը, որ Իրաքի նախկին և ներկա օրենսդիրների մի խումբ անցյալ տարի այցելել է Իսրայել, ասես հաստատում է մեր այն վարկածը, որ Իրաքի վերը թվարկված իրադարձություններն ու գործոնները ոչ միայն պարզապես փոխկապակցված են, այլև սերտորեն կապված են իրար, ինչպես նաև Բաղդադում Թրամփի` «առանց հրավերի» գտնվելու առնչությամբ Իրանի սուր հայտարարությունների հետ։ Իրաքի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի անդամ Ամեր Ֆայիզն ասաց, որ խորհրդարանն այդ հարցը չի անտեսի։ Ըստ նրա, եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա դա կլինի «Իրաքի ժողովրդի վիրավորանք և կառավարական կանոնակարգի խախտում»։ Շիական «Սաիրուն» դաշինքի պատգամավոր Մուզիր Խազաալը հայտարարեց, որ իրաքցի ցանկացած պաշտոնատար անձի այցն Իսրայել համարվում է «պետական դավաճանություն». «Մենք այդ մարդկանց պատասխանատվության կենթարկենք, նրանք պետք է պատժվեն»։


Իրաքի քաղաքական կյանքում այլ սկանդալներ էլ են առկա։ Երկու նախկին շիա վարչապետ` Նուրի ալ Մալիքին և Հեյդար ալ Աբադին, իրար մեղադրում են, որ ամերիկյան զորքերի տեղաբաշխում են թույլ տվել Իրաքի տարածքում։ Քանի որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին քննարկումները բորբոքվում են իրանամետ շիա խմբավորումների միջև, տարբեր քաղաքական դաշինքներ մեղադրում են միմյանց, ընդ որում` հրապարակավ, առանց ակնարկների, մինչդեռ կոշտ գծի կողմնակիցները սպառնում են պատերազմով ԱՄՆ-ի ուժերի դեմ, եթե նրանք մոտակա ժամանակներս հրաժարվեն հեռանալուց։ Ալ-Աբադիի «Նասր» («Հաղթանակ») դաշինքը հայտարարել է, որ ամերիկյան զորքեր Իրաք հրավիրելու կոչը հնչել է ալ Մալիքիի օրոք, երբ Իրաքի խոշոր քաղաքներն ընկան ԻՊ-ի ձեռքը։ Հայտարարությունից պարզվում է, որ ԱՄՆ-ի զորքերի ծավալումը ալ Աբադիի օրոք եղել է լոկ միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը։ Իսկ ալ Մալիքիի «Օրենքի պետություն» դաշինքը մեղադրում է ալ Աբադիին, որ նա ամերիկյան ուժերին թույլ է տվել Իրաքում ստեղծել մշտական ռազմաբազաներ։

Գլխավորն այն է, որ դրանք լուրջ մեղադրանքներ են։ Վաղուց է հայտնի, որ Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու Վաշինգտոնի որոշումից հետո, նույնիսկ մինչև 2015 թ. «միջուկային գործարքը», որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցյալ տարվա մայիսին, Իրաքի քաղաքական բանավեճերում «ո՞վ է մեղավոր» հարցը միշտ եղել է։ «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» կազմի մեջ մտնող շիական «Ասաիբ Ահլ ալ Խակ» ռազմականացված կազմավորումը, ինչպես նաև «Ալ Բադր» խումբը պարբերաբար այնքան կտրուկ են պահանջում ԱՄՆ-ի անվերապահ հեռացումն Իրաքից, որ ակամա հիշվում են «ալբադրականների» կռիվները 2000-ական թվականներին։ Ահա և այժմ «Ասաիբի» մամուլի քարտուղար Ջավադ Թալիբավին օրերս հայտարարեց, որ Իրաքի օրենսդիր և գործադիր իշխանությունները պետք է հող նախապատրաստեն ամերիկյան զորքերն Իրաքից վռնդելու համար։ Բայց եթե խորհրդարանն ու կառավարությունն այդ խնդիրը չլուծեն դիվանագիտական և իրավաբանական արարողակարգերով, ապա շիաները կհարձակվեն ԱՄՆ-ի զորքերի վրա։


Փետրվարին իրաքցի շիաները կրկնեցին իրենց սպառնալիքներն ԱՄՆ-ի զորքերի հասցեին, և դա սադրեց անձամբ նախագահ Թրամփը, երբ հայտարարեց, որ ամերիկյան զորքերի մի մասը Սիրիայից կտեղափոխվի Իրաք` «Իրանին հետևելու համար»։ Այդ հայտարարությունն առաջացրեց իրաքցի բազմաթիվ շիա առաջնորդների զայրույթը, որոնք սերտ կապեր ունեն Թեհրանի հետ։ Ինչպես հաղորդել է «Ալ Ջազիրան», Իրաքի նախագահ, քուրդ Բարհամ Սալիխը հայտարարել է, որ Թրամփն Իրաքից թույլտվություն չի խնդրել «Իրանին հետևելու համար» զորքեր տեղաբաշխելու մասին։ «Իրաքը մի ծանրաբեռնեք ձեր խնդիրներով,- ասել է նա։- ԱՄՆ-ը կարևոր պետություն է, բայց ձեր սեփական քաղաքական գերակայություններին այստեղ հետամուտ մի եղեք. մենք այստեղ ապրում ենք»։ «Ասաիբի» աշխարհազորի հրամանատար Կաիս Խազալին ասաց, որ շիա աշխարհազորայիններն ընդունակ են ստիպելու ամերիկացիներին, որ հեռանան Իրաքից, «անկախ այն բանից, թե նրանք ինչքան են», չնայած վերապահում արեց, որ նախ խորհրդարանը պետք է օրենք մշակի Իրաքում ԱՄՆ-ի ռազմական առաքելությունը դադարեցնելու մասին։ Նույն օրը Իրաքի անվտանգության ուժերը հաղորդեցին, որ կանխվել է Ալ-Ասադի ամերիկյան բազայի հրթիռակոծումը «Գրադ» հրթիռներով։ Բոլորին հասկանալի դարձավ, որ շիաների և ամերիկացիների ուղղակի բախումները շատ մոտ են։ Փետրվարի 6-ին այաթոլահ աս-Սիստանին Իրաքին օգնելու` ՄԱԿ-ի առաքելության դեսպան Ժանին Հենիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իրաքը պատրաստ է ամրապնդելու կապերն այլ երկրների հետ, բայց առանց օտարերկրյա միջամտության, և Բաղդադը որևէ երկրի թույլ չի տա Իրաքն օգտագործել նրա հարևանների վրա հարձակումների համար։ Աս-Սիստանիի մեկնաբանությունը ցույց տվեց, որ Իրաքի բարձրագույն շիա ղեկավարությունը պատրաստ է իրենց աշխարհազորերին հրաման տալու եթե ոչ հարձակումների, ապա ինչ-որ հակաամերիկյան ակտիվ գործողությունների։


Փետրվարի 8-ին Իրաքի «Հզբոլահ» (չշփոթել լիբանանյան «Հզբոլահի» հետ) կուսակցության շիա աշխարհազորայինների մի խումբ մի քանի հրթիռ է արձակել Անբար նահանգի ամերիկյան ռազմաբազայի վրա։ Արդյունքում փետրվարի 8-ին Իրաքի արտգործնախարար Ալի ալ Խաքիմը, հավանաբար շիաների կրքերը հանդարտեցնելու համար, խոստովանեց, որ ԱՄՆ-ի զորքերն առայժմ իրավունք ունեն երկրում մնալու. «Ամերիկյան զորքերն Իրաքում են գտնվում Բաղդադի և Վաշինգտոնի միջև կնքված նախորդ ռազմավարական համաձայնագրի հիման վրա»։ Հայտարարությունն ակնարկ ունի. այսինքն, դատելով ըստ ամենայնի, այդ համաձայնագրի գործողության ժամկետից հետո ԱՄՆ-ը կարող է չմնալ Իրաքում։ Հատկանշական է հրթիռակոծմամբ իրաքցիների «խաղը». մի դեպքում «կանխվեց», երկրորդում` ոչ, և դա ուժի և մտադրությունների լրջության նախազգուշական ցուցադրում էր, ոչ թե նպատակային հրթիռակոծում, թե չէ ամերիկացիները զոհեր կունենային։ Իսկ փետրվարի 13-ին Իրաքում հայտարարվեց, որ Իրանը սեփական ռազմաբազա է ստեղծում, որը հետո կտա «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» աշխարհազորին։ Գաղափարը հասկանալի՞ է։ Քանի դեռ ամերիկացիները կլինեն Իրաքում, այնտեղ կլինի նաև Իրանը` «հետևելու»...


Այսպիսով, ամփոփելով մեր ուսումնասիրության միջանկյալ արդյունքը, հարկ է նշել, որ զորքերը Սիրիայից Իրաք տանելու մասին Թրամփի որոշման կապակցությամբ «բանավեճը» կտրուկ «բրոունացրել է» իրավիճակը Իրաքում։ Բնական է, որ իր սահմանների մոտ լուրջ փոփոխություններն անուշադրության չի մատնում նաև Իրանը։ Չէ՞ որ հասկանալի է, որ և՛ Սիրիայից, և՛ Իրաքից միաժամանակ հեռանալը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, այդ պատճառով տարածաշրջանում հետագա սրացումներն անխուսափելի են։ Սպասելի է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները, առաջին հերթին` Իսրայելը, նորից ու նորից փորձելու են խաղարկել «քրդական խաղաթուղթը», ընդ որում ոչ միայն Սիրիայի և Իրաքի, այլև Իրանի, հնարավոր է, վերջին փուլում, նաև Թուրքիայի դեմ։ Անպատասխան է մնում այն հարցը, թե ի պատասխան ինչ կնախաձեռնի Իրանը կամ, ավելի լայն իմաստով, Բաղդադում գտնվող քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոնը` Ռուսաստանի մասնակցությամբ. չէ՞ որ տարածաշրջանում սպասվելիք իրադարձությունները կշոշափեն նաև Մոսկվան, եթե արդեն նույն Սիրիայի քրդերը վերականգնել են շփումներն ու պայմանավորվածությունները ՌԴ-ի զինվորականների հետ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ