«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարտերը վիրտուալ դաշտից տեղափոխվում են իրական հարթակներ

Մարտերը վիրտուալ դաշտից տեղափոխվում են իրական հարթակներ
01.03.2019 | 02:56

Գարնան մոտենալուն պես բավականին հետաքրքիր զարգացումներ են նշմարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Արտաքուստ թվում է, թե ամեն ինչ կայուն է, և ընդամենը երկու ամիս առաջ 70 տոկոս քվե ստացած գործող իշխանությունը պետք է որ հասարակական ընկալման հետ կապված որևէ խնդիր չունենա։ Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին երկու ամիսների զարգացումները, ընտրություններից հետո հասարակական ընկալումները և վերաբերմունքն իշխանության հանդեպ սկսեցին բավականին լուրջ փոփոխությունների ենթարկվել։ Ինչպես վերլուծաբաններն էին պնդում, հասարակությունը համարում է, որ ամեն ինչ արել է նոր ղեկավարության համար՝ վերջինիս բերելով իշխանության, և հիմա արդեն հանդես է գալիս պահանջատիրոջ դիրքերից։ Ըստ էության, օր օրի սկսում է ավելի ակնհայտ դառնալ, որ կա հստակ թյուրըմբռնում հասարակության տարբեր շերտերի և գործող իշխանության ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի միջև։
Կոնկրետ գործընթացները վիրտուալ հարթակներից տեղափոխվում են իրական կյանք՝ հրապարակներ, փողոցներ, դահլիճներ և այլն։ Արդեն դժվար է չնկատել, որ գրեթե ամեն օր միանգամից մի քանի սկանդալային ինֆորմացիոն ականներ են պայթում՝ էլ հեղափոխության խորհրդանիշ, անկոտրում մարտիկի համբավ ունեցող Դավիթ Սանասարյանի շուրջ ծագած ու զարգացող կոռուպցիոն պատմությունը, էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի շվեյցարական արկածներն ու ծախսերի հետ կապված բացահայտումները, էլ վարչապետի տիկնոջ գլխավորած հիմնադրամի հետ առնչվող հետաքրքիր քննարկումները և այլն։ Սկանդալներն այնքան շատ են, որ նույնիսկ, ինչպես մամուլն է գրում, վարչապետի ֆեյսբուքյան PR-ի թիմը, որ պետք է փորձի չեզոքացնել ու կանխարգելել կառավարության ղեկավարի շուրջ ստեղծվող բացասական մթնոլորտը, չի հասցնում դրանով զբաղվել, ուստի պատահական չէ, որ վարչապետը դժգոհություն է արտահայտել իր քարոզչական թիմի առնչությամբ։


ՈՒ իսկապես սկանդալներն այնքան շատ են, որ վերջին օրերին նույնիսկ խամրել է շոու բիզնեսի բարքերը քաղաքական դաշտ բերող ու ինքն իրեն պատմական դեմք հռչակած Ալեն Սիմոնյանի աստղը։


Այնուամենայնիվ, վերադառնալով բուն թեմային՝ նշենք, որ եղանակների տաքացմանը զուգահեռ իսկապես սոցիալական ցանցերում տեղի ունեցող տեղային ու համընդհանուր մարտերը կարծես թե սկսում են տեղափոխվել փողոցներ։ Վերջին օրերի ընթացքում սկսեցին ձևավորվել դիմադրության օջախներ իշխանության այս կամ այն նախաձեռնությանը կամ պաշտոնյային։ Մասնավորապես, դրանց շարքին կարելի է դասել Երևանի պետական համալսարանում օրերս ի պաշտպանություն ռեկտոր Արամ Սիմոնյանի կազմակերպված հանրահավաքները։ Ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե ռեկտորի անձն է, որի նկատմամբ, իհարկե, հարցերը բավականին շատ են, այլ իշխանության կիրառած բավականին բիրտ մեթոդոլոգիան, որ գործարկվում է ցանկալի մարդուն ռեկտորի պաշտոնին դնելու համար։ Այս տեսակետից բավականին կազմակերպված դիմադրություն է սկսվել իշխանության դեմ։
Մեկ այլ թեմա. այս կյանքում իր տեղը չգտնող, կրթական համակարգի «բարեփոխիչ» նախարար Արայիկ Հարությունյանի դեմ դուրս եկան ուսուցիչները, որոնք մեկշաբաթյա վերջնագիր ներկայացրին՝ հորդորելով նախարարին, որ ավելի լավ կլինի՝ խոսելու և ոչ համակարգային փորձարկումներ անելու փոխարեն գործուն քայլեր ձեռնարկի աշխատավարձի բարձրացման, դրույքաչափերը կարգավորելու ուղղությամբ։
Եվ վերջին օրերի թերևս ամենահետաքրքիր ընդվզումը, ինչպես անվանում էին կազմակերպիչները, հայահավաքն էր, որն ընթանում էր «Արցախի ոչ մի թիզ հող՝ թշնամուն» կարգախոսի ներքո։ Այստեղ բազմաշերտ հարցեր էին առաջանում. հետաքրքիր էին և օրակարգը, և կազմակերպիչները։ Հայահավաքի կազմակերպչական աշխատանքները վերջին 20-25 օրում էին նախաձեռնվել, և հիմնական աշխատանքը տարվում էր սոցիալական ցանցերի միջոցով։ Ընդ որում, պաշտոնական կազմակերպիչները մարդիկ էին, որոնք ուղղակիորեն որևէ քաղաքական կամ հասարակական սեգմենտ չէին ներկայացնում ու հանրության լայն շրջանակներին հիմնականում հայտնի չէին։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այս պահի դրությամբ կարծես թե Ադրբեջանին հողեր զիջելու թեման մեծ սրությամբ դրված չէ։ Իշխանությունը գոնե պաշտոնապես ամեն կերպ փորձում է համոզել հանրությանը, որ տարածքներ խաղաղության դիմաց տերպետրոսյանական ծրագիր ընդհանրապես սեղանին դրված չէ։


Հայահավաքը՝ որպես հետհեղափոխական առաջին հանրահավաք և երթ, կարելի է գնահատել միջին։ Իշխանության քարոզչամեքենան հիմնականում երկու ուղղությամբ գնահատականներ տվեց այդ միջոցառմանը։ Նախ՝ սկսեցին քամահրանքով նշել, որ եթե նման օրակարգ ասպարեզում չկա, ապա ինչու է առաջացել այդ թեմայով հանրահավաք անցկացնելու անհրաժեշտություն։ ՈՒշագրավ է, որ սոցցանցերում նույնիսկ ծաղրում էին, թե նույն հաջողությամբ կարելի է պայքարել օպերայի շենքը չքանդելու համար։ Եվ երկրորդ ուղղությունը, որով թիրախավորվեցին հայահավաքի կազմակերպիչները, նրանց թիկունքում նախորդ ռեժիմի ստվերը նկատելն էր։ ՈՒ անմիջապես վերհիշվեց ապրիլյան պատերազմի պատճառով 800 հա հանձնելու պատմությունը։


Հետաքրքիր է, որ մի կողմից պաշտոնական մակարդակով որևէ խնդիր հողերը հանձնելու թեմայով կարծես թե չկա. հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կոշտացրել է իր դիրքորոշումը. հրաժարվել է Ադրբեջանի նկատմամբ խաղաղասիրական իր վերաբերմունքից, Ալիևին հաճոյախոսություններ անելու տոնից։ Սակայն մյուս կողմից հաշվի առնելով ասեկոսեներն այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը կամ հեղափոխությանն աջակցած աշխարհաքաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի վրա, որոշակի կասկածներ այնուամենայնիվ առաջանում են։ Ինչ վերաբերում է նախորդ իշխանությունների ստվերին, ապա այս վարկածում գուցե որոշակի ճշմարտություն կա։ Բանն այն է, որ այն մարդիկ, որոնք գտնվում էին հարթակում, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանից մինչև ռեժիսոր Արշակ Զաքարյան և ազատամարտիկ Գևորգ Գևորգյան, այս կամ այն չափով ասոցացվում են հանրապետական կուսակցության հետ։ Ոմանք նույնիսկ ԱԺ վերջին ընտրություններում ներգրավված էին ՀՀԿ ընտրացուցակում։ Այս տեսակետից, իհարկե, միամտություն կլինի կարծել, որ նախկին իշխանությունները որևէ մասնաբաժին չունեն այս ամենում։ Մյուս կողմից էլ, երբ երկրի առջև դնում են տարածքներ հանձնելու ինչ-ինչ սխեմաներ, և տվյալ երկրում ձևավորվում է դիմադրություն այդ սխեմաներին, բանականություն ունեցող իշխանության կողմից դա կարող է օգտագործվել՝ աշխարհին և շահագրգիռ ուժային կենտրոններին ցույց տալու, որ ամեն ինչ չէ, որ վարչապետի ձեռքում է։ Բոլոր հարցերը չէ, որ լուծվում են վարչապետի միջոցով, անգամ եթե այդ վարչապետը ունի մեծ լեգիտիմություն։ Թե որքանով այս խաղաքարտը կօգտագործվի իշխանության կողմից, ժամանակը ցույց կտա։ Եվ քանի դեռ նշված հանրահավաքի կազմակերպիչների թեման միայն հող չհանձնելն է, ու վերջիններիս կողմից կասկածի տակ չի դրվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պետական համակարգը գուցե հանդուրժի նման հավաքներ կազմակերպողներին։ Այլ հարց է, թե ինչ տեղի կունենա, երբ այս ամենը հանկարծ տրանսֆորմացվի ընդդիմադիր շարժման։


Ինչևէ, այսօր ամենամտահոգիչ խնդիրը, որ կարող է հուզել գործող իշխանություններին, «Սասնա ծռերն» են, որոնց փաստացի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ սպառնալով ապստամբությամբ, եթե «Սասնա ծռեր» խմբի բոլոր ձերբակալվածներին ազատություն չշնորհվի։ Սա իսկապես կարող է լինել բավականին լուրջ գլխացավանք։ Այժմ քայլը Նիկոլ Փաշինյանինն է։ Վարչապետը կամ պետք է ցույց տա, որ իրավիճակին տիրապետում է, կամ անուշադրության մատնի «Սասնա ծռերի» հայտարարությունները, ինչպես եղավ մի քանի շաբաթ առաջ դատարանում, երբ խմբի անդամներից մեկը ՀՀ ոստիկանապետին անվանեց լակոտ ու մարսեց, կամ էլ ջայլամի քաղաքականություն վարել ու ստանալ իրավիճակին չտիրապետող թույլ գործչի իմիջ։ Հիշենք, որ նախընտրական շրջանում, երբ «Սասնա ծռերը» անընդհատ նշում էին, թե ձևավորվող խորհրդարանն ընդամենը 1-2 տարվա կյանք է ունենալու, Փաշինյանը ստիպված էր ձեռքը խփել սեղանին և «Սասնա ծռերին» ուղղակիորեն զգուշացնել, որ իրեն չշփոթեն Սերժ Սարգսյանի հետ։


Մթնոլորտն այնպիսին է, որ տարբեր ճակատներում աշխատող վարչապետն անձամբ պետք է հետ մղի բոլոր գրոհները, քանի որ իր թիմը այդպես էլ չի կարողանում վերածվել քաղաքական լուրջ և արդյունավետ գործոնի։ Եվ սա, ամենայն հավանականությամբ, դեռևս սկիզբն է՝ հաշվի առնելով այն, թե հանրության շրջանում հեղափոխական էյֆորիան ինչ սրընթաց տեմպերով է զիջում դիրքերը։


Արդարացի լինելու համար պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ ձեռքերը ծալած չէ և փորձում է ոչ միայն ձևավորել իր սեփական օրակարգը, այլև վերականգնել ակնհայտորեն սասանվող դիրքերը։ Այս տեսանկյունից մարտի 1-ի երթը առնվազն երկու նպատակ ունի։ Առաջինը՝ համախմբել իր համախոհներին կոնկրետ խնդրի շուրջ՝ ըստ էության նորից ակնարկելով, այսպես կոչված, հակահեղափոխության վտանգի մասին, և երկրորդ՝ նախ և առաջ արտաքին լսարանին ցույց տալ, որ մարտի 1-ը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական վրեժի խնդիր չէ, այլ հանրության պահանջ։ Այս հանգամանքը ավելի քան կարևոր է վարչապետի համար՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանից նրա նկատմամբ ճնշումներն առնվազն Ռոբերտ Քոչարյանի մասով չեն դադարում։ Եվ ըստ էության, Փաշինյանը հիմա երկընտրանքի առաջ է կանգնած՝ շարունակել սկսածը և միշտ ունենալ խնդիրներ, այդ թվում՝ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ, թե ինչ-որ փուլում գտնել, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր ասում, «զադնի տալու» որևէ տարբերակ՝ միևնույն ժամանակ պահպանելով դեմքը։
Մի խոսքով, ինչպես սովորաբար մեզ մոտ ընդդիմությունն է ասում, չի բացառվում, որ թեժ գարուն է մեզ սպասում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ