Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զիդանը վերադարձավ հաղթանակով

Զիդանը վերադարձավ հաղթանակով
19.03.2019 | 02:48

«Բետիսի» հետ ունեցած դիմակայությունում ֆուտբոլային մենահամերգ տվեց «Բարսելոնը», և վիրտուոզ կատարմամբ կրկին փայլեց հեթ տրիկ հեղինակած Լիոնել Մեսին, Զիդանն իր վերադարձը տոնեց հաղթանակով, ու դա «արքայականի» համար ավելի քան տեղին եղավ «Աթլետիկոյի» կրած պարտության հենքի վրա, հյուրընկալվելիս միլանյան դերբիում «Ինտերը» գերազանցեց «Միլանին» ու նորից մաս կազմեց առաջին եռյակի, «Լիվերպուլը» կրկին վերադարձավ առաջին հորիզոնական, սակայն մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեստր Սիթին» կարող է ամեն ինչ բերել ի շրջանս յուր, երրորդ անընդմեջ խոշոր հաղթանակն է տոնում «Բավարիան»՝ այդ երեքում դառնալով տասնյոթ գոլի հեղինակ:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 28-րդ տուրն առաջին հերթին նշանավորվեց նրանով, որ Մադրիդի «Ռեալին» կրկին խաղադաշտ էր հանելու Զինեդին Զիդանը: Ֆրանսիացին «Սելտայի» հետ նորամուտի իր խաղը նշեց հաղթանակով: Գրանցվել է 2:0 հաշիվ, ու հետաքրքիր է, որ գոլերից մեկի հեղինակը Իսկոն է, որին «արքայականի» նախկին մարզիչ Սոլարին դժվարությամբ էր խաղաժամանակ հատկացնում: Մյուս գոլի հեղինակը Գարեթ Բեյլն է:
Սակայն «Ռեալի» հաղթանակն առանձին կշիռ ստացավ հաջորդ օրը, ու դրան իր մեծ նպաստը բերեց բասկյան «Աթլետիկը», որը սեփական հարկի տակ «Ռեալ»-«Սելտա» դիմակայության հաշվով պարտության մատնեց «Աթլետիկոյին», որն «արքայականի» հետ ծանրագույն մարտեր է մղում աղյուսակի երկրորդ հորիզոնականն իրենով անելու համար: Տուրի արդյունքներով Սիմեոնեի սաներն ունեն 56, «Ռեալը»՝ 54 միավոր:
Ինչ վերաբերում է «Բարսելոնին», կատալոնցիները հյուրընկալվել էին «Բետիսին», որի հետ, ինչպես վերջին տարիներն են ցույց տալիս, սովորաբար անցկացնում է գոլառատ հանդիպում, ու դրանցում իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենում համաշխարհային ֆուտբոլի հրաշքը: Կանոնից բացառություն չեղավ և այս հանդիպումը: Գրանցվել է 4:1 հաշիվ, Մեսին հեղինակել է հեթ տրիկ, մի գոլ էլ Լուիս Սուարեսի ակտիվում է: 66 միավորով «Բարսելոնը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ անխոչընդոտ ու անարգել սլանալով դեպի հերթական չեմպիոնություն:

ԱՆԳԼԻԱ
«Ֆուլհեմի» հետ խաղում «Լիվերպուլն» այնուամենայնիվ կարողացել է կոտրել տանտերերի դիմադրությունն ու 76 միավորով գլխավորել աղյուսակը: Հարկավ «Մանչեստր Սիթին» կարող է վերադարձնել կորցրած հորիզոնականը, եթե տուրի իր բաժին հանդիպումը նույնպես ավարտի հաղթանակով: Իսկ ընդհանրապես պիտի նկատել, որ պրեմիեր լիգայի հերթականը տարբեր պատճառներով բազմաթիվ հետաձգված խաղեր ունեցավ, ինչը հնավորություն չի տալիս ամբողջական խոսել թիմերի զբաղեցրած տեղերի մասին: Միայն ասենք, որ բավականին անսպասելի էր «Էվերտոնից» «Չելսիի» կրած պարտությունը, որը հաղթանակի դեպքում 60 միավորով կարող էր դուրս գալ չորրորդ հորիզոնական՝ միավորներով հավասարվելով «Արսենալին» ու հետևում թողնելով «Մանչեստր Յունայթեդին»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Ներքին առաջնությունում երրորդ անընդմեջ գերարդյունավետ խաղն անցկացրեց Մյունխենի «Բավարիան»՝ երկրորդ անընդմեջում հաղթելով նույն 6:0 հաշվով: Հիշեցնենք, որ այս ամենի հիմքը դրվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» արտագնայում 5:1 հաշվով հաղթելուց հետո: Այս անգամ բավարացիների զոհն էր «Մայնցը»: Դուբլ են հեղինակել Կոմանն ու Ռոդրիգեսը, մեկական անգամ էլ դարպասն են գրավել Լևանդովսկին ու Դևիսը: Այս հաղթանակն ավելի քան տեղին էր, որովհետև նախօրեին արտագնայում, «Հերտայի» հետ մրցակցությունում, հաղթանակ էր տոնել Դորտմունդի «Բորուսիան» (3:2) ու միավորների թիվը հասցրել 60-ի:
Մի խոսքով, բունդեսլիգայում կրկին երկիշխանություն է:
Առաջին եռյակում կարողացել է իր տեղը պահպանել նաև «Շալկեին» հյուր գնացած «Լայպցիգը» (1:0), որի վաստակած միավորները 49 են:

ԻՏԱԼԻԱ
Բոլոր պարամետրերով տուրի գլխավոր խաղը պիտի լիներ «Միլան»-«Ինտեր» դերբին, սակայն միանգամայն անակնկալ կերպով հնարավոր խաղաքարտերը խառնեց «Ջենովա»-«Յուվենտուս» դիմակայությունը: Մրցաշարային աղյուսակի առումով, չէ, այն ոչնչի վրա էլ չէր կարող ազդել, բայց վերցնել ու Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան փուլում ֆանտաստիկ խաղ ցույց տված, մեռած տեղից խաղը, այն էլ` «Աթլետիկոյի» պես թիմից փրկած «Յուվենտուսին» պարզապես մաշկել, սկուդետեի յուրաքանչյուր թիմի համար երազային է: Հենց այդ երազայինն էլ արեց «Ջենովան»՝ երկու անպատասխան գնդակի առավելությամբ տրորելով թուրինցիների քիթն ու պարտադրելով կրել ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը:
Սակայն միայն «Ջենովա»-«Յուվենտուս» դիմակայությամբ էլ բանը չավարտվեց: Բոլորովին անպասելի «ՈՒդինեզեն» համառ դիմադրություն ցույց տվեց «Նապոլիին», ու զարմանալին այն է, որ հյուրերը չկոտրվեցին չափազանց անհաջող մեկնարկից՝ երկու գնդակի տարբերությունը վերացնելով այդ նույն առաջին խաղակեսում: Ցավոք, հենց այստեղ էլ պիտի ասենք, որ «ՈՒդինեզեի» գազը պրծավ, կամ իր վճռական խոսքն ասաց նեապոլցիների ավելի որակյալ կազմը: Երկրորդ խաղակեսում հեղինակելով ևս երկու գոլ՝ «Նապոլին» հանդիպման հաշիվը դարձրեց 4:2 ու տիրացավ իր հերթական երեք միավորին:
Վերադառնանք տուրի գլխավոր հանդիպմանը:
Այն իսկապես մարտական ստացվեց, ինչն այս երկու թիմերի հանդիպումների պարտադիր բաղադրիչն է՝ անկախ մրցանակային աղյուսակում զբաղեցրած դիրքերից: Ֆուտբոլասերին մեր պարտքը համարենք հիշեցնել, որ ողջ մրցաշրջանի ընթացքում երրորդ հորիզոնականը գրկած «Ինտերը», խաղ խաղի վրա ձախողելով, ի վերջո «հասավ» նրան, որ երկու տուր առաջ այն կորցրեց, ու այդ կորցրածը գտնողը Գատուզոյի գլխավորած թիմը եղավ՝ նույնպես միլանյան ակումբ-օրվա մրցակիցը:
Դառնալով արագ գոլի հեղինակ՝ «Ինտերն» առաջին խաղակեսն այդ հաշվով էլ ավարտեց: Գոլերի տեսքով թրատումները եղան երկրորդ խաղակեսում` դարպասների երկուական գրավմամբ: Սակայն եկեք չմոռանանք, որ հյուրերը մի գոլ էլ հեղինակել էին հանդիպման առաջին կեսին, ինչն էլ դարձավ այս մրցակցության համար վճռորոշ: 3:2 հաշվով հաղթանակը «Ինտերին» վերադարձրեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Միլանը», բնականաբար, հետքայլ արեց ու վերստին դիրքավորվեց չորրորդ տեղում՝ լավագույն ժամանակների հույսով:

ՖՐԱՆՍԻԱ
Հավաքած միավորների առումով դիվիզիոնի առաջին եռյակը կազմած թիմերը իրարից բավականին նկատելի հեռավորության վրա են, ինչը նրանց թույլ է տալիս վրիպելու դեպքում անգամ մնալ նույն տեղում: Այս փոքրիկ նախաբանը հատկապես «Լիլի» հաշվարկով էր, որը սեփական հարկի տակ բավականին ցավոտ պարտություն կրեց նախկին մարզչի ծառայություններին վերստին դիմած մոնեգասկներից, ու այդ ցավոտի պարագայում բնավ էլ նշանակություն չունի, որ հանդիպման ելքը որոշել է մեն մի հատիկ գոլը: Ցավոտը դրա երբ խփած լինելուն է վերաբերում, իսկ դա եղել է մրցավարի եզրափակիչ սուլոցից քիչ առաջ:
Չեմպիոնների լիգայում 1։5 հաշվով «Բարսելոնին» զիջելուց հետո «Լիոնի» օրացուցային հաջորդ խաղը ներքին առաջնությունում էր, «Մոնպելիեի» հետ տնային մրցակցությունում, որը բավականին դրամատիկ ընթացք ունեցավ: Տանտերերը հաղթել են 3:2 հաշվով:
«Պարի Սեն Ժերմեն»-«Մարսել» հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով, 3:1 հաշվով, կրկին գոլի հեղինակ է դարձել Մբապեն, որին այս անգամ դուբլով ընկերակցել է դի Մարիան:
Առաջնության անվիճելի առաջատարն ունի 77 միավոր, ինչը քսանով ավելի է «Լիլի» ունեցածից, որն էլ իր հերթին 4 նիշով առաջ է «Լիոնից»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ