Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաղաքացի դառնա, կարողանա պաշտպանել ինքն իրեն, կողքինին»

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաղաքացի դառնա, կարողանա պաշտպանել ինքն իրեն, կողքինին»
02.04.2019 | 02:51

Հայաստանի «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներն այս տարվանից իրենց օրը կունենան: Կառավարությունն օրեր առաջ հավանության է արժանացրել «Քաղաքացու օր նշանակելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը կհամարվի տոնական: Խորհրդարանի իշխող մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ լրագրողները մի քանի օր առաջ հետաքրքրվել էին՝ ինչպե՞ս է պատկերացնում այդ օրվա տոնախմբությունը: «Քաղաքացու օրը համազգային խրախճանքի օր է լինելու, որը պետք է նշել խորովածով, խաշլամայով, օղիով, գինիով»,- ասել էր նա ու հավելել, թե կառնավալի նման մի բան պետք է կազմակերպեն ու մի լավ ուրախանան: «Իրատեսը» պատգամավորից փորձեց ճշտել՝ ի՞նչ դիմակահանդեսի մասին է խոսքը, արդյո՞ք բրազիլացիների նման հատուկ հանդերձներ են կրելու մարդիկ: Նա նախ ասաց, թե այդ օրը տոնախմբություն դարձնելու ավանդույթ պետք է ձևավորել, ապա հստակեցրեց՝ տոնախմբություն ոչ թե բրազիլական կառնավալներին բնորոշ, այլ մեր ազգի սովորույթներին ու ավանդույթներին համահունչ զգեստներով:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՍՐԲՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Աղազարյանի՝ «կառնավալային տրամադրությանը» լուրջ չի վերաբերվում: Նրա համար քաղաքացու օր է տարվա յուրաքանչյուր օրը: Իրենց խմբակցությանը, ասում է, մարդիկ այնպիսի նամակներով են դիմում, որ ակնհայտ է դառնում` այդ մարդիկ քաղաքացի չեն. «Մեզ այնքան են ասել «սիրելի ժողովուրդ», որ մնացել ենք ժողովրդի մակարդակում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է քաղաքացի դառնա, կարողանա պաշտպանել ինքն իրեն, կողքինին: Եթե հասնենք դրան, բոլոր օրերը կլինեն քաղաքացունը: Հասկանալու համար, որ ինքը Հայաստանի «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացի է, նա նախ պետք է իր իրավունքներն ու պարտականություններն իմանա, ապա գործուն քայլերով կարողանա պայքարել իր իրավունքների համար: Պետությունն էլ հնարավորինս պաշտպանի քաղաքացու շահերը»:
ԼՀԿ-ական պատգամավորը թեև հասկանում է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը փոխվելուց հետո փոփոխությունները մեկ օրում չէին լինելու, որովհետև խոցերը, բացերն ու խնդիրները շատ են, բայց և նկատում է՝ դրանց լուծման համար ճանապարհ փնտրելու անհրաժեշտ քայլերն են դանդաղում. «Հատկապես մարզերից ստացած նամակները ցույց են տալիս, որ մարդիկ հաճախ չեն տիրապետում իրենց իրավունքներին, չեն կարողանում պայքարել ու հայտնվում են դժվար իրավիճակում: Գորայք համայնքում, օրինակ, գյուղացիները, առանց նախապես պայմանագիր կնքելու, կաթ են հանձնել «Աշտարակ կաթին», կաթ մթերող անձը մահացել է, գյուղացիներն էլ այժմ կանգնել են փաստի առջև ու չգիտեն միլիոնների հասնող իրենց գումարներն ումի՞ց պահանջեն: Եթե քաղաքացի լինեին, հասկանային, որ ժամանակին պետք է պայմանագիր կնքել, նման խնդրի առաջ չէին կանգնի: Բայց ժողովրդի մակարդակում ենք, ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակի ժամանակ է, որ միավորվում ենք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի համազգային համախմբման նման»:


Սրբուհի Գրիգորյանին համակարծիք է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԸ. պետությունը պետք է հոգ տանի, որ տարվա յուրաքանչյուր օր քաղաքացին իր երկրում արժանապատիվ զգա: Իսկ դրան հասնելու համար, նկատում է պատգամավոր Իսայանը, պետությունը պետք է սկսի բազմակի բարձրացված խնդիրներին լուծում տալուց: Ճիշտ է, ասում է նա, հասարակության մի մասը դեռ կառուցողական է տրամադրված ու որոշակի գործողություններ իրականացնելու համար պատրաստ է հավելյալ ժամանակ տալու իշխանություններին և նրանց հետ տոնախմբության մասնակցելու, բայց մի ստվար զանգված, որ վարկերի ու տոկոսների տակ է, աշխատատեղերի կրճատման և աշխատավարձերի բարձրացման խնդիր ունի, որևէ տոնի մասնակցելուց առաջ ցանկանում է թեթևացած տեսնել իր վրա կախված սոցիալական հսկա բեռը. «Որպես ազդակ գուցե քաղաքացու համար հատուկ օր ունենալը լավ գաղափար է, բայց բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, խորհրդարանի շենքից դուրս շփվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, և այն քաղաքացիները, որ ճկռած են բանկերի տոկոսների տակ, չեմ կարծում, թե պատրաստ են դուրս գալու փողոց ու կառնավալային տրամադրություններով շքերթների մասնակցելու: Պետք է հասկանանք, թե որն է մեր նպատակը, առաջնայինն ու կարևորը, պե՞տք է ունենալ հատուկ առանձնացված մեկ օր, թե՞ այնպիսի միջավայր ու պայմաններ ստեղծել, որ քաղաքացիներն իրենք ուզենան կառնավալներ, տոնախմբություններ կազմակերպել ու մասնակցել դրանց»:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ էլ նկատում է, որ եթե ուզում ես հասարակության արժեհամակարգի, մտածողության փոփոխության համար ինչ-որ բան անել, բայց այն տնտեսական ու նյութական արժեք չէ, ապա դա որպես խիստ անհրաժեշտություն չի դիտարկվում, ու մարդիկ համարում են, որ լուծումներ պահանջող առավել կարևոր հարցեր կան. «Ամեն մի նման նախաձեռնությունից հետո մեր ընդդիմախոսներն ասում են` արդյո՞ք դրա ժամանակն է, մարդիկ սոված են և այլն: Քավ լիցի, սովածության խնդիրը ոչ ոք չի մոռանում, ոչ էլ մոռացության են մատնվում տնտեսական մյուս խնդիրները: Մեկը մյուսի հետ անընդհատ խառնելով՝ կառավարության բոլոր օղակների նկատմամբ կարծես վերաբերմունք ձևավորելու փորձ է արվում: Կասկածից վեր է` մեր քաղաքացին տարվա 365 օրն էլ պետք է արժևորված ու կարևորված լինի, դա ինձ համար սկզբունք է: Մենք տարիներ շարունակ պայքարել ենք մարդկանց գիտակցության բարձացման համար: Ինքս մի շարք նախաձեռնություններով եմ հանդես եկել, որոնք միտված են եղել մարդկանց մտածելակերպն ու արժեհամակարգը վերաիմաստավորելուն: Բայց որքան էլ ջանքեր ենք գործադրել, միևնույն է, խնդրի լուծմանը մասնակի ենք հասել: Քաղաքացու համար հստակ օր ունենալով ու ևս մեկ անգամ նրա խնդիրները բարձրաձայնելով՝ գուցե տարիներ հետո ստանանք մեզ համար իրապես կարևոր ցանկալի արդյունքը»:


Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ պետք է ամեն վայրկյան աշխատել արժանապատիվ քաղաքացի կերտելու համար, որ տարիներ անց շատ այլ երկրների հետ այդ առումով մրցակցության մեջ լինենք, ոմանք էլ մեզնից օրինակ վերցնեն: «Իրականում ասածս գուցե պոպուլիստական է թվում, բայց մենք թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս ունենք այդ պոտենցիալն ու մարդկային ռեսուրսները: ՈՒղղակի յուրաքանչյուր քաղաքացի պետության զարգացման ճանապարհին պետք է կարևորի իր պարտավորվածությունը երկրի հանդեպ,- շեշտում է մեր զրուցակիցը, իրենց խմբակցության պատգամավորի «կառնավալային տրամադրությունների» գաղափարին անդրադառնալով էլ ավելացնում.- յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտվելու, թե ինչպես է պատկերացնում այդ օրվա տոնախմբությունը: Ես, օրինակ, կարծում եմ, որ այդ օրը կառնավալային տրամադրություն, բայց ոչ հագուկապ պետք է ունենա յուրաքանչյուրը: Կարևոր է՝ հասնենք այն բանին, որ մարդիկ ամեն մի օրը իրենցը համարեն, ու դա ոչ թե հագուստով, այլ հոգեվիճակով զգան»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ