Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է կասեցնի իր իսկ սկսած հայհոյապետության ընթացքը»

«Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է կասեցնի իր իսկ սկսած հայհոյապետության ընթացքը»
09.04.2019 | 00:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի դեմ պայքար սկսելու հրահանգ տվեց այն դեպքից հետո, երբ համացանցում տարածվեց Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի` նույն օդանավում հայտնվելու լուրը: Իշխանության ներկայացուցիչները վրդովված նշում էին, թե կեղծ օգտահաշվից է տարածվել տեղեկությունը և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ՝ նշելով, որ կեղծ օգտատերերի` ֆեյքերի դեմ օրենքներ կիրառվում են բացառապես այն դեպքում, երբ ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություններ են արվում, ու դրանց սահմանափակման անհրաժեշտությունն ակնհայտ է: Նա վստահ է՝ եթե ֆեյքերի դեմ հատուկ օրենք գործի, ապա այն, առաջին հերթին, վնասելու է Նիկոլ Փաշինյանին, և դա է պատճառը, որ Փաշինյանը համապատասխան օղակներին չի հանձնարարում զբաղվել համապատասխան օրենքի մշակմամբ:

Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ Փաշինյանին գովերգող ֆեյքերը 10 հազարի են հասնում, իրենց կազմակերպությունը դրանցից 6000-ին արդեն բացահայտել է: Ըստ նրա` Հայաստանում մարդիկ կեղծ էջեր են բացում, որովետև ստեղծված է վախի մթնոլորտ: «Իր մասին բոլոր վատ կարծիք հայտնողներին Փաշինյանն ուզում է պատժել, և դա վտանգավոր է: Ղարաբաղյան հակամարտության` Մինսկի խմբի ձևաչափով կարգավորման համատեքստում կա երեք սկզբունք, երրորդ կարևոր սկզբունքն ուժի կիրառման բացառմանն է վերաբերում: Փաշինյանը փաստացի ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում, ու դա` արդեն ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական համատեքստում: Ասելով, թե մանիպուլյացիոն բնույթի հայտարարություն տարածողներն իրենց ծնոտի վրա պետք է զգան կառավարության հակազդումը, անցնում է բոլոր տեսակի չափերն ու սահմանները: Հասկանու՞մ եք` «քուչի» բառապաշարը Փաշինյանին վատ խմբագրից ավելի առաջ չի տարել: Նա այդ բառապաշարով և ուժի սպառնալիքով փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք, ըստ էության, կարող են անգամ ֆեյք ունենալ: Տարակուսելի եմ համարում նաև փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է մանիպուլյացիայից: Դա նույնն է, թե «սուտլիկ որսկանը» զարմանա և բողոքի ստից ու կեղծիքից: Վարչապետը մանիպուլյացիայի, ստի, ֆեյք քաղաքական գործչի ամենամեծ արտացոլումն է, ամենամեծ ու փաստացի գործնական օրինակը»:


ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված առաջին կեղծ օգտատիրոջ՝ «Դուխով Հայաստան» էջին անդրադառնալով՝ մեր զրուցակիցն անկեղծորեն նշեց, որ բռնության կոչեր պարունակող գրառումներ են արվել այդ էջից, օրինակ՝ «Դանակները պատրաստեք, իջեք կենտրոն, խփելու մարդ կա»: Նորմալ է, որ ահաբեկչություն ու ատելություն քարոզող օգտատերերին բացահայտի ԱԱԾ-ն, շեշտում է Սամսոնյանը, խնդիրն այն է, որ համակողմանի զբաղվեն այդ ամենով, բացահայտվեն նաև հակառակ կողմում նույն գործունեությամբ, պրոպագանդայով ու մանիպուլյացիաներով զբաղված ֆեյքերը. «Նիկոլ Փաշինյանին սատարող բազմաթիվ կեղծ էջեր կան, որ ատելություն են տարածում տարբեր մարդկանց, այդ թվում նաև ինձ նման հանրային գործիչների նկատմամբ: Եթե այդ էջերը չբացահայտվեն, պատասխանատվության չենթարկվեն, ապա վաղը, մյուս օրն ատելությունը բռնություն է ծնելու: Այսօր Հայաստանում ատելությունը բավականին մեծ պոտենցիալ է կուտակում: Երբ կեղծ էջով մարդիկ հայհոյում են որևէ մեկին, այդ մեկն ունի փողոցում կամ այլ վայրում տվյալ անձի նկատմամբ հաշվհարդար տեսնելու իրավունք: Իրավական առումով գուցե սխալ է, բայց, բարոյական առումով, վիրավորված մարդն ունի այդ իրավունքը: Մինի քաղաքացիական պատերազմները հենց այդպես են լինում: Մարդիկ կան, որ ինքնասիրության պակաս չունեն և պատրաստ են իրավապահ մարմինների փոխարեն անձամբ լուծելու իրենց հայհոյողների հարցերը: Ի տարբերություն ոմանց՝ մենք չենք ընդունում մեզ հայհոյողներին, մենք դա նորմալ չենք համարում»:


Քաղաքական հայացքների պատճառով որևէ մեկին պետք չէ հայհոյել, ու բոլոր նրանք, որ կարծիքի ու մտքի ազատությունը սահմանափակելու համար հայհոյում են, վաղ թե ուշ պատասխան են տալու: Ինչու՞, հստակեցնում է քաղաքագետը, որովհետև այդ մարդիկ խախտել են բարոյական ու իրավական նորմերը, իսկ պետությունը որևէ գործողություն չի իրականացրել նրանց նկատմամբ, դեռ մի բան էլ պաշտոններ է տվել: Նա չի բացառում, որ իշխանություններին դուր է գալիս, որ իրենց քննադատողներին հայհոյում են, այնինչ դա կարող է վատ հետևանքներ ունենալ: «Եթե ես ինձ հայհոյողին մի օր փողոցում տեսնեմ ու ապտակ հասցնեմ՝ ո՞վ է մեղավոր լինելու: Իհարկե օրվա իշխանությունը, որ ատելության խոսքը մեղմելու, այն վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի արել: Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է կասեցնի իր իսկ սկսած հայհոյապետության ընթացքը, նա է սկսել հայհոյանքի լեզվով խոսել: Երբ երկրի վարչապետը «ծեփում է պատերին», մարդիկ ոգևորվում են ու ամեն ինչ տեղափոխում հայհոյանքի դաշտ: Ասում է՝ պետք է վերջ դնել բռնության քարոզին, իսկ ծնոտին խփելը բռնության տեսակ չէ՞»:


Դառնալով Փաշինյանի՝ Արթուր Վանեցյանին տված հրահանգին, մեր զրուցակիցն ընդգծում է՝ անձամբ պատրաստ է օժանդակելու ԱԱԾ-ին` գտնելու կեղծ օգտահաշիվները: Խնդիրը, սակայն, ասում է քաղաքագետ Սամսոնյանը, երկու կողմ ունի: Առաջինն այն է, որ Փաշինյանն անցնում է հնարավոր բոլոր «կարմիր գծերը», ու տեսնում ենք, թե ինչպես է նա Իլհամ Ալիև դառնում: «Ադրբեջանում ոչ միայն ֆեյքերի գրառումները, այլև ցանկացած հրապարակում ենթակա են գրաքննության, նույնն էլ սկսում է մեզ մոտ կատարվել, և փաստը, որ ազատ խոսքը Հայաստանում դատապարտված է ու անընդհատ հետապնդումների է ենթարկվում, որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ղեկավար, որի իշխանության օրոք նվազագույնը երեք լրատվամիջոց ոստիկանական ու ԱԱԾ-ական «այցերի» թիրախ է դարձել: Սոցիալական ցանցում կեղծ էջ ունենալը Հայաստանում քրեական հանցագործություն չի համարվում, ու որևէ մեկը որևէ մեկին չի կարող դատապարտել դրա մեջ, եթե այդ էջը չի անում այն, ինչը քրեորեն դատապարտելի է: Եթե կեղծ էջ ունենալը հանցագործություն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը դատապարտվելու է ֆեյքերի ամենամեծ ֆաբրիկան ունենալու համար: Բացի այդ, Հայաստանում ապատեղեկատվություն տարածելու համար գործում է վարչական իրավախախտումների ինստիտուտը: Եթե ամեն մի սովորական քաղաքացու մեղադրես ապատեղեկատվություն տարածելու մեջ, ապա երկու միլիոնից ավելի բանտարկյալ կլինի,- նշում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավարն ու անցնում հարցի մյուս՝ բարոյական կողմին։- Բարոյական ի՞նչ իրավունքով է նման հայտարարություն անում մի մարդ, որի ամբողջ գործունեությունը ֆեյքային է, որն իր կառավարման առաջին իսկ օրից օդիոզ հայտարարություններ է անում: Եթե ֆեյքերի ֆաբրիկա ունեցող մարդը բարոյական իրավունք ունի բողոքելու, մարդկանց ծնոտներ ջարդել-փշրելու, իր ցուցումներով քրեական գործեր հարուցելու, ապա ես, անկեղծ ասած, նախանձում եմ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի համբերությանը, որ կրակն է ընկել Փաշինյանի ձեռքը: Իրոք կարեկցում եմ ԱԱԾ-ի մեր բոլոր սպաներին: Նրանք կարծես նոր խաղալիք ունեցող երեխայի ձեռքին հայտնված լինեն, որ դրանից բան չի հասկանում, բայց խաղում է ու հիմար բաներ անում: Բայց թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ոստիկանության և ուժային բոլոր կառույցների սպաները թող վստահ լինեն, որ Հայաստանում փոխվելու է ամեն ինչ, ու իրենք իրենց մասնագիտական գործունեությանն են վերադառնալու, իրենց սպայական պատիվն ու արժանապատվությունը վերագտնելու են»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ