Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը, Իսրայելի դրդմամբ, նոր «անմիջական պատերազմներ» է սկսում աշխարհում

ԱՄՆ-ը, Իսրայելի դրդմամբ, նոր «անմիջական պատերազմներ» է սկսում աշխարհում
19.04.2019 | 01:44

(Նախորդ մասը)

Մի քանի խոսք Վենեսուելայի վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ զինվորականներին Վենեսուելա ուղարկելը կատարվել է այդ երկրի «օրինական կառավարության հետ նորմալ հարաբերությունների շրջանակում»։ Իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի այլ երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ համագործակցելու Ռուսաստանի իրավունքը։ Ինչպես նշել է Պեսկովը, երրորդ երկրներին, մասնավորապես ԱՄՆ-ին, չպետք է անհանգստացնեն այլ պետությունների հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։

«Մենք ուզում ենք, որ փոխադարձ կերպով հարգվի մեր իրավունքը՝ ցանկացած երկրների հետ կառուցելու այն հարաբերությունները, որոնք համապատասխանում են մեր և այդ երկրների շահերին»,- ճշգրտել է Պեսկովը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ը «ներկա է աշխարհի շատ անկյուններում, բայց ոչ մեկը նրան չի ասում, թե որտեղ լինի կամ որտեղ չլինի»։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Վենեսուելայում գործում է պայմանագրային պարտավորությունների շրջանակում, չի միջամտում նրա ներքին քաղաքականությանը և հույս ունի, որ նույն կերպ կվարվեն նաև մյուս երկրները։ «Մոսկվան պայմանագրերով Վենեսուելային հատուկ գույք մատակարարելու պարտավորություններ ունի»,- ռուս մասնագետների ժամանումը Վենեսուելա մեկնաբանեց Պեսկովը և ճշգրտող հարցին ի պատասխան հաստատեց, որ խոսքը ռազմական սարքավորանքի և տեխնիկայի վերաբերյալ պայմանագրերի մասին է։
Մոսկվայի արձագանքի մյուս մասն արդեն որոշ չափով միջնորդավորված էր։ Օրինակ, մարտի 28-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հնդկաստանի կողմից հակաարբանյակային զենքի փորձարկումը մեծ չափով վերջին ժամանակներս սպառազինությունների վերահսկողության ոլորտում իրավիճակի վատացման հետևանք էր։ ՌԴ ԱԳՆ-ում նշեցին, որ Հնդկաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ տվյալ փորձարկումն ուղղված չէ որևէ որոշակի երկրի դեմ, ինչպես նաև հաստատել է Դելիի հավատարմությունը տիեզերքում զենքի տեղաբաշխումը և դրանով այնտեղ սպառազինությունների մրցավազքը կանխելու արտքաղաքական գծին։ «Միաժամանակ Ռուսաստանը բազմիցս է զգուշացրել, որ միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ողջ ճարտարապետությունը խարխլելու ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները, ներառյալ ԱՄՆ-ի համընդհանուր ՀՀՊ-ի համակարգի ոչնչով չսահմանափակվող ուժեղացումը, ինչպես նաև զենքը տիեզերք հանելուց հրաժարվելու ցանկության բացակայությունը մյուս պետություններին ստիպում են, որ նրանք մտածեն սեփական ազգային անվտանգությունն ամրապնդելու համար խափանման միջոցները կատարելագործելու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։ Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում, որ պատասխանատու դիրքորոշում ընդունի, ուշքի գա և հրաժարվի «ամենուրեք ռազմական գերազանցություն ունենալու անմիտ, ամենագլխավորը՝ բացարձակապես անիրական գաղափարից»։ «Դեռ հնարավորություն կա կանգնեցնելու աշխարհի տարբեր շրջաններում ծավալվող սպառազինությունների մրցավազքը։ Կարևոր է միջազգային անվտանգության և կայունության պատշաճ մակարդակը պահպանելու գործում պատասխանատու պետություններին աջակցություն ցույց տալը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։


Մարտի 28-ի ասուլիսում Մարիա Զախարովան, բացի արդեն լուսաբանված պատասխաններից Թրամփին ու Փենսին, ԱՄՆ-ին Մոլդովա «չխուժելու» խորհուրդ է տվել, որ հետո ստիպված չլինի ԱՊՀ անդամ երկրից հեռանալու։ ԱՄՆ-ի դեսպան Հոգանի, այսպես կոչված, բաց նամակը, որն օրերս տարածվել է Քիշնևում և ուղղված էր մոլդովացի խորհրդարանականներին, «իր անկեղծությամբ ու ցինիզմով հիրավի եզակի փաստաթուղթ է», հայտարարել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Մոլդովայում նոյեմբերի 24-ին կայացած խորհրդարանական ընտրությունում ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ստացել, երկրում սկսվել է «կառավարող կոալիցիայի և կառավարության ձևավորման բարդ, երբեմն էլ հիվանդագին գործընթաց»։ «Երկրի ժամանակակից պատմության այդ պատասխանատու պահին ԱՄՆ-ը Քիշնևում իր դեսպան Հոգանի միջոցով, առանց ամաչելու, միջամտում է իրադրությանը։ Դա բացահայտ թելադրանք է ԱՄՆ-ի կողմից։ Նրանում ուղղակիորեն ասվում է, որ Մոլդովայի քաղաքացիների համար դեպի լավագույն կյանք միակ ճիշտ ուղին ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդումն է, իսկ բոլոր խնդիրները կարելի է լուծել արևմտյան արժեքներին վերադարձի միջոցով»,- մեջբերել է Զախարովան Մոլդովայի քաղաքացիներին ամերիկացի դեսպանի դիմումից։ Դիմումի մեջ, որն «ավելի շատ նման է գործելու հրահանգի», շարունակել է Զախարովան, մանրամասն նկարագրվում է, թե ինչ ներքին բարեփոխումներ պետք է կատարեն մոլդովական պետությունն ու հասարակությունը, ինչպես ամրապնդել կիբերանվտանգությունը և խստացնել վերահսկողությունն արտասահմանյան ընկերությունների նկատմամբ, որոնք ձգտում են ազդեցություն ձեռք բերել խիստ կարևոր ենթակառուցվածքների վրա, ինչպես բազմազանեցնել էներգակիրների ստացման աղբյուրները։ «Դա այն դեղատոմսերի և գործիքների լավ հայտնի հավաքածուն է, որոնք ԱՄՆ-ը կիրառում է իր նպատակներով։ Ամեն ինչ ներկայացված է, ամեն ինչ բացահայտ է»,- մեկնաբանել է Զախարովան։
Ըստ նրա, Մոլդովան, ինչպես ժամանակին ՈՒկրաինան, «սպառնալիքներով ու շանտաժով դրդում են, այսպես կոչված, միակ ճիշտ ընտրությանը», անտեսելով մոլդովացի ընտրողների զգալի մասի ձայները, քանի որ նրանց կարծիքը չի համընկնում Վաշինգտոնի կարծիքին։ Հանրագումարի բերելով մարտի 28-ին ՌԴ բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ԱՄՆ-ի քաղաքականությանը տրված բնութագրումները, մենք պետք է արձանագրենք, որ Լատինական Ամերիկայում կամ հետխորհրդային տարածքում այս կամ այն կողմից զիջումներ չեն զգացվում և չեն նախատեսվում։ Ընդհակառակը, այժմ ԱՄՆ-ն ավելի վստահորեն ու համարձակորեն փորձում է իր ձեռքը վերցնել Հայաստանի «թավշե հեղափոխությունը», այժմ ԱՄՆ-ը, ինչպես նախազգուշացնում էին Իրանի բարձրագույն իշխանությունները, պատրաստվում է ահաբեկիչներին Մերձավոր Արևելքից նետելու Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Ավելին, վերջերս Վաշինգտոնը «ժողովրդավարացմամբ» ավելի հաճախ է սպառնում Կուբային, Նիկարագուային, Բոլիվիային և այլ երկրների, որտեղ իշխանությունը սոցիալիստամետ ուժերի ու կուսակցությունների ձեռքում է։ Այսինքն պատերազմ է՝ առանց ճակատի գծի և ավարտի։


Եվ ամենևին պատահական չէ, որ մարտի 28-ին Չինաստանն սկսեց «ակնարկներով» խոսել ԱՄՆ-ի հետ։ Ի վերջո, երբ ամերիկացիները ցցված են Թայվանում, հաշվի առնու՞մ են, թե Պեկինում ինչ են մտածում չինական այդ կղզու օկուպացման մասին։ Չինաստանը դեմ է Թայվանին ամերիկյան արտադրության ցանկացած զենքի ու տեխնիկայի վաճառքին և ԱՄՆ-ին կոչ է անում պատշաճ վերաբերմունք ցուցաբերել Թայվանի վերաբերյալ Չինաստանի համար զգայուն հարցին՝ Պեկինում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է ճանաչել այդ զգայունությունը և պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը։ Նշվում է, որ ամերիկյան կողմը պետք է դադարեցնի կղզու հետ ցանկացած քաղաքական ու ռազմական գործակցություն՝ չվնասելու համար Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցի շրջանում։ Բանն այն է, որ նախօրյակին Թայվանի «նախագահուհի» Ցայ Ինվենը հայտարարել է, որ Թայվանը մտադիր է ձեռք բերելու նոր տանկեր և ավելի քան 60 բազմաթիրախ F-16 կործանիչ։ Իսկ ԱՄՆ-ը մարտի 24-ին իր ռազմանավերն ուղարկեց Թայվանի նեղուցով՝ դրանով մեծացնելով ռազմավարական ջրային ուղիով շարժման հաճախությունը և անտեսելով Չինաստանի դժգոհությունը։ ՈՒշադրություն դարձնենք. Գեն Շուանի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Վենեսուելայի մասին, փոխարենը քողարկված ձևով պահանջվում է «հեռանալ» Թայվանից՝ դրանով իսկ պահպանելով «մեկ Չինաստանի» սկզբունքը։ Հույս ունենանք, որ Թրամփի վարչակազմում կա տրամաբանորեն մտածող գոնե մեկ օգնական կամ խորհրդատու, որը նրա համար «կթարգմանի» Չինաստանի ԱԳՆ-ի մարտի 28-ի հայտարարության բուն իմաստը։
Այժմ՝ Սիրիայի և, իհարկե, Իրանի մասին։ Զարմանալի է, որ նույնիսկ մարտի 28-ի կեսօրից հետո Իսրայելը շարունակում էր ձեռնպահ մնալ Հալեպի շրջանում մարտի 27-ին իսրայելական ՌՕՈՒ-ի օդային հարվածների վերաբերյալ Սիրիայի պետական ԶԼՄ-ների հաղորդումների հետ կապված մեկնաբանությունից։ Գուցե բանն այն է, որ իսրայելական այդ ագրեսիան պլանավորված նպատակին չի՞ հասել։ Սիրիական և միջազգային ԶԼՄ-ները հայտնել են, որ Սիրիայի ՀՕՊ-ին հաջողվել է հետ մղել հրթիռային հարվածը։ «Իսրայելական ագրեսիան ուղղված է եղել Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու մի քանի դիրքերի դեմ։ Խփվել է հակառակորդի մի քանի հրթիռ»,- ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ։ «SANA» գործակալությունը մարտի 28-ին այսպիսի հայտարարություն է տարածել. «Ռազմական աղբյուրը հայտնել է, որ 27.03.2019-ի ժ. 23։00-ին ՍԱՀ ՀՕՊ-ի միջոցները հետ են մղել Հալեպի հյուսիս-արևելքի Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու վրա Իսրայելի օդային հարձակումը՝ խփելով թշնամու հրթիռները։ Հասցված է նյութական վնաս»։ Չի ասվում, թե ու՞մ, ինչի՞ն։ Բայց հայտնի է, որ մարտի 27-28-ին Սիրիայում վերսկսվել է ահաբեկիչների ոչնչացումը։ Սիրիական բանակը հրետանային հարվածներով ոչնչացրել է «Ջեբհաթ Ան-Նուսրայի» ահաբեկիչների թաքստոցները և տեխնիկան հյուսիսային Համա նահանգի Աշ-Շարիա և Թել Աս-Սախր բնակավայրերում, սպանված և վիրավորված են մեծ թվով ահաբեկիչներ։ Սիրիայի զինվորականները խոցել են պայթանյութով բեռնավորված անօդաչու սարք, առայժմ չհաստատված տվյալներ կան, որ անօդաչու սարքը եղել է իսրայելական արտադրության, ոչնչացվել են ահաբեկչական խմբերի թաքստոցներ Համա նահանգի հյուսիս-արևելքի Կաֆր Զեյթ և Ալ-Լաթամնա բնակավայրերում։


Բայց ենթադրենք, թե ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների վերսկսումը կապված չէ Իսրայելի օդային հարձակման հետ, և իսրայելցիների այդ գործողությունը Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու մասին Թրամփի որոշման տրամաբանական շարունակությունն է։ Հարձակման հետևանքները կարելի է դիտել YouTube-ում։ Կադրում երևում են վառվող շինություններ, լսվում են պայթյուններ։ Տեսագրությունն արված է մութ ժամանակ։ «Աղբյուրամերձ» հաղորդագրությունները ևս համոզիչ չեն, որովհետև դրանց հեղինակներն անապացույց պնդում են, թե իբր, «զինվորական աղբյուրների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել ԻՀՊԿ-ի զինապահեստները», թե «Հալեպ քաղաքում և նրան հարակից շրջաններում ուժեղ է Իրանի և նրա գլխավոր մարտական միավոր ԻՀՊԿ-ի ազդեցությունը»։ Մեկ անգամ ևս հիշեցնենք Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի 2017-ի աշնանն արած խոստովանությունը, որ Սիրիայում իրանական զորքեր չկան, Սիրիայում դրանց բազավորման տեղ չկա։ Հալեպն ազատագրվել է 2016-ի նոյեմբերին, և ոչ մեկը, առավել ևս Իրանը, շահագրգռված չէր այնտեղ որևէ բան ստեղծելով, որովհետև Հալեպն ամենևին էլ շիական քաղաք չէ, բազմազգ է. այնտեղ կա հսկա քրիստոնեական թաղամաս (նրանում էլ՝ առանձին հայկական թաղամաս), կա քաղաքի Շեյխ Մաքսուդ քրդական մասը։ Սիրիական բանակի, հայ և քուրդ աշխարհազորայինների հետ, ռուսական ՌՏՈՒ-ի օդային աջակցությամբ, 2016-ի ամառվա վերջից Արևելյան Հալեպի ազատագրման մարտերին մասնակցել են լիբանանյան «Հզբոլահ» կուսակցության ջոկատները, իրաքցի և աֆղան շիա կամավորների կազմավորումները, բայց ոչ ԻՀՊԿ-ն ու իրանական բանակը։ Մենք էլ հիշեցնենք նաև, որ ազատագրված շրջանների պարեկությունն անմիջապես դրվել է ռուսական ռազմական ոստիկանության վրա, ոչ թե իրանցիների։ Օրինակ, հաշվի առնելով, որ կրոնական տեսակետից Հալեպի մուսուլմանների մեջ գերակշռում են սուննիները, ինչպես 8.12.2016-ին գրել են Մաքսիմ Սոլոպովը և Իննա Սիդորկովան, «Չեչնիայից Սիրիա ուղարկված ՌՈ-ի մարտիկները կզբաղվեն Հալեպի և կառավարամետ ուժերի ազատագրած այլ տարածքների սուննի բնակչության պաշտպանությամբ՝ հնարավոր կողոպուտներից ու չարաշահումներից... Բացի դրանից, «թՈջպՑՈ. Ru»-ի աղբյուրները կարծում են, որ նրանց կարող են հանձնարարել ծառայությունը պահակակետերում և տեղի բնակչության զտումը ջիհադականների որոնման և զինաթափման նպատակով»։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ