Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկիրը վերցվում է արտաքին վերահսկողության տակ

Երկիրը վերցվում է արտաքին վերահսկողության տակ
31.05.2019 | 01:45

Քաղաքական զարգացումները շատ դեպքերում որոշակի ճշտումների, բացահայտումների կատալիզատոր են հանդիսանում։ Դրանք օգնում են հասկանալու, թե երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս իրականում ինչպիսին է վերաբերմունքն այս կամ այն գործընթացի, օրվա իշխանության կամ ընդդիմության նկատմամբ։


Նման բացահայտման, ինչպես հիմա ասում են, յուրահատուկ լյուստրացիայի ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես կոչված, դատական բարեփոխումների ազդարարումից հետո։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է արտաքին ազդակներին։ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ազդարարումը բացահայտեց, թե տվյալ պահին աշխարհաքաղաքական հիմնական ուժային կենտրոններն ինչ հույսեր կամ վերաբերմունք ունեն ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ։


Դատական բարեփոխումների մեկնարկի հայտարարումից հետո, որի հիմքում, ինչպես հայտնի է, դրված է, այսպես կոչված, անցումային արդարադատության և վեթինգի գաղափարը, դեռ օր չանցած՝ Միացյալ Նահանգները բավականին հետաքրքիր դիվանագիտական լեզվով մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ թեև ասվում էր, որ իրենք աջակցելու են վստահություն ներշնչող անկախ դատական համակարգի ձևավորմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, այնուամենայնիվ, հայտարարության տեքստում թաքնված էին հստակ ազդակներ, թե Միացյալ Նահանգները չի սատարում ՀՀ գործող վարչախմբի ՀՀ սահմանադրությունը շրջանցելու քայլերին։ ԱՄՆ-ը կոչ էր անում բոլոր գործողությունները ձեռնարկել սահմանադրության շրջանակներում։ Ըստ էության, ակնարկվում էր, որ դատավորների շրջափակման ակցիան, որի հրահրողը հենց վարչապետ Փաշինյանն էր, և որին մասնակցեցին ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ակնհայտորեն սահմանադրությունից դուրս քայլ էր։


Սա՝ հայտարարության մակարդակով։ Մի քանի օր անց արդեն Հայաստան գործուղվեց վեթինգի «կարկառուն» մասնագետներից մեկը։ Հետաքրքիր է, որ նա Հայաստան ժամանեց շատ արագ, թեև որպես կանոն նման հարցերը բավականին երկար են լուծում ստանում՝ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիայի ավանդույթները։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ամերիկացիները պատրաստ էին իրենց մասնագետին Հայաստան գործուղելու և ի տարբերություն հայաստանյան հասարակության՝ շատ լավ գիտեին, որ մեր երկրում նման բարեփոխումներ են մեկնարկելու, և վերոնշյալ մասնագետը ելման դրությամբ սպասում էր Հայաստան մեկնելու հրամանին։


Այս համատեքստում հատկանշական է նաև այն փաստը, որ վեթինգի համակարգի ներդրման մասին հայտարարությունից ընդամենն օրեր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վեթինգի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է։ Սա իհարկե բնորոշ չէ բավականին ծանրաշարժ և կոմպետենտությամբ բացառիկ մակարդակի վրա չգտնվող քաղաքական ուժին։ Սա պարզապես նշանակում է, որ վեթինգի մասին օրինագիծը պարզապես վաղօրոք նախապատրաստված է եղել, ու թերևս անհիմն չեն կասկածները, որ այն արտահայաստանյան ծագում ունի։ Կարելի է ենթադրել, որ տարբեր հիմնադրամներ վաղուց գրել ու ներկայացրել են նաև անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը։


Այս առումով թերևս հատկանշական է, որ դատական բարեփոխումները սկիզբ դնելուց ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Եվ չի բացառվում, որ գուցե այդ ժամանակ էլ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման քայլի է դիմելու և ստացել է Միացյալ Նահանգների աջակցությունն այդ հարցում։
Մոտավորապես նույն արձագանքը եղավ արևմտյան մյուս բևեռի՝ Եվրամիության կողմից։ Այս կառույցի ներկայացուցիչների ելույթներում ընդհանուր առմամբ նույնպես որոշակի նուրբ ու քողարկված նկատողություններ կային՝ բարեփոխումները սահմանադրության շրջանակներում անցկացնելու վերաբերյալ։ Կար նաև ակնարկ՝ դրանց խորհրդականների և ֆինանսների տեսքով աջակցություն ցուցաբերելու մասին։


ԵԽԽՎ-ում թեև վերաբերմունքը Փաշինյանի քայլերի նկատմամբ շատ կոշտ էր, հատկապես Հայաստանի մոնիտորինգային խմբի համանախագահների կողմից, սակայն այնուամենայնիվ շեշտադրվում է, որ բարեփոխումներն այլընտրանք չունեն։ ԵԽԽՎ-ում՝ որպես ազատ ամբիոն, որն ուղղակիորեն պարտական չէ ԵՄ բյուրոկրատիային, համարում են, որ իրենք ընտրովի ու անկախ մարմին են, խաղում են իրենց սեփական խաղը՝ միաժամանակ Հայաստանի կառավարությանը տալով բարեփոխումներին աջակցելու խոստում։
Շատերը միջազգային արձագանքի տարափում սպասում էին, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերելու Ռուսաստանի Դաշնությունը։ Պաշտոնական Մոսկվան որևէ լուրջ արձագանք կարծես թե չի ցուցաբերել հայկական դատաիրավական հեղափոխության առնչությամբ։ Եթե հաշվի չառնենք ռուսական փորձագիտական մակարդակով անդրադարձերը՝ ՌԴ-ն ընդհանուր առմամբ գերադասեց լռել։ Եվ հետաքրքիր է, թե իրականում Ռուսաստանն ինչ է մտածում և ինչու է այս թեմայի շուրջ խորհրդավոր լռություն պահպանում։


Այս համատեքստում պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Նախ՝ դատաիրավական բարեփոխումների մասին ազդարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ դատարանից Նիկոլ Փաշինյանի և իշխանության համար իբր անսպասելի կալանքից ազատվեց Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ երկրորդ նախագահի ազատումը վերջին ամիսների ընթացքում պաշտոնական և ոչ պաշտոնական Ռուսաստանի օրակարգային թիվ մեկ հարցերից մեկն էր։ Այս առումով կարելի է համարել, որ Ռուսաստանի ձգտումներն առնվազն մասամբ բավարարված են։ Եվ այս ֆոնին դատական ռեֆորմներին աջակցելու արևմտյան ծրագիրը գուցե այն գինն է, որը Ռուսաստանն իր լոյալությամբ վճարում է Ռոբերտ Քոչարյանի ազատման համար։


Ի սկզբանե պարզ է, որ դատական բարեփոխումները, քանի դեռ դրանք տարածվում են միայն դատական համակարգի վրա, Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի առաջնահերթությունների մեջ չեն մտնում։ Այս առումով առայժմ անհանգստանալու առիթ Ռուսաստանը չունի։ Այլ հարց է, որ եթե վեթինգը կամ անցումային արդարադատությունը կյանքի կոչելու գաղափարները շատ խորանան, և սկսեն Ռուսաստանի հետ հարաբերությունների խորքերը մտնել ու տանել դեպի անցանկալի հանգրվաններ, գուցե այդ ժամանակ թեման Ռուսաստանի համար վտանգ ներկայացնի։ Բայց ելնելով այսօրվա իրականությունից՝ կարող ենք արձանագրել, որ այս խնդիրը մեր ռազմավարական գործընկերոջը դեռևս չի անհանգստացնում, և նա աչք է փակում դատական բարեփոխումներին առնչվող իրադարձությունների վրա։


Ռուսներին հետաքրքրում են Հայաստանի հետ հարաբերությունները ռազմաքաղաքական, տնտեսական ոլորտներում, միջազգային ասպարեզում համահունչ հանդես գալու հեռանկարը, անվտանգության, պաշտպանության համակարգերը։ Վերջին ամիսներին Ռուսաստանը համոզվեց, որ նշված բոլոր հարթակներում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շատ մեծ անհանգստություններ ունենալ պետք չէ։ Ավելին, ՀՀ կառավարության ղեկավարը Ռուսաստանին դուր գալու ձգտումներում առաջ է անցել անգամ Սերժ Սարգսյանից։ Բավական է հիշել Հայաստանի՝ Սիրիա ուղարկած մասնագետների խումբը, որը Սիրիա գործուղվեց հենց Փաշինյանի կառավարման օրոք։


Եվ վերջապես՝ Ռուսաստանի դատական համակարգը համարժեք է Հայաստանի դատական համակարգին, ուստի Ռուսաստանը Հայաստանին չի կարող օգտակար լինել ոչ խորհրդականների, ոչ էլ առավել ևս ֆինանսների տեսքով։ Ռուսաստանը Հայաստանին միշտապես խոստացել է անվտանգության ապահովում, իսկ ֆինանսական հարցերը վերահասցեագրել է Արևմուտք։ Հայաստանի նկատմամբ այս գործելակերպն արդիական է եղել 1990-ականներից սկսած. փողերը՝ Արևմուտքից, ռազմաքաղաքական աջակցությունը՝ Ռուսաստանից։


Չնայած պահպանվող լռությանը՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շատ ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձություններին։ Եվ չի բացառվում, որ ՌԴ-ն միջամտի գործընթացներին այն ժամանակ, երբ նկատի, որ արևմտյան պաշտոնական ու ոչ պաշտոնական կառույցները, և առաջին հերթին որոշ հիմնադրամներ, այդ թվում՝ Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող Սորոսի աջակցությունը վայելող հիմնադրամը, էլ ավելի ակտիվանան ու ակնհայտորեն դոմինանտ դեր խաղան հայաստանյան ներքաղաքական զարգացումներում։ Գուցե մոտ ապագայում հասնենք մի կետի, երբ Ռուսաստանը շատ կտրուկ խառնվի ընթացող իրադարձություններին, և դատաիրավական բարեփոխումների գործընթացը Հայաստանում կասեցվի։ Նման օրինակի Փաշինյանի կառավարման ամիսներին մենք ականատես եղել ենք։ Ինչ-ինչ գործընթացների մեկնարկ տրվել է, սակայն իրականացման կետին գործն այդպես էլ չի հասել։ Իսկ որ Ռուսաստանի համար անհանգստության առիթներ կան, ակնհայտ է։ Հաշվի առնելով, թե ինչ բացառիկ շահագրգռությամբ և օպերատիվությամբ են խաղի մեջ մտել հայաստանյան սորոսյան հիմնադրամի էմիսարներն ու ներկայացուցիչները, կարելի է եզրահանգումներ անել։ ԱԺ լսումները վեթինգի թեմայով անցակցվում էին սորոսականների բացառիկ ակտիվության պայմաններում։ ՈՒշագրավ է, որ շատերը նկատեցին, որ մի քանի ամիս առաջ հենց Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հատուկ անցումային արդարադատության թեմայով հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա ակնհայտորեն Սորոսի կողմից ներդրվող գաղափար է, որը Փաշինյանն ինչ-որ փուլում հիշատակեց, հետո մոռացավ ամիսներ շարունակ, բայց երևի թե համարելով, որ եկել է հարմար պահը, և Քոչարյանի ազատարձակմամբ ինքը դրա համար վճարել է Ռուսաստանին, որոշեց ՀՀ երկրորդ նախագահի՝ կալանքից ազատվելուց հետո միանգամից հայտարարել անցումային արդարադատության հաստատման և վեթինգի անցկացման անհրաժեշտության մասին։


Պարզ է, որ ամեն դեպքում արևմտամետ պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների առանձնակի շահագրգռությունը շատ կոնկրետ նպատակ ունի. շատ վերլուծաբաններ հայտարարում են, թե որոշակի միջազգային կառույցներ դատաիրավական բարեփոխումների ֆոնի ներքո ներքին գործընթացները վերահսկողության տակ վերցնելու հնարավորություն են տեսնում։ Թե՛ վեթինգի գաղափարը, թե՛ դրա իրականացումը ենթադրում են հսկայական ինֆորմացիոն բացահայտումներ, որոնք շատ դեպքում և՛ պետական, և՛ ֆինանսատնտեսական գաղտնիք են պարունակում, ինչը միջազգային որոշ կառույցների հակառակորդների հետ հարաբերությունների որոշակի հարթություններ է բացահայտելու։ Միջազգային կառույցների ցուցաբերած շահագրգռությունը ֆինանսական, քաղաքական և աշխարհաքաղաքական գին ունի։


ՈՒշագրավ է, որ այս օրերին Հայաստանում ստեղծվեց «Վետո» կոչվող հասարակական կազմակերպությունը, որի նպատակը հենց Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում արգելելն է։ Կազմավորվեց նաև «Ադեկվատներ» կոչվող կուսակցությունը, որի գաղափարախոսությունը համահունչ է «Վետո»-ի նպատակներին ու ծրագրերին։ Այս ամենը հուշում է, որ Ռուսաստանն այնուամենայնիվ այնքան էլ անտարբեր չէ։ Սա, թերևս, պետք է ահազանգ լինի ՀՀ իշխանություններին, որ հակագլոբալիստական ուղղվածության կենտրոնների նկատմամբ ՌԴ կողմից թեև ուղղակիորեն արձագանք չկա, այնուամենայնիվ, ուշադիր հետևում են ու ձեռքերը ծալած չեն նստելու։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Մեկնաբանություններ