Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տասը մետր խրամատ փորելն ավելի հեշտ է, քանի մի մետր գերեզմանափոս»

«Տասը մետր խրամատ փորելն ավելի հեշտ է, քանի մի մետր գերեզմանափոս»
11.06.2019 | 00:27

Մինչ մեր քթի տակ թուրքական երկու պետություններն «Անսասան եղբայրություն-2019» խորագրով զորավարժություններ են անցկացնում, պատրաստվելով հերթական ագրեսիային, հայկական երկու պետություններում մի տեսակ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Փոխանակ իրար սատարելու և աշխարհին ցույց տալու, որ մենք միասնական ենք, որ մեր զենքերը նույն խրամատից են կրակում, մեր առաջին այրերն սկսել են տողատակերով խոսել միմյանց հետ ու օրը մեկ-երկու հայտարարություն տարածել՝ հերքելով իրար։


Խոսքը ՀՀ-Արցախ վերջին շրջանում սրված հարաբերությունների մասին է։ Իհարկե, խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց այդ հայտարարությունների ու մեկնաբանությունների ընթացքում հաճախ լինում են այնպիսի ձևակերպումներ, որոնք կամա թե ակամա ընդգրկում են նաև շարքային քաղաքացիներին՝ լարվածություն մտցնելով նաև նրանց մեջ։ Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր մտածելակերպն այս մեկ տարվա ընթացքում մի տեսակ մեծ ակտիվություն է գրանցում, ինչը լավ բանի, պարզ է, չի կարող հանգեցնել։ Այս առումով ժամանակին Ավետիս Ահարոնյանը դիպուկ է նկատել. «Ազատությունը՝ այդ հրաշքը, թակեց մեր դուռը, բայց մենք հայ չէինք՝ մենք ռուսահայ էինք, պարսկահայ, ամերիկահայ, միաժամանակ՝ վանեցի, կարսեցի, ղարաբաղցի ու երևանցի, և ազատությունը թակեց մեր դուռը, լացեց, մղկտաց ու հեռացավ»։
Սրանք բառեր են, որոնք ցայսօր էլ արդիական են, և նույն տիղմի մեջ երկրորդ անգամ չխրվելու նպատակով պետք է ամեն օր կրկնենք այն։
Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի համար ներկայացրած երաշխավորագրից հետո, ինչպես ասում են, բանը բանից անցավ։ Նախ՝ վարչապետին անմիջականորեն սատարող ՀԱԿ-ի մնացուկներն սկսեցին սադրանքներ հրահրել՝ հասարակությունը տարբեր շերտերի բաժանելու միտումով, բացի այդ, դեռ չբացահայտած Մարտի 1-ի գործը, Նիկոլ Փաշինյանը որոշեց «բացահայտել» Ապրիլյան պատերազմի մութ կողմերը։


Իհարկե, ակնհայտ է, որ այդ պատերազմի ժամանակ, ընդհուպ բարձրաստիճան հրամանատարների մակարդակով, եղել է նաև անբարեխիղճ մոտեցում, որի պատճառով զինվորներ են զոհվել, այդ ամենը, անշուշտ, պետք է բացահայտվի, և մեղավորները պետք է խստորեն պատժվեն, բայց այստեղ մի նրբություն կա. հարցը շատ լուրջ, հասարակության նյարդերի վրա ազդող հարց է, և դրա շուրջ արված ցանկացած հայտարարություն պետք է հստակ փաստարկներ ունենա։ Այդ հայտարարություններն արվում են նույն համոզմունքով, ինչ համոզմունքով որ արվել են Մարտի 1-ի գործի բացահայտման մասին, ավելի քան 10 տարի, բայց այսօր, երբ արդեն նախկին իշխանությունները, ազդեցիկության առումով, կուլիսներում են հայտնվել, դարձյալ ոչինչ չի արվում, ոչինչ չի բացահայտվում։ Տպավորություն է ստեղծվում, որ Մարտի 1-ի գործը տարիներ շարունակ ուղղակի շահարկվել է ընդդիմության կողմից՝ գործող իշխանության վարկանիշը հասարակության մոտ նվազեցնելու միտումով։ Եթե ես սխալվում եմ, ապա այս մեկ տարվա ընթացքում գոնե պետք է որևէ բացահայտում լիներ, ախր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, չէ՞, որ՝ «ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է», դա արվում էր այն նույն համոզմունքով ու վստահությամբ, ինչպիսի վստահությամբ 1999 թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե Աժ-ում տեղի ունեցած ահաբեկչության բացահայտումը սովորական «թաղային ուչաստկովիի գործ է», այնինչ արդեն 20 տարի է անցել, բայց, ըստ էության, ոչինչ էլ բացահայտված չէ։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարտի 1-ի գործը։


Ես ցանկանում եմ, որ այն հնարավորինս արագ բացահայտվի որովհետև փափագում եմ օր առաջ իմանալ, թե ու՞մ պատճառով, հրամանով են սպանվել 10 երիտասարդները, ովքե՞ր են իրականացրել սպանությունները, ովքե՞ր էին այն ոստիկանները, որոնք թուրքին հատուկ ձևով էին վարվում իրենց հայրենակիցների հետ, բայց միաժամանակ ցանկանում եմ իմանալ նաև, թե ովքե՞ր են հաշմանդամության տարբեր աստիճանի հասցրել բազմաթիվ ոստիկանների, ովքեր են թալանել խանութները, ովքեր են այրել հարյուրից ավելի մեքենաները, ուզում եմ իմանալ` ով կամ ովքեր են հրահրել այդ ամենը։ ՈՒզում եմ գոնե մեկ պաշտոնական աղբյուրից լսել, որ Ալեքսանդր Արզումանյանի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը կեղծիք է...
Բախումը երկուստեք է եղել, և եղբայրական պատերազմի համար պետք է երկու կողմերն էլ պատասխանատվություն կրեն, մինչդեռ միայն մի կողմն է մեղադրյալի աթոռին նստած. սա արդեն կողմնակալ վերաբերմունք է։


Ինչևէ, դառնանք բուն թեմային. չեմ ուզում նույն ճակատագրին արժանանա Ապրիլյան պատերազմի հետաքննությունը, չեմ ուզում հայության համար այդ բախտորոշ հերոսամարտի մասնակիցների քաջությունը դառնա թիկնազորով շրջող քաղաքական գործիչների մատի փաթաթան։
Կասկած չկա, որ Ապրիլյան պատերազմի մասով պետք է հետաքննություն իրականացնել, հետաքննական այդ մեխանիզմը հատուկ է գրեթե բոլոր պետություններին, նույնիսկ հաղթած կողմը քննության է առնում տեղի ունեցածը, նույնը պետք է անենք և մենք, բայց Ապրիլյան պատերազմը ո՛չ Մարտի 1 է, ո՛չ՝ Հոկտեմբերի 27, դրա շուրջ ծավալվող նմանատիպ աղմուկը կարող է լուրջ ներքաղաքական, ներազգային խորխորատ առաջացնել, որի առաջին ձայներն արդեն լսվում են։ Այն շատ նուրբ ազգային խնդիր է, որին մոտենալիս պետք է անպայմանորեն որդեգրել չափազանց զգույշ լինելու գործելաոճը՝ չմոռանալով, որ ցանկացած հայտարարության առաջին զոհը հենց պատերազմի ժամանակ զոհվածների հարազատներն ու բարեկամներն են լինելու։


Տղերք, պետության հետ գործ ունեք, սա թատրոն չէ։
Իրար մեղադրելու, իրար վրա «բոչկա գլորելու» ու դրանով միմյանց ցածրացնելու փոխարեն փորձեք միասնական լինել, դա նոր պատերազմից հնարավորինս հեռու կպահի մեզ։ Գերմանական իմաստնությունը հուշում է. «Տասը մետր խրամատ փորելն ավելի հեշտ է, քանի մի մետր գերեզմանափոսը»։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 16616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ