Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարեն Դեմիրճյանի հուշարձանը` մարզահամերգային համալիրի հարակից հարթակում

Կարեն Դեմիրճյանի հուշարձանը` մարզահամերգային համալիրի հարակից հարթակում
14.06.2019 | 11:52

Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման հուշաքարն արդեն մի քանի տարի թափուր է: 2014 թ. ապրիլի 30-ին Երևանի ավագանին համաձայնություն էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պողոտայի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու տարածքում: Հուշարձանի քարն Արցախի սպիտակ մարմարն էր, բարձրությունը՝ 370 սանտիմետր: Ասում էին` գրեթե պատրաստ է: Բոլորովին վերջերս նկատեցինք, որ հուշաքարն իր նախկին տեղից ավելի աննկատ անկյուն է տեղափոխվել:


Փորձեցինք տեղեկություն ստանալ պատկան մարմիններից: Քաղաքապետարանից մեզ ասացին, որ Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հուշարձանը, ընտանիքի խնդրանքով, հեղինակելու է Սարգիս Բաբայանը: Հուշարձանի էսքիզն արդեն պատրաստ է, արժանացել է ընտանիքի հավանությանը և կտեղադրվի Լենինգրադյան փողոցի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից հարթակում:
Ներկայումս մշակման փուլում է ճարտարապետական լուծումը: Ավարտից հետո նախագիծը կներկայացվի Երևան քաղաքի ավագանու նիստին: Հուշարձանի տեղադրմամբ հետաքրքրված է ՀՀ կառավարությունը: Առաջնահերթ ֆինանսավորվելու է նախագծային աշխատանքը, հետո` պատրաստումն ու տեղադրումը: Իսկ թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, երբ իր տեղը կգտնի Կարեն Դեմիրճյան քանդակը, առայժմ հստակ չէ:


Քանդակագործ Սարգիս Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ արձանը բրոնզից է լինելու, բարձրությունը` 3,60 մ, պատվանդանը` 1,40-1,60 մ: Պատվանդանը թեքահարթակ է լինելու, նման` համալիրի կասկադաձև աստիճաններին, նույն ձևաչափով, ավելի փոքր ծավալի մեջ: Անվանի քաղաքական գործիչն իջնում է դեպի ժողովուրդը: Քանդակագործն այսպես է պատկերացնում իր աշխատանքը, բայց նշում է, որ բուն փիլիսոփայությունը տեսանելի կլինի հուշարձանի տեղադրումից հետո: Մինչ աշխատանքն սկսելը Սարգիս Բաբայանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի այրու` Ռիմա Դեմիրճյանի գրքին, տեսանյութեր, լուսանկարներ ուսումնասիրել: Մի քանի ամիս աշխատել է էսքիզի վրա, որն արժանացել է և՛ Դեմիրճյանների ընտանիքի, և մասնագետների հավանությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Հուշաքարը Մաշտոցի պողոտայում
Դիտվել է՝ 2670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ