Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աննա Մարգարյան-Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան եռանկյունին տվեց ՔՊ-ի ախտորոշումը

Աննա Մարգարյան-Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան եռանկյունին տվեց ՔՊ-ի ախտորոշումը
04.07.2019 | 11:27

Հուլիսի 1-ին ԱԺ-ն մերժեց ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանին: Առաջադրել էր ՔՊ-ն, ՔՊ-ն էլ տապալեց ընտրությունը: 88 պատգամավորներից 20-ը չկար քվեարկությանը: ԼՀԿ-ն դեմ քվեարկեց: ԲՀԿ-ն՝ կողմ: ՔՊ-ն իր իսկ ձախողումը փորձեց նախ բարդել ԼՀԿ-ի վրա, հետո անվանեց «տեխնիկական»՝ պատառաբանելով, որ իրենց պատգամավորները գործուղման և հանդիպումների էին: Այդպե՞ս էր: Ակնհայտորեն՝ ոչ: Արդեն իսկ հարցուպատասխանի ժամանակ երևաց, որ ԲԴԽ-ի գիտնական անդամի թեկնածուն էականորեն տարբերվում է ԲԴԽ մյուս թեկնածուներից, որ առաջադրվեցին ու ընտրվեցին խորհրդարանում: Նա շիտակ էր ու քաղաքական կոնյունկտուրայից դուրս: Իսկական գիտնական ու իսկապես անաչառ դատավոր: Մամուլը գրեց, որ համալսարանի դասախոս Աննա Մարգարյանին երկար են համոզել, որ առաջադրի թեկնածությունը։ Բայց հարցուպատասխանը ՔՊ-ին անակնկալի էր բերել ու պարտադրել հընթացս որոշում փոխել: Ինչու՞: Մամուլի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակում է թեժ քննարկվել Աննա Մարգարյանի ընտրության տապալումը: Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի հասկանում՝ ինչպես ձախողվեց գործընթացը, ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը: ՔՊ պատգամավոր Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ ձախողման մեջ դերակատարում ունեցավ ԼՀԿ-ն. «Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնածուին մերժել ենք ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք, չէ՞, 90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»: Ապա հավելել է. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ոչ մեր կուսակիցն է, ոչ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ոչ մեր «հորքուրի գանձն» է»: Փաստացի՝ Էդգար Առաքելյանը բացատրել է՝ ինչո՞ւ Աննա Մարգարյանը չդարձավ ԲԴԽ անդամ՝ «նա ոչ մեր կուսակիցն է, ոչ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ոչ մեր «հորքուրի գանձն» է: Դատելով քվեարկությունից՝ Գրիգոր Բեքմեզյանն ու Վիգեն Քոչարյանը թեև ՔՊ կուսակից չեն ու նրա հետ անցած չանապարհ չունեն, բայց «հորքուրի գանձն» էին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իզուր է ՔՊ-ն փորձում մեղքը ԼՀԿ-ի վրա գցել՝ ցանկության դեպքում 88 հոգով ու ԲՀԿ-ի հետ հանգիստ կարող էին իրենց առաջադրած թեկնածուին անցկացնել:
Գործուղումների պատճառաբանությունը ֆիկտիվ է՝ «Իմ քայլից» գործուղման է եղել 12 պատգամավոր: 88-12՝ 76-ը պիտի ներկա լինեին, ու՞ր էին: Աննա Մարգարյանը ստացել է 66 ձայն՝ ՔՊ+ԲՀԿ: Ամբողջ խնդիրը հարցուպատասխանն էր, որի ընթացքում Աննա Մարգարյանը բնավ էլ ՔՊ-ի թեկնածուի տպավորություն չէր թողնում: 79 ձայնի փոխարեն 66 ձայն նրան բերեց մտահորիզոնը, համարձակությունն ու հեղափոխության էության ըմբռնումը: Առավելևս այս քվեարկությունը դառնում է ՔՊ ախտորոշումը, որովհետև եթե կային տարակուսողներ ու անհամաձայններ, որևէ կերպ իրենց տեսակետը հայտնի չդարձրին ելույթներով: Ստացվում է՝ ինչպես Սասուն Միքայելյանն է բանաձևել՝ «խմորումներ» են եղել: Գուցե տարօրինակ է, բայց միմյանցից անկախ ու միմյանց զուգահեռ Աննա Մարգարյանն ու Սասուն Միքայելյանը հրապարակային դարձրին ՔՊ-ի ոչ միայն ներքին խմորումները, այլև՝ հեղափոխության իրենց հրապարակած արժեքներին իրենց գործունեությամբ անպատրաստ լինելը ու մուտիլովկայի՝ հին հայկական ավանդույթին գլխովին տրվելը: Նրանք պատրաստ չեն լսել ճշմարտությունը: Այդպես ՔՊԿ համաժողովում վարչության անդամ չդարձավ կուսակցության հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանը, որ հանդգնել էր Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածուին դեմ քվեարկել, իսկ հետո հայտարարեց. «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում:Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։ Փաստացի՝ մարդ փոխելու խնդիր լուծող ՔՊԿ-ի համար մարդկանց փոխելու խնդիր լուծելու պատրաստ Աննա Մարգարյանը ձեռնտու թեկնածու չէր, որովհետև կարող էր անկախ լինել: Եվ՝ ՔՊԿ-ն արեց իր քայլը՝ մերժեց ինքն իրեն:


Իդեպ՝ ՔՊԿ-ում իշխող տրամադրությունների մասին խիստ բնութագրական է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատասխանը Սասուն Միքայելյանին: Երբ մարդ սկսում է փառաբանել իր «անմնացորդ նվիրումը» ու ակնհայտորեն ստում է, որ իր համար «գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը», հասկանում ես, որ նա ոչ միայն համեստությունից չի մեռնի, այլև չես հավատում, որ գործելու է «ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»։ Քաղաքացու մասին մեծատառով ֆեյսբուքում գրելու փոխարեն կյանքում պետք է քաղաքացուն տեսնել ու հարգել, առավելևս, որ ինքնամեծարմանը խառնում է նաև Աստծուն՝ «Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա»։ Վստահաբար՝ ժամանակը հազիվ թե հիշի, որ «անխոնջ զինվոր» Ռոմանոս Պետրոսյան է եղել, ու դա էլ կլինի գնահատական: Աննա Մարգարյան-Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան եռանկյունին շատ պարզ ցույց տվեց՝ ի՞նչ արժեքներ է արժևորում ՔՊ-ն, ի՞նչն է կարևորում ու ի՞նչ է մերժում: Ու այս ընթացքով Սասուն Միքայելյանը ճիշտ է դուրս գալու՝ թավշյա հեղափոխությունը դառնալու է թավշյա հեռացում: Բայց ոչ այնպես, ինչպես Սասուն Միքայելյանն է պատկերացնում՝ գերակայելու են «անխոնջ զինվորները», որոնց իշխանությունը դեմք դառնալու հնարավորություն է տվել ու նրանք ոչ մի դեպքում համաձայն չեն լինի դեմքը կորցնել:

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ