«Այս իշխանության դեմ ոչ միայն քրեական գործեր հարուցելու առիթներ կան, այլև ցուցմունքներ անգամ պետք չեն»
01.10.2019 | 00:20
Վերջին մեկուկես տարում ամեն օր սպասում ենք, թե վաղն ում են ձերբակալելու։ Քրեական գործերի տարափ է, իսկ թե դրանցից քանիսը տրամաբանական ավարտ կունենան, դժվար է ասել։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ իր դիտարկումներն է ներկայացնում իրավաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։
-Հանրության դատին ներկայացվեց դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը։ Ի՞նչ վերապահումներ ունեք այս փաստաթղթի առնչությամբ և ի՞նչ խնդիրներ եք տեսնում։
-Ռազմավարություն ասվածը բավականին ծավալուն փաստաթուղթ է ենթադրում, ունի բազմաթիվ շերտեր, ինչպես նեղ մասնագիտական տիրույթին վերաբերող, այնպես էլ լայն քաղաքական բնույթ ունեցող հարցերին։ Փաստաթղթին միանշանակ գնահատական տալը ճիշտ չէ, պետք է այն տարբեր մասերի բաժանել և քննարկել։ Եթե խոսքը վերաբերում է պետության դատաիրավական համակարգի շարունակականությունն ապահովող հատվածներին, դրանք ողջունելի են, քանի որ նախկինում ՀՀ-ի իրականացրած ռազմավարությունների տրամաբանական և սահուն շարունակությունն են։ Միևնույն ժամանակ նույն փաստաթղթում առկա են դրույթներ, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների, անցումային արդարադատության գործիք հանդիսացող հայտնի հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ, որոնց մասով, բնականաբար, վերապահումներ կան։
-Հրապարակի վրա են անցումային արդարադատության և վեթինգ անելու վիճահարույց թեմաները, այս փաստաթղթով դրանց իրագործման ի՞նչ ուղիներ են մատնանշված։
-Անցումային արդարադատությունը, լինելով լայն հասկացություն, կենտրոնացել է մի հանձնաժողով ձևավորելու վրա՝ անտեսելով մի շարք կարևոր հարցեր, որոնք քննարկման առարկա պետք է դառնան։ Այդ հարցերից են 1991-ից ի վեր անցկացված ընտրությունները, բանակում ոչ մարտական հերթապահության ժամանակ զինվորների մահվան պատճառների քննությունը և կառուցապատման հետ կապված խնդիրները։ Ինչ վերաբերում է վեթինգին, իշխանությունը վեթինգ է համարում մի բան, որն ամենևին էլ վեթինգ չէ։ Տերմինաբանության մեջ չեմ ցանկանում մտնել, բայց այն փոփոխությունները, որոնք ծրագրվել են, դեռ նախագահի կողմից պետք է ստորագրվեն։ Հույս ունենք, որ չեն ստորագրվի։ Այս առումով լուրջ խնդիրներ ենք տեսնում ինչպես սահմանադրականության, այնպես էլ քաղաքականության արդյունավետության առումով։ Անդրադառնալով անցումային արդարադատության հանձնաժողովին, այն համոզմանն եմ, որ այդ գործիքն արդյունավետ գործել չի կարող այն պարզ պատճառով, որ իշխանությունների մեղքով մեր հասարակությունն այսօր թշնամանքի խորացման փուլում է։ Այս պայմաններում խոսել հաշտեցման մասին մեթոդական տեսանկյունից առնվազն սխալ է։ Իսկ անցումային արդարադատությունը հաշտեցման տանող միջոց է։ Այս իրավիճակը բերում է այն համոզման, որ սա իշխանության համար հերթական գործիքն է լինելու՝ իրականացնելու իր քաղաքական նպատակները։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը անգամ սովորական գործիքակազմն է դարձրել իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց։ Քրեական դատավարությունը ոչ թե արդարադատություն նպատակ ունեցող գործընթաց է, այլ մարդկանց հնչեղ անուններով, գունեղ պատկերներով կերակրելու միջոց։ Միշտ ինչ-որ մեկի դեմ քրեական գործ է հարուցվում, մեղադրանք է առաջադրվում, մինչդեռ հաճախ շատ կասկածելի են այդ հրապարակումները։ Դրան հետևում է սոցիալական ցանցերով մեծ արշավ, իսկ մեր քաղաքացիներն էլ դրանից կարճատև երջանկության պաշար են ստանում։ Սա ոչ մի տեղ չտանող, ոչ մի արժեք չստեղծող ուղի է։ Այս ամենը հաշվի առնելով, պետք է արձանագրել, որ այդ ռազմավարության հիմնական ուղղությունը, ցավոք, այս միջոցներն են։ Այս տեսանկյունից փաստաթուղթը ենթակա է քննադատության։
-Ամեն օր հանրությունը սպասում է հերթական հնչեղ քրեական գործին, որի հրապարակումից անմիջապես հետո հակադիր կողմից հնչում է գնահատական, թե իրավականորեն խիստ թույլ կազմված գործեր են։ Այս ամենը հանրության ցանկություններին տուրք տալում ձև՞ է, թե՞ ամեն դեպքում կան ծանրակշիռ փաստերով կազմված գործեր։
-Մասնագետներս չենք կարող հալած յուղի տեղ ընդունել ոչ մեղադրող, ոչ էլ պաշտպանական կողմերի արտահայտած կարծիքները։ Երբեք չպետք է մոռանալ, որ քրեական հետապնդման մարմինները մեղադրանքի կողմ են ներկայացնում ու այդ տեսանկյունից շահագրգիռ են, իսկ պաշտպանող կողմն էլ իր շահագրգռությունների տիրույթն ունի։ Սակայն եթե վերլուծենք պատկան մարմինների հրապարակած տեքստերը և հաշվի առնենք նաև դրանց հրապարակման ժամանակահատվածը, թե ինչ բնույթի գործողությունների համար են մարդկանց մեղադրանքներ ներկայացվում, վստահությամբ կարելի է ասել, որ դրանք քաղաքական գործընթացներ են։ Սրա նպատակը հասարակության ցածր խավի շրջանում ունեցած աջակցությունը պահպանելն է, նրանց երջանկության պահերի ապահովումը։ Երբ փորձում ենք հասկանալ, թե մեղադրանքն իրենից ինչ է ներկայացնում, ինչ-որ պարզունակ, անհավանական բաների մասին է լինում խոսքը։ Ցանկացած քրեական դատավարության մասնագետ կհավաստի, որ դրանց ապացուցումը անհնարին կամ գրեթե անհնարին է հետագա փուլերում։ Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմիններն արդեն չեն էլ մտածում այս գործերի դատական հեռանկարի մասին, նրանց պետք է այսրոպեական արձագանք հասարակության կողմից՝ մի կում երջանկության ձևով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կարող է այս մեխանիզմն աշխատել։
-Դուք կապ տեսնու՞մ եք քրեական գործերի հրապարակման և իշխանության վարկանիշի անկման միջև։
-Միանշնակ այդ կապը կա։ Ավելին, այդ փոխպայմանավորվածությունը շատ հստակ երևաց, երբ անցյալ տարի հայտնի գաղտնալսումները հրապարակվեցին, հետևեց ՀՔԾ-ի և ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ ասուլիսը, հնչեցին այնպիսի տեղեկություններ, որոնք մեկ տարի անց էլ զարգացումներ չունեցան։ Կարելի է ասել, որ դրանք էլ քարոզչական գործիքներ էին: Արդեն մարդիկ մոռացել են, որ հունիսի սկզբին ձերբակալվեց ոստիկանության սպա Գեղամ Պետրոսյանը, երբ մեծ շուքով հայտարարվեց, որ Մարտի 1-ի զոհերից մեկի սպանողը նա է։ Հետո շատ ցածրաձայն, անաղմուկ նրան ազատ արձակեցին, ու կարծես բոլորը մոռացան այդ մասին։ Այս ամենը փաստում է, որ եղած վիճակը վաղուց դուրս է եկել իրավական շրջանակներից և վերածվել է քաղաքական գործառույթների։ Ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ միայն մեր պետության թիվ մեկ, այլև միակ գործառույթն է։ Իշխանությունները կարծում են, որ մեր քաղաքացիները պատրաստ են իրենց ակնկալիքների բավարարում համարել ոչ թե իրենց կենսամակարդակի բարձրացումը, այլ գունեղ տեսարաններով և հնչեղ անուններով քրեական գործերը։
-Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջովին բացահայտված է: Քրեական գործերի առնվազն կեսը Մարտի 1-ի շուրջ է պտտվում։ Ձեր կարծիքով, ի՞նչ չափով է այդ գործը բացահայտված, և ինչպիսի՞ արդարադատություն է իրականացվում այս առումով։
-Բազմաթիվ գործեր կան Մարտի 1-ի առնչությամբ։ Դատարանում է հիմնական գործը, բայց դա էլ անջատված է մայր գործից, որը դեռ նախաքննության փուլում է։ Բացահայտված լինել-չլինելը ոչ թե կարծիքի հարց է, այլ փաստի։ Եթե բացահայտված է, բա ու՞ր է բացահայտումը։ Եթե բացահայտված է, ուրեմն քրեական գործ նախաքննությունում չէր լինի։ Վարչապետի այդ հայտարարությունը հերթական հիմնավորումներից մեկն է, որ մեր քաղաքական իշխանություններն ունեն վարկած (չմոռանանք, որ նրանք Մարտի 1-ի հակամարտության կողմ էին), որը ոչնչով չի տարբերվում Մարտի 1-ի հակամարտող կողմերից մեկի ժամանակին ձևավորված, հետո անընդհատ քարոզվող վարկածից։ Սրանից կարելի է եզրակացնել, որ այս ողջ գործընթացի նպատակն այդ վարկածի լեգիտիմացումն ու պաշտոնականացումն է։ Բոլոր տեքստերը, որ քրեական հետապնդման մարմիններն են հրապարակում, այս կամ այն չափով փորձում են հիմնավորել այդ մոտեցումները՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իրավական լուրջ խնդիրներ կան, որոնք որքան ուշ աշխատեն, այնքան ցավոտ կլինեն պետության համար։ Եթե մեր ընդհանուր իրավասության դատական համակարգն ի զորու չլինի խնդիրներ լուծել, ապա ՍԴ-ին կփոխանցվի այն, եթե վերջինս էլ ի զորու չեղավ լուծել այն, այդ գործերը կտեղափոխվեն Եվրոպական դատարան։ Յուրաքանչյուր հաջորդ փուլը մեր պետության համար շատ ավելի ցավոտ է լինելու, որովհետև այս մակարդակի և որակի խնդիրներ, մեղմ ասած, հազվադեպ են պատահում եվրոպական տարածաշրջանում։
-Ի՞նչ ասել է՝ հազվադեպ են պատահում։
-Երբ տարբեր երկրների իմ գործընկերների հետ եմ խոսում և ներկայացնում, թե ինչ է կատարվել, օրինակ, մայիսի 20-ին, երբ վարչապետի հանձնարարությամբ դատարանների մուտքերն արգելափակվեցին, նրանք չեն հավատում։ Հետո համացանցում փնտրում են, ասում՝ կներես, չէինք հավատում քեզ։ Չեմ էլ պատկերացնում այս խնդիրներին, թե ինչ խստությամբ կարող են արձագանքել եվրոպական կառույցները։ Միջազգային քաղաքականությունը նաև բանակցային տարր ունի, հնարավոր է մեր եվրոպացի և այլ գործընկերներ իրենց գնահատականների խստությունը պայմանավորում են նաև այլ հարցերով։ Իսկ մեր պետությունն ինչու՞ պիտի հերթական անգամ հայտնվի ցավալի իրավիճակում և ստիպված լինի զիջումներ անել այլ հարցերում, ինչ է, թե մի քիչ մեղմ ձևակերպումներ ստանա Արևմուտքից։ Մենք տեսնում ենք այդպիսի գործընթացներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ, ինչը հիմա սառեցվել է, բայց մի օր այդ հարցը կրկին բարձրացվելու է, այլ հարցեր էլ են բարձրացվելու, որոնց մասին մենք կարող ենք գաղափար անգամ չունենալ։
-Ընդդիմախոսները հաճախ են շեշտում, որ իշխանությունից զրկվելուց հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների դեմ շատ քրեական գործեր կհարուցվեն։ Այս 1,5 տարվա ընթացքում նրանք հասցրե՞լ են այդքան օրենք ու սահմանադրական նորմ խախտել։
-Ոչ միայն քրեական գործեր հարուցելու առիթներ կան, այլև ցուցմունքներ անգամ պետք չեն։ Միայն համացանցից վերցված տեղեկությունը, մարդկանց հայտարարությունները բավարար են տասնյակ քրեական գործերի համար։ Ներկայիս իշխանությունն այնքան կարմիր գծեր է հատել, որ ամենևին անհրաժեշտ չի լինի ցուցմունքներ որոնել։ Համացանցում եղած տեղեկությունները ոչ միայն բավարար են քրեական գործեր հարուցելու, այլև դատավճիռներ կայացնելու կամ գործը դատարան փոխանցելու համար։ Սա շատ ցավալի է։ Սա լրացուցիչ լարում է ստեղծում մեր երկրում։
-Ասել է՝ մենք դատապարտված ենք անընդհատ քրեական գործերի մե՞ջ հայտնվելու։
-Ես քրեական դատավարության մասնագետ եմ, բայց չեմ ցանկանում, որ մեր երկրում իմ մասնագիտությունը լինի ամենապահանջվածը։ Իսկ իրականությունը, ցավոք, այդպիսին է։ Իշխանությունները կարիք ունեն հիշելու, թե ինչի համար էին հավաքվել։ Նրանք հաստատապես քրեական գործեր հարուցելու համար չէին հավաքվել, այլ լուծելու բազում խնդիրներ։ Մեր քաղաքացիներն ունեն լավ ապրելու ցանկություն, ինչի փոխարեն նրանք ստանում են հնչեղ անուններով հայտարարություններ։ Սերունդների նկատմամբ մեր պատասխանատվությունը, սակայն, մեզ թույլ է տալիս ասելու, որ դա չէ մեր պետության ճանապարհը։
-Իշխանությունն այսօր էլ կենտրոնացել է ՍԴ նախագահին հեռացնելու հարցի վրա։ Մշակված է նախագիծ, որը պետք է ներկայացվի ՍԴ, արդարադատության նախարարն էլ հայտնեց, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի առնչությամբ լուծումներ տրվում են։ Իշխանությունն այս պարագայու՞մ էլ կհատի Ձեր նշած կարմիր գիծը։
-Արդեն իսկ անօրինականություններ կատարվել են։ Ինչ վերաբերում է հարցին, թե մեր իշխանությունը ինչի է պատրաստ, մեր բարեբախտությունն է, որ շատ ենք ինտեգրվել միջազգային հանրությանը. եթե միջազգային այդ պարտավորվածությունները չլինեին, պետականությունը քանդող մոտեցումները վաղուց իրականություն էին դարձել։ Այսօր մենք դեռ հնարավորություն ունենք ամուր պահել իրավական պետության մեր դրոշը, որը սահմանադրական դատարանի, որպես ինստիտուտի, ձեռքբերումն է։ Այն փաստաթուղթը, որ ԱԺ-ն ներկայացրել է, ոչ միայն իրավունքից է հեռու, այլև, առանձին դեպքերում, էթիկայի կանոններից։
-Խոսքը Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապերի մասի՞ն է։
-Այո։ Իմ համոզմամբ, եթե որևէ չափանիշ ես սահմանում, պարտավոր ես առաջին հերթին ի ցույց դնել քո համապատասխանությունն այդ չափանիշին։ Մենք չենք տեսնում ԱԺ պատգամավորների քավոր-սանիկների հայտարարագրումը, այսինքն՝ հրապարակում, թե ովքեր են իրենց քավորներն ու սանիկները, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ստուգելու` նրանց արտոնություն տրամադրե՞լ են, թե՞ ոչ։ Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, որտեղ խոսքը ազգակցական կապերի, ամուսինների մասին է։ Մեր իշխանությունները բոլոր հնարավորություններն ունեին օրենքներում փոփոխություններ կատարել այս առումով, ինչու ժամանակին չարեցին ու հիմա են այդ հարցերը բարձրաձայնում։ Այս ամենի լույսի ներքո հիմք ունենք կարծելու, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։
-Այսօր շատերն են բարձրաձայնում, որ դատավորների վրա մեծ ճնշումներ կան։ Մտավախություններ չունե՞ք, որ ՍԴ դատավորների վրա էլ ճնշումներ կլինեն։
-Ոչ միայն մտավախություններ ունեմ, այլև վստահ եմ, որ այդ ճնշումները գործադրվում են։
-Փաշինյանի հայտնի որակման հանգույն՝ այսօր դատավորներին երկու տեսակի են բաժանում՝ «վնգստացողներ» և «չվնգստացողներ»։
-Այս բառապաշարը ոչ միայն պետության ղեկավարին, այլև քաղաքավարի մարդուն անհարիր է։ Չէի ցանկանա անգամ այդ քննարկումների մեջ մտնել։ Ինչ վերաբերում է ճնշումներին, դրանք մեծ են։ Բոլոր կայացած պետությունները դրա միջով անցել են, և այստեղ է, որ ձևավորվում են այնպիսի մարդիկ, որոնք օրինակ են դառնում սերունդների համար։ Գուցե սա մեր հնարավորությունն է հասկանալու՝ ով էր ամուր, ով ոչ, ով է արժանի, օրինակելի սերունդների համար, ով է մոռացվելու։ Հույսս այն է, որ սա այն քավարանն է, որի միջով մեր պետությունը պետք է անցներ՝ հնարավորություն ունենալով դառնալու աշխարհի դինամիկ զարգացող, իսկապես երջանիկ քաղաքացիներ ունեցող պետություն։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ