Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիտլերն ու Նժդեհը Աշխաբադում

Հիտլերն ու Նժդեհը Աշխաբադում
12.10.2019 | 08:39

ԱՊՀ-ն վաղուց արդեն դարակազմիկ որոշումներ չի կայացնում, բայց պարբերաբար հավաքվում ու նստում-խոսում են: Այս անգամ՝ Աշխաբադում: Ինտրիգը մեկն էր՝ կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը: Թեկուզ՝ վերելակում: Ստացվեց այլ պատմություն: Օրակարգում էր 1941–1945-ի Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, և Իլհամ Ալիևը սկսեց մանրամասներ պատմել… Հիտլերի կյանքից: Ինչպես են նրան ծննդյան օրը տորթ մատուցել՝ կենտրոնում շոկոլադի կույտով, որի վրա գրված է եղել «Բաքու»: Ու Ադոլֆը սկսել է ուտել շոկոլադը՝ իբրև նավթ, որ շուտով իրենն էր դառնալու: Բայց ադրբեջանցիները պայքարեցին ու հաղթեցին Հիտլերին: Որքանով է Ադրբեջանի նախագահի պատմական դիսկուրսը հավաստի, թող պատմաբանները դատեն, բայց Իլհամ Ալիևը շրջադարձ է արել դեպի Գարեգին Նժդեհ՝ բացահայտորեն ՌԴ նախագահին դուր գալու համար ու հիշելով՝ ինչպես էր ռուսական «Զվեղդա» հեռուստաալիքը «մերկացնում» «ֆաշիստ» Նժդեհին, իսկ ՌԴ ԱԳ մամլո խոսնակ Մարիա Զախարովան հիմնավորում նրա «ֆաշիստությունը» ու զարմանում, որ Երևանում Գարեգին Նժդեհին արձան են կանգնեցրել: Թեպետ եթե այդ արձանը տեսած լիներ, հաստատ Պետրոս Մեծի հետ էր շփոթելու: Ալիևը հայտարարեց, որ Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, որ այսօր էլ իր տեղում է, որ դա «ցինիկ քայլ» է: Իրականում դա Իլհամ Ալիևի «ցինիկ քայլն է»՝ կանխելու հնարավոր բանակցությունները և բանակցելու համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումը:

Կողքին նստած Ալիևին ՀՀ վարչապետը կարող էր հիշեցնել, որ ֆաշիստ ու ցինիկ են հենց իր հայրենակիցները, որ կացնահարում են քնած մարդուն, զինվորների գլուխն են կտրում, ծերերի՝ ականջները, կարող էր թվարկել, թե քանի մարշալ ու ծովակալ է տվել պատերազմին Արցախը, բայց նա ասաց. «Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչև 300 000 տղամարդ և կին: Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Իմիջիայլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել։ Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի և դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին։ Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։
Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։


Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»։ Իսկ հետո նրանք, դարձյալ կողք-կողքի նստած, երկու ժամ զրուցել են՝ ճաշի սեղանի շուրջ: Գուցե Հիտլերի մասին, գուցե ոչ այնքան: Պարզ էլ, որ այդքան երկար միմյանց հարևանությունը վայելելով՝ չէին կարող չխոսել Արցախի հարցից: Սպասենք հետևանքներին: Հավելեմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ իր ոճի մեջ՝ կոչ է արել համատեղ լուծել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները. «Միասին ենք եղել, միասին ենք պատերազմել, իսկ տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հետխորհրդային տարածքում: Որքան նման կոնֆլիկտ կա... Ինչո՞ւ մենք չենք լուծում այդ հարցերը: Եթե մենք ինչ-որ բանի ունակ ենք, պետք է լուծենք այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծենք ազնիվ, արդար ճանապարհով»: «Պետք չէ ստեղծել իրավիճակ, երբ պետք է օգնության դիմել օվկիանոսից այն կողմ՝ «օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: Եկեք մենք լուծենք այդ խնդիրները և չստեղծենք նորերը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աշխաբադում ՀՀ վարչապետը հանդիպեց նաև Թուրքմենիայի նախագահ Գուբանկուլի Բերդիմուհամեդովի հետ: Առաջին անգամ: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևի հետ: Դարձյալ՝ առաջին անգամ: Իսկ նիստի ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք նվիրեց՝ Վլադիմիր Կազիմիրովի «Արցախի խաղաղությունը»: Համենայն դեպս:
Երեկ Ստեփանակերտում Արցախի բարեկամների համաժողովում նախագահ Բակո Սահակյանը ասում էր. «Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մեջ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, որ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում», «Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»:
Այսպիսի «եռախոսություն»՝ Ալիև-Փաշինյան-Սահակյան: Դեռ հեռակա:

Դիտվել է՝ 5460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ