Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գյումրու ծերանոցը լուծարվեց

Գյումրու ծերանոցը լուծարվեց
19.10.2019 | 13:41

«Հայկական ժամանակը» գրում է. «Գյումրու հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատի աշխատակիցներն արդեն ստացել են աշխատանքից ազատման իրենց ծանուցագրերը: Ստացել, սակայն գործազուրկ դառնալու ապագայի հետ չեն համակերպվել: Ասում են պայքարելու են իրենց իրավունքների համար, քանի որ միանգամից փաստի առաջ են կանգնել: Այն, որ հաստատությունը լուծարվելու է, արդեն մի քանի ամիս իմացել են ընդամենը պտտվող խոսակցություններից: «Հաշմանդամների և տարեցների տուն-ինտերնատը պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանը: «Փաստորեն հիմնարկը կանգնեց փաստի առաջ, ճիշտ է, ինֆորմացիան, որ հնարավոր է նման բան լիներ, կար հուլիսից, սակայն ավելի շատ լուրերի տեսքով էր, այսինքն պաշտոնականն այսպես պետք է լիներ, որ լինեին քննարկումներ, մոտեցումներ, առաջարկներ, որևէ նմանատիպ բան չի եղել, եղել է ընդամենը ամիսը մեկ՝ մեկ նախադասություն, որ կարող է լինել էսպիսի բան: Երեկ փոխնախարարը, աշխատակազմի վարչության պետը և խորհրդականը ժամանեցին հիմնարկ: Մենք հույս ունեինք, որ կունենան բացատրություններ, առաջարկներ, խնդիրների քննարկում, բայց ոչ, դրա փոխարեն որոշման տեքստ ստացանք, որ լուծարվելու է: Ճիշտ է, եղան հավաստիացումներ, որ աշխատակիցների զգալի մասը կպահպանեն իրենց աշխատանքը նոր կառույցում, այսինքն կունենան արտոնություն աշխատանքի ընդունվելիս: Թոշակառուները միանշանական կզրկվեն աշխատանքից, վարչական մասի աշխատակիցները նույնպես, և դա առաջացրեց հիմնավոր բողոք, թե ինչու՞ է նման գլոբալ փոփոխությունը սկսվում հենց Գյումրիից»,- ասաց Արմեն Սարուխանյանը:


Լուծարումից հետո կառույցն ու շահառուները կմնան տեղում, ՊՈԱԿ-ը կվերանա: Նույն ծառայությունը կառավարության որոշման համաձայն, կմատուցի որևէ հասարակական կազմակերպություն: Թե որ կազմակերպության մասին է խոսքը, տուն-ինտերնատի տնօրենը չգիտի, սակայն հիմնավոր տեղեկություններ ունի, որ խոսքը Կարմիր Խաչի մասին է: Թե ինչու է նման որոշում կայացվել, Գյումրիում չգիտեն: Այնպես էլ չէ, որ այդ քայլով պետությունը խնայողության է գնացել: Գումարը, որը մշտապես տրամադրվել է տուն-ինտերնատին, նույնությամբ նախատեսում է, որ տրամադրելու է ծառայությունները մատուցող կազմակերպությանը: «Էստեղ կոլեկտիվի կողմից առաջարկ եղավ, որ լինեն մի քիչ արդարացի, կա ծրագիր, լավ: Տալ ժամանակ և հնարավորություն, որ հենց կոլեկտիվը բացի ՀԿ, գտնի հովանավոր և մասնակցի մրցույթին: Բայց պատասխանեցին, որ հուլիսից գիտեիք, անեիք: Այսինքն հուլիսի ասեկոսները մարդկանց ներկայացվում են որպես իրազեկման փաստ: Կոլեկտիվը չստորագրեց ծանուցագիրը, պահանջեցին շահագրգիռ մարդկանց գալ և ներկայացնել խնդիրը, ի վերջո մենք չենք պահանջում չեղարկել որոշումը, արդարացի մեր դերն ունենալու պահանջ ենք ներկայացնում: Փաստի առաջ պետք չէր կանգնեցնել, այլ մեզ էլ տային հնարավորություն բացել ՀԿ, մասնակցել մրցույթին: Կարող է և ստացվում էր: Էստեղ մեր խնդիրն այն է, որ կարելի էր մոդելը ստեղծել, ցույց տալ էֆեկտիվությունը, նոր անցնել նման քայլի»,- իրավիճակը վրդովված բացատրեց տուն-ինտերնատի տնօրենը:

Հաստատությունը ներկա պահին 71 աշխատակից, և 156 շահառու ունի: Երկու կողմում էլ խուճապ է: Աշխատակիցները բոյկոտի մեջ են, շահառուների մասը հացադուլով է սպառնում: Չեն ուզում, որ իրենց խնամողները փոխվեն: «Մի մասն ուզում են դուրս գալ հաստատությունից, մարդիկ կան հացադուլի որոշում են կայացրել, իրենք էլ չեն պատկերացնում այլ մարդկանց հետ իրենց խնամքը: Տարիների ընթացքում կոնֆլիկտների միջով անցել, մերվել, հարմարվել, իրար հասկացել են»,- ասաց տնօրենը: Նման որոշումն, ըստ տնօրեն Արմեն Սարուխանյանի, մեկնաբանվել է հետևյալ կերպ. կազմակերպությունը, որը ստանձնելու է Գյումրու հաշմանդամների և ծերերի տուն-ինտերնատի ծառայությունների մատուցումը, պատրաստ է մեծ ներդրումների: «Բայց, եթե այդքան բարեգործ կառույց է, որը տառապում է մեր տարեցների համար, թող հենց այնպես ներդնի այդ գումարը, եթե այլ ակնկալիքներ չունի, թող անի: Պարտադիր չէր, որ դրա համար կառուցվածքային և կազմակերպչական փոփոխություն լիներ: Հիմա ձևակերպումն արվում է այսպես. ամեն ինչ՝ շահառուների կյանքի որակը բարձրացնելու և մատուցվող ծառայությունների սպեկտրը ընդլայնելու համար: Հիմա կա մի ուրիշ հարց, իսկ ո՞րն է սպեկտրը, ինչ ծառայությունների մասին է խոսքը, որը մինչ այժմ չի մատուցվել ՊՈԱԿ-ի կողմից, կամ եթե լավ չի մատուցվում, եկեք քննարկենք ավելի լավացնենք: Բայց ոչ, կա հետևյալ մոտեցումը՝ անում ենք, լավ ենք անում»,- զրույցը եզրափակեց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանն ու ավելացրեց կոլեկտիվին ասել եմ բոլոր որոշումներում իրենց կողքին եմ:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ