Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաթիկ Սեյրանյան. «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է

Սաթիկ Սեյրանյան. «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է
19.10.2019 | 22:05

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։ «Մասնավոր հեռուստաընկերությունը պետք է մեկնաբանի՝ ինչու է գնացել այդ քայլին, որովհետև, ինչքան հասկանում եմ Անժելա Թովմասյանի խոսքից, հայտարարությունից, եղել են ճնշումներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։


«Անհասկանալի է, երբ դա այդ հեռուստաընկերության ամենառեյտինգային հաղորդումն է, որպես գործատու, ընկերությունը պետք է ամեն կերպ պահեր, սա նշանակում է, որ խնդիրը եղել է քաղաքական ու ընկերությունը ստիպված է գնացել այդ քայլին», - ասաց նա։ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ նախկինում էլ է եղել վտանգ, որ կարող է փակվել լրատվամիջոց կամ հաղորդում, բայց, այնուամենայնիվ, խնդիրը հաղթահարվել է։ «Խոսվում է աննախադեպ ազատության մասին, նշվում է, որ մամուլը երբևէ այսքան ազատ չի եղել, բայց ունենում ենք դեպք, երբ հեռուստաընկերությունը ստիպված է լինում քաղաքական ճնշումների ներքո հաղորդաշար փակել։ Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, թե ինչպես են մեկնաբանում սա հեռուստաընկերությունից, ի՞նչ խնդիրներ են եղել», - ասաց Ժուռնալիստների միության նախագահը։


Սաթիկ Սեյրանյանը վստահ է, կգա ժամանակ, երբ ողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։ «Հաշվի առնելով, որ հեռուստաընկերության ղեկավարն Ազգային ժողովում ներկայացված է որպես քաղաքական ուժի ղեկավար, կարծում եմ, որ հերքումներ կտեսնենք, բայց կգա ժամանակ, որ ամբողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։ Կարծում եմ, որ, այո, սա քաղաքական ճնշման հետևանք է, որովհետև որևէ հեռուստաընկերության ղեկավար իր ռեյտինգային հաողորդումը չի փակի։ Կարծում եմ՝ դժվարությամբ են գնացել այս քայլին, ուրիշ ձև չեն ունեցել, քան իշխանությունների ցանկությունը կատարելը», - ընդգծեց Ս. Սեյրանյանը։
Aysor.am-ը հաղորդման փակման հետ կապված փորձել է մեկնաբանություն ստանալ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանից։


«Հիմա հարմար չի տեղս, մեկ ժամից զանգեք», - երեկ մեզ հետ զրույցում ասել էր նա։ Երեկ ու այսօր նույնպես փորձել ենք կապ հաստատել Ադումյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել։ Անժելա Թովմասյանը երեկ հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ ««Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»-ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է», - ասել էր նա։


Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը, որը հաճախ հանդես է գալիս իշխանության քննադատությամբ, փակվում է, ըստ որոշ տեղեկությունների, կառավարության ներկայացուցիչների պահանջով:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ