Փոքրիկ վերլուծությունն իսկ արձանագրում է` այս իշխանություններն ընդունակ են շատ «հեռուն» գնալու լավ պլանավորված, հուժկու ներխուժումով` բոլոր թույլատրված ու չթույլատրված «տարածքներ»` այնտեղ սեփական իշխանությունը տարածելու, հանրությանն ու անհատներին տարրալուծելու, ախտահարելու համար:
Նկատենք` Մարտի մեկ, Ապրիլյան պատերազմ, հիմա էլ` Հոկտեմբերի 27: Ամենափխրուն, զգայական, ենթագիտակցական շերտեր ցնցող թեմաների անվերջ պտույտ: Իհարկե, կարելի է քաղաքական հարց ուղղել դրսի աշխարհից այս պլանավորումներն ընդունող իշխանություններին, թե` յավրիս, իսկ 1996-ի դեպքե՞րը, ձերբակալություննե՞րը, դրանից առաջ ՀՅԴ-ի «օֆիսների» քանդուքարափը, կուսակցության փակու՞մը` առաջին ու վերջին անգամ նորանկախ Հայաստանում, ինչու՞ եք մոռացության մատնել. չեք ասի՞ պատճառը:
Անիմաստ հարցեր: Իշխանություններն ունեն իրենց ծրագիրը և անշեղորեն իրականացնում են` քայլ առ քայլ: Սա իշխանություն է, որ կայանում է ոչնչացման, դիակապտության սինդրոմի վրա` խաղարկելով ժողովրդի ցածր, նսեմ բնազդները՝ ոչ մի տեղ չթողնելով բարձրի` բանականի համար: Սրանք սկսեցին մեծ շոուներով. «տեսարանների» առատությունը մնացել է, փոխվել է որակային կերպը. եթե իշխանության եկան կեղծ ծափ-ծնծղաներով. «սիրո» մասին հայտարարություններով, հիմա իրենց բուն գործին են` «շոու-սարսափներ» են բեմադրում: Հռչակվում են հանցագործ Արա Բաբլոյանը, Արսեն Բաբայանը, Հրայրը Թովմասյանը, բոլոր նրանք, ովքեր իրենց ձեռնտու չեն:
Իսկ ահա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հրեշը հենց հոկտեմբերի 27-ի նախօրյակին վաղաժամկետ ազատման դիմում է գրում: Օրինաչափ է: Իշխանությունը, որի կառավարման օրոք տրանսգենդերները հռչակվում են հերոսներ, «Ծռերն» ազատվում են բանտից, մեծ փողերով մեծ ֆիլմ է նկարվում սեռափոխվածի մասին, ինչու չպետք է Հունանյան-մարդասպանը դիմում գրի` շատ սիմվոլիկ ժամկետում, ինչու՞ նրան անմիջապես չպետք է այցի գնա Նիկոլ Փաշինյանի բոլոր դաժան-անհեթեթ քայլերի սազանդար, անհայտ ծագման, անհայտ սկզբունքների տեր, ԱՄՆ-ից Հայաստան բերված, հազար ու մի մեղքերի պատճառով դատապարտված, բանակում չծառայած մեկը:
Ի՞նչ խնդիր է լուծվում: Նույնը: Չէ` ոչ առաջին հերթին Քոչարյանի: Չմոռանանք` այս օրերին զուգահեռաբար հնչում է նաև Լիտվինենկոյի անունը: Սա ՌԴ հատուկ ծառայությունների այն սպան էր, որը բարձրաձայնել էր, թե «27»-ը ռուսական ծառայություններիր ձեռքի գործն էր. ինքը բրիտանական ազդեցության գործակալ էր դարձել՝ ըստ ռուսական մամուլի, մահացավ Լոնդոնում` պոլոնիումից (չխորանանք` երկար պատմություն է):
Խնդիրն այլ տեղ է. փորձ է արվում վերաբացել «27»-ի գործը: ՈՒ կբացվի, չկասկածեք: Հիմա «մշակվում» է Հունանյան-հանցագործի կերպարը, որպեսզի «արտաբերի» անհրաժեշտ մտքեր` ընդդեմ Քոչարյանի, ընդդեմ Ռուսաստանի: Կարտաբերի՞: 20 տարի բանտում անցկացրած, արյան մեծ նախճիրի մեջ թաթախվածից հնարավո՞ր է այլ բան սպասել: Ով` ինչպես:
Սկզբի համար անհրաժեշտ է բարձրաձայնել, որ նա ադեկվատ է (20 տարին ու նախճիրը նրան չեն խանգարել): Հաջորդիվ` թիրախի տակ է առնվում Վազգեն Մանուկյանը: Սա ընդհանրապես հետաքրքիր «դեպք» է. ինչու՞ են հատկապես նրանից սկսում: Շատ պարզ. այսօր վերջինս ղեկավարում է Հանրային խորհուրդը` խիստ ընդդիմադիր կեցվածք դրսևորելով, ինչպես նաև հանդիսանում է «ակսակալների» առանձին խմբի անդամ: Սրանք առանձնակի հետաքրքության «թեմաներ» են, սակայն բուն «թեման», ինչպես Քոչարյանի, ինչպես Արսեն Բաբայանի դեպքում (տեղեկություն կա, որ Նիկոլի բանտում գտնված ժամանակ Արսեն Բաբայանը քրեակատարողական վարչության խոսնակն էր, և Նիկոլի հրապարակավ բողոքը, թե քրեակատարողականի աշխատակիցներն իրեն «ճնշում» են, Արսեն Բաբայանը համարել էր` «Նիկոլի տեսած երազ». ոչինչ չմոռացող Նիկոլը սա էլ չէր մոռանա), մնում է Վազգեն Մանուկյանը, որ տարիներ շարունակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կոկորդին մնացած մեծ սեպ:
Հիմա, երբ Քոչարյան-«սեպի» նկատմամբ քայլերի կասկադն արվել է, ժամանակն է մյուս «սեպը»` Վազգեն Մանուկյանին ևս անկյուն քշել, «փռել ասֆալտին» այնպես, որ լավ հիշի` ինչպես էր ժողովուրդը բացականչում` «Վազգեն-նախագահ»:
Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին երկիրը գլխատածին «հիշելու» գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական «հետքի» վրա «դուրս գալն» է: Դանդաղ են մոտենում «ադեկվատին», որովհետև եթե միանգամից նման «արտահոսքը» սկսեն պտույտի մեջ դնել, քարերը կաղաղակեն, ամերիկաներից Հայաստան եկած անհայտ ծագման քաղաքական գործիչը խաղը տանուլ կտա:
Աբսուրդն այլ տեղ է. 27-ի վերաբացման համար պայքարում են արևմտյան «ժողովրդավար», ԱՄՆ-ից եկած «հաճախորդ-այցելուն» և, որոշ գնահատումներով, ՌԴ «ГРУ»-ի գեներալ Վաղարշակ Հարությունյանը:
Այս մասին՝ հաջորդիվ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ