Գրիգոր Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող գետնանցումը անմխիթար վիճակում է անհիշելի ժամանակներից: Ներկա վիճակն արդյո՞ք վտանգ չի ներկայացնում անցորդների համար: Նախատեսվու՞մ է վերանորոգում, ու՞մ կողմից և ինչպե՞ս է հետագայում այն օգտագործվելու: Ի՞նչ է սպասում «Փակ շուկայի» դիմաց գտնվող գետնանցումին, որտեղ դադարեցվել է առևտրականների գործունությունը: Երևանում քանի՞ գետնանցում կա, և քանիսն ունեն վերանորոգման կարիք: Սրանք հարցեր են, որ շատերին են հետաքրքրում, պատասխաններն էլ փորձել ենք ստանալ Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետարանի 2019 թ. աշխատանքային ծրագրերի շրջանակներում Գրիգոր Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի գետնանցումի վերանորոգման համար պատվիրվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Դրանց պատրաստ լինելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ շինարարական աշխատանքների իրականացմանը՝ ընդգրկելով գործընթացը առաջիկա տարիների ծրագրերում»,- ասվում է պատասխանում:
Իսկ ահա նախկին «Փակ շուկայի» դիմաց գտնվող գետնանցումի նախկին վարձակալի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է: Ասվում է. «Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի 2019 թ. աշխատանքային ծրագրերն ավարտման փուլում են, վերոնշյալ գետնանցման նորոգման հարցը կներկայացվի 2020 թ. ծրագրերի քննարկմանը և, հաստատվելուց հետո, կպատվիրվեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր»:
Կարելի է ենթադրել, որ սայլը տեղից շարժվում է: Առայժմ միայն այդքանը: Երբ ասվում է՝ առաջիկա տարիներին, հասկանում ես, որ դեռ երկար ես անցնելու-դառնալու գարշահոտով լցված անցումով: Գրիգոր Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի գետնանցումում լուսավորության հարցը, կարելի է ասել, լուծվել է, բայց լապտերներն ավելի են սրում տխուր տեսարանը: Անվտանգությանը վերաբերող հարցը շրջանցվել է, հավանաբար հարցն անտեղի է. վտանգ չկա, քայքայված վերնամասը գլխիդ շուռ չի գա: Կարող ենք դժգոհել միայն անհաճո տեսարանից ու անբազրիք աստիճաններից, որոնցով իջնել-բարձրանալը, հատկապես ձմեռան ամիսներին, հատկապես՝ մեծահասակներին, չի խրախուսվում:
Պետական միջոցներով, թե մասնավորի ձեռամբ՝ քաղաքի սրտում գտնվող գետնանցումները վաղուց, շատ վաղուց սպասում են պատշաճ տեսք ունենալու իրենց հերթին:
Հավելենք, որ Երևանում 40 ստորգետնյա անցում կա: Քաղաքապետարանի պատասխան-նամակում մասնավորապես ասվում է. «Երևանի քաղաքապետարանի 2019 թ. աշխատանքային ծրագրերի շրջանակներում թվով 3 գետնանցումների վերանորոգման աշխատանքների մրցութային գործընթացը կայացել է, ներկայումս կապալի պայմանագրերը կնքման փուլում են: Մնացած անցումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով պարբերաբար կատարվում են շրջայցեր, որից հետո, ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության, կատարվում է խնդիրներ ունեցող անցումների հաշվառում և ըստ այդմ՝ վերանորոգման համար պատվիրվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ