Սերժ Սարգսյանի «կոստյումի», ապա և տան մեջ «խցկված» Փաշինյանի կիրակի գիշերով «անհապաղ» լայվը Ղարաբաղի «մասին» խիստ անհանգստացրեց։ ՈՒրեմն` ինչ-ինչ լուրջ զարգացումներ են ընթանում, որ այդ ուշ ժամին` կիրակի օրով, մարդը որոշել է անդրադառնալ Արցախյան հիմնահարցին՝ փորձելով կանխել ինչ-ինչ զարգացումներ: Շատ հեռու նայողներն էլ անմիջական կապ գտան` բովանդակությամբ ռուսաստանյան ուժայինների ներկայացուցիչ, իրականում խիստ հումանիտար պաշտոն զբաղեցնող ՌԴ Պետդումայի ղեկավար Վոլոդինի Հայաստան այցի հետ` մի կողմից, մյուս կողմից` ՌԴ ԱԳ նախարար հայազգի Սերգեյ Լավրովի Հայաստան այցի հետ, և այդ ամենը հզոր «կալիբրի» խաղացող Շոյգուի այցից մի փոքր անց, ու փիքր արեցին` ինչ-որ բան այն չէ:
ՈՒշի ուշով հետևելով Փաշինյանի գիշերային լայվին, որը, ի դեպ, նախորդում էր Վեհափառ Հայրապետի 20-ամյա գահակալությանը Փաշինյանի կողմից «ոչ մի» անդրադարձին, «սեփական» վայրերում բնկալելու հպարտ սովորությանը, իր առանձնատան «տնօրհնեքին», հասկանալի դարձավ՝ լայվն ու կիրակնօրյա ասելիքը «ոչ մի բանի» մասին էր, իսկ իրականում` Հայրապետովին էր «նվիրված». նախ` բացառելու, որ կիրթ Ալիևն իրեն ամենևին էլ փաստաթուղթ-նամակ չի փոխանցել «լիֆտում», ձեռքի հետ էլ՝ «մնացյալին»:
Պարտավոր ենք ձգել պաուզան, որովհետև օրերս ոչ անհայտ, Ղարաբաղյան հարցում Փաշինյանի ընդդիմախոս գեներալ Վիտալի Բալասանյանը պնդել է, որ «փաստաթուղթ-նամակ» է փոխանցել Ալիևը Փաշինյանին` վերելակում, և եթե Փաշինյանը չասի՝ դա ինչ փաստաթուղթ է, մարդիկ կլինեն, որ կբարձրաձայնեն:
Եվ ուրեմն, հերթական անգամ անդրադառնալով ղարաբաղյան զարգացումներին, լայվի դուրս եկած Փաշինյանը, մոռանալով, որ խնդրո առնչությամբ իր վերջին պնդումը եղել է` «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը, ինչի առնչութամբ կուչ ու ձիգ էր «լինում» պարոն ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը` «HARDtalk»-ի հաղորդավարի առաջ (նույնի առնչությամբ էլ նախորդել էին Սերգեյ Լավրովի` «իյա, իրո՞ք» ժանրում հարցադրումները), և ուրեմն, «մոռանալով», որ ինքը նման բան է ասել, տնօրհնված Փաշինյանն ասաց` Դուշանբեի «հայտնի քննարկումներից» հետո լարվածությունը հակամարտության գոտում թուլացել է:
Ներեցեք` ո՞ր «հայտնի քննարկումներից հետո». վերելակի մի քանի րոպեանո՞ց:
Պարոն, լարվածությունը թուլացել է, որովհետև Ադրբեջանը Ղազախի ու Նախիջևանի կողմից իր դիրքերն էր առաջ բերում (երեկ էլ այդ մասին արբանյակային` տիեզերական հետազոտության փաստարկ դրեց Ձեր «սեղանին» «Բելինքեթ» կայքը):
Ապա և ասում եք` «դինամիկա կա բանակցություններում, այն փակուղում չէ»: Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ սա արտասանվում է արտաքին ականջի, հատկապես Հայաստան եկող Լավրովի և յուր «Լավրովյան ծրագրի» համար:
Ներեցեք, պարոն Փաշինյան, այդ Դուք և ԱԳ նախարար Մնացականյանը չէի՞ք, որ հակաճառում էիք Մամեդյարովին` պնդելով, թե «սեղանին» քննարկվող փաստաթուղթ չկա, այդ «ինչի շուրջ» է դինամիկան արձանագրվել. Ճանաչողական մանյովրի՞, թե՞ Ադրբեջանի` դիրքերն առաջ բերելու:
Եվ վերջապես, Դուք այդ ամենն ասելուց հետո, շատ «չքնաղ» սղացնում եք՝ կարելի է և հանրաքվե անցկացնել:
Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ հարցերի շուրջ: Հասկանալի է, չէ՞, սա էլ ասվում է ամերիկյան ականջի համար` «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպման հանգույն:
Պարոն Փաշինյան, հասկանալի է, Դուք սպասում եք Արցախյան Ձեզ համար նախընտրելի թեկնածու, հայաստանյան սորոսյան շրջանակների հետ բուռն աշխատող, այս օրերին ԱՄՆ «տարված», բլիթային լուրջ «էքսկուրսիայի» ենթարկված Արցախի ԱԳ նախարար Մայիս Մայիլյանի ընտրվելուն` Արցախի նախագահի պաշտոնում (կարծում եք` թույլ կտա՞ն, Ձեր առգրաված տան պատերին հարցրեք այդ մասին, նրանք ավելին գիտեն, քան Ձեր ազատականացվող ԱԱԾ համակարգն ամբողջովին վերցրած):
Եվ ուրեմն, ամերիկաներում «պտտված» Մայիլյանը կընտրվի, կհեշտանա արցախյան «կողմի» հետ «չդավադրությամբ» հարցեր կարգավորելը` «Արցախը Հայաստան, և վերջ» ինքնիշխանության բացասման թեզը կյանքի կոչելու գործը: Եվ` վերջ:
Դրա՞ համար եք ասում՝ Արցախի ու Հայաստանի տեսակետները Արցախյան հարցում նույնական են:
Կարծու՞մ եք։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ