ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Խառն են Վրաստանում ու Իրանում

Խառն են Վրաստանում ու Իրանում
19.11.2019 | 13:14

Թբիլիսիի ոստիկանները վերացրել են ցուցարարների վրանները և փորձել են նրանց հեռացնել խորհրդարանի շենքից՝ ջրցանների օգնությամբ: Խորհրդարանը արգելափակել են ընդդիմության արտահերթ ընտրություններ պահանջող ներկայացուցիչները: Տասնյակ մասնակիցներ փորձել են դիմադրել ոստիկաններին:


Վրաստանի ՆԳՆ հաղորդել էր, որ ակցիայի ընթացքում 18 մարդ կալանավորվել է՝ ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության մեղադրանքով: Հակառակ ջրցանների՝ մարդիկ չեն հեռացել խորհրդարանի շենքից ու շարունակել են հանրահավաքը: Մինչև հատուկ գործողությունը սկսելը ոստիկանությունը 30 րոպե ժամանակ է տվել, որ հեռանան խորհրդարանի տարածքից: Ցուցարարները հատուկ ջոկատայիններին դիմավորել են վեր բարձրացրած ձեռքերով՝ ի նշան իրենց խաղաղ մտադրությունների: «Մենք դեմ ենք բռնությանը» հայտարարում էին նրանք բարձրախոսով: ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով ընդդիմության ղեկավարներից դադարեցնել անօրինական գործողությունները: Ընդդիմության ղեկավարները հրաժարվել են կատարել ոստիկանության պահանջները: «Մենք ունենք ժողովրդի մանդատը, որ գտնում է՝ գործող խորհրդարանը կարող է աշխատանքը վերսկսել միայն կառավարության հրաժարականով և արտահերթ ընտրությունների նշանակումով համամասնական ընտրակարգով»՜ լրագրողներին ասել է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն: Թբիլիսիում ցուցարարները պահանջում են խորհրդարանը ցրել և արտահերթ ընտրություններ նշանակել:


Բողոքները սկսվեցին, երբ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն՝ հաջորդ ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգ էին պահանջում հունիսին բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները և ամռանը իշխող կուսակցությունը խոստացավ, որ 2020-ի հոկտեմբերի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, սակայն խորհրդարանում օրինագծի ընդունմանը 12 ձայն պակասեց: Հիմա խորհրդարանական ընտրությունները Վրաստանում խառը ընտրակարգով են անցկացվում: Հաջորդ խորհրդարանում էլ 77 պատգամավորներ կընտրվեն համամասնական, 73՝ մեծամասնական ընտրակարգով:
BBC


Հ.Գ. 12 պատգամավորի «պակասելը» ընդդիմության գնահատականով պատահական չէր: Իրականում Բիձինա Իվանիշվիլին ձևական է խորհրդարան բերել օրինագիծը, որով 100 տոկոսանոց ընտրակարգ ու ընտրության 3-տոկոսանոց շեմի վերացում էր նախատեսված: Նոյեմբերի 14-ին օրինագծի տապալումը պայմանավորում են «Վրացական երազանքի» վախով, որ հաջորդ խորհրդարանում համամասնականով կարող է մեծամասնություն չստանալ:
Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագիտակյան ներկայացուցչությունները համատեղ հայտարարությամբ դիմել են իշխանություններին. «ԱՄՆ-ը և ԵՄ-ն անհանգստացած են սահմանադրական բարեփոխումների ձախողմամբ, որն անցած հինգշաբթի մեծացրեց անվստահությունն ու լարվածությունը «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության և այլ քաղաքական միավորումների և քաղաքացիական հասարակության միջև ... Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի իրավունքը՝ ազատ հավաքների և խոսքի արտահայտման հարցում: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել՝ ելնելով երկրի շահերից», - ասվում է նրանց հայտարարության մեջ:


«Ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությանը համապատասխան, սահմանված ժամկետներում, բարձրագույն ժողովրդավարական չափանիշներով և միջազգային հանրության ներգրավվածությամբ»՝ հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխող ուժի անդամները, այդ թվում՝ խորհրդարանի փոխնախագահ Թամար Չուգոշվիլին, նրանք քվեարկությունից հետո լքել են խորհրդարանական մեծամասնությունը և հրաժարվել պաշտոններից:
Բիձինա Իվանիշվիլին քվեարկության տապալումից հետո հայտարարեց, թե իր նախաձեռնությունը ձախողել են բացառապես «Վրացական երազանք» խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամները:


Միաժամանակ մեր երկու հարևանները խառնվել են իրար՝ Վրաստանում 2020-ի ընտրությունների պատճառով, Իրանում՝ բենզինի գնի թանկացման: Թեպետ հեռուստաուղերձով Իրանի հոգևոր առաջնորդը դիմեց ժողովրդին և պաշտպանեց կառավարությանը, բողոքի ակցիաները շարունակվեցին: Ոստիկանության հետ բախումներում արդեն 27 զոհ կա: Բողոքի ակցիաներ են 93 քաղաքներում: Ցուցարարներն այրել են Քերեջ քաղաքի բանկերը: Ավերածություններ են նաև Թեհրանում և Ղոմում: Իրանի կառավարությունը որոշել է բարձրացնել բենզինի գինը 50 տոկոսով, զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 15-ին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին ԱՄՆ-ի հայտարարությունը համարել է ներքին գործերին միջամտելու փորձ: Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ