2019-ի Հայաստանը. արտաքին քաղաքականություն
14.01.2020 | 04:01
2020 թ. հունվարի առաջին օրերի դիրքից նայելով անցած տարվան՝ տեսնում ենք, որ 2019 թվականը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության ճահճացման տարի։ Ինձ կարող են առարկել. ի՞նչ եք ասում, այնքան մեծ նվաճումներ են եղել... Բայց ես չեմ եղել «լևոնական» քաղաքականության երկրպագու, այժմ էլ «նիկոլական» քաղաքականության հետևորդ չեմ։ Իհարկե, կարող են բազմաթիվ «ապացույցներ» բերել. առաջին անգամ Հայաստանը Cy-30 CM ինքնաթիռներ, այլ կարգերի նորագույն զենքեր ունի։ Գաղտնիք հայտնեմ. դա կոնկրետ կառավարության վաստակը կամ գերվաստակը չէ, այլ ԱՊՀ ՀԱՊԿ դաշինքին անդամակցելու, հայ-ռուսական «Մեծ պայմանագրի» անխզելիության, ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքն է։ Կարճ ասած, դա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության որոշումների, ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքն է։ Ժամանակն է, որ մեր երկրի նույնիսկ ամենահակառուս քաղաքացին հրապարակավ խոստովանի դա։ Ի դեպ, Ռուսաստանը երբեք չի արգելել, որ Հայաստանը ձեռք բերի ինքնաթիռներ, տանկեր և այլն։ Մտադիր չեմ այժմ բացատրելու ընթերցողներին, թե Հայաստանի իշխանությունները ժամանակին ինչու էին շեշտը դնում մարտական գրոհային և կործանիչ-կալանիչ ինքնաթիռների ձեռքբերման, ՀՕՊ և ՀՀՊ միջոցների էշելոնացված համակարգի ստեղծման վրա։ Հետաքրքրվողները կարող են համացանցում ցանկացած տեղեկություն գտնել Cy-30 ինքնաթիռի բոլոր ձևափոխությունների մասին և իմանալ, թե ինչի համար է այն։ Միաժամանակ իմանալ, թե ինչ արժե՞ այդպիսի մեկ ինքնաթիռը և համեմատել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի հրթիռային կայանքների գների հետ։
Այդ մարդկանց խորհուրդ ենք տալիս՝ խիզախություն հանդես բերել և արտահայտվել։ Բայց դժվար է Ռուսաստանից սպառազինության ձեռքբերումը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության մեծ նվաճում։ ՌԴ-ն երբեք մեզ չի մերժել սպառազինության ու ռազմամթերքի ձեռքբերման հարցում։ Եվ, ընդհանրապես, դա ավելի շատ ռազմատեխնիկական ոլորտ է, քան՝ զուտ արտքաղաքական։
Ի՞նչ կարիք կա պարծենալու ՀՕՊ-ի «Top» կամ «Квадрат» համակարգերով։ Չէ՞ որ Հայաստանի բնակչությունը գիտի, որ նախկին իշխանությունների օրոք էլ մեր երկիրը և C-300, և «Իսկանդեր» կայանքներ է ստացել։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն ընդհանրապես ոչ ոքի «Իսկանդերներ» չի վաճառում։
Այնուամենայնիվ, խոսենք ոչ թե քարոզչության, այլ արտաքին քաղաքականության մասին։ Երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերն են աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը և Արցախյան հիմնախնդրի կարգավորումը։ Ազնիվ կլինե՞նք ինքներս մեր առաջ, թե՞ պոչ կխաղացնենք «ժողովրդական կառավարության» առաջ, որը ողջ ժողովրդին չի ներկայացնում, ամենագլխավորը. Հայաստանի շարքային ընտրողների մեծամասնությունը չի ներկայացնում։ Հեղինակը գերադասում է ազնվությունը, ո՛չ թե «պաշտոնի սպասումը», և ո՛չ էլ «պարգևա-վճարը»։ Սկսենք Արցախից, կարգավորումից։ Արցախի հարցով բանակցություններում 2019 թ. որևէ դրական տեղաշարժ չի եղել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը «ՄԽ» և բոլոր բանակցողները չգիտեն հիմնախնդրի ծագման իրական պատճառները և թե որ ուղիով պետք է առաջ շարժվել, ինչ որոշումների հանգել։ Սակայն դժվար է պատկերացնել, թե դա չգիտեն կամ չեն ուզում իմանալ Հայաստանի իշխանությունները։ Այլ կերպ ինչպես կարող էինք հասնել այն բանին, որ երբ նոյեմբերին Երևան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ապա նա և՛ որպես ծագմամբ հայ, և՛ որպես ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար, մամուլի կոնֆերանսում մեր քաղաքացիներին սկսեց հիշեցնել Արցախի Հանրապետություն-ԼՂՀ-ի միջազգային սուբյեկտ լինելը։ Բանակցությունները «հանուն բանակցությունների» կարող են ընթանալ դեռ 100-150 տարի։ Լավրովն ինչու՞ սկսեց հիշեցնել։
Մեկ պատճառով.
1» փակել երևանյան ռուսատյացների բերանները և կրկին ապացուցել, որ չկա ոչ մի «Լավրովի պլան»,
2» հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի համար ամենախոշոր դրական արդյունքները եղել են միայն այն ժամանակ, երբ Արցախ-ԼՂՀ-ն ինքնուրույնաբար մասնակցել է կարգավորման անմիջական բանակցություններին։ Պարզապես Երևանում այժմ չեն ուզում դա հիշել։
Բանակցությունների ընթացքի մասին մեր ունեցած նախնական տեղեկությունները քիչ են։ 2019 թ. մենք մի քանի անգամ հարցրել ենք Հայաստանի զինված ուժերի հիմնադիր, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքը։ Եվս մեկ անգամ դիմենք նրան։ «Պետք է հարցն այսպես դնել. ինչու՞ է այդ ամենը կատարվել։ Ալիևի և Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք երեխա չենք, հասկանում ենք, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպում են, բայց ԵԱՀԿ-ից ոչ մեկը դրանց չի մասնակցում, ապա դրանք բանակցություններ չեն, ես չեմ վստահում այդ բանակցություններին,- նշել է գեներալը։- Նման ձևաչափով հանդիպումներից հետո Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը պատրաստվում է տարածքներ հանձնելու, իսկ Ադրբեջանում Ալիևին կմեղադրեն զիջողականության մեջ»։ Գեներալը համոզված է, որ Ադրբեջանի պես ագրեսորի հետ չարժե բանակցություններ վարել. «Ոչ ոք չգիտի, թե ինչ են խոսում։ Ենթադրենք՝ ես վստահում եմ վարչապետին, բայց չէ՞ որ Ադրբեջանում էլ վստահում են Ալիևին։ Ոչ ոք չգիտի, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, ինչ ուղիով կգնանք, կամ ինչ մեխանիզմով կգտնվի երեք կողմերի համար ընդունելի որոշումը։ Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի ու Ալիևի հանդիպումները կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ»։ Գեներալի ասածին ավելացնենք. «ժողովրդական կառավարության» երեխաները և նրանց հետևորդները Ստեփանակերտում են։ Իսկ բնության մեջ չկա այնպիսի լուծում, որը հավասարապես բավարարի բոլոր երեք կողմերին։ Եվ հարցը ոչ թե հակամարտությունը վերջացնելն է, այլ արցախյան հիմնախնդիրը լուծելը։ Այսինքն՝ անկախ հանրապետության պետական ու իրավական կարգավիճակի ամրապնդումը՝ առանց «ադրբեջանցիների» մասին որևէ հիշատակման։ Դա է Արցախի հիմնախնդրի էությունը։ Խնդրի երկրորդ մասը հասկանալի է. 1991-94 թթ. ռազմական հաղթանակները չպետք է վերածվեն Հայաստանի և Արցախի դիվանագիտական պարտությունների։
Այսպիսով, բնության մեջ չի կարող այնպիսի որոշում լինել, որը բավարարի և՛ Երևանին, և՛ Բաքվին, և՛ Ստեփանակերտին։ Եվ ներկայիս իշխանության առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի մայրաքաղաքից այլևս կիսաանգիտակցական թոթովանք չհնչի «հայ և թուրք ժողովուրդների բարեկամության» մասին։ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով, գնդակոծությունները և սադրանքները, հատկապես արցախ-ադրբեջանական սահմանին, շարունակվում են 90-ականներին սխալմամբ ստորագրված փաստաթղթի պատճառով։ «Ցավոք, նախագահն ինձ չներգրավեց փաստաթղթի ստորագրմանը. ես մնացի հրամանատարական կետում։ Գրեցին «համաձայնագիր հրադադարի մասին», իսկ ի՞նչ է «հրադադարը»։ Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, ու հանկարծ ասում ենք՝ եկեք դադարեցնենք կրակը։ Անհրաժեշտ էր ստորագրել բոլորովին այլ փաստաթուղթ, պետք էր խոսել կապիտուլյացիայի և Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, չէ՞ որ Ադրբեջանը հարձակվել էր Ղարաբաղի վրա, մտադիր էր գրավելու այն, հետո Զանգեզուրը, Նախիջևանից հարձակվելու Երևանի վրա»,- նշել է գեներալը։ Ո՞ր նախագահը։ Այն նույնը, որով ուսանողական տարիներին հիանում էր և հավանաբար շարունակում է այժմ էլ հիանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դավաճանը և վախկոտը, թրքասերը... Այնուհետև Նորատ Տեր-Գրիգորյանցը նշում է, որ այժմ Արցախում առկա է նոր հարձակման վտանգ, քանի որ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ատելության քարոզչությամբ, ժողովրդին պատրաստում է պատերազմի։ «Ալիևն ընտանիքով կթաքնվի ապաստարանում, իսկ մարդկանց կուղարկի զոհվելու. նրա համար մարդիկ ոչինչ չարժեն,- հայտարարեց գեներալը՝ հիշեցնելով, որ պատերազմի դեպքում գործողությունների թատերաբեմ կդառնան լեռները, և գրագետ քայլերի դեպքում թշնամին կոչնչացվի, նման ճակատագրի կարժանանա նաև նավթամուղը անօդաչու սարքերի միջոցով։- Տեսանք, թե ինչ կատարվեց Սաուդյան Արաբիայում։ Թող Ադրբեջանը մի լավ մտածի. նրան ձեռնտու չէ պատերազմը որևէ մեկի հետ»։ ՈՒ թեպետ գեներալը չասաց, թե ինչու է հիմա պատերազմի վտանգը մեծացել, հասկանալի է՝ առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը չունի Արցախի հարցով քաղաքականություն և նախկին տարիների ռազմական հաղթանակները հետևողական քայլերով ամրապնդելու ցանկություն։ Այսինքն, տիպիկ «լևոնականություն» է, և իզուր չէ, որ Արցախի նախագահի թեկնածու, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Փաշինյանին մեղադրել է, որ Արցախի հարցին նրա մոտեցումը նույնն է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանինն էր։
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Նորատ Տեր-Գրիգորյանցը միայն քննադատում էր, ասենք, որ նա նաև նշել է, որ, որպես ԶՈՒ-ի հիմնադիրներից մեկը, ինքը շատ գոհ է ՀՀ պաշտպանական գերատեսչության աշխատանքից, ընդգծել է Cy-30 CM բազմաթիրախ գերժամանակակից ինքնաթիռների ձեռքբերման կարևորությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանի ԶՈՒ-ն համալրվել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ռուսական արտադրության գերժամանակակից համակարգերով։ Չենք վիճարկի վաստակաշատ գեներալի ասածը, միայն մի դեպք հիշեցնենք անցած տարիներից, երբ նույնպես բազմաթիրախ ու ամենեղանակային ԾՌթ-29 կործանիչ-կալանիչներից մեկը Գյումրու օդանավակայանից վերթիռի և բարձրություն հավաքելու ժամանակ գործնականում խախտել էր Թուրքիայի սահմանը, իսկ ոչ պակաս փորձառու ռուս օդաչուներից մեկը զոհվել էր՝ մխրճվելով ժայռերի մեջ։ Այն բանից, որ ԾՌթ-29-ի փոխարեն բարձրություն պետք է հավաքեն Cy-30 CM-երը, Հայաստանի լանդշաֆտն ու սահմանափակ տարածքային պայմանները չեն փոխվի, բացի այդ, մենք չունենք բավարար քանակով փորձառու օդաչուներ։ Նրանց պետք է պատրաստել, իսկ դա մի քանի օրում կամ նույնիսկ 2 տարում չի լինում։ ՀՕՊ-ի «Top» կայանքներն էլ գերնոր չեն. գերնոր են C-400-ը կամ նույնիսկ C-500-ը, բայց նման ճոխությունից մենք դեռ շատ հեռու ենք։
Արցախի հարցում պարզեցինք, որ անցած տարին արդյունավետությամբ զրոյական էր։ Այժմ դիտարկենք Եղեռնի ճանաչման խնդիրը։ Ամերիկայի սիրահարներն այժմ մտածում են՝ հետո՞ ինչ կլինի։ Ամերիկան չսիրողները չեն զարմանում, չեն սպասում, գլուխներն իզուր տեղը չեն ծանրաբեռնում «հետո՞ ինչ կլինի» անտեղի հարցով. այնպես էլ պարզ է։ Արդեն հունվարի առաջին 3 օրում հաստատվեց, որ ԱՄՆ-ը և թուրքերը դաշնակիցներ, երկվորյակ եղբայրներ են։ Ասում եք՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև՞ ընդունեց։ Բայց հետո Սենատում վետո կիրառեցին։ Հետո նաև Սենատու՞մ բանաձև ընդունեցին։ Բայց հետո արդեն ԱՄՆ-ի նախագահ Թրամփն օրակարգից հանեց այդ բանաձևերը։ Շատերը դեռ չեն հասկացել, որ օվկիանոսից այն կողմ «Հայկական հարցը» խաղարկում են այնպես, ինչպես խաղարկել ու խաղարկում են «Քրդական հարցը»։ Եվ խաղարկում են բացառապես նրա համար, որ Թուրքիան օգտագործեն իրենց նպատակներով, լինի դա Սիրիայում, թե, օրինակ, Լիբիայում։
Լավ, բայց այստեղ ի՞նչ կապ ունեն թուրքերի հետ ԱՄՆ-ի «խաղերը» և Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ոչ մի կապ չունեն։ Ամերիկայում ընթանում է նաև Թրամփի պաշտոնանկության «խաղը», և աշխարհը պետք է Ներկայացուցիչների պալատի ու Սենատի բանաձևերի հետ կապված ներամերիկյան «բեմականացումները» գնահատի ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի երկու խոշոր հրեական «թիմերի» ներքին պայքարի տեսակետից։ Այստեղ որևէ կապ չունեն հայերը, քրդերը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Փաշինյանը։ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների համար նշանակություն ունեցող վճռական որոշումների վրա ազդեցության լծակներ։ Այնպես որ, ոչ միայն 2019-ին, այլև 1,5 տարում Հայաստանի իշխանությունները ոչնչով աչքի չեն ընկել Հայոց եղեռնի ճանաչման ու դատապարտման պայքարի հարցում։ Եղածը բոլոր նախկին տարիներին այդ հարցով Հայաստանի, Արցախի և ողջ Սփյուռքի պայքարի արդյունքն է։ Այնպես որ, միամտություն է հիշյալ բանաձևերը կապել Փաշինյանի «անօրինակ քաղաքականության» հետ։
Հայաստանի արտաքին քաղաքականության այլ ոլորտները ևս «օր., հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի, ԵԱՏՄ երկրների հետ և այլն» նույնպես 2019-ին կախված չէին ՀՀ կառավարության որոշումներից։ Դեռ լավ է, որ առայժմ ամեն ինչ առաջվա պես է, արտասահմանում մարդիկ հիմնականում սպասում են։ Ինչի՞ են սպասում Հայաստանի գործընկերները։ Դա բոլորովին այլ թեմա է։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ