«Այն դժգոհության ալիքը, որ կա Հայաստանում, Արցախում նկատելի չէ»
31.03.2020 | 00:40
Արցախում այսօր տեղի են ունենում խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց նախորդել են ակտիվ ներքաղաքական գործընթացներ, իսկ թե դրանք ինչ հանգուցալուծում կունենան, պարզ կդառնա արդեն մի քանի ժամից։
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, խոսելով Արցախում առկա նախընտրական տրամադրությունների մասին, նշում է, որ ընտրազանգվածում տատանվողների մեծ թիվ կա, որոնք չեն հայտնում, թե նախագահական ընտրություններում ում օգտին ձայն կտան. այս պայմաններում դժվար է ասել՝ ընտրությունները կանցնեն մե՞կ փուլով, թե՞ երկու։
Անդրադառնալով այն հարցին, թե Արցախի նախագահի թեկնածուները որքանով են պատրաստ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին, պարոն Ադիբեկյանն ասաց, որ ընտրազանգվածի մեծ մասը երկրի նախագահից ակնկալում է սոցիալական հարցերի լուծում, գործազրկության կրճատում, բնակարանաշինության ծավալների մեծացում. «Նախորդ մի քանի տարիներին Արցախի ՀՆԱ-ն մոտ երեք անգամ աճել է, կտրուկ աճել են աշխատավարձերը, կրճատվել է գործազրկությունը։ Արցախում միայն ինը տոկոսն է իրեն համարում աղքատ, Հայաստանում դա մոտ 19 տոկոս է։ Պաշտպանության հետ կապված հարցերը արցախցիների համար լուծված են համարվում։ Այդ իսկ պատճառով այդ հարցերը նրանց շատ չեն հետաքրքրում։ Այնպես որ՝ պաշտպանական, ռազմական թեմաները ընտրողների կարծիքի վրա չեն ազդում»։
Կորոնավիրուսի պայմաններում ընտրությունների անցկացումը որքանո՞վ է արդարացված, մանավանդ որ կային թեկնածուներ, որոնք կոչ էին արել հետաձգել ընտրությունները։ Ըստ պարոն Ադիբեկյանի՝ ընտրությունների հետաձգումն իմաստ չուներ, քանի որ կորոնավիրուսը Արցախում տարածված չէ. «Որքան գիտեմ, Արցախում դեպքեր չեն գրանցվել, և եթե մարդիկ լինեն փոքր-ինչ զգույշ՝ հեռու կանգնեն միմյանցից, պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, ամեն ինչ նորմալ կընթանա։ Արցախը պետք է ցույց տա, որ ցանկացած իրավիճակում՝ լինի պատերազմ, համաճարակ, թե այլ բան, միասնական է և կարող է իր հարցերը լուծել։ Արցախցիները յուրահատուկ բնավորություն ունեն, համառ են, նրանց խաբելը դժվար է։ Մտավախություն կար, որ երիտասարդները ոտքի կկանգնեն, և տեղի կունենա թավշյա հեղափոխություն։ Սակայն երիտասարդների հարցերը վաղուց լուծվել են Արցախում. ամուսնանալիս, երեխա ունենալիս գումար են ստանում, աշխատանք ունեն, և այն դժգոհության ալիքը, որ կա Հայաստանում, Արցախում նկատելի չէ»։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ