Իսկ եթե արդարության համար չարչարվեք էլ, երանի՜ է ձեզ:
Շատ քրիստոնյաների համար իրենց հավատքը Մկրտությունից ի վեր ծեսերի, աղոթքների, շարականների ու խնկարկումների հանրագումար է: Նրանք վստահ են, որ Աստված երբեք թույլ չի տա, որ իրենց չարիք պատահի: Աստված խնայում է նորադարձներին և թույլ չի տալիս, որ չարը մոտենա նրանց, սակայն առանց դրա անհնար է քրիստոնյայի առաջընթացը, հետևաբար, հոգևոր ընթացքի որոշակի հանգրվանում Աստված թույլ է տալիս Չարի հարձակումը: Սակայն Առաքյալը հորդորում է չշփոթվել և չխռովվել. սա պարզապես Խաչի ճանապարհն է. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ: Այլ, որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղեք, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք և ուրախանաք: Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա» (Ա Պետր. 4; 12-14): Անակնկալի եկած քրիստոնյան կամ այս հայտնությամբ հանդարտվում է, մխիթարվում, խաղաղվում է ու առավել հաստատակամ ընթանում, կամ առավել ևս շփոթության է մատնվում ու կարկամած մնում կես ճանապարհին: Առաքյալը քրիստոնյաներին հորդորում է նաև չվախենալ նրանցից, ովքեր ավելի զորեղ ու կարևոր չեն, քան Քրիստոս. «Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցեք ձեր սրտերում. պատրա՛ստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը:
Մաքուր խղճմտանք ունեցե՛ք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս. որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել» (Ա Պետր.3;14-17):
Քրիստոնյան պետք է ազնիվ լինի Աստծո և իր խղճի առաջ, որովհետև եթե անազնիվ լինի, դա մի օր անպայման կբացահայտվի, և նա կխայտառակվի: Իսկ հանուն Աստծո փառքի առժամանակ կրած չարչարանքը, վիշտն ու տառապանքը, ինչից շատ քրիստոնյաներ խուսափում ու խուսանավում են, աստվածային շնորհ է, որից զրկվելով, զրկվում են իրական փառքից.
«Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթե, մեղանչելուց հետո, տանջվեք և համբերեք: Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ, որովհետև այդ բանի համար իսկ կոչվեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով գնաք»: Իսկ Ո՞վ է Օրինակելին. «Նա, Ով մեղք չգործեց, և Նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. Նա, Ով նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ Դատողին. Նա, Ով մեր մեղքերը Իր Մարմնով բարձրացրեց Խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, ՈՒմ վերքերով բժշկվեցիք դուք, որ մոլորյալ ոչխարների պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը» (Ա Պետր. 2;19-25):
Չարչարանքի հանձնառումը միայն ինքնանպատակ ու անգիտակից նմանակում չէ, այլ գիտակից նպատակադրում. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվեցե՛ք նույն մտքով. որովհետև, ով մարմնով չարչարվում է, դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Ա Պետր.4;1-2): Այսինքն, չարչարանքներին համբերելով` մեզ մարզում ենք աստվածապաշտության` Աստծո կամքի նախանձախնդրության մեջ, ինչը անհամեմատ ավելի կարևոր է, քան մարմնի մարզումը, և ինչը հենց հանդիսանում է բուն քրիստոնեությունը. «Դու քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ, որովհետև մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստվածապաշտությունը օգտակար է ամեն ինչի. և նա ունի կյանքի ավետիսը, ա՛յս կյանքի և հանդերձյալի: Ճիշտ է այս խոսքը և արժանի է ամենայն ընդունելության, որովհետև այս բանի համար իսկ տքնում ենք և նախատինքներ կրում. քանի որ մեր հույսը դրել ենք կենդանի Աստծո վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ՝ հավատացյալների: Պատվիրի՛ր այդ և ուսուցանի՛ր. թող ոչ ոք քո երիտասարդությունը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ: Մինչև իմ գալը հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Այդ բանի վրա մտածի՛ր և հարատևի՛ր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին: Զգու՛յշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ. և հարատևի՛ր դրանում: Եթե այդ բանն անես, կփրկես և՛ քեզ, և՛ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմ. 4; 7-16):
Շատ քրիստոնյաներ կարող են հարցապնդել, թե տանջվում են նաև չարագործները, այդ դեպքում ի՞նչ ավելի բան է տալիս քրիստոնեությունը, երբ տանջանքից ազատելու փոխարեն դարձյալ առաջարկում է տանջվել: «Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող. իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ»: Չարագործը տանջանքից տանջանք է գնում, իսկ քրիստոնյան` դեպի փառք: Դատաստանը Աստծո տնից է սկսվելու, և որքանո՞վ ճիշտ կլինի, որ դատապարտվեն նրանք, ովքեր փրկության են կոչված, և այդ դեպքում ի՞նչ սպասեն նրանք, ովքեր արդեն իսկ դատապարտված են` Փրկչին ու փրկությունը մերժելու պատճառով. «Ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծու տնից. որովհետև, եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին: Եվ եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա ամբարիշտը կամ մեղավորը էլ ու՞ր պիտի մնան: Հետևաբար նրանք, ովքեր չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ Ստեղծողին» (Ա Պետր.4;12-19):
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս