Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծխելու «օգուտները»

Ծխելու «օգուտները»
18.05.2012 | 06:01

Այս հրապարակման վերտառությունը կարդալուց հետո ծխողները, ամենայն հավանականությամբ, կփորձեն ծխելու իրենց մոլուցքն արդարացնող տողեր փնտրել: Իսկ չծխողները, զարմացած, կկարդան, որ հակադրվեն իրենց իմացած ծխելու վնասակարության իմացությամբ:

Իմ ծանոթը, որ Ամերիկայում է բնակվում, մի անգամ, ներս «քաշելով» ծուխը, փորձում էր ինձ բացատրել ծխելու օգտակարության մասին: Նա մոտավորապես այսպես էր մտածում: «Քանի որ եկեղեցում խնկարկելով ծուխ են անում, որ դևերը հեռանան այնտեղից, ու եկեղեցու տարածքը վարակազերծվի, քանի որ շատ մարդիկ են հավաքվում մեկտեղ, ու կարող է այնտեղ հիվանդներ լինեն, ուրեմն ծխելը օգտակար է մարդու համար»: Երեխայական, նույնիսկ կասեի, տգետ մտածելակերպ էր, քանի որ, նախ, եկեղեցում թութունի տհաճ ծուխը չեն հանում, այլ անուշահոտ խնկի, որը իսկապես օգտակար է ու վարակազերծող: Նույնիսկ, որպես միջանկյալ գիտություն, իմանանք, որ նախնի հմուտ բժիշկները խորհուրդ են տալիս հիշողությունից տկարացած անձանց երբեմն-երբեմն լավ խունկ ծամել շաքար-նաբաթի հետ (քանի որ լավ խունկը դառնահամ է):

Ինչևէ, թողնենք ծխախոտի վերաբերյալ «օգտակար» խորհուրդները ու մի փոքր պատմական էքսկուրս անենք ծխախոտի պատմության մասին:

Այն աշխարհի եվրոպական ու ասիական աշխարհամաս է բերել ամերիկյան մայր ցամաքը հայտնաբերող Կոլումբոսի անձնակազմը։ Տեղի բնիկների համար թութունի տերևը համարվել է որպես իրենց աստվածների նվեր, որը նաև միջցեղային խաղաղություն կնքելու միջոց է հանդիսացել (խաղաղության ծխամորճը)։ Եվ այսպես, դեգրադացվող վայրենիների սովորությունը շուտով բերվեց ու պատվաստվեց եվրոպական «զարգացած» հասարակարգի մոլի հաճույքներին։ Սկզբում Անգլիայում բարձրաշխարհիկ հասարակության մեջ ծխելը համարվում էր լավ դաստիարակության նշան, որովհետև ծխախոտը նախկինում հեռավոր երկրներից էին ներկրում ու շատ թանկ արժեր։ Նույնիսկ ծխախոտին մի շարք բուժիչ հատկություններ էին վերագրում, ինչը ծխախոտի վաճառքի առաջին գովազդն է եղել ու հասարակ մարդիկ չէին կարող նույնիսկ այն գնել։

Իսկ ահա Պարսկաստանում, երբ սկսեց տարածվել ծխախոտամոլությունը, Արևելքի բարքերի համեմատ էլ դաժանությամբ սկսեցին պայքարել այդ մոլության դեմ. շահի հրամանով պարզապես կտրում էին ծխախոտ օգտագործողի գլուխը, քանի որ համարում էին, որ ով իր բերանից ծուխ է հանում, շեյթանի (այսինքն` սատանայի) հետ անմիջական կապ ունի։ «Զարգացած» երկրներում այս դիվական ախտն այնքան սկսեց տարածվել, որ հետզհետե իրենց բարձր դասող հարուստները ծխախոտի փոխարեն սկսեցին օգտագործել քթախոտ, և նույնիսկ հատուկ թանկարժեք փոքրիկ տուփեր էին պահում իրենց մոտ, որ հարկ եղած դեպքում միմյանց հյուրասիրեին։ Կան նաև փաստացի տվյալներ. սըր ՈՒոլթեր Ռալֆը 1584 թ. Ելիզավետա թագուհուց «քարտ բլանշ» ստացավ ծխախոտի իրացման համար Անգլիայի բոլոր տարածքներում, բայց այդ «հաջողակ» առևտրականն իր կյանքով հատուցեց այդ ամենի համար ու գլխատվեց։

Երբ անգլիական հասարակությունն ուշքի եկավ` տեսնելով ծխախոտի պատճառած վնասների հետևանքը, ուշ էր։ Բայց 1604 թ. Անգլիայի թագավոր Ջեյմս Առաջինն արգելեց պետական հրամանով ծխախոտի անարգել տարածումը, ասելով. «Այդ դիվական խոտը վնասակար է աչքերին, թոքերին, տհաճ է քթին ու դժոխքի ծուխն է, որ շնչում ենք դրանով»։

Բանը հասավ այնտեղ, որ կաթոլիկ եկեղեցին էլ սկսեց միջամտել ծխախոտի տարածման հարցում, և ՈՒրբանոս 8-րդ պապը հատուկ բուլլա գրել տվեց քրիստոնյա հավատացյալների շրջանում ծխախոտի արգելման վերաբերյալ։

Իսկ ռուսական կայսրուհու՝ Եկատերինա 2-րդի համար հատուկ մետաքսե ժապավենով երիզված սիգարներ էին արտադրում, որպեսզի կայսրուհու նուրբ մատիկները չդիպչեն թութունի տերևին ու չդեղնեն դրա պատճառով։

Այս առիթով մի ավանդության մասին կարդանք։ Ասում են, որ ջրհեղեղից առաջ մեծ երաշտ էր երկրի վրա ու մարդիկ անընդհատ ծարավ զգալով, տեղից տեղ գնալիս հետները փոքրիկ կժերով ջուր էին տանում, իսկ երբ ծանոթի կամ հարազատի էին հանդիպում, միմյանց ջուր էին հյուրասիրում, ու շուտով ջրհեղեղը եղավ։ Հիմա էլ մարդիկ հետները կրակ ու ծուխ արտադրող տուփեր են հետները կրում, որովհետև անընդհատ դրա կարիքն ունեն ու հանդիպելիս հյուրասիրում են միմյանց, ինչն աշխարհին հրեղեղով մաքրագործվելու ապագա կրակի խորհուրդն է, որ իսկապես պետք է կատարվի, քանզի Աստծո անսուտն խոսքն է ասում. «Այժմ երկինք և երկիր պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակին դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար» (Բ Պետրոս 3.5)։

Կան մարդիկ, նույնիսկ քրիստոնյաներ, ովքեր ոչ միայն ծխում են, այլև վառվող սիգարետի ծայրի կրակին խունկ են դնում ու խնկարկություն անում: Ես չեմ դատում նման քրիստոնյաներին, բայց նույնիսկ ըստ աշխարհիկ բարոյական կանոնների, դա խեղկատակություն կհամարվի:

Ծխախոտի «ջինը» արդեն բաց է թողնվել, ու հայտնի է, որ աշխարհի բոլոր երկրներում այդ դարչնագույն հրեշի՝ նիկոտինի դեմ պատերազմ է հայտարարված։ Չնայած դրա դեմ նույնիսկ պետական մակարդակի ուժեր են գործադրվում, ու նույնիսկ ամեն ծխախոտի տուփի վրա ահաբեկում են զանազան հիվանդ ու քայքայված օրգանների լուսանկարներ զետեղելով, ու մեծ¬մեծ տառերով գրում, որ վնաս է առողջությանը։ Զո՜ւր ջանքեր, քանզի մինչև հիմա դեռ ոչ մի ծխող չի վկայել, որ ծխախոտատուփի վրայի նկարի կամ գրածի պատճառով հրաժարվել է այդ մոլությունից։

Այդ մեթոդներն անընդհատ վնասատու ծառի տերևների դեմ պայքար են հիշեցնում, մինչդեռ արմատի հետ պետք է գործ ունենալ:

Նույնիսկ երիտասարդ աղջիկներն ունեն, ես կասեի, դիվական սովորություն, որ իբր ով առաջին անգամ ծխախոտ ծխի, ապա սիգարետի ֆիլտրի ծխած շրջանակում կերևա ապագա ամուսնու անվան առաջին տառը։ ՈՒ դեռատի աղջիկներից շատերը, փորձելով այդ «մեթոդով» իրենց ապագան գուշակել, սատանայի այդ խայծը կուլ տալով, ընկել են չարի որոգայթը ու դրանից հետո սկսել են ծխել ամբողջ կյանքում։

Ռուսաստանում ծխախոտի, ալկոհոլի ու հաշիշամոլության պատճառով արդեն վտանգվել է այդ ազգի գենոֆոնդը, այդ պատճառով հիմա մեծ քարոզչություն է գնում դրանց դեմ: Պետությունը փող ու ջանք չի խնայում ժողովրդին հասկացնելու դրանց վնասները: Այդ հակածխախոտա¬ալկոհոլային դասախոսություններից մեկում մի հարգարժան պրոֆեսոր պատմում էր իր մանկությունը, թե ինչպես իրենց գյուղի խմող, ծխող, կատակասեր տղամարդիկ մի պառավի երկու այծերից մեկին ծխել սովորեցրին: ՈՒ այն աստիճանի այծն ընտելացավ ծխախոտին, որ փողոցում ծխող տեսնելիս, մոտենում էր ու, սպառնալով պոզահարել, ծխախոտ պահանջում: ՈՒ բոլոր գյուղացիների աչքի առաջ չծխող այծը մեծացավ, կաթնատու, խոշոր ու առողջ այծ դարձավ, իսկ նույն տարում ծնված ծխող այծն այդպես փոքրիկ ու վտիտ այծիկ մնաց:

Իսկ իմ հարազատ պապի մասին պատմում են, որ մինչ հեղափոխությունը նա, բացի տնային այլ կենդանիներից, նաև գոմեշներ էր պահում։ Մի օր, երբ նրանց գոմ էին քշում, պապս այդ պահին այնտեղ կանգնած «մախորկա» էր փաթաթում, որ ծխի: ՈՒ կատակի համար արդեն վառվող ծխախոտը դնում է գոմեշներից մեկի պինչը: Ի զարմանս նրա, գոմեշը առաջին ծուխը ներս քաշելուց ու գլուխը անհանգստացած թափահարելուց հետո, շարունակում է հանգիստ «ծխել» ու այդպես գոմ մտնել: Իսկ երբ մյուս օրը հանդից նրանց տուն են բերում, որ գոմ տանեն, այդ գոմեշը համառորեն չի ուզում մտնել ու, պապիս տեսնելով, մոտ է գնում ու դեմքին անթարթ նայելով, կարծես բան է պահանջում: Պապս մի պահ մոռացած լինելով երեկվա իր կատակը, չի հասկանում, թե գոմեշն ինչու է եկել ու իր առաջ տնկվել: ՈՒ հանկարծ հիշելով, որ երեկ նրան ծխախոտ է «հյուրասիրել», նորից է գլանակ փաթաթում ու վառելով գոմեշի պինչը խոթում: Նա էլ մի քանի ծուխ հաճույքով քաշելուց հետո, դանդաղորեն գոմ է մտնում: Այդպես էլ նա «չթարգեց» ծխելը ու մինչև իր մորթվելու օրը ամեն երեկո մի «նարգիլե» ծխելուց հետո էր գնում հանգստանալու:

Այնպես որ, ծխելու «հաճույք» նաև անբան անասուններն են ունենում, ու թող ծխողները խորհեն նաև այս մասին։

Երբ մի քանի տարի առաջ Մինսկում գարեջրի տոն ուզեցին կատարել, մայրաքաղաքի հսկայական հրապարակում ռոք երաժշտության համերգով էին ուղեկցում գարեջրային ռեկլամը։ Բայց այդ էլ քիչ համարելով, բոլոր մասնակիցներին, որոնք մեծ մասամբ երիտասարդ տղաներ ու աղջիկներ էին, ձրի գարեջուր ու ծխախոտ էին հրամցնում, որ դոզայի տակ լավ հիշեն, թե այսուհետ ինչ գարեջուր ու ինչ տեսակի ծխախոտ պետք է օգտագործեն։ Համերգի ժամանակ հանկարծ երկնքում անսպասելիորեն ամպրոպ է ճայթում, ու առատ անձրև է թափվում։ Եվ արդեն խմած ու ծխած, «կայֆի» տակ գտնվող համերգի մասնակիցները վազելով ուզում են մոտիկ մետրոյի գետնուղում պատսպարվել, սակայն քիչ անց այդ տեղը իսկական սպանդանոցի է վերածվում։ Խելագարված ամբոխը, կարծես վերածված վայրի գազանների, անխնա տրորելով նրբակազմ աղջիկներին, փորձում է րոպե առաջ անձրևից պատսպարվել (անասնական բնազդի առաջին հատկանիշ. վտանգից փախչել), բայց մի՞թե հորդառատ անձրևն այդքան մահացու վտանգ էր իրենից ներկայացնում, որ այդ արարքին գնային երիտասարդները. իհարկե ո՛չ, պարզապես երեք հզոր ազդակների ազդեցության տակ մարդը կորցրել էր իր էության հիշողությունը և անասնական մակարդակի էր իջել։ Այդ մահացու ազդակներն էին. ա) ալկոհոլը, բ) ծխախոտը, գ) ռոք երաժշտության բթացնող հատկությունը։ Վերջին երկուսի մասին հետո կգրենք, բայց հիմա դեռ խոսենք ծխախոտի հակամարդկային զորության մասին, այո՛, հե՛նց հակամարդկային, որովհետև մարդու համար ծխախոտը սատանայի հրամցրած մեղքի հերթական «ծաղիկն» է։

Իսկ այդ հրեշավոր «ուրախությունն» ավարտվեց սարսափելի դժբախտությամբ. 57 դեռատի աղջիկների մահով (այո՛, միայն աղջիկներ, ու այն էլ` դեռատի ու թույլ)։ Բժշկական զննումից հետո հայտնաբերել էին, որ բոլորն էլ առաջարկված խմիչքից ու ծխախոտից հարբած էին անգիտակցության աստիճանի։ Իսկ այդ «սպանդանոցի ցուլերը», այսինքն` երիտասարդներից շատերը, որոնք հարբած ու անխնա տրորել ու սպանել էին այդ դեռատի աղջիկներին, և որոնց ձերբակալել էին մետրոյի աշխատակից ոստիկանները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ էին, որոնք այդ օրը հրամցված թմրեցուցիչների ազդեցության տակ էին։ Երեք օր հետո ամբողջ Բելառուսը «սգո օր» հայտարարեց, չհասկանալով, որ այդ օրը հենց իրենք` քաղաքի հիմարացած իշխանավորներն են «սևացրել», իրենց երիտասարդներին սատանայի թույն հրամցնելով։

Հիսունն անց տղամարդիկ, որոնք քիչ թե շատ ժամանակին ֆուտբոլասեր են եղել, անպայման կհիշեն ԽՍՀՄ¬ի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Լև Յաշինին։ Հիրավի տաղանդավոր ֆուտբոլիստ էր, լավագույն դարպասապահ։ Բայց քչերը գիտեն, որ նա իր սպորտային փառքը ծխախոտով փոխեց, այն էլ բառիս բուն իմաստով, քանզի նա մոլի ծխող էր ու չէր կարողանում հրաժարվել դրանից (կամ էլ չէր ուզում), մինչև որ հիսուն տարեկանում ձախ ոտքի փտախտ (գանգրենա) սկսվեց, ու ստիպված մինչև աճուկը կտրեցին, բայց նա դեռ շարունակում էր այդ վիճակում էլ ծխել։ ՈՒթ ամիս անց նույն բանը կատարվեց աջ ոտքի հետ։ Նա սկզբում թույլ չտվեց ոտքը կտրել, բայց մի քանի օր անց, երբ արդեն անգիտակից վիճակում էր, ուզեցին կտրել, բայց արդեն ուշ էր. ծխախոտն այս անգամ ինքը «հանգցրեց» իրեն այդքան սիրողի կյանքը։

Այնպես որ, հարգելի ընթերցող, եթե դու նույնպես այդ թույնի գրկում ես հաճույքդ անցկացնում, իմացի՛ր, որ մի օր էլ քո սիրելի ծխախոտը քեզ նույնպես «շատ սիրելով» խեղդելու է իր գրկում։ Ավելի լավ է այդ ծխախոտ կոչվածի հետ քիչ սիլի¬բիլի անեք, իրար քիչ սիրեք, իսկ առավել լավ կլինի, որ ատե՛ք։

Հիմա աշխարհում տարածված են տարբեր գրքեր, թե ինչպես հեշտությամբ ազատվել ծխախոտամոլությունից։ Այդ գրքերում, սակայն, չկա շատ կարևոր մի խոսք, որ ծխելը մեղքի հետ է կապված, ու մարդը նախ մեղքի հարցը պետք է լուծի` ում հանդեպ որ մեղանչել է (մեղանչել նշանակում է մեղք գործել, ոչ թե ապաշխարել, ինչպես շատերն են կարծում)։ Մարդը մեղանչում է նախ Աստծո առաջ, քանի որ Նա է Արարիչն ու Օրենսդիրը, հետո մարդկանց հանդեպ, քանի որ ծխելով նա ապականում է իր առողջությունը, հետո շրջապատի մարդկանց։

Որպես վկայություն ասվածի, հիմա կարդանք մի արվեստագետի վկայության մասին, թե ինչպես նա հաղթահարեց ծխելու մոլությունը։

«Ես գիտեի, որ ծխախոտ ծխելը մեղք է, քանի որ այն ամենը, ինչ վնասում է մարմնին ու հոգուն, մեղք է։ Բայց ես իմ խիղճը հանգստացնում էի նրանով, որ ծխելով ինքս ինձ եմ միայն վնասում, չհասկանալով, որ կողքիններիս էլ եմ թունավորում։

Աշխատանքս կապված է ստեղծագործելու հետ, որի ժամանակ մեկը մյուսի հետևից օրական մեկուկես տուփ էի ծխում։

Բայց ահա որոշեցի ծխելը թողնել։ Առաջին անհաջող փորձից հետո, որոշ ժամանակ անց, նորից որոշեցի թողնել ծխելն ու դարձյալ անհաջող։ Քանի՜ անգամ փորձեցի ազատվել այդ գերությունից, միշտ պարտվում էի իմ չար սովորությունից։ Ինքս դեռ երիտասարդ եմ, կամքից ուժեղ, ինչ ուզում՝ անում եմ, բայց ահա, երբ ուզեցի ծխելը թողնել, տեսա, որ անկարող եմ։ Ինչե՜ր ասես չարեցի, որ ազատվեմ այդ ախտից. ծխախոտի դեռ լիքը տուփերը տալիս էի ուրիշներին ու խոստանում, որ դա վերջինն է լինելու, կամ էլ դրանք գետնին գցելով` կոխկրտում էի, որ ուրիշները ևս չվարակվեն այդ ախտով։ Նույնիսկ բոլորին բարձրաձայն հայտարարում էի, որ թողնելու եմ ծխելը, որ գոնե դրանից ամաչելով դադարեցնեմ ծխելը, որ թուլամորթի անուն չվաստակեմ, բայց, միևնույն է, շարունակում էի ծխելու գերության մեջ մնալ։ Ո՞Ւր մնաց իմ կամքի ուժը։ Ես կարող էի ամբողջ գիշեր աշխատել առանց հոգնելու, ժամերով լարված ստեղծագործել, բայց ահա երբ բախվում էի ծխել-չծխելու հարցին, պարտվում էի խայտառակ ձևով ու ամոթահար մնում։

Ինձ համար նաև ամոթ էր, որ ես, ստեղծագործող լինելով հանդերձ, մինչև հիմա չէի կարդացել Սուրբ գիրքը։ ՈՒ մի օր էլ առաջին անգամ ձեռքս վերցրի Աստվածաշունչը, մինչև վերջ կարդալու վճռականությամբ, որտեղ պատահաբար կարդացի այս տողերը. «Բարին, որ կամենում եմ, չեմ անում, իսկ չարը, որ չեմ կամենում, անում եմ։ ՈՒրեմն, եթե այն, ինչ չեմ ուզում, անում եմ, արդեն ես չէ, որ գործում եմ, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Ո՞վ կարող է ինձ ազատել դրանից...»։ Հասկացա, որ իմ պայքարը մի ուրիշ՝ դեռևս ինձ անհայտ զորության դեմ է։

Աստվածաշունչը կարդալու համար ես որոշեցի Ռիգա գնալ՝ ընկերոջս մոտ, որտեղ ազատ ու հանգիստ մնալու հնարավորություն կար (այն ժամանակ Ռիգան դեռ արտասահման չէր համարվում)։

Ինքնաթիռում մի փոքրիկ հրաշք կատարվեց։ Ես թռչում էի ինձ հարազատ մեկի հետ։ Բարձրություն վերցնելուց հետո ես նորից ձեռքս մեկնեցի ծխախոտատուփին ու հենց այդ պահին զգացի, որ ձախակողմյան շարժիչներից մեկը հիմա կարող է կանգ առնել, չնայած այն պտտվում էր մյուս երեքի նման (այդ տարիներին դեռ պտուտակավոր ինքնաթիռով՝ ԻԼ -18 -ով էին թռչում)։ Ես այդ մասին ասացի ընկերոջս, բայց նա հանգիստ ասաց, որ դա ինձ թվում է, որովհետև ամեն բան կարգին է։

-Դե ո՛չ, շարժիչներից մեկն այնպես չի աշխատում, ինչպես հարկն է։

Անցավ մի քանի րոպե, ու հենց այդ շարժիչը սկսեց դանդաղել ու շուտով կանգ առավ։

Ես չգիտեի` ուրախանա՞լ, որ կանխագուշակումս իրականացավ, թե՞ վախենալ անբարեհաջող թռիչքի համար։

Ներս մտավ ուղեկցորդուհին և ասաց, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը կանգ է առել, բայց կարող ենք տեղ հասնել նույնիսկ երկու շարժիչով, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Բայց դա ոչ բոլորին հանգստացրեց։

Բարեհաջող տեղ հասանք, բայց այդ ժամանակ իմ մտքով իսկ չանցավ Աստծուն փառք տալ Իր ողորմածության համար. այդպիսին ենք անաստված ու անշնորհակալ մարդիկս։

Ռիգայում արդեն երկրորդ օրը սկսել էի կարդալ Աստվածաշունչը, ինչպես սովորեցրել էին ինձ. նախապես խաչակնքել ու նոր կարդալ Սուրբ գիրքը։ Երկու օր անց ես զգացի, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում ինձ հետ. կարծես մի շատ կարևոր բան եմ մոռացել անել։ ՈՒզում էի հիշել՝ ի՞նչ։ Եվ հանկարծ ինքս ինձ բռնացրի, որ դադարել եմ ծխելուց. ես արդեն երկու օր չեմ ծխում ու նույնիսկ չեմ էլ հիշել դրա մասին։ Դա աներևակայելի էր։ Մեղքը վայրկենաբար դադարեցրել էր իր բռնակալությունը ինձ վրա։ ՈՒ ես հասկացա, որ չի կարելի ապականել սրբությունը ու ծխելով միաժամանակ Աստվածաշունչ կարդալ։

Այո՛, ուժեղ կամքի տեր լինելով, մեղքի պատճառով դարձել էի անկամ, իսկ Աստծո ողորմությամբ ու Իր զորությամբ, առանց ճիգի ես ազատագրվեցի ծխախոտի գերությունից ու մաքրվեցի այդ մեղսալից ցանկությունից»։

Քանի որ ծխելու մասին է այս հոդվածը, կարծում եմ, որ հեղինակիս վկայությունն էլ մի փոքր կօգնի ընթերցողին ազատվելու այդ մոլուցքից։

Ծխել սկսել եմ բանակում, 17 տարեկանում ու ևս 17 տարի տառապեցի դրա ճիրաններում։ Եթե մի ժամանակ մի տուփ էի ծխում, ապա սկսեցի թունդ թութունով ծխամորճ ծխել, կամ էլ հավայական սիգարներ ծխել (սովետի տարիներին Կուբայի հետ լավ հարաբերություններ ունենալու շնորհիվ սիգարները շատ մատչելի էին)։ Ինչևէ, այդ անհավասար պայքարը երևի իմ մոտալուտ մահով կավարտվեր, եթե Աստծո Աջը ինձ չերկարվեր։ Երբ արդեն 34 տարեկան էի, մի լավ եղբոր միջոցով լսեցի Հիսուս Քրիստոսի ու Նրա փրկության ծրագրի մասին։ Հավատով ու հույսով Տիրոջն ընդունեցի իմ կյանքից ներս, քանի որ իմ իմացած ու ապրած կյանքն արդեն անիմաստ էի համարում, քանզի վերջում գերեզմանն էր սպասում։ Դրանից հետո հետագա կյանքում կտրուկ ու որակական փոփոխություններ սկսվեցին։ Առաջին ու մեծ փոփոխությունն այն էր, որ մեզ սպասող մահվանից հետո Հիսուս Քրիստոսի խոստացած հավիտենական կյանքի հույսը լուսավորեց խավարամած կյանքս։ Հաջորդն այն էր, որ երբ մի անգամ այդ ինձ վկայող եղբոր տան պատշգամբում կանգնած ծխում էի, հանկարծ ներսումս մի խոսք լսեցի (իհարկե ոչ ձայնով, այլ ներքին գիտակցությամբ). «Ես քո ներսում եմ բնակվում, և Ինձ համար տհաճ է այդ ծուխը, որ ներս ես փչում»։ Իսկույն հասկացա, որ դա Հիսուսի ձայնն էր։ ՈՒ ես դեռ կիսատ ծխախոտը գցեցի ու ասացի բարձրաձայն. «Հիսուս ջան, հանուն քեզ այլևս չեմ ծխելու»։ Օրն ավարտվեց, ու ես մի քանի ժամ առանց ծխելու վերադարձա տուն, որ այդ բարի լուրը հաղորդեմ տնեցիներին։ Բայց քանի որ դեռ անփորձ էի սատանայի հնարքներին, չգիտեի, որ նրան դուր չի գալիս, երբ մարդ որևէ մոլությունից ազատվում է ու դրանով իսկ չարի հերթական մագիլներից է դուրս պրծնում։ Երբ տուն մտա, ու դեռ խոսքը կիսատ, բերանումս, հանկարծ մի չնչին առիթից կնոջս հետ վիճաբանություն սկսվեց։ Դա նման էր հանկարծակի սայթաքելով վարար գետն ընկնելուն։ Նման դեպքերում ես միշտ ծխախոտի օգնությանն եմ դիմել, որ խաղաղվեմ։ Այդ անգամ էլ ձեռքս երկարացրի սեղանի վրայի ծխախոտի տուփին, բարկացած ժամանակ մի պահ մոռանալով, որ խոստացել եմ այլևս չծխել։ ՈՒ երբ վառեցի ծխախոտը ու դեռ մի ծուխ չքաշած, հանկարծ այն նույն մեղմ ձայնը նորից խոսեց հետս, ասելով. «Այս վիճաբանությունը չարի կողմից է հրահրվել, որ դու նորից ծխես, մի՛ տրվիր դրան»։ Ես բարկության թիրախը կնոջիցս փոխեցի չարի դեմ ու, ծխախոտը ջարդելով մոխրամանի մեջ, բարձրաձայն ասացի. «Սատանա՛, լսո՞ւմ ես, քեզ հակառակ հավիտյա՛ն չեմ ծխելու»։ ՈՒ կատարվեց զարմանալին, ճիշտ այդ պահին մենք դադարեցինք վիճաբանելուց ու երկուսս էլ զարմացած մտածում էինք, թե այդ ինչի համար էինք այդքան թունդ վիճում, ու պատճառ չէինք գտնում։ Հետագայում, երբ Աստծո խոսքի մեջ հմտացա, կարդացի այս տողերը. «Սատանային հակառակ մնացեք, ու նա պիտի փախչի», ու հասկացա, որ հենց այդ էլ եղել է այն վճռական օրը, ու արդեն քսանհինգ տարի է` ծխախոտի հարցում սատանան դեռ «փախած է», ու տա Աստված, որ իմ բոլոր մոլությունների հարցում նա հավետ փախստական լինի ինձնից։

Վերջին մի խորհուրդ ծխող հայրենակիցներիս։ Տերը մեզ համար հուսադրող խոսք ունի. «Խնդրեցե՛ք, ու կտրվի»։ Եթե խնդրածներս բարի բան է ու Աստծո կամքի համաձայն, ապա անպայման պիտի տրվի, միայն թե առաջին քայլը մենք պետք է անենք ու ի սրտե խնդրենք, որ Տերը օգնի մեզ ազատագրվելու տվյալ կապանքից։ Բայց չնմանվենք այն քրիստոնյային, որ երբ ասացի նրան, որ ծխելը մեղք է, նա պատասխանեց. «Եթե Աստվածաշնչում գոնե մի խոսք ցույց տաս, որ Աստված ասել է` մի՛ ծխիր, ես չեմ ծխի»։ Ես ասացի, որ ծխելու սովորությունը մի հազար տարի առաջ է տարածվել աշխարհում, բայց մինչ այդ Տերը մեզ զգուշացրել է` ասելով. «Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետև սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթ. 3.7)։

ՈՒրեմն, մեր մարմինները, որտեղ մեր հավիտենական հոգիներն են, մկրտությամբ Աստծո տաճար են դառնում, ու հարկ է, որ յուրաքանչյուրս պատշաճ ու մաքուր պահի այդ տաճարը, ու չապականենք մեր զանազան վնասակար մոլություններով, որպեսզի դատաստանի օրը պատասխան ունենանք տալու։

Եթե գեթ մի հոգի էլ այս հոդվածը կարդալուց հետո Տիրոջ օգնությամբ ազատվի ծխախոտի գերությունից, ուրեմն զուր չէին մեր ջանքերը։

Եթե ունենաս այդ վկայությունը, ապա գրի՛ր մեզ՝ խմբագրություն, և մենք էլ մնացած ընթերցողների հետ կուրախանանք քո ազատագրմամբ։

Քառորդ դար ծխախոտին ո՛չ ասող՝

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 14654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ