Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, ես էլ քեզ կմերժեմ, քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, Ես էլ կմոռանամ քո որդիներին (Օս. 4;6)։
Այսօր շատ են Հայաստանը «օրենքի երկիր» դարձնելու անհրաժեշտության մասին ճառողները: Ոմանց այդ հեռանկարը ոգևորում է. օրենքը այսուհետ պետք է լինի գերակա ու գերիվեր և պետք է արգելի մարդկային ազատության ու կամայականության ճախրը իր նշաձողերից անդին:
Սակայն հարց է առաջանում. ի՞նչ օրենքի կամ օրենքների մասին է խոսքը: Աստվածահաստա՞տ, թե՞ մարդահնար: Համոզումը մեծ է, որ երկրորդը, հարկավ: Այդ օրենքները խստագույնս դեմոկրատական են, իսկ Անգլիայի բարձրագույն դատարանը արդեն հասցրել է վճռել, որ Աստծո օրենքն ու դեմոկրատիան հակադիր են միմյանց: Իսկ ի՞նչ է ասում Աստծո Խոսքը այդ մարդկային օրենքների մասին. դրանց ամբողջությունը կոչում է անօրինություն, որովհետև մարդը պետք է առաջնորդվի աստվածային օրենքներով: Մարդը կարող է օրենքներ սահմանել իր «ստեղծագործության» համար, ինչպես և անում է` տարբեր մեխանիզմներ շահագործման հանձնելիս. այդ օրենքները զանազան մեխանիզմների շահագործման կանոններն են: Մենք քաջ գիտենք, որ եթե խախտենք այդ կանոնները, ապա ոչ միայն կփչացնենք մեր մսաղացը կամ փոշեկուլը, այլև կզրկվենք արտադրողի սահմանած երաշխիքային սպասարկման իրավունքից: Այսօր մարդը իր արտադրած մեխանիզմներն օր օրի օժտում է բանականության ավելի ու ավելի շատ տարրերով` էլ ավելի «քվանտային» ու էլ ավելի «նանո», և հեռու չէ «Տերմինատոր» ֆիլմում նկարագրվող «ռոբոտների ապստամբությունը», մանավանդ, որ 2017 թ. Ճապոնիայի մի լաբորատորիայում արդեն իսկ գրանցվել է նախադեպ, միայն հայտնի չէ` ռոբոտներին հեղինակած գիտնականների կառավարումից դուրս եկա՞ծ, թե՞ այլ ուժի կողմից կառավարվող ռոբոտների ապստամբություն:
Մարդը աստվածային «արտադրանք է», և նա ևս պետք է այս աշխարհում կենցաղավարի աստվածահաստատ օրենքներով: Այդ օրենքները շրջանցելիս մարդը շեղվում է ճիշտ ճանապարհից և բազում ցավեր վաստակում, որովհետև այդ օրենքները բարօրության ուղենիշներ են: Ինչպես որ հասկանալ հնարավոր չէ, թե ինչ ազգի, ռասայի կամ ընտանիքի ներկայացուցիչ է խառնածինը կամ ապօրինի անկողնու ծնունդը, այնպես էլ անհասկանալի է, թե ինչ գաղափարներ է դավանում և կյանքի կոչում դեմոկրատ քրիստոնյան («քրիստոնեա-դեմոկրատական» հորջորջվող որևէ կուսակցություն սատանայի խարդավանք է): Ապօրինածին գաղափարներ ընդունողները զրկվում են Աստծո զորակցությունից.
«Նրանք ոչխարներով և զոհերով կգնան Տիրոջը որոնելու և չեն գտնի Նրան, որովհետև Նա խուսափեց նրանցից: Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնվեցին նրանց: Ահա այժմ թրթուրը կուտի նրանց, նրանց և նրանց երկիրը» (Օս. 5 ;6-7):
Այդ կեղծ դեմոկրատական օրենքները, իբր, պաշտպանում են կանանց իրավունքները, և քանի որ կանայք երեխաներից հետո «ամենապաշտպանվածն են», այստեղից էլ բոլորն ուզում են «կին» դառնալ: Արդյունքում դառնում են տրանսգենդեր: Դեմոկրատիկ նոր տենդենցները ստիպում են լայնորեն թողարկել տրանսգենդերներին պաշտպանող օրենքներ: Արդյունքում կանայք և աղջիկները ձգտում են փոխել սեռը, բայց դառնում են կրկին տրանսգենդեր: Աստծո օրենքները արդեն իսկ լավագույնս պաշտպանում են կանանց և աղջիկների իրավունքները թե՛ Հին, և թե՛, առավելաբար, Նոր ՈՒխտում, պարզապես պետք է ծանոթանալ այդ օրենքներին` կարդալով Աստծո Խոսքը:
Աստծո օրենքները կյանքի և ազատության օրենքներ են, իսկ դեմոկրատական օրենքները կյանքը խեղդող փշալարեր են:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ