Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը փորձում է միջամտել սաուդառուսական նավթային դիմակայությանը

ԱՄՆ-ը փորձում է միջամտել սաուդառուսական նավթային դիմակայությանը
21.03.2020 | 14:29

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է սաուդառուսական նավթային գնային պատերազմին միջամտելու հնարավորությունը, Տեխասի կարգավորիչները քննարկում են՝ արժի նավթի հանույթը կրճատել՝ նրանք տուժում են նավթի պատմական գնանկումից՝ գրում է The Wall Street Journal-ը: Վարչակազմի պաշտոնյաները մշակում են դիվանագիտական միջոցներ, որ ստիպեն սաուդցիներին կրճատել նավթի հանույթը, նաև՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքներ՝ գները կայունացնելու համար: ԱՄՆ-ի նավթային ընկերությունները ճնշում են գործադրում՝ պահանջելով միջամտել: Տեխասի երկաթուղային հանձնաժողովը, որ կարգավորում է նավթային արդյունաբերությունը, ուսումնասիրում է նահանգում նավթի հանույթի կրճատման հնարավորությունը՝ նավթային ընկերությունների մի քանի ղեկավարներ նրանց են դիմել՝ օգնության խնդրանքով: «Մենք հույս ունենք, որ Թրամփի վարչակազմը կարող է օգտագործել այդ գործիքը սաուդցիների ու ռուսների հետ բանակցություններում,- հայտարարել է Pioneer Natural Resources Co. PXD ընկերության տնօրեն Սկոտ Շեֆիլդը՝ նշելով, որ այդ թեմայով խոսել է նահանգապետ Գրեգ Էբոտի ու կարգավորիչների հետ:-Ես փորձում եմ կանխել նավթագազային հատվածի անհետացումը առաջիկա 18 ամիսներին»: Թեպետ պարզ չէ, կձեռնարկվեն այս կամ այն քայլերը, այս գաղափարները շրջադարձային պահ են ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության մեջ: Թերթաքարային նավթի բումի հետևում կանգնած ընկերությունները, որ օգնել են մեծացնել նավթի հանույթը ԱՄՆ-ում ու ԱՄՆ-ը դարձնել առաջատար պետություն՝ օրական 13 միլիոն բարել հանույթով, հայտնվել են ծայրահեղ ճնշման տակ: «Մեր օրերում դեռ երբեք չի եղել պահանջարկի այսպիսի անկում,-ասել է IHS Markit –ի փոխնախագահ Դենիել Երգինը, որ նաև Պուլիցերի մրցանակ է ստացել նավթի մասին The Prize գրքի համար: - Բուն փաստը, որ այդ միջոցները քննարկում են, ցույց է տալիս, թե որքան ծանր է իրավիճակը նավթային ոլորտում»: Հարցին տեղյակները ասում են, որ նավթային ավելի ինտեգրված ընկերությունները, այդ թվում՝ Chevron Corp-ը և Exxon Mobil Corp-ը կողմ չեն և չեն աջակցում այդ քայլերին:

Նախագահի վարչակազմի և ԱՄՆ նավթային ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ դիվանագիտական գործողություններն անհրաժեշտ են Ռուսաստանին ու Սաուդյան Արաբիային համոզելու, որ հրաժարվեն նավթային շուկան հեղեղելուց: Այս ամիս երկու երկրները վերջ են դրել նավթի հանույթի սահմանափակման և գների կայունացման եռամյա համաձայնությանը, որի պատճառով Սաուդյան Արաբիան մեծացրեց նավթի հանույթը ռեկորդային մակարդակի և նվազեցրեց գները, որ մրցակցի համաշխարհային պահանջարկի կրճատմանը: ԱՄՆ-ը կխնդրի սաուդցիներին վերադառնալ հանույթի ելակետային, ավելի նվազ մակարդակին՝ հաղորդել է հարցին ծանոթ վարչակազմի աշխատակիցը: Նրա խոսքով՝ վարչակազմը կարող է օգտագործել պատժամիջոցների սպառնալիքը Ռուսաստանի նկատմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետ փոխգործակցության շրջանակներում, որպեսզի թագավորությանը վստահեցնի, որ իր մրցակից Ռուսաստանը չի կարող օգուտ քաղել Սաուդյան Արաբիայում հանույթի կրճատումից: Բոլոր դեպքերում Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները մշակվում են՝ ասել է վարչակազմի ներկայացուցիչը՝ առանց մանրամասների: Ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Դոնալդ Թրամփի վարչակազմը խուսափել են պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի արտահանման վրա՝ դիվանագիտական լարումից խուսանավելու համար, որ առանց այդ էլ սառը պատերազմի տարիներից հետո ամենաբարձր աստիճանի է: ԱՄՆ-ում խուսափում էին Ռոսնեֆթի տրանզակցիաների լայնամասշտաբ արգելքից՝ նաև ամբողջ աշխարհում ԱՄՆ-ին ու մյուս դաշնակիցներին չկանխամտածված վնաս չհասցնելու համար, որ այդ պետական նավթային ընկերության գործընկերներն են: Նավթային որոշ ընկերություններ խնդրել են վարչակազմին միավորել G7-ի դաշնակիցներին, որ փոխգործակցեն Սաուդյան Արաբիայի հետ միասնական ճակատով՝ հաղորդել են քննարկումներին ծանոթ մի քանի մարդ՝ գրում է The Wall Street Journal-ը: Շեֆիլդը կողմնակից է, որ Տեխասում նավթի հանույթը կրճատվի օրական 500 000 բարել մինչև տարեվերջ, որի դեպքում յուրաքանչյուր օպերատոր նավթի հանույթը կկրճատի 10%, մանր ձեռնարկություններից բացի:
Թիմոթի Պյուկո, Ռեբեկա Էլիոթ, The Wall Street Journal


Հ.Գ. Էր Ռիադը բարելը 25 դոլար նավթ է առաջարկում բոլորին՝ շուկայից դուրս մղելու համար թե ԱՄՆ-ի թերթաքարային նավթի մանր արտադրողներին, թե խոշոր նավթարտադրողների: Հազիվ թե հիմա, երբ նավթի շուկայում բաժանումներ ու վերաբաժանումներ են կատարվում, Էր Ռիադը կամ Մոսկվան գնան զիջումների: Առավելևս, որ ի սկզբանե փորձագետները չէին բացառում, որ ՕՊԵԿ-ի շրջանակներում համաձայնությունը չկայացավ ռուս-սաուդական նախնական պայմանավորվածությամբ: Գուցե այո, գուցե ոչ: Վաշինգտոնի պատժամիջոցներն արդեն այնքան են շատացել, որ այդ գործիքը բթացել է: Կորոնավիրուսային այս ժամանակներում, երբ փորձագետներն ու տնտեսագետները ներկա ճգնաժամը համեմատում են 2008-ի տնտեսական ճգնաժամի հետ, այդ քաղաքականությունը կարող է բումերանգով հարվածել հենց ամերիկյան նավթարդյունաբերությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ