Չորսից երեքը՝ 11-մետրանոցից
03.07.2020 | 01:02
Կարծես թե սահմանված կարգ է դառնում, որ նախօրեին, նախորդ տուրում գրանդներից մեկի դեմ ըմբոստացածը հաջորդ հանդիպումը պիտի պարտադրաբար տանուլ տա։ Հիշենք նախորդ տուրի «Սելտա»-Բարսելոն» դիմակայությունը, երբ խաղավարտին Յագո Ասպասը հավասարեցրեց հաշիվն ու կատալոնյան ակումբից կորզեց նրա համար այնքան թանկ միավորներ՝ գուցե թե չեմպիոնական գին ունեցող, ու ինչպես «Բարսելոնի» դեմ այդպես ըմբոստացած, աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող «Սելտան» անփառունակ պարտություն կրեց իրենից էլ ներքև գտնվող «Մալյորկայից»՝ զիջելով խայտառակ 1։5 հաշվով։
Կամ «Չելսին»։
Նախորդ տուրում «խեղդեց» «Մանչեստր Սիթիին»՝ նրան պարտադրելով հաջորդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղում «չեմպիոնական միջանցք» կազմել, իսկ ինքը վերցրեց ու պարտվեց պրեմիեր լիգային հրաժեշտ տալու ռեալ վտանգի առաջ կանգնած «Վեստ Հեմին» այն դեպքում, երբ իրեն միավորներն օդի պես ծայր անհրաժեշտություն են երրորդ տեղի համար պայքարում։ Սակայն ուր էր, թե միայն սրանք լինեին ֆուտբոլային անցած օրերի միակ պարականոնությունները։
ԻՍՊԱՆԻԱ
Արդեն 20 տարի է «Աթլետիկոն» առաջնության խաղերում չի կարողանում հաղթել «Բարսելոնին», սակայն դրանից կատալոնյան ակումբի համար ոչ առանձնապես տաք է, ոչ էլ՝ պաղ, իսկ առանձնապես ցավալին այն է, որ այս ոչ-ոքիով «Բարսելոնն» ավելի մշուշոտ դարձրեց իր չեմպիոնական հեռանկարը, քանի որ հաջորդ օրը «Խետաֆեի» հետ պայքարում հաղթելու դեպքում (այդ խաղը կայացել է երեկ, ուշ երեկոյան) «Ռեալն» արդեն չորս միավորի կհասցներ պոկվածությունը երկրի գործող չեմպիոնից, ինչը տուրի ավարտին մնացած հինգ խաղի պարագայում, կատալոնյան ակումբի համար դառնում է գերբարդ խնդիր։ Կրկնում ենք՝ սա այն դեպքում, եթե «արքայականը» սեփական հարկի տակ խաղում հաղթում է հյուրերին, որոնք ոչ պակաս շահագրգռված են երեք միավոր վաստակելու հարցում, քանզի այդպիսին է մրցաշարային աղյուսակում նրանց զբաղեցրած տեղի թելադրանքը։ Առաջ անցնելով նշենք, որ տուրում տոնած արտագնա 2։0 հաշվով հաղթանակով «Վիլիառեալը» (մրցակիցն է եղել «Բետիսը») երկու նիշի առավելությամբ շրջանցել է այդ նույն «Խետաֆեին», որն ունի 52 միավոր, ու հետ մղել հինգերորդ հորիզոնական։
Դառնալով «Բարսելոն»-«Աթլետիկո» դիմակայությանը, ասենք, որ արձանագրվել է չորս գոլ, որից երեքը՝ 11-մետրանոցից։ Այդ չորսից երեքը խփել են մադրիդցիները (մեկը եղել է ինքնագոլ), մեկը՝ բարսելոնցիները։ Կատալոնցիների խփած միակ գոլի հեղինակը Լիոնել Մեսին է, և սա պրոֆեսիոնալ մակարդակով նրա 700-րդ գոլն է դարձել։ Ի դեպ, ոչ պակաս հիշարժան է և Դիեգո Կոստայի ինքնագոլը՝ այն նրա կարիերայում առաջինն էր։
Սակայն սա Կոստայի միա՛կ դժբախտությունը չի եղել այս խաղում։ Բրազիլացին չի իրացրել և 11-մետրանոցը, սակայն, ի բարեբախտություն մադրիդցիների, մրցավարը այն կրկնել է տվել, և տուգանայինի իրացման պատասխանատվությունն այս անգամ ստանձել է Սաուլը՝ դառնալով կրկնագոլի հեղինակ։ Չքրքրենք հանդիպումն այլ մանրամասներով ու աղ ցանենք «Բարսելոնի» երկրպագուների առանց այն էլ բաց վերքի վրա, միայն ասենք, որ հավաքած 70 միավորով այն մնաց Մադրիդի «Ռեալ»-«Խետաֆե» դիմակայությունում վերջինիս ինչ-որ բան անելու հույսին։
Վերջին չորս խաղերի ոչ-ոքիների շարքը վերջապես ընդհատեց «Սևիլիան», որն արտագնայում մրցեց լա լիգային հրաժեշտ տալու պատրաստ թիմերի շարքում հայտնված «Լեգանեսի» հետ ու հաղթեց երեք անպատասխան գնդակի առավելությամբ։ Անդալուզցիները 59 միավոր ունեցող «Աթլետիկոյից» ներկայումս երկու նիշի հեռավորության վրա են, ինչը նշանակում է, որ ավելի քան ռեալ ուժ են մնում երրորդ տեղի համար պայքարում։ Նրան հաջորդող «Վիլիառեալի» մասին արդեն ասել ենք։
ԱՆԳԼԻԱ
Որքան էլ ոչինչ չորոշող, այդուհանդերձ, տուրի գլխավոր հանդիպումը Մանչեստրում էր՝ տեղի «Սիթիի» ու երկրի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» մասնակցությամբ, ու այդ «խաղը» Խոսեպ Գվարդիոլայի սաները նախորդ տուրում լոնդոնյան դիմակայությունով, իրենք իրենց գլխին սարքեցին՝ զիջելով «Չելսիին»։
«Խաղ» ասելով՝ նկատի ունենք «չեմպիոնական» միջանցք կազմելը, որը տվյալ թիմն անում է՝ «պատվելով» այդ կարգավիճակով առաջին մրցելույթն ունեցող թիմին։ Իսկ «չեմպիոնական միջանցք» կազմելը «քաղաքաբնակների» համար անպատվաբեր էր մի քանի առումով. լինելով գործող չեմպիոն՝ տիտղոսը հանձնում էին իրենց ոխերիմ հակառակորդին, հանձնում էին սեփական հարկի տակ։ Թերևս միակ բարեբախտությունն էր, որ հանձնում էին ոչ սեփական երկրպագուի անմիջական մասնակցությամբ։
Ինչ վերաբերում է բուն իրականությանը, հիշեցնենք, որ ամիսներ առաջ էր լիվերպուլցիների չեմպիոնության վավերացումը տեխնիկական խնդիր դարձել, պարզապես անհամորեն մեջտեղ ընկավ կորոնավիրուս կոչված զահրումարը, որն իր ուժգնությամբ ու աղետալի մասշտաբներով անգամ առաջնություններ ընդհատել տվեց ու, դեռ ավելին, դրանք չվերսկսելու սպառնալիքի վերածեց։ Հարկավ այղ աղտեղությունը ներկայումս էլ հաղթահարված չէ, ու ֆուտբոլային հանդիպումներն անցկացվում են առանց երկրպագուի մասնակցության, սակայն թողնենք այս տհաճ թեման ու անցնենք բուն խաղին։
Տուրի խաղերից բացառիկ հետաքրքրություն էին ներկայացնում «Վեստ Հեմ»-«Չելսի», «Էվերտոն»-«Լեստեր» դիմակայությունները։ Առաջինի մասին նյութի գլխամասում արդեն իսկ խոսել ենք, կրկնելու հարկ չկա, իսկ ահա երկրորդը ոչ պակաս հետաքրքական զարգացումներով է աչքի ընկել ու մասնավորապես ի վնաս երրորդ հորիզոնականում գտնվող «Լեստերի», որն ունեցել է թույլ առաջին խաղակես, իսկ երկրորդում ուշքի գալն ակնհայտորեն չի բավարարել խաղի մեջ որակական փոփոխություն մտցնելու համար։ Արդյունքում՝ պարտություն 1։2 հաշվով։ «Լեստերի» բախտն այնքանով է բերել, որ նրա մերձակա հետապնդող «Չելսին» խաղադաշտից նույնպես պարտված է հեռացել՝ դրանով իսկ ապահովելով մրցաշարային աղյուսակում իրենց ունեցած տեղերի անփոփոխությունը։ Հիշեցնենք, որ 54 միավոր ունեցող «ազնվականներն» ընդամենը մեկ նիշով են հետ «Լեստերից»։
Կարողացել է հինգերորդ հորիզոնականը պահպանել «Բրայտոնին» հյուր գնացած «Մանչեստր Յունայթեդը»՝ առավելությունը հաստատելով երեք անպատասխան գոլով։
ԻՏԱԼԻԱ
Տուրում հերթապահ, սակայն հանգուցային նշանակության հաղթանակներ տարան սկուդետեի գլխամասում գտնվող «Յուվենտուսն» ու «Լացիոն»։ Առաջինը տանտերերի՝ «Ջենովայի» հետ առաջին խաղակեսի նեյնիմներից հետո հնարավորությունները նյութականացնելու առումով բուն անելիքին անցավ երկրորդ խաղակեսում՝ հեղինակելով երեք գոլ ու սեփական դարպասը մեկ անգամ անպաշտպան թողնելով, երկրորդն անհամեմատ բարդ կացության մեջ հայտնվեց՝ առաջինը բաց թողնելով գնդակ։ Սակայն «Թուրինը» չկարողացավ պահպանել բարձր վերցրած նոտան ու հանդիպումը տանուլ տվեց 1։2 հաշվով։
Ընդհատված առաջնությունը վերսկսելուց հետո վերջապես սիրտ շոյող խաղ ցուցադրեց «Ինտերը»։ Հարկավ նման բանի համար դիմացինի «ընտրությունն» էլ բավականին նպաստավոր էր, որովհետև մրցակիցն ակնհայտորեն թույլ «Բրեշիան» էր՝ սկուդետեն լքող թիմերից ամենառեալ «հնարավորություն» ունեցողը։ Հետաքրքրական է, որ վեց գոլն էլ խփել է նույնքան ֆուտբոլիստ։
Առաջին վեցյակից երեկ երեկոյան մրցեցին «Ատալանտան» ու «Նապոլին» (չորրորդ ու վեցերորդ հորիզոնականներում են), հինգերորդ տեղում հանգրվանած «Ռոման» ու աղյուսակի նկուղային հատվածը զբաղեցնող «ՈՒդինեզեն»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ